ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քանդելուց շատ օպերատիվ են, քանդելու ծրագիրն էլ դյուրին է ու ձեռնտու

Քանդելուց շատ օպերատիվ են, քանդելու ծրագիրն էլ դյուրին է ու ձեռնտու
27.03.2024 | 15:29

Այն, որ մենք լավ ճանապարհներ կառուցել չգիտենք, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ ու Գյումրին էլ բացառություն չէ։

Գյումրիում դեռ բազում չլուծված խնդիրներ կան, բայց առաջնայինը մնում է քաղաքի փողոցների տխուր ու ողբալի վիճակը։ Բարեկարգված ասֆալտապատված, առանց ջրափոսերի ու ցեխափոսերի, անփոշի ու հարթ մայթերով փողոցներ ունենալն այդպես էլ մնաց ցանկալիների շարքից։

Հանուն արդարության պիտի նշել այն քսան պատշաճ որակով բարեկարգված փողոցները, որոնք Բալասանյանի ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ, և՛, ֆինանսավորումը (23.5 միլիոն եվրո) և՛, հսկողությունը և՛, այն ճիշտ, նպատակային օգտագործելը։

Ինչևէ։

Գանք մեր օրեր և արձանագրենք, որ ինչքան էլ զբոսաշրջությունը լայն քայլերով Գյումրի մտավ, ինչքան էլ հայրաքաղաքը մշակութային համարվեց, ինչքան էլ աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ տվեց, այնուհանդերձ մեր փողոցները մնացին անմխիթար, անբարեկարգ, փոշոտ ու կեղտոտ։

Ստացվում է, որ համայնքապետարանի աշխատակազմը չի կարողանում ՏԻՄ օրենքով իրեն վերապահված սեփական, պարտադիր և պատվիրակված լիազորությունները հստակ իրականացնել, իսկ կոնկրետ դեպքում, կոմունալ բաժնի հետ կապված աշխատանքները փողոցաշինության մասով։ Ֆինանսական հոսքերը տարբեր խողովակներով մտնում են Գյումրի, հիմնականում ՎԶԵԲ-ի կողմից և ոչ մի խնդիր չի հարուցվել, ինչն է խանգարում լիարժեք պլանավորել և կանոնակարգված որակյալ աշխատանքներ կատարելուն։ Եթե մեղավորը «Դարոժնիկ» ՍՊԸ՞- ն է, ուրեմն մեղմ ասած, ձեր մասնագիտական հսկողությունն է կաղում, «վստահում» եք կապալառուի ազնիվ խոսքին, իսկ դա նույնն է թե հավատալ հեքիաթի անմահական ջրի գոյությանը։

Այդ նույն ընկերությունը նախկին քաղաքապետի օրոք իրականացրեց որակյալ փողոցաշինություն։ Հիմա ի՞նչ եղավ, ինչու՞ չի կատարվում նույն գործընթացը, ինչու՞ քաղաքը պատշաճ տեսքի չի բերվում, ամենուր միայն քանդում ու թողնում են։ Քանդելուց շատ օպերատիվ են, քանդելու ծրագիրն էլ դյուրին է ու ձեռնտու...

Եթե մեղմ ձևակերպենք, այն ինչ կատարվում է քաղաքի կոմունալ ոլորտում, ենթադրում է գումարների գիտակցաբար փոշիացում կամ սովորույթի համաձայն գործում է ատկատի և «լվացքատան» մեթոդաբանությունը...

Հակառակ պարագայում ընդամենը մի քանի ամիս առաջ ասֆալտապատված փողոցներում ինչու՞ են փոսեր առաջացել, կիսատ-պռատ շարված մայթերի եզրաքարերը պոկվել և այլն։

Դե հասկանալի է, այդպես հաջորդ տարի էլ էլի «աշխատանք» կլինի, մանավանդ համայնքապետարանը համալրվել է այդ գործին քաջ ծանոթ «հին գվարդիայի» ներկայացուցիչով, ով դեռ պիտի վարպետության դասեր անցկացնի...

Լավ ենթադրենք համայնքապետարանի պատասխանտուներին այդպես ձեռնտու է, իսկ ու՞ր են նայում համայնքի ավագանին, մարզպետարանը, կառավարությունը որպես լիազոր մարմին, չէ՞ որ հսկելու, վերահսկելու իրավուքն օրենքով նրանց է վերապահված, գուցե նրանց է՞լ է ձեռնտու նման գործելաոճը, այդպես «աշխատելը», հակառակ դեպքում չէին լռի....

Սա քաղաքական թեմա չէ, սա մեր քաղաքի մշտառկա խնդիրն է, որը պիտի մտահոգի բոլոր գյումրեցիներին, բա՞յց...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ