Այս լուսանկարը Facebook-յան օգտատերերից մեկի մոտ հանդիպեցի: Սկզբում մտածեցի՝ ֆոտոշոփ է, բայց ընկերներիցս մեկը փոքր-ինչ հեռվից արված մեկ այլ լուսանկար ուղարկեց, որտեղ հստակ երևում էր՝ «շիրմաքարը» դրված է ճանապարհի եզրին: Այն տեղադրվել է Գյումրիում դեռևս անհայտ մարդու կողմից: Ակամա հիշեցի 2018-ի իշխանափոխության օրերին պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Սամվել Ֆարմանյանի, Էդուարդ Շարմազանովի անուններով կապված սև ժապավենները: Հենց այդ օրերին «հանդգնեցի» դատապարտել երևույթը, որովհետև, մորս ասած, «Աստծուն դժարեկան» բաներ չպետք է անել: Նույնկերպ դատապարտեցի մոտ մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանի շենքի առջև դրված սև ժապավեններով ծաղկեպսակը: Ամեն անգամ նմանատիպ գրառումներից հետո ծանոթներս, հարազատներս ու ընկերներս հանդիմանել են, թե ինչու եմ «պաշտպանում» Շարամազանովին, Աշոտյանին կամ ՍԴ անդամներին: Ամեն անագամ մեծագույն համբերությամբ արձագանքել եմ, որ մարդուն կյանք տվողն Աստված է, ու Աստծուն հեչ դուր չի գալիս, որ «խառնվում են իր գործերի ն»:
Մարդուն կարող եք քննադատել, դատապարտել, եթե կուզեք՝ վիրավորել, բայց Աստծո տված կյանքն առնելու իրավունք չունի ոչ ոք, դատաստանը որևէ մեկը չպետք է իր վրա վերցնի: Այժմ նույն բանն ասում եմ նաև Փաշինյանի կապակցությամբ դրված այդ չարաբաստիկ «շիրմաքարի» առիթով: Այո՛, դա դնողը, մեղմ ասած, անհեթեթ, գուցեև չգիտակցված քայլ է արել: Եվ բնավ տեղին չէ այն արդարացումը, որ եթե իշխանությունների թողտվությամբ նախկինների անունով «սև ժապավեն» են փակցրել, ապա սա դրա «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» պատասխանն է: Ո՛չ, սիրելինե՛րս, անթույլատրելի վատ երևույթի մեկ այլ դրսևորում է սա, որը խորացնելու է առանց այն էլ հասարակության մեջ արմատավորված ատելությունը, սա նոր «վենդետաների» ու իրար չհանդուրժելու պատճառ է դառնալու, մարդկանց «սև ժապավեն կապողների» ու «շիրմաքարեր տեղադրողների» է բաժանելու բառիս ուղիղ իմաստով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ