«Իրատեսի» հյուրը Արցախյան պատերազմի ազատամարտիկ, պարուսույց, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է:
Վերջին օրերին սահմանամերձ Տավուշում սանձազերծված պատերազմը, բնականաբար, մեզ ստիպում է հետադարձ հայացք գցել մեր անցած տասնամյակներին և արժևորել թե՛ նախկին, թե՛ ներկա մարտական հաջողություններն ու ձախողումները:
ՈՒ թեև արդեն երեսուն տարի «սողացող պատերազմի» մեջ ենք, միևնույն է, հակառակորդի ոչ մի նոր սանձարձակություն չենք կարողանում ընկալել սառնասրտորեն, յուրաքանչյուր նյարդով չարձագանքել մեր հարևանի անկանխատեսելի արկածախնդրության դրսևորումներին:
Փխրուն զինադադարի պայմաններում էլ շարունակում ենք ապավինել խաղաղ աշխատանքին և ծառայել ազգային գիտությանն ու մշակույթին, հանուն որոնց էլ, վերջին հաշվով, կռիվ ենք մղում մեր դարավոր թշնամիների դեմ:
Ասվածի լավագույն ապացույցները մենք տեսնում ենք Գագիկ Գինոսյանի օրինակով, որի հետ զրուցել ենք հենց այս հարցերի շուրջ:
-Գագիկ, օրեր առաջ մենք երկնային կյանք ճանապարհեցինք Կարեն Վարդանյանին, որը տարիներ շարունակ բոլորի գիտակցությանն էր ձգտում հասցնել այն ճշմարտությունը, որ գիտությունը կյանքից կտրված ինքնաբավ մի բան չէ և կարող է մեծագույն ձեռքբերումների հիմք դառնալ ամենակենսական ոլորտներում, ի մասնավորի՝ ռազմարդյունաբերության մեջ: Սահմանամերձ Տավուշի դեպքերը նրա խոսքերի իրեղեն ապացույցը դարձան, մենք տեսանք, թե ինչ հզոր ուժ է գիտության և բանակի համամիասնությունը: Կա՞ն այսօր մարդիկ, որոնք կշարունակեն Կարեն Վարդանյանի սկսած գործը:
-Հայ միտքը՝ գիտական, ռազմական միտքը, նաև ազգային ոգին միշտ եղել են բարձունքում: Բայց ցավով պիտի խոստովանենք, որ մեր քաղաքական, դիվանագիտական միտքը միշտ փոշիացրել է այն հաղթանակները, որոնք կայացել են մեր մտավոր և ոգեղեն կարողությունների շնորհիվ: 1943 թվականին Օրբելու նման գիգանտը, համաշխարհային հռչակ ունեցող գիտնականը թողեց իր ակադեմիական բարձունքները, եկավ Հայաստան և, հակառակ Ստալինի՝ «Ամեն ինչ հաղթանակի համար, ամեն ինչ ճակատի համար» կարգախոսի, Հայաստանում հիմնադրեց Գիտությունների ակադեմիա, որովհետև հասկանում էր, թե որն է մեր ազգի ապագան, ինչպես պիտի այն կայանա: Մենք մտավոր պոտենցիալով ակնհայտորեն տարբերվում ենք գոնե տարածաշրջանի մյուս ազգերից, և մեր հաղթաթուղթը պիտի լինի հենց դա: Եվ երբ Օրբելին պիտի վերադառնար, իր ստեղծած ակադեմիան անտեր չթողեց: Սանկտ Պետերբուրգում ապրող, գիտության մեջ արդեն մեծ քայլերով առաջ գնացող Վիկտոր Համբարձումյանին ամեն կերպ հորդորեց և վերադարձրեց Հայաստան՝ շարունակելու իր սկսած գործը: Փաստորեն, խորհրդային կիսաանկախ ժամանակներում հայոց գիտությունն ուղղակի փայլում էր: Ամբողջ Խորհրդային Միությունում ամենաորակյալ ինժեներական միտքը հայկականն էր: Արտյոմ Ալիխանյանն ու Սերգեյ Մերգելյանը մի այնպիսի զարկ տվեցին այդ ոլորտին, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բնագավառին, որ մենք մեծ բարձունքների հասանք: Այս ամենի թիկունքում կանգնած էր նաև հռչակավոր գիտնական Անդրանիկ Իոսիֆյանը: Բայց անկախության օրոք եկան նոր իշխանություններ, որոնք ուղղակի ոչնչացրին հայոց գիտությունը: Այն, ինչ պետականորեն ստեղծվել էր անկախություն չունեցող երկրում, ոչնչացվեց անկախ պետականության տարիներին: Մեր երկու նախագահները՝ ՀՀ առաջին նախագահը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը ¥գոնե՝ ներկա նախագահը¤ միասին գիտության տունը քանդել են: ՀՀ երկրորդ նախագահը հայտարարում էր, որ Գիտությունների ազգային ակադեմիան ծերակույտ է: Այս մտայնության հետևանքները տեսնում ենք նաև այսօր: Պատմությունը, հայոց լեզուն, գրականությունը հանվում են ուսումնական ծրագրերից՝ պատճառաբանելով, թե լավ չեն դասավանդվում:
-Այս դեպքում տրամաբանական չէ՞ դասավանդման մեթոդը փոխելը, ոչ թե այդ առարկաներից հրաժարվելը:
-Իհարկե, տրամաբանական է: Հարցադրումն ի սկզբանե սխալ է: Այս առարկաները մեզ պե՞տք են, թե՞ պետք չեն. սա պիտի լինի հարցադրումը: Եվ եթե պետք են, ուրեմն պիտի մտածել, թե ինչպես կազմակերպել դրանց ուսուցումը, որ ունենանք արդյունք, որ գործը ձևական բնույթ չկրի: Մարդիկ, որ երբեք գիրք չէին կարդացել, բնականաբար, գիտությունների ակադեմիան պիտի համարեին ծերակույտ: Մինչև օրս Գիտությունների ակադեմիան նախագահող անձը 2016 թվականի ապրիլին հայտարարեց, որ ամեն քոսոտ երկրի բան չէ ռազմական արդյունաբերություն ունենալը: Մեծ գլխով, բայց ոչ մեծ մտքով մարդիկ, որոնց կրծքերի տակ մանր և ստրկացած հոգիներ են ապրում, ի զորու չեղան քսան տարուց ավելի հիվանդ, բազմաթիվ խնդիրներ ունեցող մի Կարեն Վարդանյանի չափ գործ անել գիտության մեջ: Կարենը մի կերպ էր պահպանում իր ֆիզիկական գոյությունը, բայց հսկա և ազատատենչ հոգի ու միտք ուներ: Մի Կարեն Վարդանյան վերածնեց ամբողջ ինժեներական միտքը Հայաստանում: Նա ստեղծեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և մինչև մահ ղեկավարեց այն: Փաստորեն, հրաշքներ լինում են, և մի ծաղկով գարուն է գալիս: Կարենը հավատում էր իր գործին, ինչպես հավատում էին Օրբելին, Ալիխանյանը, Մերգելյանը, Իոսիֆյանը: Կարենը նրանց նման տեսնում էր, թե որտեղ է մեր ազգի ապագան, և այնքան վստահ ու համոզմունքով էր քայլում առաջ, որ իր հետևից, իր հետ համաքայլ ընթացող մի ամբողջ ոլորտ ձևավորեց: Փա՛ռք Աստծո, որ նորից հայոց ինժեներական միտքը փայլեց: Հիմա արձանագրում են, որ միջազգային ատյաններում նշել են, թե Տավուշի դիվերսիայի ժամանակ թշնամու երեք տանկերը ոչնչացվել են Հայաստանում արտադրված անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այո՛, այդ սարքերն ամբողջովին՝ զրոյական կետից սկսած, ստեղծվել են Հայաստանում: Եվ եթե մենք լսեինք Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, հիմա կրկին 2016 թվականի ճակատագրին էինք արժանանալու, նստած ողբալու էինք ինքներս մեզ վրա: Այսինքն, մեկ անձ՝ Կարեն Վարդանյան անուն-ազգանունով, որն ուներ աշխարհի ամենակոսմոպոլիտ մասնագիտությունը, ինչպիսին է ինժեներիան, նորագույն տեխնոլոգիաների ոլորտը վերածեց ամենաազգային ոլորտի: Հայաստանում այսօր նորագույն տեխնոլոգիաների ոլորտը ամենաազգային նկարագրով մասնագիտությունն է, որովհետև մասնագետների մեծ մասն իր գործողությունների վեկտորն ուղղել է ազգին ծառայեցնելու, Հայաստանի ռազմավարական անվտանգությունն ապահովելու նպատակին:
-Ձեր կռիվը երկու մարտադաշտում է՝ իրական-պատերազմական և մշակութային՝ ազգային պարարվեստի: Որտե՞ղ է ավելի հեշտ, ո՞ր դեպքում է մարտական առաջադրանքն առավել հեշտ լուծվում:
-Կարծում եմ՝ ոչ մի դժվար բան չկա ոչ մի տեղում, եթե ունես հստակ նպատակ, և աչքիդ առաջ կա լավ օրինակ: Ալեքսանդր Թամանյան կրտսերն իմ անմիջական հրամանատարն էր Արցախյան պատերազմի ժամանակ: Նա ձևավորել էր հատուկ գաղտնի ջոկատ՝ Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած Ազատագրական բանակի կազմում, որը հետագայում նաև ընդգրկվեց Մահապարտների «Արծիվ» գումարտակում: Երբ մենք պատերազմից վերադարձանք, Ալեքսանդր Թամանյանին առաջարկեցին բարձր պաշտոն և բարձր կոչում պաշտպանության նախարարությունում: Նա ասաց. «Կռվելու ժամանակ կռվեցինք, հիմա գիտությամբ զբաղվելու ժամանակն է»: Նա վերադարձավ գիտության դաշտ: Այսինքն՝ ամեն մարդ պիտի հասկանա իր անելիքը: Եվ եթե ունենում ես նման ուսուցիչներ, ամեն բան հեշտ է դառնում և՛ ռազմաճակատում, և՛ մշակույթի ճակատում: Ոչ մի խնդիր չկա երկուսում էլ, եթե, օրինակ, Կարեն Վարդանյանի նման համոզմունք ունես և հասկանում ես արածիդ կարևորությունը: Այսօր մշակույթը ոչ թե զուտ գեղեցիկ արվեստ է, ժամանցային ինչ-որ բան, այլ ինքնության հզոր բաղադրիչ է, որը պիտի կերտի այն քաղաքացուն, որն այսօրվա տավուշցիների կամքով երկիրը պահել գիտի, իր ինքությունը, իր հայրենիքի սահմանները, իր արժանապատվությունը պաշտպանել գիտի: Ոչ մի դժվար բան չկա, եթե կա համոզմունք: Նժդեհն ասում էր. «Կարող ես, եթե գտնում ես, որ պարտավոր ես»: Իսկ մենք պարտավոր ենք չընկճվել, չնվնվալ: Հակառակը՝ օր առաջ պետք է գործի լծվենք և ամեն ինչ ծառայեցնենք այն բանին, որ վաղվա քաղաքացին ավելին լինի, քան այսօրվանը. սա ասում եմ առանց նսեմացնելու այսօրվա քաղաքացու, հատկապես Տավուշի սահմանին կանգնած տղաների նկարագիրը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ