Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հարգանքի տուրք Անդրեյ Տարկովսկուն

Հարգանքի տուրք Անդրեյ Տարկովսկուն
10.07.2012 | 15:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողին, այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերից մեկին` Անդրեյ Տարկովսկուն. լրանում է նրա 80-ամյակը: Արվեստագետի հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին նրան նվիրված «Անդրեյ» (հեղինակներ` Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան) և «Մոսկովյան եղեռերգ» (ռեժ.` Ալեքսանդր Սոկուրով) ֆիլմերի ցուցադրությամբ, որին նախորդեց կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքն Անդրեյ Տարկովսկի մարդու, ռեժիսորի, երևույթի մասին:

Բանախոսը Տարկովսկուն բնորոշեց իբրև արվեստագետ, ով եղել է հոգևոր անկախության խորհրդանիշն իր ժամանակակիցների համար: Տարկովսկին ոչ թե ժամանակի մտածողությունն էր արտահայտում, այլ ինքն էր մտածողություն թելադրում ժամանակին` երբեք չենթարկվելով նույն այդ ժամանակի և խորհրդային համակարգի կաղապարող պահանջներին: «Իհարկե, նրա կինոն տագնապեցնող կինո է,- նկատում է Դ. Մուրադյանը,- բայց նա կարծում էր, որ արվեստը ստեղծված է նրա համար, որպեսզի մարդուն դարձնի ավելի լավն ու ավելի անկախ: Ինքը փորձում էր դա անել: Ինքը կարողանում էր դա անել: Եվ ինքը մեզ միավորող մշակութային հիշողությունն է»:
Դավիթ Մուրադյանը խոսեց նաև Տարկովսկու կապի մասին Հայաստանի, հայության հետ: Նշեց, որ առաջին ֆիլմը` «Գլանիվն ու ջութակը», նա նկարահանել է Հայաստանում, և այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է եղել իր հոր` անվանի բանաստեղծ Արսենի Տարկովսկու` Հայաստանի հետ ունեցած կապով: Կապը շարունակվել է նաև հետագայում. ստեղծվել են համատեղ ֆիլմեր` Տարկովսկու և հայ կինոգործիչների համագործակցությամբ: Ամփոփելով խոսքը` Դ. Մուրադյանն ասաց. «Կա ռուս մեծ ռեժիսոր Տարկովսկի, կա համաշխարհային մեծություն Տարկովսկի և կա հայկական Տարկովսկի` մերը, որի համար մենք շատ ուրախ ենք»:
Փառատոնի հանդիսատեսն առիթ ունի ևս մեկ անգամ վայելելու Անդրեյ Տարկովսկու «Գլանիվն ու ջութակը», «Չարչարանքներ ըստ Անդրեյի (Անդրեյ Ռուբլյով)» և «Սոլյարիս» ֆիլմերը` մեծ էկրանին: Անվանի արվեստագետին հարգանքի տուրք կմատուցվի նաև մեկ այլ մեծի հարկի ներքո. կկայանա Տարկովսկու 80-ամյակին նվիրված երեկո Սերգեյ Փարաջանովի թանգարանում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ