ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
06.11.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Սկզբում պարզի՛ր` արդյո՞ք հիվանդություն է դա։ Կյանքը ծանր է, հաճախ` տառապալից, հնարավոր է` նույնիսկ անուրախ, իսկ մեր ենթագիտակցականը նման է երեխայի կամ կնոջ, կամ խաբեբայի` նա ընդունակ է նմանվելու ցանկացած հիվանդության, փախչելու «հիվանդության» մեջ, խաղալու «հիվանդի» դեր։ Նման նևրոտիկ վիճակ, անկասկած, հենց ինքը «հիվանդությունն է». այն կարելի է բժշկել անկեղծությամբ և հասկանալով։ Իսկ եթե դա, իրոք, հիվանդություն է, երբեք մի՛ փնթփնթա, միշտ ականջ դիր նրան։ Մտածիր` նա նման է այցելուի` արդյոք ի՞նչ է ուզում ինձնից։ Նա նման է ճամփորդության` այդ ո՞ւր եմ ես ընկել։ Նա բարեկամի է նման, որը ցանկանում է նախազգուշացնել ինձ. զգո՛ւյշ եղիր, այստեղ դու սխալ վարվեցիր, այստեղ քեզ հետ կարող է ինչ-որ լուրջ բան պատահել։ Սիրելի բարեկամ, շնորհակալություն նախազգուշացման համար, այն բանի համար, որ այցելում ես ինձ և դրդում այս ճամփորդությանը։ «Ով ճամփորդել է ուզում, պետք է կարողանա լռել»։ Այնպես որ, նայիր և լսիր։ Երկուսն էլ` բնազդն ու հոգին, պետք է իմաց տան իրենց մասին։ Երկուսն էլ պիտի հայտնեն ինչ-որ կարևոր բան. երկուսն էլ պետք է ունենան միահամուռ կարծիք։ Բնազդը պետք է բժշկի մարմինը, իսկ հոգին` բուժի հոգին։ Չէ՞ որ առողջությունը միաժամանակ հոգու և մարմնի առողջությունն է։ Հիվանդ լինել նշանակում է կարիք զգալ միաժամանակ հոգու և մարմնի բուժման։ Եվ միայն Քրիստոսը` մեր Փրկիչը, գիտեր` ոգու օգնությամբ ինչպես դարմանել և՛ հոգին, և՛ մարմինը։ Բնազդը բուժում է մարմինը։ Այսինքն, յուրաքանչյուր բուժում ինքնաբուժում է։ Այդ խորհրդավոր աշխատանքը չեն կարող անել ո՛չ բժիշկը, ո՛չ դեղերը։ Նրանք կարող են միայն օգնել, պահպանել, քաջալերել։ Բժշկելու այդ մեթոդը գործում է ինքնին` սեփական մղումով։ Եվ նա գործում է այնպես, որ չի հարձակվում ախտանիշների վրա առանց հապաղելու, որպեսզի վերացնի նրանց, չէ՞ որ նրանք ծառայում են բուժմանը և անհետանում իրենց ժամանակին։ Բնազդական ինքնաբուժումը հենց վերականգնումն է։ Հիվանդն ու բժիշկը պետք է ամենաուշադիր, ամենացանկալի ձևով գնան այդ վերականգնմանն ընդառաջ։ Ի՞նչն է նրան օգուտ։ Հանգիստ, անդորր, ուժերի կուտակում, սնունդ, մաքուր օդ, լավ տրամադրություն։ ՈՒ միայն հետո` մնացածը։ Եվ եթե հիվանդը կարողանում է ականջ դնել ինքն իրեն, նա շուտով կնկատի, որ բնազդը բոլորովին ինքնուրույն ընտրում է օգտակարը («ես ուզում եմ», «այնքան կուզեի», «ինձ համար այնքան հաճելի կլիներ») և խորշում վնասող բաներից («տհաճ է», «հարմար չէ», «զզվելի է»)։ Բնազդը վստահություն է պահանջում։ Ինչքան ինքնավստահ է նա, ինչքան հնազանդ է հիվանդը, այնքան արագ կսկսվի ապաքինումը։ Իսկ ոգին բուժում է հոգին։ ՈՒ այստեղ էլ բժշկումն ինքնաբժշկում է, միայն ոչ թե «ներքևից», այլ «վերևից»։ ՈՒրեմն, առաջին հերթին պետք է չփնթփնթալ, չանիծել, չհուսահատվել, որքան էլ վատ լինի։ Հիվանդությունը պահանջում է հանգիստ հոգի, թեթև տրամադրություն, վստահություն։ Հետո, հնարավոր է, կպահանջվի մի քիչ ժամանակ (նա պետք է մի քիչ երկար տևի) և տարածություն (հաճելի վայր, առողջարան)։ Այդ ամենը, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է նրան հատկացնել։ Հենց այդ ժամանակ է սկսվում ամենագլխավորը։ Ի՞նչ էական բան նա պիտի հաղորդի ինձ իմ կյանքի մասին. որ ես չեմ կարողացել լավ կարգավորել այն, որ չեմ գնահատում առողջությունը որպես Աստծո շնորհ, որ ինքս պետք է վճարեմ իմ մեղքի համար։ Որ հիվանդացել եմ` ինքնին արդեն երջանկություն է և ուրախություն։ Նա կասի ինձ առհասարակ կյանքի մասին, որը լի է շատ գեղեցիկ բաներով, որոնց կողքով ես մինչև հիմա կուրորեն և անտարբեր անցել եմ, որ նա տալիս է անթիվ հնարավորություններ` սիրո, բարության, ինքնազոհության և սխրանքի համար, որոնց ես, չգիտես ինչու, թույլ տվեցի անցնել իմ կողքով, որ ժամանակը շտապում է, և իմ կյանքի երկրային միջադեպը չափված է, որ ես անմտորեն եմ ապրել հիմա, ծախսելով հիասքանչ շնորհները, ու որ վաղը, այո՛, արդեն վաղը, կսկսեմ նոր կյանք։ Հետո նա կասի դարձյալ տառապանքների մասին։ Կասի, որ դրանք հարկավոր է ընդունել պատշաճ կերպով, որ մարդկությունն անընդհատ տառապում է, և այդ տառապանքները մարդուն տալիս են հնարավորություն հասկանալու Արարչի կամքն ու արարչության օրենքները, որ մարդն առհասարակ տառապանքների միջով է հասնում սթափեցման, պայծառացման, կատարելագործման, որ ամենակարևորը կյանքում տառապանքի միջոցով իսկական հավատի և իսկական իմաստության գոնե մի մասնիկ ձեռք բերելն է։ Հիվանդությունը դարձավ կյանքի վերականգնում, հանգիստ, պայծառացում։ Արդյոք պե՞տք է ուրիշ մխիթարություն։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ