Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գրողները հո մանեքե՞ն չեն կամ պլակատ»

«Գրողները  հո մանեքե՞ն չեն կամ պլակատ»
10.07.2012 | 11:45

ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցը գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում խմորվող գրական աղմուկի մասին է:

-Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն ի՞նչ տվեց մեզ:
-Ազգային սնապարծության, օտարների մոտ ինքնադրսևորվելու և մեծ-մեծ խոսելու հերթական առիթ տվեց, մի քանի հոգու գոնե մի տարվա կտրվածքով լավ կամ վատ աշխատավարձ տվեց, է՛լ ավելի արմատավորեց «պտիչկա» դնելու հոգեբանությունն ու աշխատաոճը մեր երկրում… Այսինքն, ըստ էության, ոչինչ կամ` դեռևս ոչինչ:
-Այնուամենայնիվ, միջոցառումները շարունակվում են: ՀԳՄ երիտասարդական բաժանմունքն ի՞նչ մասնակցություն ունի դրանցում:
-ՀԳՄ երիտասարդական բաժանմունքը չասեմ, բայց երիտասարդ գրողները, գրականագետները, անկախ ամեն ինչից, իրենց միջոցառումներն են անում և ձգտում են, որ մոտ ապագայում Երևանը լինի գրքի հավերժ մայրաքաղաք` առանց թիթիզ հայտարարությունների ու հռչակումների, Հայաստանը լինի գրքի ու մշակույթի երկիր` առանց այդպես էլ չիրականացող պետական-ռազմավարական ծրագրերի ու առաջնահերթությունների: 2012-ի ընթացքում «Անտարես» հրատարակչությունն մոտ 20 գիրք է հրատարակել, մեծ մասը` ժամանակակից գրողների գրքեր, և բոլորի ծնունդը նշվել է շնորհանդեսներով ու միջոցառումներով, նույնիսկ Գյումրիում ենք նման բան կազմակերպել: Ընդ որում, դրանք եղել են և՛ հրապարակային` դրսում, և՛ գրախանութներում: Եվ բոլորն էլ հատկանշվել են իրենց ինքնատիպությամբ, մարդաշատությամբ, որոնց մասին շատ է գրվել: Այ, այդպիսի միջոցառումներ պետք է կազմակերպվեին նաև պետական մակարդակով:
-Գրողների շրջանում նկատելի դժգոհություն կա հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու մեկնարկային միջոցառումների առնչությամբ: Չե՞ք կարծում, որ միության 400-ից ավելի գրողներին հնարավոր չէր մասնակից դարձնել այդ միջոցառումներին:
-Իսկ ո՞վ է ասել, որ խնդիրը միայն գրողներին ներառելը կամ չներառելն է: Հոգատարություն չկա հայ գրողի հանդեպ, նույնիսկ, կասեի, արհամարհանքի նման մի բան կա, նաև` գրականության մարդկանց հանդեպ: Գրողները հո մանեկե՞ն չեն կամ պլակատ, որ ներառեն ինչ-որ միջոցառումներում ու ցույց տան, որ նրանց նույնպես դուրս չեն թողել: Բայց վաղը մյուս օրը մի որևէ «Ճ» կամ գուցե մի քիչ բարձր կարգի եվրոպացի գրող կբերեն Հայաստան, որ իմ Լևոն Խեչոյանի, իմ Գուրգեն Խանջյանի, իմ Հովհաննես Գրիգորյանի, իմ Հրաչ Սարիբեկյանի, իմ Արամ Պաչյանի ու մյուս հրաշալի գրողների ճկույթը չարժեն, ու ամեն օր հետևներից ընկած կխնկարկեն: Այն դեպքում, երբ իմ գրողներն ու իմ գրականության մարդիկ են հող ու նախադրյալ ստեղծել, որ գրքի մայրաքաղաք լինելու պատիվը մեր Երևանը վայելի:
-Իրականում ի՞նչն է խնդիրը, ո՞րն է գլխավոր մտահոգությունն այս պարագայում:
-Շատ-շատ բաներ, այնքան շատ, ու դրանց մասին էլ այնքան շատ եմ խոսել, ու ոչ միայն ես, որ չեմ ուզում կրկնել: ՈՒղղակի զահլեդ գնում է, որ անընդհատ խոսում ես, բայց սայլը տեղից չի շարժվում: Այնուամենայնիվ, ամենակարևոր մտահոգությունս էն է, որ այս բոլոր միջոցառումները` պետակա՛ն միջոցառումները, շրջանցում են հայ գրողին, նրա կողքով են անցնում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ