Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձգտումը տարբեր նպատակներ ունի

Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի  ձգտումը տարբեր նպատակներ ունի
23.07.2013 | 00:25

ՆԱՏՕ-ին Ռումինիայի հնարավոր անդամակցության հարցը քննարկելիս, որը բավական երկար տևեց, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ու լրատվամիջոցներում այնպիսի լոբբինգ էր արվում, որ Եվրոպայի վերլուծական ընկերակցությունում տպավորություն էր առաջացել, թե ֆրանսիական հանրությունն ու կառավարությունը մեծ ցանկություն ունեն աջակցելու Ռումինիային։ 1999 թ. Ժ. Շիրակի այցը Ռումինիա ընկալվեց որպես աջակցություն ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը նրա անդամակցության հարցում։ Դրան զուգընթաց, քաղաքական և վերլուծական ավելի նեղ շրջանակներում եվրատլանտյան կառույցներին Ռումինիայի և Բուլղարիայի միանալու հարցը բավական զգուշավորությամբ էր ընդունվում, քանի որ Ֆրանսիան դեպի Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի ընդլայնումն ընկալում էր իբրև ամերիկամետ և «հակաեվրոպական» բլոկի ստեղծում։ Չնայած այդ բլոկի ստեղծման խնդիրներից մեկը Գերմանիային և Ռուսաստանին հակազդելն էր, և նպատակ կար այդ նախագծի մեջ ներգրավելու նաև Ֆրանսիաին, սակայն հենց Փարիզում այդ նախագիծը կոշտ արձագանք առաջ բերեց, շատ ավելի կտրական, քան Բեռլինում։ Ֆրանսիան էր գլխավորում եվրոպական զինված ուժերի ստեղծման նախագիծը, և Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձեռնածությունները լուրջ հակազդեցություն առաջացրին այստեղ։ Այս երկրում ընթացող բավական խուլ բանավեճը հույս էր ներշնչում, որ կհաջողվի կանխել ամերիկացիներին ու բրիտանացիներին, և որոշակի փուլում Ռումինիային ու Բուլղարիային վերակողմնորոշել դեպի եվրոպական մայրցամաքային տերություններ։ Դրա համար հարկավոր էր հետևողական քաղաքականություն վարել, այդ թվում` տնտեսական ոլորտում։ Ընդ որում, Բուլղարիայի համար պատասխանատվություն պիտի կրեր Գերմանիան, իսկ Ռումինիայի համար` Ֆրանսիան։ Իրականում պարզվեց, որ դա հնացած աշխարհաքաղաքական սխեմա է, և Եվրոպայում արդեն այլ գերակայություններ ու ռազմավարություններ կան, որոնց կողմ են փոքր ու միջին երկրները։ Ֆրանսիան ու Գերմանիան շատ շուտով հասկացան, որ ավելի հեշտ կլիներ Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ծրագրերը խափանել որոշ հարցերում Ռուսաստանի հետ որոշակի դաշինքով` ընդգրկելով նաև ՈՒկրաինան։
ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հետո Ռումինիան ու Բուլղարիան հաճույքով ընդունեցին ԱՄՆ-ի առաջարկությունը Սև ծովի ավազանում ռազմավարական նոր նախաձեռնության ծավալման վերաբերյալ։ Սոցիալ-տնտեսական և իրավական զարգացման մակարդակով մի այնպիսի երկիր, ինչպիսին Հորվաթիան է, բալկանյան այդ երկու պետություններին չի զիջում, բայց հենց Բուլղարիան ու Ռումինիան ընդունվեցին ՆԱՏՕ ու Եվրամիություն` արագացված կարգով և հատկապես հենց սևծովյան նախագծի կապակցությամբ։ Ֆրանսիան ու Գերմանիան ոչ մի կերպ չէին կարող խոչընդոտել դրան, քանի որ կորցրել էին իրենց ազդեցությունն ու կկորցնեին նաև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեռանկարը։ Այսպիսով, Ֆրանսիան ու Գերմանիան հիանալի հասկանում էին, որ սևծովյան նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ գրեթե արդեն ավարտված հարավսլավական նախագծի շարունակությունը, այսինքն` մայրցամաքային տերությունների աշխարհաքաղաքական շրջափակման, Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի ստեղծում թույլ չտալու ծրագրի բաղկացուցիչ մասը։
Եվրոպայի վերահսկողությունը ԱՄՆ-ի համապարփակ ռազմավարության գերակա խնդիրն է, առանց այդ պայմանի ԱՄՆ-ի ամբողջ արտաքին քաղաքականությունը զուր է, անիմաստ։ Եվրոպայի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության ծավալման ամեն փուլի հետ պարզվում է, որ ամենահաստատուն ծրագրերը խոցելի են ու բախվում են եվրոպական շատ պետությունների անվերահսկելի գործողություններին։ ԱՄՆ-ի ու նրա առաջատար գործընկեր Մեծ Բրիտանիայի կենտրոնաեվրոպական պլանը, ասես, իրագործվել է` ստեղծվել է այն պետությունների աշխարհաքաղաքական առումով կուռ մի դաշնախումբ, որոնք շաղկապված են քաղաքական և տնտեսական ոլորտների ընդհանուր շահերով։ Չի կարելի ասել, թե այդ նախագիծը չի կայացել, բայց, թերևս, այնքան ավարտուն չէ, որքան ցանկալի կլիներ։ Դատելով ամերիկյան, մասամբ և բրիտանական քաղաքական գրականության մեջ տրվող գնահատականներից, ԱՄՆ-ում աճում են դժգոհությունն ու անվստահությունը ՆԱՏՕ-ի գծով նոր գործընկերների հանդեպ։ Կենտրոնական Եվրոպայի պետություններն աշխարհատնտեսական ոլորտում ավելի շատ կողմնորոշվում են դեպի Գերմանիա և Ռուսաստան` նախընտրելով չներփակվել ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակներում։ Այդ պետությունները հաճույքով են ընդունում ավելի «տեղային» կամ այլընտրանքային քաղաքական «փնջերի» մասնակցելու առաջարկությունները։ Ամերիկյան փորձագետներին թվում է, թե մոտ ապագայում Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի պետություններն ավելի ու ավելի դուրս կգան ԱՄՆ-ի վերահսկողությունից։ Ավելին, հենց ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը մասնակցությունը, որքան էլ տարօրինակ է, կհանգեցնի այն բանին, որ այդ պետություններն ավելի անկախ լինեն ԱՄՆ-ից։
Այդ իրողություններից ելնելով, անհրաժեշտ է Ֆրանսիայի և հատկապես Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակման` արդեն իրացված նախագծերը համալրել նոր նախագծերով ու առաջադրանքներով։ Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձգտումը տարբեր նպատակներ ունի, ներառյալ էներգետիկ հաղորդուղիների նկատմամբ վերահսկողության հաստատումը, առաջապահ բազավորման հենակետերի տեղաբաշխումը Եվրասիայի խորքերում և այլն։ Բայց այդ առաջադրանքը կարող է հաջողությամբ զուգորդվել Եվրոպայի «շրջափակման» նախագծի իրագործման հետ։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հետևում են, թե ինչպես է Սև ծովում, ասես, անհուսալիորեն շրջափակված, զրկանքներ ու քաղաքական նվաստացումներ կրելով արագորեն իր դիրքերը հարավարևմտյան ուղղությամբ վերադարձնում Ռուսաստանը, որը հետևողականորեն գործընկերներ է ձեռք բերում` ի դեմս ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ երկրներ Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, և նախադրյալներ կան ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ռումինիայի ու Հունգարիայի հետ։ Սակայն գլխավորը ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության ձևավորման ակնբախ հեռանկարն է։ Թուրքիայի ներկա քաղաքականությունը ԱՄՆ-ի համար շատ մեծ ռազմավարական կորուստ է, և նա դժվարությամբ կարող է հաշտվել դրա հետ։ Բայց եթե Թուրքիայի հետ հարաբերությունների «խզումը» ինչ-որ չափով նույնիսկ ձեռնտու է ԱՄՆ-ին, նկատի ունենալով քաղաքական հարցերում Անկարայի պահանջների կատարման անհնարինությունը, ապա Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը միանգամայն անընդունելի է ամերիկացիների ու բրիտանացիների համար։ ԱՄՆ-ին ավելի շատ ձեռնտու է անգամ ոչ թե ռազմավարական հարաբերությունների շարունակումը Թուրքիայի հետ, այլ նրա մեկուսացումը բոլոր աշխարհառազմավարական ուղղություններով։
Ռուս-թուրքական հարաբերությունների խաթարումը դարձել է Սև ծովում ամերիկա-բրիտանական ռազմավարության նպատակներից մեկը և առավելագույնս համապատասխանում է Եվրոպայի հարավ-արևելքից Ֆրանսիայի ու Գերմանիայի շրջափակման առաջադրանքին։ Բայց այդ առաջադրանքն անհնար է կատարել, եթե այդ ծրագրերում չներգրավվի ՈՒկրաինան։ Այդ ծրագրերում ՈՒկրաինան արդեն ներգրավված է, ու եթե Բուլղարիան ու Ռումինիան հայտնվել են այլ, ավելի ճիշտ «հանդիպական» նախագծերի մեջ, որոնց մեջ ներառվում են Հունգարիան ու Սերբիան, ապա այդ պարագայում ՈՒկրաինայի դերը շատ ավելի արմատական է դառնում։ Նա ամուր կերպով տեղ է գտել ԱՄՆ-ի սևծովյան ռազմավարության կենտրոնում, կոչված է դառնալու հիմնական խոչընդոտը էներգուղիների «շրջանցումների» ռազմավարության իրացման ճանապարհին։ Բայց անգամ ՈՒկրաինայի առավել ակտիվ մասնակցությունը հաջողություն չի բերի, եթե Սև ծովը ռուս-գերմանական այդ ռազմավարության «խցանը» չդառնա։ ՈՒկրաինայի քաղաքական վերնախավը հաջողությամբ է իր հարաբերությունները կառուցում Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների հետ, որն ավելի ու ավելի է մատնանշվում գործուն քաղաքականության մեջ։ Մասնավորապես, Եվրամիության մասնակցությունը ուկրաինական գազամուղի վերակառուցմանը պետք է համարել Կիևի նշանակալի հաջողությունը։ Եթե այդ հաջողությունը շարունակություն ստանա, ապա Եվրոպայում կսկսեն կասկածել գազամատակարարման «շրջատար ուղիների» կառուցման անհրաժեշտությանը։ Այսինքն, «շրջանցումների» ռազմավարության դեմ պայքարը մղվում է ծովում ու ցամաքում։ Մյուս կողմից, Փարիզում ու Բեռլինում հասկանում են, որ ժամանակն է պատշաճ ուշադրություն նվիրելու հարավարևելյան Եվրոպային և ինովացիոն ու քաղաքական ծրագրերին մասնակից դարձնելու Ռումինիային ու Բուլղարիային։ Եվրոպայի մայրցամաքային տերությունները սոսկ մրցակցում են ամերիկացիների ու բրիտանացիների հետ, սակայն նրանց տնտեսական հնարավորություններն ավելի նախընտրելի են և նրանց շահերն ավելի մեծ պատրաստակամությամբ են հաշվի առնվում հարավարևելյան ու կենտրոնական Եվրոպայի այդ երկրներում։ Պետք է նշել, որ այն պահից ի վեր, ինչ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Հարավսլավիայում այնքան հմտորեն շրջափակեցին Ֆրանսիային ու Գերմանիային, այդ երկու պետություններն ավելի մեծ ուշադրությամբ ու զգուշավորությամբ են քննության առնում նման ծրագրերը։
Տարօրինակ կլիներ, եթե ԱՄՆ-ը չփորձեր ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կարողությունն օգտագործել Սև ծովի ավազանը յուրացնելու համար։ 1991 թ. օգոստոսից ՆԱՏՕ-ի միացյալ ռազմածովային ուժերը պլանաչափորեն ու արդյունավետորեն յուրացնում են Սև ծովը։ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը նախապատրաստվում է Սև ծովում օգտագործելու հարվածային և ծովացամաքային-դեսանտային զորամիավորումներ։ Ներկայումս մշտապես Սև ծովում է գտնվում ՆԱՏՕ-ի 20 նավ։ Սկսած 1993 թ. անցկացվում են ՆԱՏՕ-ի և Սևծովյան ավազանի երկրների ¥ՈՒկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի¤ ռազմածովային ուժերի ռազմանավերի համատեղ զորավարժություններ` «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ-ը պատրաստվում է Ռումինիայի և Բուլղարիայի բազաներն օգտագործելու իր ռազմածովային ուժերի ռազմանավերի և ծովային ավիացիայի մշտական տեղակայման համար։ Հիմա Գերմանիայում տեղաբաշխված ամերիկյան զորամիավորումները աստիճանաբար տեղափոխվում են այդ բազաներ։ Սև ծովում իրականացվում է երկու ռազմածովային նախագիծ ¥«BLACKSEAFOR» և «Ակտիվ ջանքեր»¤, որոնց մասնակցում են բոլոր մերձսևծովյան պետությունները։ Ռուսաստանն արդեն ակտիվորեն մասնակցում է «BLACKSEAFOR» միջազգային ռազմածովային նախագծին ¥մասնակցում են նաև Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Թուրքիան և ՈՒկրաինան¤։ Այդ նախագծի շրջանակներում 2005 թ. մայիսին տեղի են ունեցել զորավարժություններ, որոնց արդյունքներն ամփոփվել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ։ Գերմանիան ևս արդեն բավական վաղուց է ներկա Սև ծովում։ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ծով է մուտք գործել Գերմանիայի ՌԾՈՒ ռազմանավերի մեկ ջոկատ։
ԱՄՆ-ը սևծովյան ավազանում ՆԱՏՕ-ի ներկայությունը համարում է ժամանակավոր և ոչ այնքան ցանկալի ձեռնարկ, ընդ որում, բազմիցս նշվել է, որ Սև ծովին վերաբերող նախագիծը ամերիկյան նախագիծ է` Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, և ՆԱՏՕ-ի չափազանց մեծ մասնակցությունը բնավ պարտադիր չէ, քանի որ Սև ծովում առաջադրանքների կատարմանը ՆԱՏՕ-ի մասնակցությունը ապարդյուն է դարձնում տվյալ ուղղությամբ Եվրոպան շրջափակելու ԱՄՆ-ի փորձերը։ Հարկ է նշել, որ Սև ծովը, ինչպես նաև Բալկանները, ներառյալ Դանուբի ավազանը, կարևորագույն փոխադրական ուղղություն են Արևմտյան Եվրոպայի համար, ընդ որում, խոսքը ոչ միայն նավթի ու գազի մասին է, այլև Մերձավոր Արևելք և այլուր առաքվող բազմապիսի բեռների հսկայական հոսքի։ Պետք է նշել նաև, որ Գերմանիան դեպի Կենտրոնական Ասիա իր փոխադրական շահերը նախանշել է, հաշվի առնելով Ռուսաստանի շահերն ու գերակայությունները։ Ղազախստանն ու Կենտրոնական Ասիան որպես գերմանական մետալուրգիայի և քիմիայի կարևորագույն հումքային բազաներ, բացահայտորեն անտեսված են քաղաքական գրականության մեջ։ Մինչդեռ այդ տարածաշրջաններում Գերմանիան արդեն էական դիրքեր ունի, և այստեղ հաջողությամբ սև, գունավոր և որակատու մետաղների խոշորագույն հանքավայրեր են շահագործվում։ Նաև պայքար է մղվում ամերիկացիների ու եվրոպացիների, Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև` ուրանի հանքավայրերի վերահսկողության համար։ Գերմանիան կցանկանար ունենալ ռուսական հաղորդուղիները շրջանցող այլընտրանքային երթուղի` որպես պահեստային տարբերակ, ուստի ԱՄՆ-ը չի հրաժարվում գերմանա-ռուսական հարաբերություններում գժտություն մտցնելու, Գերմանիան և Ֆրանսիան «Սև ծով» նախագծի հարցում եթե ոչ դաշնակիցներ, ապա գոնե չեզոք տեսնելու գաղափարից։
ՈՒշագրավ է, որ այն առաջադրանքների կատարման հարցը, որոնց հետ կապվում է Սև ծովի ավազանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը, շատ ավելի հեշտ կլիներ լուծել Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի այլ բազաների միջոցով։ Սև ծովի տարածաշրջանը բոլոր առումներով չէ, որ հարմար է առաջավոր բազավորման համար, գոնե այն պատճառով, որ քաղաքական խնդիրները հեռու են լուծված լինելուց, և այն բնորոշվում է մի շարք հակամարտությունների առկայությամբ, որոնց կարգավորումը հազիվ թե իրականանա մոտ ապագայում, ասենք` նաև հետագայում։ Անհնար է ժխտել, որ Սև ծովը, ընդհանուր առմամբ, գրավիչ է տարբեր ուղղություններով աշխարհառազմավարության ծավալման համար, և հնարավոր է, որ ստացվող օգուտները «կկլանեն» այն վտանգները, սպառնալիքներն ու ծախսերը, որոնք ենթադրվում են։ Բայց այն, ինչը վերաբերում է մերձավորարևելյան հեռանկարին ու Հարավային Ասիային, առանց Սև ծովում բազավորման էլ հնարավոր է գլուխ բերել։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում ծավալվում է «շրջանցումների» ռուս-գերմանական ռազմավարությունը, ինչն անընդունելի կլինի ԱՄՆ-ի համար, քանի որ դրանով հիմք է դրվում մի դաշնախմբի, որտեղ կարող են լինել ոչ միայն Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան, այլև Եվրոպայի որոշ երկրներ, որոնք առանց այն էլ ներառված են «Գերմանական աշխարհատնտեսական կայսրության» մեջ։ Լեհաստանի ու Լիտվայի փորձերը` ձախողելու բալթյան գազամուղի կառուցման ու եվրոպական էներգետիկ խարտիայի ընդունման նպատակով Եվրամիության շրջանակներում Մեծ Բրիտանիայի ձեռնարկած ծավալուն նախաձեռնությունը, որը էներգուղիների «շրջանցման» ռազմավարության ձախողման նպատակ էր հետապնդում, արդյունք չտվեց, քանի որ չեզոքացվեց Գերմանիայի ու Եվրոպայում ռուսական գազի մյուս խոշոր սպառողների կողմից։ Այդ առթիվ եվրոպական ասպարեզում քաղաքական պայքար ծավալվեց, որտեղ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պարտություն կրեցին, և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հարաբերությունները սրվեցին։ Այն ժամանակ ֆրանս-գերմանական դաշնազույգին պաշտպանեցին Նիդերլանդները, Բելգիան, Ավստրիան, Հունգարիան, այլ պետություններ, և սկսեց ուրվագծվել կայուն մեծ եվրասիական դաշնախմբի հեռանկարը` Ռուսաստանի մասնակցությամբ։ ՈՒստի Սև ծովի կողմից եվրոպացիների շրջափակումը ավելի նշանակալի առաջադրանք է դառնում, քան առաջավոր բազավորման ծրագրերը։
Այսպիսով ձգտում են Սև ծովը վերածել բարձր մակարդակի առճակատման տարածաշրջանի, հրատապացնել ոչ այնքան սուր խնդիրներն ու հակամարտությունները, Ռուսաստանին գժտեցնել իր ներկա գործընկերների հետ, տարածաշրջանում ստեղծել հակառուսական և հակագերմանական բլոկ, թույլ չտալ զորեղ ու հեռանկարային այլընտրանքային դաշնախմբի ձևավորում Եվրոպայում։ Այսինքն, այլ նպատակների կողքին, լուծվում է այդքան կարևոր ուղղությունում Ռուսաստանի ու Գերմանիայի աշխարհաքաղաքական խոր շրջափակման խնդիրը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 35321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ