Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հետահայաց ցուցադրություններ «Ոսկե ծիրանում». Վիկտոր Էրիսե (տեսանյութ)

Հետահայաց ցուցադրություններ «Ոսկե ծիրանում». Վիկտոր Էրիսե (տեսանյութ)
10.07.2012 | 13:27

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ, «Փարաջանովյան թալերի» դափնեկիր, իսպանացի աշխարհահռչակ ռեժիսոր Վիկտոր Էրիսեն վարպետության դաս անցկացրեց ԹՈՒՄՈ կենտրոնում, ապա հանդիպեց իր կինոյին հաղորդակցվելու եկած հանդիսատեսին` «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում:

Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց «Հարավ» ֆիլմով: Ֆիլմին նախորդեց «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի ելույթը, որում մասնավորապես ասվում էր. «Էրիսեն այն մարդկանցից է, որը շատ ուշ-ուշ է ֆիլմեր նկարում: Բայց նրա յուրաքանչյուր ֆիլմը հետազոտողները դիտում են խոշորացույցով, ուսումնասիրում մանրամասնորեն: Եվ դրա պատճառը մեկն է. եթե երաժշտության մեջ գոյություն ունի բացարձակ լսողություն հասկացությունը, ապա կինոյի ասպարեզում, կարելի է ասել, որ գոյություն ունի բացարձակ կինոզգացողություն հասկացությունը, որին և տիրապետում է Վիկտոր Էրիսեն»: Բանախոսը ներկայացրեց Էրիսեի անցած մասնագիտական տարաբնույթ ճանապարհը մինչև կինո, ուսումնառությունը Մադրիդի նշանավոր կինոդպրոցում, նվաճումները կինոյում: «Ասել, որ Էրիսեն սիրում է կինոն, կնշանակի ոչինչ չասել: Ասել, որ նա շատ է սիրում կինոն, որ կինոն նրա կյանքն է, կնշանակի շատ քիչ բան ասել: Որովհետև, ինչպես ինքը` Էրիսեն է խոստովանում, իր սերունդը, որը ծնվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո, հասունացել է ոչ սովորական պայմաններում: Ծնողները պատերազմից հետո ինքնամփոփված էին իրենց մեջ և բացարձակապես չէին զբաղվում երեխաներով: Էրիսեն ասում է. «Մենք որբեր էինք կամ` գրեթե որբեր: Եվ մեր հասարակական դաստիարակությունը եղել է կինոյով»: Եվ զարմանալի չէ, որ նրա գրեթե բոլոր ֆիլմերում ֆիլմի մեջ կա մեկ այլ ֆիլմ, որն այնքան է ազդում ֆիլմի հերոսի կյանքի վրա, որ կարծես թե ավելի ռեալ է դառնում հանդիպումն իրականության հետ: Էրիսեի ֆիլմերը շատ հանդարտ են, բայց այդ հանդարտության մեջ անընդհատ սպասում ես, որ մի բան պայթելու է»,- մեկնաբանում է Մ. Ստամբոլցյանը:
Կինոդիտման եկած հադիսատեսին ներկայացվեցին նաև «Հարավ» ֆիլմի ստեղծագործական պատմության մանրամաները. բյուջեի անժամանակ սպառման պատճառով, փաստորեն, անավարտ մնացած ֆիլմ, որն այդ անավարտության մեջ կատարյալ է ու արժանացել է համաշխարհային կինոճանաչման ու տարբեր բարձր պարգևների:
Վիկտոր Էրիսեն ողջունեց հայ հանդիսատեսին իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությոնների մեկնարկից առաջ, մաղթեց բարի դիտում և իր խոսքում նշեց, որ այն հարավը, որին ձգտում են բոլորը և այդպես էլ չեն կարողանում հասնել, հենց Հայաստանն է:
«Ոսկե ծիրան» փառատոնի օրերին կցուցադրվեն նաև Վիկտոր Էրիսեի «Փեթակի ոգին», «Կյանքի գիծը», «Սերկևիլենի. արևի ծառը» ֆիլմերը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

«Փարաջանովյան թալեր» ՝ Վիկտոր Էրիսեին
Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ