Վերջին շրջանում երկրաշարժերի առատություն է զգացվում նաև Սյունիքում, ամենավերջինը օրեր առաջ Գորիսում գրանցված 5 բալանոցն էր, ինչը պայմանավորված էր Իրանի Խոյ տարածքի 8 բալանոց երկրաշարժով:
Իմ օրինակով ասեմ՝ երեք անգամ այնպիսի սաստկությամբ է օրորել տանս իրերը, որ սառնարանս կողքի է թեքվել, ծուխ արձակել:
Բարեբախտաբար, արթուն էի, անմիջապես անջատել եմ ընդհանուր հոսանքը, բայց՝ զրկվել չարիքի փոքրագույն սառնարանից, հաջորդ օրը ստիպված եմ եղել գնել նորը, ընկնել անտեղի ծախսի տակ:
Ասելն այն է, որ Իրանում, Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժերով շատ մի սփոփվեք, դրանց առաջին արձագանքը Սյունիքում է լինում՝ բացի այն, որ Սյունիքն ինքն էլ երկրաշարժի ու հրաբխային թեժ գոտի է և վերջին մեկ դարում մի քանի անգամ հիմնովին է ավերվել, գրանցվել հազարավոր զոհեր:
Ինչ վերաբերում է Տիրոջը, ով իբր պատժու՜մ է թուրքերին՝ մեզ հաճոյանալու համար, Նա ձեռքի հետ էլ Սյունիքն է ցնցում, ու վստահ եղեք, որ մեր ու նրանց զոռբաների և էրդողանների տները չեն քանդվելու, էլի քանդվելու և տակն են թողնելու խեղճ ու կրակ, անմեղ մարդկանց տները:
Չգիտես ինչու, սատանան հազար ձեռքով պաշտպանում և լիուլի վարձատրում է իր նվիրյալներին, բայց, ահա, Տերը պատժում և զրկում է միայն իր սիրելիներին:
Պարադոքս, որն այդպես էլ անհնար է լինելու հասկանալ:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս