38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հնարավոր չէ՞ մեզ մոտ հիմնել արտադրություն, բնակիչներն էլ աշխատատեղ կունենան»

«Հնարավոր չէ՞ մեզ մոտ հիմնել արտադրություն, բնակիչներն էլ աշխատատեղ կունենան»
19.03.2019 | 02:06

ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ
Գարնանային պայծառ օրը բացվում է Արմավիրի մարզի Արագած գյուղի վրա: Կենտրոնում գտնվող մշակույթի տան, գյուղապետարանի շենքի ու դպրոցի տանիքներին բույն դրած արագիլները սահուն ճախրում են օդում կեր կամ ճյուղ փնտրելու հույսով: Մեկը դատարկաձեռն, մյուսն էլ կերը կամ ճյուղը կտցին վերադառնում ու թևերը մի քանի վայրկյան օդում թափահարելուց հետո իջնում են բնի վրա: Ջերմոցներում ու դաշտերում գարնանային աշխատանքները վաղուց են սկսվել: Փողոցում արևկողին տված տղամարդիկ քննարկում են հազար ու մի հարց՝ ոռոգման ջրից մինչև քաղաքականություն:
Արագած սարի փեշին փռված Արագած գյուղը կիսով չափ գտնվում է Արարատյան դաշտավայրում, կիսով չափ՝ Կոտայքի մարզի տարածքում: «Շատերին թվում է, թե գյուղի բախտը երկու կողմից բերել է, բայց ըսկի մի կողմից էլ չի բերում»,- ասում է ինձ հանդիպած բնակիչներից մեկը:

ԱՄԵՆ ԳՅՈՒՂ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ
1826-28 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո 1828 թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի համաձայն՝ Պարսկահայքում և Ատրպատականում բնակվող քրիստոնյաներին թույլատրվեց գաղթել ռուսական տիրույթներ: Ներգաղթը կազմակերպում էր գնդապետ Եղիազար Լազարյանը:


1828-29 թթ. ընթացքում ավելի քան 8000 ընտանիք, շուրջ 45000 մարդ գաղթեց Պարսկաստանից և հաստատվեց նախկին Երևանի ու Նախիջևանի խանություններում, մասամբ էլ՝ Ղարաբաղում: Գյուղի տարեցների հիշողությունների համաձայն՝ գյուղը հիմադրել են 7 ընտանիքներ, որոնցից 2-ի գլխավորները եղել են այրի կանայք: Գյուղը կոչվել է Խնավուզ կամ Ղզնավուզ: Անհայտ է գյուղի անվան ճշգրիտ նշանակությունն ու ստուգաբանությունը: Խորհրդային իշխանության տարիներին գյուղը վերանվանվել է Արագած:
Արագածի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1921 թ.: Սկզբում եղել է քառամյա, հետագայում 7-ամյա, 1968-ից՝ միջնակարգ: 1994 թ. դպրոցն անվանակոչվել է պատմության ուսուցիչ, ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի անունով, որտեղ այսօր սովորում է 330 աշակերտ: Գյուղի վերանորոգված ու գեղեցիկ մանկապարտեզում իրենց առօրյան են անցկացնում 100 երեխա: Մանկապարտեզի երկրորդ հարկում շուտով կգործի հանդիսությունների սրահ:

«ԲԱ ՉԳԻՏԵ՞Ք՝ ԹԱՐԽՈՒՆԸ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ԲՐԵՆԴՆ Է»
3500 բնակչություն ունեցող Արագած համայնքը թեև արոտավայր չունի, սակայն ունի 1200 հեկտար հողատարածք, որի գերակշիռ մասն արդեն մշակված է, 500 հեկտար տարածքի վրա կառուցված ջերմոցներում մշակվում են թարխուն, ելակ, վաղահաս կարտոֆիլ, կաղամբ:
«Բա չգիտե՞ք՝ թարխունը Արագած գյուղի բրենդն է, մեր գյուղը թարխունի հայրենիքն է: Ջերմոցների շարքը որ տեսնում եք, լրիվ թարխուն է մշակվում: Բայց մենք իրացման խնդիր ունենք: Անցյալ տարի թարխունի կապը 20 դրամ էր, էս տարի՝ 70 դրամ է դարձել: Բայց բերքատվությունը շատ հարաբերական է, կախված եղանակային պայմաններից: Մեր հիմնական իրացնողը վրացիներն են, արդեն 10-15 տարի է, ինչ գալիս ֆուռերով տանում են, թարխունի հյութ ու լիմոնադ են արտադրում: Բայց հնարավոր չէ՞ մեզ մոտ հիմնել արտադրություն, բնակիչներն էլ աշխատատեղ կունենան: Նախկինում դիմել եմ կառավարությանը, արձագանք այդպես էլ չստացա»,- «Իրատես»-ի հետ զրույցում ասում է 1998 թվականից Արագած համայնքի ղեկավար ԱՇՈՏ ԿԱՄԱՎՈՍՅԱՆԸ:
Համայնքը ոռոգման ջրի խնդիր չունի, օգտվում է Աշտարակի տարածաշրջանի Ղազարավան ¥Նազրվան¤ համայնքի ջրագծից, ապահովված է շուրջօրյա խմելու ջրով:
Աշոտ Կամավոսյանի խոսքով՝ գյուղի քարքարոտ փողոցներն առաջին անգամ ասֆալտապատվել են իր՝ համայնքի ղեկավար դառնալուց հետո միայն, լուծված է փողոցների լուսավորության հարցը, մարզում առաջին գյուղն է, որ գազիֆիկացվել է 2000 թվականից, այսօր բոլոր տնտեսություններում գազը միակ ու մշտական վառելիքն է:


Համայնքի բյուջեն ընդամենը 60 միլիոն դրամ է, որով հնարավոր չէ լիովին լուծել համայնքային խնդիրները: Աշոտ Կամավոսյանի փոխանցմամբ՝ մանկապարտեզը ողջ տարին ջեռուցվում է, ուստի անընդմեջ աշխատում է, դպրոցը նույնպես: Ձմռանը եղանակը նույնն է, ինչ մայրաքաղաքում, համայնքը Երևանից հեռու չէ: Փետրվարին սաստիկ քամիները մեծ վնաս հասցրին տնտեսություններին, սակայն բնակիչները դեո փոխհատուցում չեն ստացել: Վնասի փոխհատուցման համար համայնքապետարանի բյուջեն սուղ է: Շրջակա գյուղերի համեմատ Արագածում նպաստառուներ քիչ կան: Ցավոք, քիչ են նաև երիտասարդները, մեկնում են արտագնա աշխատանքի, շատերը չեն վերադառնում, ընտանիքով գնացողներից դարձյալ շատ քչերն են հետ գալիս: Ծնունդների քանակն առայժմ շատ է, սակայն մտավախություն կա, որ այն որոշ ժամանակ անց կնվազի: Աշխատատեղ քիչ կա՝ համայնքապետարան, մշակույթի տուն, դպրոց, մանկապարտեզ, շուրջ 10 առևտրի կետ, ահա ամբողջը:
Զբոսաշրջության զարգացման հեռանկարներն այստեղ տեսանելի չեն, քանի որ պատմամշակութային կոթողներ գրեթե չկան, եղածն ընդամենը կիսավեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին է:


Համայնքի ծրագրերի շուրջ «Իրատես»-ի հետ զրույցում Աշոտ Կամավոսյանն ասաց.
-Հանդիսությունների սրահի շահագործումից հետո հաջորդ ծրագիրը, որ ցանկանում եմ իրագործել, ֆուտբոլի դաշտի և լողավազանի վերանորոգումն է: Բազմաթիվ միջազգային ծրագրեր են իրականացվում համայնքներում, սակայն Արագածում առայսօր որևէ ծրագիր չի իրականացվել, չկա բարերար, չունենք մեծահարուստ համագյուղացի, որ ցանկանա գյուղին օգնել: Բնակչության 5 %-ն է համարձակվում գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ վերցնել: Խոսվում է գյուղատնտեսական ապահովագրության մասին, բայց ռիսկային է, մի քիչ դժվար է իրականացնել, թեև ցանկալի է:


Գյուղին հրաժեշտ տալիս հանդիպածս բնակիչներից մեկը խնդրեց, որ հոդվածում հիշատակեմ կարկուտից վնասված թարխունի իր ջերմոցների մասին, «Կողքի Աղավնատուն գյուղում բնակիչները կարկուտի վնասի դիմաց փոխատուցում ստացան, մեզ չեն տվել: 1000 մետր հող ունեմ, 4 տարի ա, բերք չեմ ստացել: Գյուղապետի ձեռքին ի՞նչ կա, հույսներս կառավարությունն ա: Կողքի գյուղին որ տվել են, ուրեմն մեզ էլ կտան: Բայց որ էս մասին ասում եմ, չիմանաք, թե գյուղացին մենակ դժգոհող ա»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ