Պուտինի, լեհերի և հրեաների մասին
10.01.2020 | 00:46
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպես կանոն, աչքի է ընկնում դիվանագիտական նրբանկատությամբ այս կամ այն քաղաքական իրադարձությունը, որևէ քաղաքական անձի գործողությունը կամ հայտարարությունը մեկնաբանելիս: Ասենք, նրան համբերությունից չհանեցին անգամ Վրաստանից, ՈՒկրաինայից հնչող բազմաթիվ հակառուսական նզովքները, անձնական վիրավորանքները. շարունակեց մնալ կոռեկտության սահմաններում: Բայց ահա շատերի համար անսպասելիորեն նա պոռթկաց ՌԴ պաշտպանության նախարարության տարեվերջյան հաշվետվության նիստի ժամանակ, երբ խոսելով 1938 թվականին Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկու թույլ տված հիրավի գարշելի հակահրեական հայտարարության մասին, նրան նշավակեց «սրիկա ու անտիսեմիտ խոզ» արտահայտություններով:
Թեման պարզապես հեղեղեց լեհական ու ռուսաստանյան լրատվամիջոցները, առավել ևս, որ վերջիններիս մի զգալի հատվածը վերահսկում են հենց ռուսաստանցի հրեաները։ Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի ղեկավար Ալեքսանդր Բորոդան Պուտինի հայտարարությունը համարեց խիստ անկեղծ ու մարդկային և երախտագիտություն հայտնեց ռուսաց ղեկավարին նրա արդարացի ու անմիջական արձագանքի համար:
Բանն այն է, որ վկայակոչելով արխիվային փաստաթղթերը, Պուտինը պատմեց, որ դեսպան Լիպսկին, ձգտելով սիրաշահել Հիտլերին, լիակատար համերաշխություն է հայտնել վերջինիս չարանենգ մտադրությանը հրեաներին ի մահ Աֆրիկա տեղահանելու առնչությամբ: Լեհաստանի արտգործնախարարությանը տված իր հաշվետվության մեջ Լիպսկին չի մոռացել նշել, որ Հիտլերի հետ ունեցած շփումների ընթացքում համերաշխվել է նրա հետ և խոստացել, որ եթե ֆյուրերը իրականացնի իր հակահրեական ծրագիրը, ապա Լեհաստանը նրա պատվին շքեղ հուշարձան կկանգնեցնի Վարշավայում: Ահա և Պուտինը հրապարակավ «սրիկայացրեց ու խոզացրեց» անցյալ դարի լեհ դիվանագիտական գործչին:
Ի դեպ, Լեհաստանի հրեաները «դատապարտեցին» Պուտինին (դե, իրենք այսօր էլ այդ երկրում են ապրում): Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվեց մասնակցելուց Հոլոքոստի միջազգային համաժողովին, որն օրերս կկայանա Իսրայելում: Այն պատճառով, որ միջոցառմանը ներկա կլինի նաև Պուտինը:
Սակայն մեր այսօրվա նպատակը Վլադիմիր Պուտինի բարոյական նկարագրի բացահայտումը չէ: Ռուսաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը, այսպես ասած, հանդուրժող է հրեաների նկատմամբ: Ակնբախ են տեղացի հրեաների առաջնակարգ դիրքերը հատկապես երկրի քաղաքական-տնտեսական կյանքում: Բայց արդյո՞ք Պուտինի այս վերջին բռնկումը հետևանք էր զուտ հրեասիրության դրսևորման:
Լեհերին պատմականորեն միշտ էլ բնորոշ են եղել հակառուսական տրամադրությունները, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո դառնալով Եվրամիության անդամ, նրանք ամենատարբեր առիթներով, տեղին թե անտեղի, շատ ավելի ագրեսիվորեն են դրսևորում իրենց հակակրանքը Ռուսաստանի, ռուսների նկատմամբ` խիստ հոգնեցնելով Մոսկվային: Իսկ վերջին շրջանում ռուսներին նյարդայնացնում են ամերիկացի զինվորներին ռուս-լեհական սահմանին բնավորելու Վարշավայի համառ հրավեր-պահանջները: Եվ, ինչպես գրում է իսրայելցի-ռուսաստանցի քաղաքագետ Իսրայել Շամիրը, Պուտինը որոշեց «հրեական հարված» հասցնել Լեհաստանին` պատեհ առիթով օգտագործելով «հրեական խաղաքարտը»:
Ըստ Շամիրի, հրեաները 300 միլիարդ դոլարի փոխհատուցում են պահանջում Լեհաստանից` այդ երկիրը համարելով հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի իրականացման ամենավայրագ մասնակիցներից մեկը: Պարզվում է, որ ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները ամերիկյան S447 կոչված օրենքով ձգտում են մերկացնել՝ մերկ թողնել Լեհաստանը: Ըստ այդ օրենքի, այն ողջ սեփականությունը, որ երբևէ այդ երկրում պատկանել է հրեական ծագումով անձանց, պետք է հանձնվի ամերիկյան հրեական կազմակերպություններին: Այդ օրենքի շրջանակը ներառում է Վարշավայի մեկ երրորդը, Կրակովի կեսը և այդպես շարունակ: Այսինքն, այն, ինչ ժամանակին պատկանել է հրեաներին, հրեական էլ պիտի մնա: Ավելին, եթե Լեհաստանի հրեա քաղաքացին մահացել է, թողնելով պարտքեր, ապա դրանք պիտի չեղյալ հայտարարվեն, իսկ եթե տուն է թողել, ապա այն որպես սեփականություն անցնում է հրեական կազմակերպություններին:
Լեհերն ամենայնս ընդվզում են այս օրենքի դեմ, ցույցեր են անում: Իսկ Պուտինը, ինչպես ասվեց, պարզապես փորձեց զգաստացնել լեհերին նրանց արևելյան ամենատարբեր հավակնությունների, հակառուսական կեցվածքի կապակցությամբ: Ոչինչ ներանձնական, ոչինչ հրեասիրական, լեհեր, նստեք տեղներդ ու կուլ մի գնացեք Արևմուտքի կողմից հրահրվող հակառուսական գործողություններին: Շամիրն ավելացնում է, որ վերջերս նամակ է ստացել լեհ մի նացիոնալիստից, որը տագնապով հայտնում է, թե միգուցե Լեհաստանը կրկին վերադառնա Վարշավայի պայմանագրին, թե չէ հրեաներն ու գերմանացիները կխժռեն Լեհաստանը: Թերևս ուշ է` պատասխանել է հրեա քաղաքագետը:
Սուբյեկտիվ չլինենք. այս ողջ պատմության մեջ, թերևս, ամենաարտառոցը հրեաների պահվածքն է: Հերթական անգամ ապշում ես այս հնարմատ մարդկային ցեղի ազգամետ պրագմատիզմից: Կարող եք չկասկածել. Վլադիմիր Պուտինի՝ ըստ էության զուտ հակալեհական հայտարարությունը հրեաները առավելագույնս կօգտագործեն Լեհաստանում իրենց երբեմնի 300-միլիարդանոց սեփականության փոխհատուցման համար: Հայերս ոչ մի կերպ չենք կարողանում ոճրագործ թուրքերին ստիպել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, իսկ հրեաներն առայսօր Հոլոքոստի դիմաց փոխհատուցում են ստանում վաղուց արդեն ոչ ֆաշիստական Գերմանիայից: Հերթի են կանգնեցնում Լեհաստանը: Մենք շատ բան ունենք սովորելու հրեաներից: Չմոռանանք, թե ինչ սեփականություն ունեին հայերը Թուրքիայում:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ. Մի քանի տարի առաջ Հայաստան ու Արցախ կատարած այցելության ժամանակ իսրայելցի ռուսագիր հրապարակախոս Ավիգդոր Էսկինը հայտարարում էր, թե Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, բնավ էլ պարտավոր չէ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Բավական է, որ հրեա ժողովուրդը գիտե այդ մասին և ընդունում է այն: Եվ այս միտքը Էսկինը զարմանալի հետևողականությամբ տարփողում է նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներում` առաջ բերելով առնվազն տեղի հայության վրդովմունքը: Նման քարոզչության նպատակը, թերևս, մեկն է, և այդ մասին հաճախ է ասվել՝ աշխարհում միայն հրեաներն են ենթարկվել ցեղասպանության և այդ մեղսավոր աշխարհը միայն նրանց հիշատակի առջև պիտի խոնարհվի ու նյութապես փոխհատուցի: Այդ թվում` «անտիսեմիտ խոզերը»:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ