ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչպե՞ս, որտե՞ղ և քանի՞ տարում

Ինչպե՞ս, որտե՞ղ և քանի՞ տարում
07.10.2008 | 00:00

ՈՒ՞ՄԸ ԿԼԻՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՂ ՊԱՏԱՌԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում հնչեցրած ուղերձի մակերեսային վերլուծությունից անգամ ակնհայտ է դառնում, որ իշխանությունները կամենում են այդպես էլ չլուծվող քաղաքական խնդիրներին հակադրել երկրում առկա սոցիալ-տնտեսական հարցերը և դրանց ձևական կամ իրական լուծման ճանապարհով հանրության շրջանում հասնել որոշակի լիցքաթափման:
Ինչքանով սա հնարավոր կլինի, ցույց կտա ապագան: Փաստն այն է, որ իսկապես նախագահի ուղերձը, որքան էլ զարմանալի թվար, հիմնականում տնտեսական մեխերի վրա էր կառուցված, իսկ այդ մեխերից մեկն էլ նոր ատոմակայանի կառուցումն էր: Առաջին հայացքից՝ խնդիր, որն իրենից առանձնապես մի բան չի ներկայացնում, բայց երբ լսում ես փորձագետներին (իսկ նրանք հայտարարում են, որ ցանկացած պահի, երբ միջազգային հանրության ճնշման ներքո մեր ատոմակայանը փակվի, իսկ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու, երկրում էներգետիկ հզորությունների առկա պայմաններում հովհարային անջատումներն անխուսափելի են լինելու…), պարզ է դառնում, որ նոր ատոմակայանի կառուցումը կարծես թե ոչ միայն անխուսափելի է թվում, այլև ուղղակի որպես օրվա հրամայական է ներկայանում: Անշուշտ, բնապահպաններն այլ բան են ասում` կարևորելով էներգիայի ստացման այլընտրանքային ուղիները, բայց դա, ինչպես ասում են, այլ խոսակցություն է, և, հավանաբար, խնդրի այդչափ կարևորումն է պատճառը, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում բավական ակտիվորեն մասնակցեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (սա ՄԱԳԱՏԷ կոչվածն է) 52-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:
Ի դեպ, ինչպես հավաստում են արտգործնախարարությունից, պարոն Կիրակոսյանն այնտեղ ոչ միայն մանրամասն կերպով ներկայացրել է մեր ատոմակայանի շահագործման ու անվտանգության ապահովման հետ կապած հարցերը, այլև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ իրականացվող քաղաքականությունն ու համագործակցության աստիճանը` կապված նոր ատոմակայանի կառուցման հետ: Նշենք նաև, որ 2 օր առաջ էլ Արման Կիրակոսյանը հանդիպել էր ԱԷՄԳ միջուկային անվտանգության և ապահովության բաժնի տնօրեն Անիտա Նիլսոնի հետ` առավել մանրամասն ներկայացնելով հարցը (խնդիրն, ինչպես գիտեք, միջազգային հանրությունը կարևորում է հատկապես այն պատճառով, որ ամեն մի պատեհ կամ անպատեհ առիթով Թուրքիան մեր երկրի դեմ մեղադրանքներ է ներկայացնում` նույն միջազգային հանրությանը համոզելով, թե մեր ատոմակայանն իրենից սարսափելի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար), ինչպես նաև մասնակցել էր 1976-ից գործող Մեծամորի ատոմակայանի և «Energy Repair Garant» ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Նշվում է, որ համաձայնագիրն ուղղվելու է մեր ատոմակայանի պաշտպանության բարելավմանը (ծրագիրն արժե մոտ 1մլն 580 000 եվրո, որը տրամադրելու է բրիտանական կառավարությունը), և որ այն ամենախոշորն է մինչ այժմ Հայաստանում իրականացված ծրագրերից:
Որ ներկայիս ատոմակայանի անվտանգության խնդիրներն ու նոր ատոմակայանի կառուցման հարցն անչափ կարևորում են ՀՀ կառավարությունը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, հասկացանք: Իսկ ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ միջոցներով, քանի՞ տարում և ովքե՞ր են կառուցելու ատոմակայանը: Այլ կերպ ասած` տնտեսականը, բայց երեխային էլ պարզ է, որ մանավանդ արդի աշխարհում ցանկացած էներգետիկ խոշոր ծրագիր նաև քաղաքական հարց է, և իզուր չէ, որ մերոնք այստեղ նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի տեսակետների հետ են հաշվի նստում` այն քաղաքավարի կերպով անվանելով «համագործակցություն»: Ի վերջո, բոլորս ենք հիշում, թե բաշխիչ ցանցերն ու ատոմակայանը բառիս բուն իմաստով ռուսներին նվիրելու ընթացքում (մերոնք, ասում են, ատոմակայանի պարագայում կարգին սեթևեթել էին, իբր` մենք ոչ թե դա սեփականաշնորհել ենք ռուսներին, այլ ընդամենը 5 տարով ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումն ենք տվել նրանց, ինչով նաև ապահովել ենք վառելիքի խնդիրը…), որքան էին սրվել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, և ՀԲ-ի երևանյան գրասենյակն ինչ խիստ հակազդեցություն էր հանդես բերում: Անօգուտ, իհարկե, բայց և այնպես…
Իսկ ահա գալով կոնկրետ խնդրին` ասենք, որ ՀՀ նոր ատոմակայանը կառուցվելու է ներկայիս Մեծամորի ատոմակայանի տարածքում, որտեղ արդեն դրա հիմքը կա, ինչպես նաև հավելենք, որ ատոմակայանի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտված են: Այն իրականացվել է ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ, «PA Consulting Group» ընկերության կողմից, որի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծրագրի ղեկավար Արմեն Արզումանյանը լրագրողներիս տեղեկացրեց, որ «1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայանի շինարարությունն արժենալու է 5,2-7,2 մլրդ դոլար», իսկ «արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները, կախված կատարած ներդրումներից, 1 կՎտ.ժամի համար կարող են լինել 7,2 և 12,7 ցենտ»:
Ի միջի այլոց, «PA Consulting Group»-ը նոր ատոմակայանի կառուցումն ուղղակի փրկություն է համարում մեզ համար, որովհետև «հակառակ պարագայում երկրի կախվածությունը մեծ կլինի»: Ինչ ասել է կախվածություն` այստեղ, իհարկե, չեն բացատրում, բայց ստացվեց այնպես, որ օրերս այն անուղղակիորեն պարզաբանեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որը լրագրողներին ասաց, թե «Ռուսաստանից մատակարարվող գազի թանկացումը, ըստ էության, կբերի նաև էլեկտրաէներգիայի թանկացման, հետևաբար, շուտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կսկսվեն էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման աշխատանքներ, որոնց ավարտից հետո` 2-3 ամսվա ընթացքում, հանրությունը կտեղեկացվի, թե որքան կարող են բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագները»: Իհարկե, դժվար է ասել, թե նոր ատոմակայանի կառուցումը (իսկ այն նախատեսվում է շահագործել ոչ ավելի շուտ, քան 2017 թվականին) որքանով է հենց այս պահին «փրկելու» մեր ազգաբնակչությանը, մանավանդ որ բաշխիչ ցանցերը, այնուամենայնիվ, ռուսներինն են, իսկ այդտեղ բնավ տարբերակում չկա բնակչին էժան ատոմային էներգիա և ասենք` ՀԷԿ-ից ստացած էներգիա մատակարարելու մեջ: Բայց որ երկիրը գոնե ինքնաբավ կլինի ու նաև հնարավորություն կունենա նախկինի պես ու գուցե նաև ավելի շատ էներգիա վաճառելու իր հարևաններին (ասենք` Վրաստանին ու Թուրքիային), ակնհայտ է:
Վերադառնալով նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորմանը` նշենք, որ կոնկրետ ԱՄՆ-ը բավական խանդով և մեծ ուշադրությամբ է վերաբերվում այս հարցին (հիշենք, որ անցած տարվա նոյեմբերին այդ երկրի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին մի համաձայնագիր, որը նախատեսում էր համագործակցել ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներում, բնապահպանական և այլ հարցերում), իսկ այդ երկրի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը խնդիրն այնքան է կարևորում, որ առաջինների շարքում անդրադարձավ դրան` նշելով, թե դեռևս Արժույթի միջազգային հիմնադրամն էլ պիտի ծանոթանա կատարված աշխատանքներին: «Չար լեզուներն» ասում են, որ ԱՄՆ-ի հատուկ հետաքրքությունը խնդրում բավական պարզունակ է. այստեղ մտավախություն ունեն, որ նոր ատոմակայանը ևս «իրենցով անելով»` Իրանում ևս ատոմակայան կառուցող ռուսները Հայաստանն էլ կներքաշեն «կեղտոտ խաղերի մեջ», իսկ ավելի կոնկրետ` իբր թե ուրանի հարստացման աշխատանքների մի մասը կանեն Հայաստանում…
Որքանո՞վ է սա ճշգրիտ տեղեկատվություն, չգիտենք, բայց փաստն այն է, որ դեսպան Մարի Յովանովիչի հավաստմամբ` «ԱՄՆ-ի կառավարությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում օժանդակել է Հայաստանին հին ատոմակայանի անվտանգ շահագործման հարցում (ի դեպ, գումարային տեսքով այդ օգնությունն արժեցել է 50-55 մլն դոլար-հեղ.), նորի կառուցման ժամանակ էլ ամեն բանով կօժանդակի երկրին»: Ի՞նչ է սա նշանակում, ակնհայտ է: ԱՄՆ-ը կամենում է չեզոքացնել ՌԴ-ին այս խնդրում (այդ պատճառով էլ հենց սկզբից է օգնել մեզ), ինչպես նաև կասեցնել ֆրանսիական մուտքը մեր երկիր, որովհետև չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց այդ երկիրն էլ է «շահագրգիռ օժանդակելու Հայաստանին` Մեծամորի ատոմակայանը նորով փոխարինելու հարցում»…
Ի դեպ, հատկապես այս իմաստով հարցն այնքան էր կարևորել վերջերս ասպարեզում առանձնապես չերևացող և, որոշ տեղեկությունների համաձայն, «քոչարյանաստեղծ 3-րդ ուժի» անդամ, դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, որ մի քանի ռուսական ԶԼՄ-ներում հայտարարել էր, թե «Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշումը մեծավ մասամբ պայմանավորված կլինի այն բանով, թե որ երկիրը կֆինանսավորի նոր ատոմակայանի կառուցումը»: Իր հերթին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Կավկազսկի ուզել»-ում տված հարցազրույցում նկատել էր, թե չնայած չէր ուզի, որ այս «պայքարում» Ռուսաստանը միանշանակ հաղթանակ տաներ, այդուհանդերձ` «նրա այս առաջարկը` ամբողջովին ֆինանսավորել կառուցվելիք նոր ատոմակայանը, Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացման հերթական ապացույցն է»:
Անշուշտ, ռուսներն այսպես չեն կարծում: Նրանք ուղղակի մտածում են, որ իրենց ֆորպոստում, որը Հայաստանն է, իրադարձություններն այլ կերպ չեն էլ կարող ընթանալ: Ավելին, մի որոշ ժամանակ առաջ ռուսական մամուլը բավականին ցինիկ տոնով գրեց, որ Հայաստանում ոչ միայն միջուկային անվտանգության հատուկ կառավարական կոմիտե է ստեղծվել, որը «ակտիվորեն կզբաղվի այդ երկրում ուրանի պաշարների ռուսական հետախուզման և արդյունահանման գործով», այլև «Հայաստանը խնդրել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին` երկարաձգել հայկական ԱԷԿ-ի կառավարման ժամկետը»…
Ինչպես արդեն հասկացաք, գոնե այս նյութի շրջանակներում մենք այդպես էլ չկարողացանք ճշտել, թե ովքեր են կառուցելու հայկական նոր ատոմակայանը, իսկ ահա ինչպե՞ս, որտե՞ղ, քանի՞ տարում և ի՞նչ չափի գումարով հարցերին կարծես թե կարողացանք քիչ թե շատ սպառիչ պատասխան տալ: Ինչ կլինի հետո, բնականաբար, կհետևենք շատ ուշադիր:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5029

Մեկնաբանություններ