Տնտեսության վրա պատերազմի ունեցած ազդեցության, կառավարման ոլորտի բացթողումների, ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հնարավոր միջոցների մասին իր դիտարկումներն է ներկայացնում բիզնես կառավարման փորձագետ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-Իմ խոսքի սկզբում կուզեի անդրադառնալ հանրության շրջանում տիրող բարոյահոգեբանական վիճակին և հարցին՝ ինչու՞ եղավ այս պատերազմը,- ասաց Արմեն Ավետիսյանը։- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ ընդունել է չորս բանաձև, պահանջներից մեկը ԼՂՀ-ի սահմաններից դուրս գտնվող տարածքների վերադարձն էր։ Որոշ ժամանակ անց` 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց խոսել հինգ տարածքների վերադարձի մասին՝ հանդիպելով դիմադրության ու մեղադրանքների։ Ի սկզբանե բոլորն էլ գիտեին, որ այդ տարածքները մի օր պետք է վերադարձվեն։ Վառ ապացույցն է այն, որ այդ տարածքներում գրեթե ոչինչ չէր կառուցվում, չէիր կարող սեփականության կամ երկարաժամկետ վարձակալության իրավունքով հողակտոր վերցնել։ 2007-ին ՄԱԿ-ը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, «ստիպեց» Ռոբերտ Քոչարյանին ստորագրել Մադրիդյան սկզբունքները, որտեղ նույնպես շեշտված էր՝ հինգ, հետո նաև երկու շրջանների վերադարձի մասին։ Ինչու եմ ասում՝ ստիպեց, քանի որ այս սկզբունքները ամբողջությամբ հակասում էին Հայաստանի և Արցախի ժողովրդի և ղեկավարության պատկերացումներին: Պատկերացումները ձևավորվել էին Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և որոշ երկրապահների քարոզչության հետևանքով, քանի որ վերջիններս պնդում էին, որ մենք «հող չունենք թուրքին տալու»: Առաջին փուլում վերադարձվելու էին Աղդամի, Ֆիզուլու, Ջաբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվելու էին Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Արցախին էլ տրվելու էր միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով։ Մինչև 2011 թվականը փորձ էր արվում դա գաղտնի պահել, շարունակվում էր փոխզիջման չգնալու քարոզչությունը։ 2011-ին Սերժ Սարգսյանը Կազանում ստիպված էր կնքել Մադրիդյան նորացված սկզբունքները, բայց այդ ժամանակ Ալիևը հրաժարվեց ստորագրելուց՝ նոր պահանջներ առաջ քաշելով։ Նիկոլ Փաշինյանը նույնպես չբացատրեց խնդիրը, շարունակեց նույն քարոզչությունը, դեռ մի բան էլ ամրապնդեց դրանք լոզունգներով, արագացրեց գործընթացն ու փոխեց բանակցության սկզբունքները։ Այսօր մեզ դեֆակտո պարտադրեցին կատարել Մադրիդյան սկզբունքները։ Արցախը, ի վերջո, ճանաչելու են ԼՂՀ-ի սահմաններով և ստիպելու են, որ Ադրբեջանն իր զորքերը հանի Շուշիից, Հադրութից, ըստ երևույթին, նաև Շահումյանից։
-Նոյեմբերի 9-ին կնքված փաստաթուղթը կայացած փաստ է, բայց դրույթները դեռ ճշտվում են, քարտեզը հստակ չէ։ Իբրև բիզնես փորձագետ՝ ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում այս իրավիճակից, ստեղծված ծանր դրությունից հնարավո՞ր է տնտեսական օգուտներ քաղել։
-Մենք պետք է օգտագործենք դիվանագիտական բոլոր լծակները և փորձենք դրական լուծումներ գտնել։ Փաստաթղթով գրված է, որ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ ՀՀ կառավարությունը, դիվանագետները պետք է բանակցեն, առաջ մղեն մեր շահերը՝ տրանսպորտային շրջափակումից դուրս գալու, դեպի Ռուսաստան գնացքի ճանապարհ ունենալու, տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Արդյունքում՝ կշահի տնտեսությունը։ Ադրբեջանը առաջ է քաշել Նախիջևան-Ադրբեջան նոր ճանապարհի հարցը, ի պատասխան մենք պետք է պահանջենք Հայաստան-Ռուսաստան տրանսպորտային կապի ստեղծումը: Սա ձեռնտու է եռյակին՝ Հայաստանին, Ռուսաստանին և Ադրբեջանին։
-Սոցիալ-տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ ենք կանգնելու հետպատերազմական շրջանում, և ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար։
-Տնտեսությունն ուղղակի կանգ առավ պատերազմի օրերին։ Պետությունը պետք է ռազմավարություն մշակի, որ կարողանա ինչ-որ ձևով հարվածը մեղմել, հակառակ դեպքում հետևանքները դեռ երկար ժամանակ քաղելու ենք։ Իսկ հետևանքները դեռ չենք էլ տեսել, ամիսներ հետո ենք բախվելու դրանց։ Պետությունը, նախ և առաջ, պետք է ստանձնի գործառույթ՝ առավելագունս աջակցելու Հայաստանում գործարարության զարգացմանը։ Սակայն այս պահին չեմ տեսնում, որ կառավարությունը ինչ-որ բաներ նախաձեռնի, հակաճգնաժամային քայլեր ձեռնարկի։ Օգնությունը, որ տրվում է պատերազմից տուժածներին, հակաճգնաժամային ռազմավարության հետ ոչ մի կապ չունի։ Մենք հարցազրույցներից մեկում խոսել ենք դրա մասին, էլի եմ ուզում կրկնել՝ միայն բիզնեսն է, որ կարողանում է արժեք ստեղծել, այսօր պետությունն ամեն ինչ պետք անի, որ բիզնեսը սկսի արժեք ստեղծել։ Դրա արդյունքում կավելանան աշխատատեղերը, հարկերը՝ ինչ-որ չափով մեղմելով ճգնաժամը։
-Ինչպե՞ս պետք է աջակցել բիզնեսին։ Կա՞ն հստակ մեխանիզմներ, գործիքակազմ։
-Գոյություն ունեն տարբեր գործիքակազմեր, որոնցով պետությունը համագործակցում է գործարարների հետ ու ստեղծում համատեղ արժեք։ Պարզ օրինակներ բերեմ. իջեցնում է պատվերներ, սուբսիդավորում հստակ ուղղություններ, հետաձգում վճարումները, ստեղծում արտադրություն, մենաշնորհում է որոշ ոլորտներ, գնում ապրանքներ։ Վերցնենք գյուղատնտեսությունը. կաթի արտադրությունն այս պահին քիչ է, ամառային ամիսներին՝ շատ: Գոյություն ունեն գործիքներ, որոնցով կարելի է մեղմել այս տարբերությունը։ Պետությունը, աջակցելու նպատակով, կարող է արտադրվող հավելյալ կաթը գնել փոշու, պանրի կամ կարագի տեսքով և պահեստավորել։ Երբ պահանջարկը բարձրանա, վաճառել ու մի բան էլ շահույթ ունենալ։ Կամ հետաձգել ոռոգման ջրի համար նախատեսված 200 հազար դրամը։ Աջակցել ՏՏ ոլորտին, պատվերներ իջեցնել, օրինակ, ռազմարդյունաբերության ոլորտի համար։ Գործիքակազմը շատ պարզ է, հեծանիվ չենք հնարում, և կառավարությունը պետք է հնարավորինս աջակցի գործարարությանը։ ՈՒրիշ կերպ դուրս չենք կարող գալ ստեղծված տնտեսական ծանր վիճակից։ Գերմանացիները Մարշալի պլանի շնորհիվ 7 տարում կառուցեցին երկիրը և դուրս եկան ճգնաժամից: Օրինակներ շատ կան պատմության մեջ:
-Գուցե մշակվու՞մ է հակաճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ռազմավարություն։
-Պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա այդ մասին։ Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու 15 կետ է ներկայացրել, սակայն հակաճգնաժամային հստակ ոչինչ չտեսա դրանում։ Կառավարության անդամները փոխվում են, ինչն իր հերթին լուրջ ցնցում է երկրի համար։ Բոլորս հասկանում ենք, որ նոր ուժ է պետք։ Ժողովուրդը վարչապետին ասում է՝ հեռացիր, բայց նույն ժամանակ չի ուզում, որ 17 կուսակցությունները վերադառնան։ Փաստորեն, անկախության 29 տարիների ընթացքում հասանք մի իրավիճակի, որ նորից պարտադրված ենք չարյաց փոքրագույնն ընտրելու: Ահավոր և ցավալի փաստ:
-Փորձե՞լ եք առաջարկներ ներկայացնել, եթե իհարկե ոլորտի ներկայացուցիչների խոսքը տեղ հասնում է։ Ի վերջո, մինչ պատերազմն էլ խնդիրներ կային կառավարման ոլորտում, բազմիցս անդրադարձել եք դրանց, այդ թվում՝ մեզ տված հարցազրույցներում։
-Ես երկու անգամ գրել եմ Փաշինյանին, ծրագիր եմ ներկայացրել, բայց ոչ մի արձագանք չի եղել։ Հիմա ինքս չէի ուզենա համագործակցելու փորձ անել, որովհետև չեմ հասկանում՝ այսօրվա իշխանութուններն ինչ են ուզում։ Բացի այդ, կասկածում եմ, որ վարչապետի թիմը կարող է մեզ այս իրավիճակից հանել:
-Ծրագիրն իրագործելու այլ եղանակներ կա՞ն։
-Ներկայումս թիմ ենք ձևավորվում։ Հիմնականում հրավիրում ենք այն մարդկանց, որոնք փորձառու մասնագետներ են իրենց ոլորտում և երբևէ ներգրավված չեն եղել կոռուպցիոն գործարքներում։ Նպատակ ունենք մինչև 2021-ի մարտը հիմնել կուսակցություն՝ հիմնված սոցիալ-քրիստոնեական գաղափարախոսության վրա։ Պատերազմից հետո Գերմանիայի զարգացմանը նպաստել է կառավարման այս ձևը։ Մենք էլ իբրև հետպատերազմյան երկիր, կարիք ունենք ստեղծելու սոցիալ-շուկայական տնտեսություն, որում սոցիալական և բիզնես զարգացման ծրագրերը, պետություն-բիզնես համագործակցության շրջանակները շատ լայն են։ Այսինքն, մեր երկրի զարգացման համար երկու անկյունաքար ենք վերցնելու՝ սոցիալական ապահովության հարցը, գործարարության աննախադեպ զարգացումը։ Այս առումով ծրագիր ենք մշակում, շուտով կտպագրենք ու կսկսենք զբաղվել կուսակցության հիմնադրման հարցերով։ Կուսակցությունը կոչվելու է «Սոցիալ-քրիստոնեական վերածնունդ»։
-Անցած երեսուն տարիներին շուտով կգումարվեն էլի տարիներ։ Այսօր առավել ևս սխալները կրկնելու իրավունք չունենք։ Ո՞րն է իրապես նոր Հայաստանի Ձեր տեսլականը։
-Առաջնահերթ՝ պետք է նոր մակարդակի վրա բարձրացնել ռազմարդյունաբերությունը, ունենալ 5-6-րդ սերնդի զինտեխնիկա։ Այսօր մենք համոզվեցինք, որ ոչ թե մարդն է կռվում զենքով, այլ կռվում են սարքավորումները՝ հանձինս բարձր տեխնոլոգիաների։ Պետությունն այդ առումով պետք է քայլեր անի, որ ոչ միայն զարգացնենք ռազմական տեխնոլոգիաները, այլև արտադրող լինենք, ինչու ոչ՝ նաև վաճառող։ Բացի այդ, հիմա խոսում ենք աշխարհազոր ունենալու մասին։ Կարող ենք կիրառել Շվեցարիայի օրինակը, ըստ որի, ցանկացած տղամարդ, որ զինապարտ է, պետք է ծառայի 6 ամսից մեկ տարի, այդ ընթացքում սովորի ռազմական որևէ մասնագիտություն, ծառայությունն ավարտելուց հետո տարին երկու անգամ մասնակցի զորավարժությունների։ Կանայք նույնպես կարող են մասնակցել ծրագրին, բայց կամովին, ոչ պարտադրաբար։ Յուրաքանչյուրը պետք է իմանա՝ պատերազմի դեպքում ուր է գնում, որտեղից է զենք ստանում, որն է իր գործառույթը, ով է իր հրամանատարը, դիրքը որտեղ է։ Այս կերպ ձևավորվում է աշխարհազորը ու դառնում ենք ազգ-բանակ։ Մենք թշնամիների մեջ ենք ապրում, այլ տարբերակ չունենք։ Եթե Շվեցիարիայի նման 500-հազարանոց (մինչև 2003-ը) պրոֆեսիոնալ բանակ ունենանք, ոչ ոք չի համարձակվի պատերազմ սանձազերծել մեր դեմ։
-Ձեր ասածը կապված է մեծ գումարների հետ։ Շատ հետ չգնանք. օրերս քաղաքապետարանը հայտարարեց, որ 2020 թ. ամանորյան միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ուղղվելու է Ստեփանակերտի վերականգնմանը։ Ակամա հետհաշվարկ ես անում՝ անտեղի ծախսված միլիոնների։ Թեկուզ և ուշացումով պե՞տք է վերանայենք մեր ծախսերը։
-Միանշանակ, այս պարագայում շատ կենտրոնացված ու թիրախային պետք է աշխատենք։ Մեր ծրագրում, օրինակ, դիտարկել ենք առաջնային ոլորտները, որոնք անհրաժեշտ են կենսունակության համար և կարող են լինել մրցունակ։ Կենսունակության համար անհրաժեշտ ոլորտներն են՝ ռազմարդյունաբերություն, կրթություն, առողջապահություն, բնական գիտություններ, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն։ Նշված ոլորտները կարող են ծառայել նաև բիզնեսի զարգացմանը։ Եթե մեր ՀՆԱ-ն ավելանում է, կարող ենք ամեն ինչ էլ անել՝ տոնակատարություններ, թանկարժեք տոնածառեր, բայց քանի դեռ մեր երկրի ՀՆԱ-ն «բանանային» երկրի ՀՆԱ է, չեմ կարծում, թե պետք է 200 կամ 100 միլիոն ծախսել Նոր տարվա միջոցառումների համար։ Շատ համեստ կարելի է այդ ամեն ինչն անել։ Օրինակ, ես այս տարի որոշել եմ Նոր տարվա համար նախատեսված գումարը տրամադրել պատերազմից տուժած որևէ ընտանիքի. նույնը կարող են անել մեր բոլոր հայրենակիցները։
-Ստեղծված իրավիճակում կարո՞ղ ենք խոսել մշակույթի զարգացման կարևորության մասին։
-Մշակույթն է՛լ ավելի է պետք զարգացնել։ Մեր ծրագրում առանձին կետ ենք հատկացրել մշակույթին և, ընդհանրապես, մտավոր սեփականությունը։ Եթե կարողանանք մեր մտավոր սեփականության հարցերն օրենսդրորեն այնպես լուծել, որ ստեղծագործողն իր մտավոր սեփականությունն ինչ-որ ձևով ապահովագրի ու դրանից գումար աշխատի, մշակույթը կզարգանա, եթե չկարողանանք, հոբբիի մակարդակից այն կողմ դժվար կլինի անցնել։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ