Որքան կարելի է, կոպիտ ասած, «թքած» ունենալ երկրի վրա, արհամարհել առկա սոցիալ-տնտեսական վիճակը, որ պետական միջոցներն այդ ձևով վատնել: 2 մլն դրամ պետության հաշվին խոսել` վայրկյան իսկ չմտածելով, որ բնակչության 30 տոկոսն աղքատության մեջ է, օրվա հացի կարոտ: Հերքել, որ այդպես է, չստացվեց, բջջային օպերատորը հակառակը փաստեց: Սակայն նույնիսկ, եթե Հերմինե Նաղդալյանի փչացած հեռախոսի մասին հավաստումները ճիշտ էին, նրան ինչ-որ մեկը կհավատա՞ր: Հանրությունն այնքան սուտ ու կեղծիք է այս տարիներին լսել, այնքան շատ է տեսել ասվածի ու արվածի տարբերությունը, որ հազիվ թե այս պատգամավորի որևէ բառին հավատար: Եվ ճիշտ էլ կանի. այս հարցում էլ նրա պնդումները չապացուցվեցին:
Սա ընդամենը մեկ, այն էլ հրապարակված օրինակ է (գուցե լավ է, որ այդպես եղավ, գոնե այսուհետ պատգամավորները հեռախոսով խոսելիս առավել խնայող կլինեն), իսկ որքան ծածուկ թալանի օրինակներ կան: Որքան գումարներ են բյուջեից դուրս գրվում անձնական կարիքների համար, որքան պաշտոնյա է պետական բյուջեն ծառայեցնում սեփական ցանկությունների իրագործմանը: Լավ, ինչքան կարելի է չսիրել սեփական երկիրը, որ այսքան անտարբեր լինել նրա սուղ ռեսուրսների հանդեպ: Կարելի՞ է այսքան սրտացավ չլինել մի երկրում, որի քաղաքացիների զգալի հատվածը ծանր սոցիալական վիճակի դեմ պայքարի է դուրս գալիս ամեն Աստծո օր: Այս պաշտոնյաներն ինչպե՞ս են էկրանից ամեն օր նայում ծայրահեղ աղքատ քաղաքացու աչքերին ու ստում, որ նրանց կյանքի որակը բարելավելու մասին են օրնիբուն մտածում: Հետո էլ ասում են` ինչու են այսքան դժգոհ իշխանություններից, իսկ իշխանությունն ի՞նչ է. այսպիսի մարդկանց համախումբ, որը վստահելու, հավատալու ռեսուրսն օր օրի այնքան է մաշեցրել, որ համընդհանուր հիասթափության, անտարբերության մթնոլորտ է ստեղծվել: Ցավոք, պետական միջոցները թալանելու մոլուցքը վաղուց մտածելակերպ է դարձել, ամենօրյա կենսակերպ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ