Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ:
1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային կառույցները պարտադրել ու շարունակում են պարտադրել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, թվում է` ուղղված են մեր երկրում օրենսդրական դաշտի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Սակայն դա միայն առաջին հայացքից:
Ռազմավարության մշակման արևմտյան կենտրոնների բանաձևած լիբերալ գաղափարախոսությունը՝ «ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ, մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո, իրականում ուղղված է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ընտանիքի ոչնչացմանը:
Այդ գաղափարախոսությամբ թիրախավորվել է ավանդական ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը Արևմուտքը գերակա է դարձրել իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Մարդկանց իրավահավասարության ու ազատության քողի ներքո նրանք աղճատել են ընտանիքի իրական ընկալումը:
Առայսօր Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում Արևմուտքի ջանքերը որոշակիորեն չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ:
Այլասերումներն իրավական դաշտում որպես միջազգային նորմ ամրագրելուց հետո Եվրամիությունը, Եվրախորհուրդը և միջազգային տարբեր կառույցներ, օգտագործելով իրենց բոլոր լծակներն ու գործիքները, ստիպում են իրենցից գաղութային կախվածության մեջ գտնվող երկրներին ընդունել դրանք:
Այդպիսի միջազգային պայմանագիր է նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլյան կոնվենցիա), որը 2018-ի փետրվարին ստորագրեց նաև Հայաստանը:
Սա առաջին միջազգային պայմանագիրն է, որը պարունակում է գենդերային ինքնության ձևակերպումը: Դա նշանակում է, որ այսուհետ ընդունվում է, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ են, այլև գոյություն ունի գենդերային պատկանելության սոցիալապես կառուցված կատեգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:
2017-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվեց ամրագրել իրավական ակտերում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները:
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկել է փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, որի 197-րդ՝ խտրականության հոդվածով, քրեորեն պետք է պատժվեն այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերող ֆիզիկական և պաշտոնատար անձինք (մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ):
Ակնհայտ է, որ այս այլասերումների և այլասերվածների իրավունքների պաշտպանության օրինականացմանը հետևելու է դեռահասների կողմից իրենց սեռի որոշման քարոզչական, այնուհետև` իրավական ամրագրումը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ եվրոպական երկրներում:
Այլասերումների իրավական ամրագրման, քարոզչական աշխատանքների ակտիվացմանը զուգահեռ այսօր այլասերվածների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները արդեն դառնում են ավելի նպատակային և թիրախային:
Այսպես. վերջերս պաշտոնական հրավերով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էլթոն Ջոնը, բարեգործության քողի ներքո, իր ամուսնու հետ բացահայտ իրականացնում էր միասեռականության քարոզ՝ բարձրաձայնելով այն մասին, որ Հայաստան իր այցելության բուն նպատակը ԼԳԲՏ խմբի պաշտպանությունն է և օժանդակությունը: Նա նաև հայտարարեց, որ ինքը նպաստելու է այդ խմբի անձանց վրայից խարանի վերացմանը: Հավանաբար նկատի ունի, որ քրիստոնյա հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում դրանց անվանել է պղծվածներ և այլասերվածներ:
Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս նաև Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ:
Այդ անձանց մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են հավաք-քննարկումներ: Կազմակերպիչների շարքում առավել ակտիվ է «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում:
ՈՒղղակիորեն տոտալիտար աղանդների ղեկավարների ու նրանց հետևորդների, միասեռականների ու նրանց իրավունքների պաշտպանների, և ի վերջո, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու մեր ժողովրդի բոլոր թշնամիների շահերից է բխում Հայ առաքելական եկեղեցու գահակալ առաջնորդի, հոգևոր դասի վարկաբեկմանն ու եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:
Գնահատելով բոլոր այն մարտահրավերները և առկա սպառնալիքները, որոնք ուղղված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա գահակալ առաջնորդի, քրիստոնեական արժեհամակարգի, ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության դեմ՝ կոչ ենք անում բոլոր հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ իրենց գաղափարական, քաղաքական և այլ տարբերություններից, վեր կանգնել անհատական, խմբային և կուսակցական շահերից, միաբանվել և համատեղ դիմակայել առկա սպառնալիքներին, զորավիգ դառնալ այն անձանց և կազմակերպություններին, որոնք լծված են այդ վտանգների չեզոքացման գործին:
Եվ մենք հավատում ենք, որ հանուն քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության, հանուն ճշմարտության և արդարության այս պայքարում ՄԵՐ ՏԵՐ ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն»
նախաձեռնության համակարգող