38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-2

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-2
24.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
(սկիզբը` նախորդ համարում)

Շրջանը պատրաստվում էր Լենինի ծննդյան 118-ամյակին:
Երկրում էլ կարմիր պաստառ չէին թողել, բոլորը փակցրել էին պատերին: «Պերեստրոյկան», «Արագացումը» քիչ էին, հիմա էլ ամեն քայլափոխի 118 էր գրված: Այն տպավորությունն էր, կարծես մարդիկ ուրիշ բան ու գործ չունեին:
-Թույլ կտա՞ք, ընկեր պե՛տ։
Դռների մեջ կանգնած էր Հայկազունու տեղակալը՝ քաղաքական դաստիարակության գծով:
-Ներս արի, Ասլանյա՛ն, ի՞նչ արեցիր լոզունգները, տեսնո՞ւմ ես, շրջկենտրոնում էլ պատ, փողոց չեն թողել, զարդարել են: Ճիշտ է, մենք կուսակցության ավանգարդ ջոկատը չենք, բայց հեռու էլ չենք: ՈՒշացրիր, Սվետոզորովան խանութներում էլ թուղթ ու գրիչ չի թողնի: Էդ պառվաբոզը ամբողջ ՍՍՀՄ-ին ու «առաջադեմ մարդկությանը» կտեղեկացնի, թե ինչ անտարբերությամբ ենք մենք դիմավորում «համայն մարդկության ամենակարևոր տոնը»: Կուղարկի, որ տեսնեն, թե ինչպես մենք չենք մեծարում մեր առաջնորդին, ինչպես ենք արհամարհում նրա 118-ամյակը:
Ասլանյանը հասկանում էր պետի խոսքի լրջության տակ թաքնված սարկազմը և հոգու խորքում համամիտ էր նրան:
-Ամեն ինչ կարգին է, ընկեր պե՛տ, - ժպիտը դեմքին ասաց Ասլանյանը: - Մեր պաստառն իր չափսերով շրջկոմի պաստառին չի զիջում:
Հայկազունին իր քաղաքական գծով տեղակալին բաժնում մեծ տեղ էր տալիս, ամեն ինչում վստահում: Ասլանյանը երկու տարի առաջ գործուղվել էր միլիցիա՝ կոմսոմոլից և, հուրախություն բաժնի պետի, չնայած երիտասարդ տարիքին, գրագետ ու կարգին մարդ էր: Նա ոչ մի առնչություն չուներ այն կոմսոմոլների հետ, որոնք սկզբում ստորաքարշորեն քծնում էին իրենց ղեկավարներին, որպեսզի հետագայում, տարիներով կուտակված մաղձը, անկատարելության բարդույթը թափեն իրենց ենթակաների գլխին: Չնայած կարճ ժամանակահատվածին, նրանք կես խոսքից արդեն իրար հասկանում էին:
-Ապրես, փակցրու էդ «դացիբաոն», հավանական է, դրանից հետո հանցագործություններն իրենք իրենց կբացահայտվեն, կովերի կաթնատվությունը կտասնապատկվի, մաքիները զույգ կծնեն, կոմունիզմն էլ իրեն երկար սպասել չի տա: Լավ, ես իսկապես մի բան չեմ կարողանում հասկանալ, ո՞ւմ են հարկավոր էս մայմունությունները: Էլ բան ու գործ չունե՞նք, հիմա էլ մտածենք, թե ում պաստառն է ավելի կարմիր ու լավը: Դու պատկերացնո՞ւմ ես, թե ՍՍՀՄ-ով մեկ ինչ գումարներ են փոշիանում, անտեղի վատնվում: Դե լավ, դա մեր լուծելու խնդիրը չէ, հերն էլ անիծած:
-Ընկեր պե՛տ, երկու ժամից «դացիբաոն» բաժնի ճակատին կլինի, - զեկուցեց Ասլանյանը ժպտալով:
-Ասլանյան, ես հրշեջ պետին եմ կանչել, նա հիմա ընդունարանում կլինի, թող էլ ինձ մոտ չմտնի: Վերցրու նրանից միջոցառումների պլանը և ինքդ էլ ցուցումները տուր:
Ասլանյանը ոտքի կանգնեց:
-Թույլ կտա՞ք գնալ:
-Այո,- ասաց Հայկազունին՝ հեռախոսափողը վերցնելով:
-Կներեք, ընկեր պե՛տ, քիչ էր մնում մոռանայի,- շարունակեց Ասլանյանը,- երկուշաբթի շրջկոմի բյուրոն լսելու է 118-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Մեզնից պահանջել են, որ օպերատիվ աշխատողները նույնպես, Լենինի ծննդյան հետ կապված, սոցիալիստական պարտավորություններ ստանձնեն: Ես քաղաքական մասով Ձեր զեկույցը պատրաստել եմ, օպերատիվ մասով չպատկերացրի ինչ գրեմ:
-Ինչ ուզում ես գրիր, ինձնից լավ գիտես, որ այդ «հեքիաթները» ոչ կարդացող կա, ոչ էլ դրանց հետևող: Վերցնում ես 115, 116, 117-ամյակներին նվիրված զեկույցները և արտագրում, միայն թվերը չմոռանաս փոխել: Առավոտյան ես շրջկոմի կազմբաժնի վարիչին ասացի, որ միջոցառումների ծրագիրը երկուշաբթի իր սեղանին կլինի:
-Լսում եմ, ընկեր պե՛տ,- ասաց Ասլանյանը՝ գոհ ժպիտը դեմքին, - թույլ կտա՞ք գնալ:
-Գնա, երկուշաբթի մինչև շրջկոմ գնալս ծրագիրը կբերես, որ աչքի տակով անցկացնեմ, մեկ էլ տեսար հարցեր տվեցին:
Հայկազունին լսում էր օպերատիվ գծով տեղակալի զեկույցը, երբ կողքի սեղանիկին ծղրտաց բաժնի հերթապահի հեռախոսը:
-Լսում եմ, - լսափողի մեջ շպրտեց Հայկազունին։
-Թույլ տվեք զեկուցել, ընկեր պե՛տ,- լսվեց բաժնի հերթապահի խռպոտ ձայնը: - Նոր զանգահարեցին հիվանդանոցից: Ծանր մարմնական վնասվածքներով՝ գլխի կոտրվածքով, հիվանդանոց են տեղափոխել ընկեր Սվետոզորովային: Ասացին, որ Լենինի ու Սվերդլովի փողոցների խաչմերուկում, «Դեղագործյանի» տան դիմաց աստիճանից վայր է ընկել: Թույլ տվեք հերթապահ հետաքննիչին ու քրեականի տղաներից մեկին դեպքի վայր ուղարկել:
-ՈՒղարկիր, - կարգադրեց Հայկազունին:
-Կիրակոսյա՛ն, լսեցի՞ր ինչ է կատարվել: Ես չեմ մտածում, որ այստեղ ինչ-որ դիտավորություն լինի: Պարզ է, որ դժբախտ պատահար է: Ես առավոտյան տեսել եմ Սվետոզորովային լոզունգներ փակցնելիս: Այնտեղ էին շրջկոմի կազմբաժնի վարիչը, կոմունալի պետը իր կոմսոմոլի քարտուղարի հետ:
- Հասկանում եմ, ընկեր պե՛տ, օրիորդ Սվետոզորովան ոչ միայն մեր շրջանն է ներկայացնում, այև ողջ հանրապետությունը: Վերջապես նա հանրապետության ամենատարեց կոմերիտներից մեկն էր,- ասաց Կիրակոսյանը, նույն շինծու հուզմունքով շարունակելով։- Գնում է հին գվարդիան, ընկեր պե՛տ, գնում է, ի՞նչ ենք անելու առանց նրանց ծնողական խորհրդի ու դաստիարակության, առանց նրանց զգոնության՝ դավաճանների հանդեպ: Օրիորդ Սվետոզորովան կուսակցական հոտառություն ուներ թշնամիների նկատմամբ: Նա էր, որ իր ահազանգերով զգաստ էր պահում շրջանի կուսակցական մարմինը: Ընկեր պե՛տ, ցավոք, մեր բաժնում էլ կան տմարդիներ, ովքեր օրիորդ Սվետոզորովային «անոնիմշիկ» էին անվանում: Օրինակ` ձեր տեղակալ Ասլանյանը:
Հայկազունին չթողեց, որ Կիրակոսյանը շարունակի իր բամբասանքը։
-Ես գիտեմ, որ դու հասկանում ես գործի ողջ լրջությունը: Իմ տեղակալի մասին առանձին կզրուցենք, հիմա դրա ժամանակը չէ: Լավ կլինի, որ դու նույն եռանդով չբացահայտված հանցագործություններով զբաղվես: Եթե հարցեր առաջանան, ես հիվանդանոցում կլինեմ: Այսօր ժամը քանիսին էլ լինի՝ օպերատիվ անձնակազմի հետ խորհրդակցություն պետք է անցկացնենք: Այս ամիս արդեն երեք չբացահայտված ծանր հանցագործություն ունենք, չհաշված անցած ամսից մնացած սպանությունը:
- Շտապ ինձ հասցրու դեպքի վայր,- ասաց Հայկազունին Ազատին՝ հեռախոսով, ապա դարձավ աշխատակիցներին,- ես մեկնում եմ հիվանդանոց: Գտեք դատախազին:
Միլպետի նստելուն պես մեքենան ուղղություն վերցրեց դեպի հիվանդանոց: Հայկազունուն մտքերի մեջ էր գցել իր օպերգծով տեղակալը՝ Կիրակոսյան կոչվածը: Իհարկե, նա թույլ չէր տա, որ Ասլանյանի գլխից մազ անգամ պակասեր, բայց զզվելի էր իրողությունը: Վերջերս ինքը զեկուցագիր էր ներկայացրել նախարարին, որի համաձայն` Կիրակոսյանին թոշակավորելու էին, իսկ Ասլանյանը նշանակվելու էր օպերատիվ գծով տեղակալ: Հայկազունին իրեն արժանի փոխարինող էր պատրաստում և ահա, խնդրեմ, արդեն միացնում են վարկաբեկման մեքենան:
«Ոչինչ չի ստացվի ձեզ մոտ, ընկերնե՛ր, կապրենք, կտեսնենք, տո ես ձեր մերն էլ, ձեր հին գվարդիայինն էլ վրադիր» - մտածեց նա ու վառեց ծխախոտը:
Հիվանդանոցի մուտքի մոտ Հայկազունուն սպիտակ խալաթը հագին դիմավորեց գլխավոր բժիշկը՝ իր երկու տեղակալների հետ:
- Կներեք, ընկեր պե՛տ, մենք ոչինչ չհասցրինք անել: Օրիորդ Սվետոզորովային արդեն մահացած էին տեղափոխել հիվանդանոց: Օրիորդն իր մահկանացուն կնքել էր գանգոսկրի կոտրվածքից։ Ըստ մեր վիրաբույժների՝ նման կոտրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Համեցեք իմ առանձնասենյակ, այնտեղ վիրաբույժը մանրամասն կզեկուցի:
Ժպիտը զգուշորեն սահեց Հայկազունու շուրթերից. «Այս հիմարը արդեն իր ալիբին է նախապատրաստում, սկզբից ևեթ նշում է, որ մահը վրա է հասել փողոցում, որպեսզի ոչ մեկի մտքով անգամ չանցնի, որ իրենք պառավին օգնած կլինեն, որպեսզի վերջինս հնարավորինս արագ բռնի դժոխքի ճանփան: Ենոքյա՜ն, միամիտ աղվես: Դե լավ, գլխավորն այս ամենի մեջ փաստաթղթավորումն է, որպեսզի հետագայում զերծ մնանք տարբեր բամբասանքներից ու անանուն նամակներից» - մտածեց Հայկազունին՝ հիվանդանոցի շենք մտնելով:
Գլխավոր բժշկի ընդարձակ առանձնասենյակի մեծ գրասեղանի մոտ ուսերը ներս գցած՝ նստած էր շրջկոմի ամենաազդեցիկ բաժնի ղեկավար Սարգսյանը: ՈՒղղակի Սվետոզորովան ժամանակին հաշվել էր խեղճի ատամները և վերջինիս վերածել մի կամազուրկ արարածի: Իհարկե, այս ամենը տեղի էր ունենում շրջկոմի քարտուղարի իմացությամբ: Շրջկոմի ողջ անձնակազմը, առաջին քարտուղարի գլխավորությամբ, ուղղակի խորշում էր Սվետոզորովայից, սակայն ստիպված էին լռել, որպեսզի պառավի անանուն նամակների տարափն իրենց վրա չվերցնեն: Սվետոզորովան հանրապետության ամենահին կոմերիտականն էր, և այս փաստի հետ հաշվի էր պետք նստել: Չհաշված, որ մեկ տարի առաջ նրա մեծ լուսանկարը փակցրել էին Երևանի կոմերիտների թանգարանի նախասրահում, Ղուկաս Ղուկասյանի նկարի կողքին: Թանգարանում հայտնվելուց հետո Սվետոզորովան քառապատկեց իր հասարակական գործունեությունը, կարծես պառավին նոր, գերհզոր շարժիչ միացրած լինեին:
- Ընկեր Սարգսյա՛ն, ցավակցում եմ, - ասաց միլպետը՝ դեմքին հնարավորինս լուրջ արտահայտություն տալով:
- Շնորհակալ եմ, ընկեր Հայկազունի՛, ես էլ Ձեզ եմ ցավակցում, ընկեր Սվետոզորովան մեր բոլորի հարազատն էր: Հանրապետությունն անդառնալի ու մեծ կորուստ կրեց: Չհաշված, որ շրջանի կոմերիտական ակտիվը որբացավ:
Հայկազունին մեծ ջանքեր էր թափում, որ հանկարծ չփռթկա ծիծաղից: Այս ամենը՝ ընդգծված կեղծավորություններով և կեղծ հուզումներով, զավեշտի էր վերածում ոչ միայն Սարգսյանը, այլև գլխավոր բժիշկ Ենոքյանը: Այն Ենոքյանը, ում հիվանդանոցն ամիսը երկու անգամ ցեխի հետ էր խառնում Սվետոզորովան՝ պարբերաբար ստիպելով նրան մաշեցնել իր կոշիկները դատախազության ու ներքին գործերի բաժնի դռներին:
Այստեղ հավաքվածները, առանց բացառության, իրենց հոգու խորքում ատում էին պառավին, գիտեին նրա ով լինելը, սակայն ստանձնել էին իրենց դերն այս ժամանակահատվածի թատրոնում, որը կոչվում էր կյանք: Այսպիսին է մարդու էությունը. ամեն ինչին հարմարվել, չդիմադրել ստին ու կեղծիքին: Հետո հավատարիմների շրջապատում լինել խիզախ ու համարձակ, ու չգիտես ինչու, անհաշտ՝ սատանայի հետ: Այն սատանայի, որին մարմնով ոչ մեկը մինչև օրս չի տեսել և չի էլ տեսնելու: Իսկական սատանան ծնվում է մեր մեջ երկրայինից, որից մարդիկ վախենում են ու խորշում՝ չիմանալով, որ սեփական սատանայի մոտ նա ընդամենը մի անմեղ էություն է։
(շարունակելի)

Դիտվել է՝ 23819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ