«Կորոնավիրուսից հետո իշխանությունը ներթիմային պատասխանատվության հետ կառերեսվի, բայց և հանրությանը պատասխաններ կտա»
14.04.2020 | 00:43
Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքան ուշացած կարելի է համարել արդեն այսօր լրացող արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, այդուհանդերձ պետք է փաստենք, որ ստեղծված պայմաններում այդ ռեժիմը` որպես գործիքակազմ, ամենաարդյունավետներից մեկն է։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԿՆՅԱԶ ՍԱՐՈՅԱՆԸ՝ կարևորելով այն հանգամանքը, որ երբ սահմանվում է արտակարգ դրության ռեժիմ ու դրանից բխող սահմանափակումների փաթեթ, ապա պետք է հասկանալ՝ դրանք մեկ-երկու շաբաթ հետո են տալիս առաջին արդյունքները։ Ըստ Սարոյանի՝ այժմ գործ ունենք ֆորսմաժորային իրավիճակի հետ, ինչը կառավարությունից արագ ու թիրախային գործողությունների մի ամբողջ համալիր է պահանջում, և եթե համավարակի ժամանակ կառավարությունը հաճախ կարող է դժվարանալ տնտեսական ու առողջապահական միջոցառումներ իրականացնելու կամ դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելու հարցում, ապա հատուկ ռեժիմ սահմանելը հեշտ ու հասանելի գործիք է, ինչից էլ հենց օգտվել է կառավարությունը:
-Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1000-ը, մահվան 14 դեպք կա: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը վիրուսի դեմ պայքարում: Հաջողվու՞մ է վերահսկողության տակ պահել թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական իրավիճակը։
-Այս պահին դժվար է միանշանակ գնահատականներ տալ, որովհետև գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, որտեղ ռիսկերն ու մարտահրավերները փոխակերպվում են ամեն րոպեի հաշվարկով։ Ցանկացած, այդ թվում և Հայաստանի, կառավարության համար սա մեծ փորձություն է բոլոր առումներով։ Կարծում եմ՝ ամենախոշոր բացթողումների մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել։ Այս պահին փաստացի առկա տվյալներով եթե դիտարկենք, մի շարք խնդիրների առկայությամբ հանդերձ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի առողջապահական համակարգն ուժերի գերլարմամբ դեռ դիմադրում է կոլապսի վտանգին, իսկ տնտեսական իրավիճակի առումով արդեն իսկ ուրվագծվում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված օժանդակության փաթեթների հասցեականության, տնտեսության ռեալ հատվածում միջոցառումների ու դինամիկայի պահպանման, և, առհասարակ, մակրոտնտեսական քաղաքականության չափորոշիչների վերագնահատման անհրաժեշտության հետ։ Տնտեսական խնդիրներն ավելի երկարաժամկետ են լինելու:
-Իշխանությունները սկզբում կատակով էին վերաբերվում կորոնավիրուսին, ասում՝ այն առանձնապես վտանգավոր չէ, այժմ սակայն ամբողջովին հակառակ տեսակետն է հնչում նրանց շուրթերից:
-Դա մեծագույն բացթողում էր, քանի որ իշխանություններն այդրոպեական քաղաքական հաշվարկներին տուրք տվեցին, ինչի պատճառով վիրուսի կանխարգելման ու տարածման դեմ պայքարի հարցում ժամանակի անթույլատրելի կորուստ ունեցանք: Այդ ամենն այսօր իրեն զգացնում է: Բացի այդ՝ թուլացավ հանրության զգոնությունը, և մարդիկ լրջությունը նվազեցնող ազդակներ ստացան։
-Ի դեպ, կառավարիչներն այժմ ծաղրում են Վրաստանի կառավարության քայլերն ու նրանց կողմից ներկայացվող պաշտոնական թվերը «երջանիկ պատահականություն» համարում:
-Այդ ձևակերպումն առնվազն ոչ կոռեկտ գնահատական է և լավ կլինի, որ ամեն երկրի կառավարություն՝ գերատեսչական պատասխանատուներով հանդերձ, իր գործողությունների մասին մտածի, այլ ոչ թե գնահատական տա մյուսների անելիքներին։ Վիճակագրության մեջ «երջանիկ պատահականություններ» չեն լինում, ինչպես, օրինակ, Հայաստանի առողջապահության նախարարին չի հաջողվելու այդ նույն «երջանիկ պատահականությամբ» համավարակի տարածման և տարածման արագության կորը հարթեցնել։ Այս պահին առկա տվյալների համադրությունը թույլ է տալիս ասել, որ Վրաստանի կողմից ներկայացվող վիճակագրությունն առնվազն վկայում է, որ տարածման շղթաները կամ դրանցից ամենամեծերը հաջողությամբ կոտրված են, մինչդեռ մեզ մոտ արդեն կան ցուցիչներ ենթադրելու, որ վիրուսը սկսել է լոկալ ցիրկուլյացիայի ենթարկվել՝ ստեղծելով հայտնի օջախներից դուրս օջախներ՝ դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ։
-Ի՞նչ եք կարծում, կորոնավիրուսից հետո իշխանությունները վերաձևումների ու վերադասավորումների կգնա՞ն: Ղեկավարող ուժը կամք կունենա՞ իրադարձությունները ճիշտ վերլուծելու ու թերացածներին «պատժելու» համար:
-Ոչ ստանդարտ իրավիճակի հետ գործ ունենք, ինչին, ըստ տարբեր կանխատեսումների, հաջորդելու է բավական լայն ասպեկտներ ընդգրկող ճգնաժամային շրջան։ Վերաձևումների անհրաժեշտություն միանշանակ առաջանալու է, և դա օբյեկտիվ թելադրանք է լինելու՝ կախված այն հանգամանքից, թե պանդեմիայի առաջին փուլից հետո մեկնարկային ինչ պայմաններով ենք դուրս գալու։ Ցանկացած պարագայում իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է լինելու։ Վերաձևումների թելադրանքը երկակի է լինելու իշխանության համար։ Մի կողմից իշխանությունը պատասխանատու է լինելու հանրության առաջ, իսկ մյուս կողմից էլ գործ ենք ունենալու ներթիմային պատասխանատվության հետ, քանզի բացառված չէ, որ գործողությունների գնահատման փուլում, օրինակ, կարող է պարզվել, որ տնտեսական բլոկն իր միջոցառումների համալիրով ավելի արդյունավետ է եղել, քան առողջապահականը և հակառակը։ Այսինքն՝ իշխանության առաջ ոչ միայն համակարգային ռազմավարության պատասխանատվության խնդիրն է դրված, այլ նաև այն, թե այդ ռազմավարությունն արդյունքների տեսանկյունից որքան ներդաշնակ է եղել։
-Արտակարգ դրություն է նաև Արցախում, բայց այսօր այնտեղ ընտրություններ են անցկացվում: Կարելի՞ էր նման ռիսկի գնալ: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ընտրությունները:
-Հստակեցնենք, որ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ոչ թե արտակարգ դրություն։ Սրանք տարբեր ռեժիմներ են, և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարված ընտրությունները չեղարկելու որևէ իրավական հիմք չկա։ Առաջին փուլով արդեն մոտավորապես ուրվագծվել է Արցախի քաղաքացիների նախընտրությունը, և տեսանք, որ եղան իրավիճակը ապակայունացնելու տարբեր փորձեր։ Հետընտրական չհիմնավորված լարվածության շռայլություն Արցախն իրեն չի կարող թույլ տալ, ուստի որքան ընտրական գործընթացը շուտ հասնի իր ավարտին, այնքան լավ։ Կարծում եմ՝ այստեղ ոչ թե քաղաքական վերնախավի փոփոխության անհնարինության խնդիր է, այլ պաշտոնավորումն ավարտած նախագահի կողմից իշխանության փոխանցման խնդիր, ինչն անցնցում անելու բանաձև է:
-Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այն համոզմանն է, որ 500 հազարը բավական նվազ գումար է նախարարին վարձատրելու համար:
-Սոցիալական բևեռացվածության նման պատկեր ունեցող երկրում ավելի ազնիվ կլինի, որ ոչ թե պաշտոնյան վիճարկի իր վարձատրության չափը, այլ ի գիտություն ընդունի պետության հնարավորությունները, իսկ մյուս կողմից էլ կարողանա հանրությանն ապացուցել իր կողմից արվածի ու վաստակածի համաչափության արդարացի լինելը։ Քանի դեռ հանրության մոտ այս առումով կան հարցադրումներ, նշանակում է կա նաև խնդիր այդ համաչափության մասով։
-Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։ Պարզաբանում տրվեց, բայց նաև շեշտվեց, որ առկա է խնդիր, և տեղական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքից։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչ է իրականում կատարվել, ու ով որտե՞ղ է թերացել:
-Այս պահին առկա տեղեկատվության համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ նվազագույնը վերջին երկու տարում Քաղավիացիայի կոմիտեն իր որոշ էական գործառույթներում լուրջ թերացումներ է ունեցել, չի ցուցաբերել հետևողականություն, ու չեն տրվել լուծումներ, ինչն էլ հանգեցրել է նման վիճակի։ Ըստ էության՝ եվրոպական կառույցն ասում է, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ի վիճակի չէ անվտանգային հսկողություն իրականացնելու իր կողմից արտոնագրված ընկերությունների թռիչքների նկատմամբ։ Սա լուրջ ու բացասական գնահատական է մեր երկրի նկատմամբ ու, միանշանակ, տարբեր հետևանքներ է ունենալու։ Պատասխանատու մարմինների կողմից տրված պարզաբանումները չեն պատասխանում էական հարցերին, չեն ուրվագծում պատասխանատուների ու մեղավորների շրջանակը, փոխարենը հավաստիացումներ են հնչում, թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Բայց եթե իսկապես ամեն բան կարգին է, ապա ինչո՞ւ չի հրապարակվում այն զեկույցը, որի շուրջ ծավալվել է այս ամբողջ գործընթացը։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ