38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վավերացման փորձի դեպքում արժանապատիվ մարդիկ պետք է ոտքի կանգնեն, իշխանություններին պատին դեմ տան

Վավերացման փորձի դեպքում արժանապատիվ մարդիկ պետք է ոտքի կանգնեն, իշխանություններին պատին դեմ տան
12.07.2019 | 02:29

Հայաստանյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից արդեն իսկ հայտնի է, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թ. ընդունված Ստամբուլյան կոնվենցիա. անվանմամբ փաստաթուղթը չստորագրած (օրինակ, Ռուսաստան) կամ ստորագրած, բայց վավերացումից սկզբունքորեն ու կտրականապես հրաժարված երկրներում (Բուլղարիա, Լատվիա, Սլովակիա), ինչպես նաև այլ պետություններում անցած տարիների ընթացքում կոնվենցիայի բուն նպատակը բացահայտող բազմաթիվ հրապարակումներից հետո Եվրոպայի խորհուրդն իր պաշտոնական կայքում հիշյալ կոնվենցիային վերաբերվող տեղեկատվությանն ուղեկցող լուսանկարով (կարող եք դիտել հետևյալ հղումներով(1,2), արդեն ոչ թե չի թաքցրել, այլ հակառակը` բացահայտորեն հայտնել կամ առնվազն ակնարկել է, որ կոնվենցիայի բուն նպատակը միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տալը և նրանց չակերտյալ իրավունքների միջազգային ամրագրումն է: Ահա թե «դուխովն» ինչպես է լինում, սա էլ Եվրոպայի խորհրդի «դուխովն» է` ցինիզմի ու լկտիության աստիճանի հասած: Իսկ ի՞նչ լուսանկարի մասին է խոսքը…


Թվում է, թե երբ խոսքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին է, կոնվենցիայի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ուղեկցվեր ներդաշնակ ընտանիքի` անդամների միջև հարգանք ու սեր արտահայտող ինչ-որ լուսանկարով, սակայն դրա փոխարեն, հետևից մեկը մյուսին փաթաթված, գգված երկու կանանց (դատելով ամենից, իգացողների, այսինքն` լեսբուհիների) լուսանկար է, կարծես Եվրոպայում տղամարդն արդեն որպես սեռ գոյություն չունի, ոչնչացել է: Եվրոպայում` գուցե… Բայց Հայաստանում տղամարդը և, ընդհանրապես, անկախ սեռից, պատվախնդիր մարդիկ չեն վերացել, հետևաբար ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության, որի անդամների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են, բացառված չէ, նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանում պղծությունների, այլասերման քարոզչության իրավական ամրագրման հենք հանդիսացող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը վավերացնողների համար կարող է նույնիսկ ճակատագրական լինել: Սա ի գիտություն, առաջին հերթին, հենց Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի:


Վերոնշյալ լուսանկարը լավագույնս է արտահայտում ընտանիքի եվրոպական ներկայիս մոդելը, որն աստիճանաբար (դանդաղորեն կամ արագորեն` կախված տվյալ պետությունից, նրա իշխանությունների և բնակչության հանդուրժողականության, դիմադրության մակարդակից), տարբեր հնարքներով իրականություն են դարձնում հասարակություններին դեպի սոդոմգոմորյան կործանում տանող եվրոպական վերպետական և միջազգային կառույցները` Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը:


2018 թ. նոյեմբերին Եվրոպայի խորհուրդ է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, 2019 թ. ապրիլին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հուլիսի 10-ին էլ Հայաստան ժամանեց և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Թե Եվրոպայի խորհրդում ՀՀ արտգործնախարարին ու վարչապետին, ինչպես նաև Երևան ժամանած Դոնալդ Տուսկի կողմից ՀՀ վարչապետին ու նախագահին ինչ խորհուրդներ են տրվել կամ պահանջներ ներկայացվել Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար, թերևս միայն իրենց և Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին է հայտնի:
Ոմանք այն թյուր կարծիքին են, թե արտաքին ինչ-ինչ օգնություններից չզրկվելու համար կարելի է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, բայց հետո չկատարել դրանում ամրագրված պահանջները, կոնվենցիայի մեզ վնասող դրույթները: Նախ, դեռ չխորանալով այն հարցի մեջ, թե իրականում դա ինչ օգնություն, որքանով է օգնություն կամ վնաս, միանգամից ասենք` գրողի ծոցը կորչի ցանկացած օգնություն այդ գնով: Երկրորդ. Կոնվենցիայի դրույթներից խուսափելու կարծիքը շատ սխալ կարծիք է: Եվրոպայի խորհուրդն արդեն իսկ շատ հստակ բացատրել է, թե ինչպես է մշտադիտարկվում կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիան ստեղծել է մշտադիտարկման մեխանիզմ` գնահատելու համար, թե ինչպես են նրա դրույթներն իրականացվում գործնականում: Մշտադիտարկման մեխանիզմը կազմված է երկու մարմիններից` փորձագետների խմբից (փորձագիտական մարմին) և մասնակից պետությունների Կոմիտեից (քաղաքական մարմին), որը կազմված է կոնվենցիայի մասնակից պետությունների պաշտոնական ներկայացուցիչներից: Նրանց եզրակացություններով ու հանձնարարականներով ապահովվելու են երկրների համապատասխանությունը կոնվենցիային, միջազգային այդ փաստաթղթի դրույթների կատարումը և երկարաժամկետ արդյունավետությունը: Այնպես որ, նրանք, ովքեր կարծում են, թե կոնվենցիայի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո կկարողանանք «սատանի մայլեն քյանդրբազ խաղալ», չարաչար սխալվում են:


Եվրոպայի խորհուրդը բնավ չի էլ թաքցնում, որ կոնվենցիան մասնակից պետություններից պահանջում է փոխել վերաբերմունքը, գենդերային դերերը և կարծրատիպերը, որ Ստամբուլյան կոնվենցիան «առավել հեռուն գնացող միջազգային պայմանագիրն է», և որ «Սա առաջին միջազգային պայմանագիրն է, որը տալիս է սեռերի սահմանումը: Դա նշանակում է, որ հիմա համարվում է, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն կենսաբանորեն են իգական կամ արական սեռի, այլև գոյություն ունի նաև սոցիալապես ձևավորված գենդերային տեսակ, որը կանանց և տղամարդկանց համար սահմանում է նրանց որոշակի դերերն ու վարքը» (Կոնվենցիայի նորարարական հատկանիշները): Հակիրճ և ավելի հասկանալի լեզվով ասած` կանանց և տղամարդկանց սոցիալապես ձևավորված գենդերային տեսակը ԼԳԲՏ-ներն են, այսինքն` լեսբուհիները (իգացողները), գեյերը (արվամոլները), բիսեքսուալները և տրանսվեստիտները կամ տրանսգենդերները:


Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիայում առնվազն 24 անգամ օգտագործված է «գենդերային» եզրույթը: Այն վերաբերում է կանանց և տղամարդկանց ձեռքբերովի վարքին, այսինքն՝ միասեռականներին՝ տղամարդը կնոջ վարքով և կինը՝ տղամարդու: Գենդերը սոցիալական սեռն է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի: Սոցիալական սեռը այն է, ինչ զգում է մարդը կամ ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունն այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված, այդպիսիք են ԼԳԲՏ անձինք: Ավելին. Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկեր» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ, իսկ միմյանց զուգընկեր կարող են լինել նաև նույնասեռ անձինք:


Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակայնորեն իր դիրքորոշումն արտահայտեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Իրավագետի հավաստմամբ, «այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ)»: «Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը,- ամենայն հավանականությամբ նկատի ունենալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և այլոց կողմից հրապարակայնորեն արտահայտված ոգևորությունը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Գևորգ Դանիելյանը:- Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական...»:


«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե երբ են ստորագրել ստամբուլյան կոնվենցիան, ուստի մի փորձեք ինձ անհարկի կաշկանդել, թե բա ինչո՞ւ ժամանակին չէիք բարձրաձայնում, երբ ստորագրվում էր,- «Ֆեյսբուքի» իր էջում օրերս դարձյալ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի խնդրին, գրել է Գևորգ Դանիելյանը:- Իսկ հիմքեր ունեմ խոսելու, որովհետև՝
ա) հայտնի պատճառներով 2010-18 թթ. պետական համակարգում չեմ աշխատել և որևէ ազդեցություն չունեի, ինչպես և հիմա չեմ աշխատում,
բ) միջազգային փաստաթուղթն ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի,
գ) տարիներ շարունակ բազմիցս, և որպես գիտնական, և որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, բարձրաձայնել եմ և, հատկապես, «Շողակաթ»-ով խնդրին քաջատեղյակ սրբազան հայրերի հետ հանգամանորեն անդրադարձել ենք ընտանիքում բռնության օրինագծերի թերություններին, դրանցում առկա, այսպես կոչված, «փաստացի ընտանիք», «զուգընկեր» և նմանաբնույթ այլ եզրույթների ներմուծման վտանգին և այլն,
դ) Հայ Եկեղեցու հետևողական պաշտոնական արձագանքների շնորհիվ մասամբ հնարավոր եղավ մեղմել այդ ապազգային ու երեխաների իրավունքները խաթարող նորմերը: ՈՒշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ որևէ հետխորհրդային երկրում այդչափ անհարկի ընդգրկուն օրենք չի ընդունվել:


Ինձ և ինձ նման մտածող մարդկանց պրիմիտիվ եղանակներով փորձում են մեղադրել իբր բռնությունն անտեսելու կամ դրա դեմ պայքարը բացառելու մեջ, ինչը կատարյալ մոլորություն է, քանզի այս օրենսդրական ագրեսիվ նորմերը, միայն մասամբ լուծելով բռնությունը կանխարգելելու խնդիրը, հընթացս թիրախ են ընտրել բոլորովին այլ արժեքներ, որոնք ոչ մի կապ չունեն հռչակված նպատակների հետ: Խնդրեմ, թող ստամբուլյան կոնվենցիան վավերացվի հստակ վերապահումներով, որպեսզի այն որևէ առնչություն չունենա «զուգընկերների» և նմանաբնույթ այլ մարդկանց թվացյալ իրավունքների հետ՝ ի հեճուկս հայ երեխաների լավագույն իրավունքների խաթարման: Չմոռանանք, որ երեխաների իրավունքներն առաջնային են ոչ միայն հայրենական Սահմանադրությամբ, այլև միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում մանուկների փոխարեն որոշել նրանց ճակատագիրը, ինչպե՞ս եք պատասխանելու ոչ պակաս կարևոր մյուս հարցերին, ի՞նչն է, օրինակ, ձեզ վստահություն ներշնչում, որ այդ փնթի օրենքները չեն դառնալու այլանդակ չարաշահումների միջոց, ինչը ներկայումս լայն տարածում ունի ողջ Եվրոպայում....»:


Ստամբուլյան կոնվենցիայում թաքնված ռիսկերի ու վտանգների վերաբերյալ իր հիմնավոր խոսքով օրերս հրապարակայնորեն հանդես է եկել և շարունակում է իր հեղինակավոր խոսքն ասել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, որը մասնավորապես գրել է.
«Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011 թ. Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը:
Նախ պետք է նշեմ, որ ԴԵՄ ԵՄ կանանց նկատմամբ որևէ տեսակի բռնությանը:
Այս հարթակի, իսկ ապագայում նաև քննարկումների կամ այլ ձևաչափի միջոցով կներկայացնեմ Ստամբուլյան կոնվենցիայում պարունակվող խնդիրները (ռիսկերը):
Ինչպես գիտեք, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի Սահմանադրական դատարանը 27.07.2018 թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018 թ. N 13 (3/2018)):
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԳՏԵԼ Է, ՈՐ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՌԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՌ է ՍԱՀՄԱՆՈՒՄ:


Բուլղարիայի ՍԴ-ն, ի թիվս այլ փաստարկների, նշել է՝ «Չնայած նրանում (կոնվենցիայում) կոնկրետ չեն շոշափվում տրանսգենդերների իրավունքները, կոնվենցիան հանդիսանում է նաև Բուլղարիայի Հանրապետության կողմից ստորագրված առաջին միջազգային պայմանագիրը, որն ուղղակիորեն ներառում է «գենդերային ինքնությունը»՝ հոդված 4, մաս 3, որպես՝ հակախտրականության հիմք: Պետք է ընդգծել, որ «գենդերային ինքնություն» («gender identity»/«l’identitջ de genre»)) տերմինը չի վերաբերում սեռին որպես կենսաբանական կատեգորիա, այլ սեռին («gender»), այն իմաստով, որում մարմնացած է այսպես կոչված կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետում նշված սահմանումը:
Կոնվենցիան չի սահմանում գենդերային ինքնությունը («գենդերային ինքնություն? / «l՚identitջ de genre»): Կոնվենցիայի բացատրական զեկույցը (« 53) սահմանում է «գենդերային ինքնությունը» հետևյալ կերպ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը պարզ ասած նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերներ, տրանսվեստիտներ և այլ մարդկանց խմբերը, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող»:


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ 2010 թ. սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ թիվ CM / Rec (2010) 5 հանձնարարականը, 2014 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերի վերաբերյալ կառույց ստեղծելու փաստը, 2015 թ. ապրիլին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Եվրոպայում տրանսգենդեր մարդկանց դեմ խտրականության դեմ բանաձևը (բանաձև 2048 (2015)) վկայակոչելով, Բուլղարիայի սահմանադրական դատարանը ՆՇԵԼ Է՝ «վերոնշյալը հստակ ցույց է տալիս կապը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման (որպես կանանց նկատմամբ գենդերային խտրականության) և դրա դեմ պայքարի առնչությամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականության և որոշ տրանսգենդերների իրավունքների պաշտպանության միջև»:


Այնուհետև սահմանադրական դատարանն ավելացնում է՝ «Ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիան օգտագործում է սեռի 2 հասկացություն՝ «sex» և «gender»: Երբ այն ներառում է «գենդերային ինքնություն» արտահայտությունը, ապա դրանից բխում է, որ սեռի սոցիալական չափումը կախված չէ կենսաբանականից: Սեռի՝ որպես կենսաբանական հատկանիշ` տղամարդ/կին հայեցակարգից շեղումը, բացառում է Կոնվենցիային՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանելու իր հայտարարած նպատակներից:
Այս վերլուծություններով Բուլղարիայի ՍԴ-ն Սահմանադրության հետ հակասություն էր արձանագրել:


Այսպես՝ «Սեռային հավասարությունը հռչակվում է սահմանադրական մակարդակով Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա չի նշանակում երկու սեռերի հավասար վերաբերմունք, սակայն պահանջում է հաշվի առնել կենսաբանական հատկությունները և դրանց միջև եղած տարբերությունները: Սեռը հանդիսանում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նախատեսվածներից մեկը, որի հիման վրա չեն թույլատրվում որևէ արտոնություններ կամ իրավունքի սահմանափակումներ»:
«Սահմանադրությունը և Բուլղարիայի մյուս օրենսդրությունը հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա: Իրականում, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ՝ 47-րդ հոդվածի 2-րդ մաս: Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝ «կինը», կապված է սոցիալական դերով` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասած, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է կոնվենցիայում»:
Ամփոփենք. կարծում ենք, ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նույնիսկ փորձի դեպքում արժանապատիվ մարդիկ արդեն պետք է ոտքի կանգնեն, իշխանություններին պատին դեմ տան ճիշտ այն մեթոդներով, ինչպես ներկաները` նախկիններին, ու նրանցից պահանջեն չվավերացնել հակաբարոյական ու հակասահմանադրական Ստամբուլյան կոնվենցիան: Ավելին` պետք է պահանջեն նշված կոնվենցիայի տակից Հայաստանի Հանրապետության ստորագրությունը հետ կանչել, ինչը մեկ րոպեի հարց է: Իսկ եթե դրանից հետո Եվրոպայի խորհուրդը կփորձի միջամտել մեր երկրի ներքին գործերին, պետք է հանրաքվեի դնել Եվրոպայի խորհրդից` պոռնկության, այլասերման, պղծության հակաքրիստոնեական, հակաաստվածային ու հակամարդկային այդ կառույցից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ