Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին համաձայնեց ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանը։ Դեսպանատուն մտնելուց առաջ նրանք հայտարարեցին, որ ռուսական կողմին խնդրելու են օգտագործել լծակները հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում որոնողական աշխատանքներ սկսելու համար։ «Մենք խնդրում ենք ռուսական կողմին, հենց Վլադիմիր Վլադիմիրովիչին, որպեսզի ինքը աջակցություն ցուցաբերի և ազդի ինչ-որ մի ձևով Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի թողնեն խաղաղապահ զորքերը և Կարմիչ խաչը մտնեն Հադրութ և Ջաբրայիլ։ Որպեսզի գոնե կարողանան էս բոլոր ծնողները ստանալ մեր հերոսների դիերը», - ասաց անհայտ կորած զինվորներից մեկի ազգական Եղիշե Զաքունցը։
Այսօր ավելի վաղ ծնողների մի մեծ խումբ հավաքել էր ՊՆ-ի մոտ, մի քանիսն էլ՝ Կառավարության շենքի դիմաց։ Հավաքված ծնողները քննարկեցին ու որոշեցինք շարժվել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, քանի որ, ինչպես իրենք էին նշում՝ իրենց համար ակնհայտ է, որ հայկական կողմը որևէ հնարավորություն չունի իրենց խնդրին լուծում տալ։ «Երեկ չէ առաջին օրը արդեն Կարմիր խաչը պիտի մտներ Հադրութում աշխատեր, բայց իմացանք, որ փակել են, չեն թողնում։ Ադրբեջանի չի թողում մտնեն էս կողմից Ջաբրայիլ, Հադրութ, էն կողմից էլ Ֆիզուլի մտել են, տենց հասկացա, բայց արդեն Հորադիզի ուղղությամբ չեն թողնում գնան։ Մեր խնդիրը հետևյալն ՝՝մենք գիտենք, որ էնտեղ էնքան կա թե վիրավոր, թե զոհված: Շատ-շատ կա էդ տարածքում։ Որովհետև էս պատերազմի ընթացքում, կարամ ասեմ, որ ամենաշատ զոհերի քանակը եղել ա Ջեբրայիլի տարածքում», - ասաց ծնողներից մեկը։
Մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ծնողներին երեկ ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողներն այսօր ասացին, որ հանդիպումից պարզ է դարձել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հարավային տարածքներում հայկական ուժերը հնարավորություն չունեն որոնողական աշխատանքներ իրականացնելու և ստիպված են ապավինել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպությունների ջանքերին, որոնց հետ ակտիվ աշխատում են: