Այն, որ որոշ մարդիկ նոր հասկացան, որ գործ ունեն «հող ծախող» իշխանության հետ, պետք է շնորհավորել, որ վերջապես սկսել են սթափ նայել իրականությանը, բայց դա չի կարող արդարացնել նրանց մեղքը, որ ոչ միայն Փաշինյանին իշխանության բերեցին, այլև 2,5 տարի բոլոր քննադատներին դավաճան էին որակում։ Նրանք հավասարապես մեղավոր են իրավիճակի համար։ Սակայն այս պահին արդեն խիստ տասներորդական է, թե ով, երբ, ինչ է արել ու ինչպես հասանք այս օրվան։ Անգամ մեղավորներ նշանակելով, մեղավորությունից ձերբազատվելով էլ բան չես փոխի։
Ցավոք, նույնիսկ հիմա են կիսաճշմարտություններ ասում։ Ամոթալի փաստաթղթի առնչությամբ ՀՀ և Արցախի իշխանությունները որպես արդարացում են համարում այն, թե եթե այն չստորագրվեր, կկորցնեինք ողջ Արցախը։ Իսկ ո՞վ է ասում, թե Արցախն ամբողջությամբ չենք կորցրել։ Եռակողմ համաձայնագրի կետերը նայե՞լ եք, տեսե՞լ եք, թե հայկական վերահսկողության տակ մնացած մի բուռ հողն ինչ դիրք ունի։ Դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կղզյակ, որի շուրջ բոլորը թշնամական ուժեր են, մի փոքր ճանապարհ էլ բաշխել են Հայաստանին, հավանաբար որպես մարդասիրական միջանցք։ Այսինքն, այս տարբերակով Արցախ լինել չի կարող։ Հիմա Փաշինյանը կարո՞ղ է իր տնից հեռացած արցախցու հարցին, թե որտեղ պիտի ապրի նա, պատասխանել, երբ գրչի մի հարվածով նրա տուն-տեղը, հայրենիքը տվել է թշնամուն, կարո՞ղ է երաշխավորել նրա անվտանգությունը, երբ նա շրջապատված է իրեն գլխատողներով։ Իսկ նրան խոստանում էր Արցախը բանակցային կողմ դարձնել, ավելին, հայտարարում, թե Արցախը Հայաստանն է ու վերջ․․․ի՞նչ ստացավ արցախցին դրա փոխարեն։
Կարո՞ղ է հայաստանցուն բացատրել, թե ինչպես է որոշել Հայաստանի սահմանների փոփոխությունն առանց հայաստանցուն հարցնելու։ Գոնե հասկացե՞լ է, որ Արցախը տալով, արդեն հարվածի տակ է դրել ողջ Հայաստանի գոյությունը։ Մինչդեռ ժամանակին հրապարակում բոլորի հետ որոշում կայացնելու, հազար ու մի այլ ստեր էր հորինում, բա դրանք ի՞նչ եղան։
Այս ամենը մեկ գիշերում ու բոլորից ծածուկ անելուց հետո հիմա 5 րոպե մեկ անգամ ուղիղ եթեր մտնելով ու առնվազն անհեթեթ բացատրություններ տալով, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում, որ ինքը ներու՞մ է ունենալու, իր վրայից երբևէ մաքրվելու՞ է դավաճանի պիտակը։
Ու՞մից է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ «զրույց քաղաքացու հետ» իրականացնում է հեռախոսի հետևում թաքնվելով, թող դուրս գա ու տեսնի, թե ընդամենը 2,5 տարի հետո, առավել ևս այսպիսի փաստաթուղթ ստորագրելով ժողովուրդն իրեն ինչպես է դիմավորում։ Ախր, ստորագրել թռնելով չէ, պատմությունն անվերջ նրան հետևելու է ու հաստատ երբեք հանգիստ չի տալու, սա անգամ վաղեմության ժամկետ չունի, որովհետև հայրենիքը ծախողներին սերունդները հավերժ են հիշելու, էլ չեմ խոսում «ցավոտ» պատիժների մասին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ