ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անհեռատեսությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, փնթի ու անհավասարակշռված աշխատաոճը դարձել են իսկական չարիք

Անհեռատեսությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, փնթի ու անհավասարակշռված աշխատաոճը դարձել են իսկական չարիք
03.10.2023 | 09:05

Ո՛չ Ռուսաստան ենք ճանաչում, ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևմուտքի շահն ենք գիտակցում, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ սեփական շահը։

Ո՞րն է իրավիճակի էությունը։

Ռուսաստանի համար (ու արդեն մյուս՝ BRICS հին ու նոր անդամ պետությունների համար), Ադրբեջանով Իրանին կապող երկաթգիծն ունի կենսական, ավելի ճիշտ՝

գերկենսական նշանակություն։ Սա ոչ միայն Ադրբեջանի (Նախիջևան)-Թուրքիա կապի խնդիրն է, սա Ռուսաստանի, իր գլոբալ շահերի համար (այդ թվում նաև Իրանի համար)՝ «կյանքի ճանապարհ» է։

Սա պետք է տարբերակել։

Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը, եթե սկսվի էլ՝ տևելու է առնվազն 3-4 տարի, հսկայական ներդրումներով։ Ռուսաստանը չունի այդքան ժամանակ (հաշվի առնենք նաև ներդրումների ծավալները)։ Մեղրիով Ջուլֆային կապող գծի կառուցումը կլինի շատ ավելի մատչելի ու շատ ավելի արագ։ Ռուսաստանի այս պարզ, կենսական շահը չգիտակցելը, դրա շուրջ անիմաստ «քաշքշուկներ» ստեղծելը, հանգեցրեց «կոշտ հանգուցալուծման»։

Պարզ է՝ Արևմուտքը դեմ է լինելու այդ նախագծին։ Բայց, մենք պարտադրված ենք գնալու այդ ծրագրի իրագործմանը, որը բխում է նաև մեր շահերից։ «Էքստերիտորիալ միջանցքի» մասին խոսք լինել չի կարող։ Դրա մասին, բացի մեզնից, որևէ կողմ հրապարակայնորեն ակնարկ չի արել, առավել ևս ստեղծված նոր իրավիճակում։

Ինչ վերաբերում է երկաթգծի այդ հատվածի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությանը։ Այսօր, Ռուսաստանի վերահսկողության տակ է Հայաստանի ողջ երկաթգծային ցանցը, ու ի՞նչ։ Ռուսաստանի վերահսկողության տակ է մեր ենթակառուցվածքների գերակշիռ մասը։ Ավելին ասեմ՝ ներկա կառավարության տնտեսական քաղաքականության թվացյալ դրական միտումները, գրեթե ամբողջովին Ռուսական կողմնորոշում ունեն։ Միայն այն, որ արդյունաբերության ծավալների անկման պարագայում, արտահանումը (և ներմուծումը), հիմնականում դեպի Ռուսաստան, գրեթե կրկնապատկվել է, տուրիզմի կեսից ավելին Ռուսաստանից է, խոսում է այն մասին, որ կախվածությունը ռուսական շուկայից, այս կառավարությունը էապես ավելացրել է։ Իսկ տգետ փոխարժեքային քաղաքականությունը շուտով լրիվ ծնկի է բերելու հայկական նվազ, ագրարային բնույթի արդյունաբերությունը։

Իշխանությունների կողմից նկատվող հակառուսական անիմաստ ու անպատասխանատու «դրսևորումները», կարող են հանգեցնել լրջագույն տնտեսական ու անվտանգային խնդիրների։

Նույնն է լինելու, եթե մենք չկարողացանք գրագետ բանակցել, վերածեցինք բանակցությունները «անբովանդակ բազարի»։

Բոլոր այն ակնկալիքները, թե Ադրբեջանի նկատմամբ, Արևմուտքը, տարբեր նկատառումներով, կարող է կիրառել ներգործուն պատժամիջոցներ՝ անհեռատես են։ Ադրբեջանի նավթի ու գազի արտադրության բաժնետերերի գերակշիռ մասը արևմտյան ընկերություններ են, իրենց արված հսկայական ներդրումներով՝ կտուժեն նրանք, կտուժի համաշխարհային շուկան, կաճեն գները, կշահեն Ռուսաստանն ու Իրանը։ Պատժամիջոցները կմղեն Ադրբեջանին Ռուսաստանի գիրկը։ Արևմուտքը դա շատ լավ հասկանում է։

Հիմա մեր վիճակի ու քայլերի մասին։

Ղարաբաղում բնակվող հայերը Հայաստանի քաղաքացիներն են։ Պետք է նպատակային աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները շուտափույթ վերադառնան Հայաստան և ստանան բազմակողմանի աջակցություն։ Պետք է բացառվի այլևս, այս հարցի շահարկումները արտաքին ու ներքին քաղաքական կյանքում։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ծայրահեղ հավասարակշռված, ճկուն ու նախաձեռնող՝ պահպանելով բոլոր կողմերի հետ (բոլոր «շուկաների» հետ) բարիդրացիական հարաբերություններ։

Հայաստանը անհապաղ պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը։ Այն ինչ մենք անում ենք, բերելու է աղետալի հետևանքների՝ դա անհեռատես, տգետ, ռեսուրսները փոշիացնող, աշխատուժը դեգրադացնող քաղաքականություն է։ Ստեղծված իրավիճակում, նոր տնտեսական քաղաքականությունը որոշիչ նշանակություն է ունենալու բոլոր առումներով։

Ադրբեջանի հետ բանակցություններում, պետք է հրաժարվել «խաղաղության պայմանագիր» ձևակերպումից։ Մենք պատերազմի մեջ չենք, որ «խաղաղության պայմանագիր» քննարկենք։ Խոսք կարող է լինել միայն «դիվանագիտական հարաբերություններ» հաստատելու մասին, ներառելով սահմանային և այլ բնույթի հարցեր։

Քաղաքական դաշտի հետ կապված։

Վերջերս, Երևանի ավագանու (փաստորեն՝ քաղաքապետի) ընտրություններում վարչապետի ուղղակի ներգրավվածությունը, մեծագույն բացթողում էր։ Ընտրությունների ընթացքն ու արդյունքները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Հայաստանում բավարար վստահություն վայելող քաղաքական ուժ չկա։ Սա նաև, այս ծանր ժամանակաշրջանում, գործող իշխանության դիրքերը թուլացնող, քաղաքական ճգնաժամը խորացնող, հանգամանք է։ Փաշինյաի վերջին ելույթը Ռուսաստանի մասով՝ նույնպես անհանգստացնող է։

Փաստորեն, մենք այսօր, այս ծայրահեղ լարված աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենք խորացող քաղաքական ճգնաժամ, որը, ներկա մարտահրավերների պարագայում, պարտավոր ենք հաղթահարել հնարավորինս արագ, բացառելով՝ որևէ խնդրի գոյացումը արևմտյան ուղղությամբ և զրոյացնելով լարվածությունը ռուսական ուղղությամբ։

Այս իրավիճակը կարող ենք հաղթահարել շատ արագ, ունենալով զարգացման իրական վերելք։ Դրա համար պետք է գոնե լսել, հասկանալ՝ ինչ է առաջարկվում ու հնարավորություն տալ իրագործել, ոչ թե հասցնել վերջին կետին ու ազգովի սկսել «երթեր ու միտինգներ» անել։

Կարեն ԱԴՈՆՑ

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ