Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են այն, ինչ երկար ժամանակ իրենցից ժողովուրդը պահանջել է: Կանգնելով հարթակի տեղադրման վայրում՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ այլևս Ազատության հրապարակ չեն գալու, այլ գնալու են առաջ՝ բոլոր ուղղություններով:
«Մեր հանրահավաքի վայրը սա է, և սա է մնալու, քանի դեռ նոր վայրի մասին չենք հայտարարել, օրինակ՝ Ազգային ժողովը կամ այլ վայր»,- ասաց նա և բացատրեց, որ իրենց խնդիրն է Երևանի առնվազն Կենտրոնը իրենց հսկողության տակ վերցնելը, որ ոչ մի ՀՀԿ-ական չկարողանա ոտք դնել Կենտրոն: «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ դուրս գան փողոցներ՝ իրենց իրավունքին, իրենց իշխանությանը տեր կանգնելու»,- ասաց նա:
Ազատության պողոտայից Նիկոլ Փաշինյանը և հրապարակում հավաքված մարդիկ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ և փակեցին հրապարակի չորս մուտքերը, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Ֆրանսիայի հրապարակը լի է մարդկանցով: Մարդիկ բարիկադներ են կազմել հրապարակ տանող բոլոր մուտքերին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փակել նաև Թումանյան-Մաշտոց խաչմերուկը՝ այսպես հերթով կարգով փակելով այնքան, ինչքան իրենց ռեսուրսները հերիքեն: Նա ներողություն խնդրեց ավտովարորդներից՝ ասելով, որ դա պայքար է Հայաստանի քաղաքացիներ համար: