Թիկունքն էլ է ամուր
13.10.2020 | 00:06
Այս օրերին էլ խմորի բաղադրությունը նույնն է, սակայն այս անգամ ավելի շատ սեր ու հայրենասիրություն կա թխված հացի մեջ, որովհետև կանայք նույնպես ապացուցում են, որ հանուն հայրենիքի անգամ իրենց կյանքը կվտանգեն ու զինվորին սոված չեն թողնի։
Արցախում բավականին վտանգավոր է բաց երկնքի տակ կանգնելը, բայց կան մարդիկ, ովքեր, անտեսելով թշնամու հրթիռակոծությունը, իրար թիկունք դարձած հաց են թխում, որ առաջնագիծ ուղարկեն։ Ընդհանրապես չեն բողոքում ոչ մի բանից, միայն հպարտանում են, որ մեր հայրենիքը նման բանակ ու հրամանատարական կազմ ունի։ Հպարտության հետ խառնում են նաև կարոտը, որովհետև հացթուխներից շատերի որդիները, թոռները, բարեկամներն ու հարևանները նույնպես առաջնագծում են։ Գիշեր ու ցերեկ իրար են խառնվել։
Նրանք միայն մի բան են ուզում` խաղաղություն, իսկ մնացած ամեն բան կստեղծեն, նորից կշենացնեն Արցախը, քանի որ ամուր է արցախցու ոգին, գործը` արդար, իսկ խոսքը` վճռական։
Մեկնաբանություններ