Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթերի ու աննախադեպ է համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա՝ ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումն ու հավաստիացնում՝ նոր մշակույթի հիմք են դրել, աշխարհին էլ նորովի՝ «ոչ լացկան» հոգեբանությամբ ներկայացել: Նրա պնդման, թերևս, մեկ կետի հետ եմ համակարծիք՝ հիշատակման այս տարվա ձևաչափն իրոք աննախադեպ էր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շահագործման օրվանից ի վեր այն երբևէ փակ չի եղել մեր հայրենակիցների առաջ: Որևէ ղեկավար, կնոջ հետ թևանցուկ արած, հուշահամալիր միայնակ՝ առանց երկրի նախագահի, կաթողիկոսի ու խորհրդարանական խմբակցությունների, չի բարձրացել: Ցավը բոլորինն է, իսկ մենք երբեք էլ լացկան չենք եղել: Հիշում ու պահանջում ենք, չենք մոռանում ու հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղիկ խոնարհելը լացկանություն չէ: Չգիտեմ՝ լուսային շոուներից ով ինչքան էր ապշել ու ուրախացել, բայց Ապրիլի 24-ը պսպղան գույներով ուրախանալու օր չէր: Ծայրաստիճան մտահոգ ու ապշած եմ, որ հիշողություն ունեցող ազգը, նախ և առաջ իր նախնիների հիշատակը հարգելու հարցը չի բարձրացնում, ապա նոր լուսային էֆեկտների վրա զարմանում: Անմիտ ու անբովանդակ են բոլոր այն պատճառաբանությունները, թե արտակարգ դրությամբ պայմանավորված, իշխանությունները որոշեցին ռիսկի չգնալ ու թույլ չտալ, որ վիրուսը դուրս գա վերահսկողությունից: Նախ` ըստ առողջապահության նախարարի՝ այն վաղուց է վերահսկողությունից դուրս եկել, և երկրորդ՝ ոստիկանների օգնությամբ սոցիալական հեռավորություն սահմանելն ու պահելը բնավ բարդ խնդիր չէր: Մարդիկ միմյանցից 5 մետր հեռավորությամբ կարող էին հուշահամալիր բարձրանալ, հիշել նախնիների գլխով անցածն ու «այլևս երբեքի» ծաղիկը խոնարհել հուշահամալիրում: Պետությունը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն, պետությունը ես եմ, դու ես ու Ցեղասպանությունը վերապրած այն երեք ծերունիները, որոնք անդարման ցավը մինչ օրս են տանում: Այս տարի Ապրիլի 24-ը ոչ թե նոր հոգեբանությամբ ներկայանալու օր էր, այլ բոլորիս մեր ցավից ու ինքնությունից հեռու պահելու հերթական փորձ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ