Թեթև, մերկ բոլորովին,
երբ կանգնեմ քո առաջ,
ի՞նչ եմ տալու, Տե՛ր, տվածիդ դիմաց:
Վստահած լույսը,
որ մատներիս մեջ փունջ արած
պարզելու էի քեզ,
մատնեցի ծվեն-ծվեն
ու գնացի թարս ու ոլոր:
Ցրվեցի ինչ որ քոնն էր իմ մեջ`
սերմնացանի պես քո ձեռքով սփռած,
ուղեկցող նշանները մոլորեցի ինձնից դուրս,
թե փնտրեմ` չգտնեմ քեզ.
քանդուքարափ ավերեցի ճանապարհը
դեպի քեզ բերող:
Ճարպկել են,
ու խաբվել եմ ինքս ինձնից.
դյուրահավատ, երեխուց էլ պարզ:
Ինձ ընկած գտել ու չեմ հանել վեր,
տեսել եմ մազից կախված՝ անցել անտարբեր
և ձեռք չեմ մեկնել, երբ փրկվելու հնար կար դեռ.
ոտնահետքս բռնած գնացել ու չեմ հասել ինձ:
Կխոսեմ՝ չես լսի,
կնայեմ՝ չես տեսնի,
կմոտենամ՝ հեռու կլինես.
շուռ կգաս ու կշեղես գութդ ինձնից:
Ի՞նչ եմ ասելու,
երբ հարցնես՝ ինչո՞ւ դու չես.
տվածդ ինչպե՞ս դարձնեմ քեզ, Տե՛ր:
Հուսիկ ԱՐԱ
«Երբ սիրում եմ քեզ» գրքից