38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՇԽԱՐՀԻ ՓՈՇԻՆ

ԱՇԽԱՐՀԻ ՓՈՇԻՆ
09.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

«Եվ Տյուրոսն իր համար ամրոց շինեց և արծաթը դիզեց փոշու պես, իսկ ոսկին` փողոցների ցեխի պես։ Ահա Տերը կդարձնի նրան աղքատ և ծովը կգցի նրա զորությունը, իսկ իրեն կոչնչացնի կրակով»։
Աստվածաշունչ, Հին կտակարան
Զաքարիայի մարգարեությունը
(Գլխ. Թ.,3)

«Նա փոշու հետևից է ընկած, նրա խաբված սիրտը մոլորեցրել է իրեն, և նա չի կարողանում իր հոգին ազատել»:
Եսայիի մարգարեությունը
(Գլխ. ԽԴ, 20)

Թաքնված, փափուկ շերտով պառկած է նա սելաղուրների մեջ և միայն առիթի է սպասում, որ վեր սլանա ու թռչի. քամին կխաղա, թե ձին կբարձրացնի նրան սմբակով կամ անվով, նրա համար միևնույն է, վեր կթռչի ու կկպչի ճամփորդին, և նա դժվարությամբ կկարողանա ազատվել նրանից։ Իսկ եթե վրա հասնի իսկական մրրիկն ու սկսի պտտեցնել, ապա նա կսլանա մրրկասյան պես, ծառս լինելով ու հրճվելով։ ՈՒր էլ որ նայես` փոշին ամենուրեք է։ Եվ արևի շողի մեջ թռչում են ոսկեփայլ բյուրավոր փոշեհատիկներ, շողշողում, իրենց ցույց տալիս և անհետանում են ստվերում` ուրեմն և ստվերը լեփ-լեցուն է նրանցով։ Որտեղ կալսում են կամ քամհարում, այնտեղ նա կատարելապես ազատ է` նրան փչելով մի կողմ է տանում, իսկ ծանր ցորենի հատիկը հանդարտորեն հոսում է պարկերի ու ամբարների մեջ։ Եվ իզուր են տանտիկինները ջանում ազատվել նրանից. թափ տալով գորգերը և մաքրելով կահույքը` նրանք միայն արթնացնում են նրան քնից և օդը լցնում նրանով։ Փոշին նստում է ծխնելույզ մաքրողների դեմքերին, շերտավորվում մոռացված գրքերում, ապաստան է փնտրում տիեզերական տարածության մեջ։ Իսկ երբ խորշակը բարձրացնում է անապատի ավազն ու այն փոթորկի պես տանում ճամփորդին ընդառաջ, ապա նա արևի առաջն է փակում ու մահ շնչում նրա դեմքին։ Ով լուրջ խորհի և նայի իր շուրջը, ապա կտեսնի այն ամենուրեք` խարույկի մոխրի մեջ, թարմ խնձորի վրա և մարդու թոքերի մեջ, մարդկային դատարկախոսության, ձանձրացող հոգում և հիմար գրքում, գիսաստղի պոչի և քայքայվող հասարակության մեջ, և հատկապես` բոլոր քաղաքացիական պատերազմներում ու հեղափոխություններում։ Գոյության քամիները պտտվում են այդ բոլոր տարածություններում` անջատված, անհիմն և մոլորված` տեսքից անվնաս, բայց, ըստ էության, հոգս պատճառող ու դժբախտ, անապաստան և անհանգիստ։ Քանզի նա դուրս է ընկել համաշխարհային կարգից, տեղ չի գտել գոյության ներդաշնակված կարգ ու կանոնում և դարձել է աշխարհի քաոսի ու վտանգի կենդանի խորհրդանիշ։ Փոշին չկարգավորված անսահմանություն է, համաշխարհային գործազրկության քաոս, քայքայում և անկում։ Ամբողջ աշխարհը միասնություն և կարգավորում է փնտրում, նրա ամբողջ կյանքն անցնում է հանուն կենդանի, ստեղծագործ հասարակարգ ստեղծելու պայքարում և աշխարհի բազմության իմաստն այն է, որ գտնի իր համար ճիշտ համապատկանելություն, նպատակահարմար փոխադարձ ծառայություն, ստեղծագործական հավասարակշռություն։ Այդպես է գոյության բոլոր աստիճանների վրա` և՛ փոքրիկ բջջի, և՛ մոլորակների վեհասքանչ ընթացքի մեջ, և՛ խոտի ցողունի, և՛ անհատական հոգու մեջ, արվեստի ստեղծագործության և մարդկային հասարակության մեջ։ Ամենուրեք աշխարհն ապրում է անհրաժեշտով ու դուրս է նետում ավելորդը, և այնտեղ, որտեղ ավելորդը դուրս է նետվում, նա կամ տարրալուծվում է և դառնում աշխարհի փոշի, կամ խտանում է և վերածվում հիվանդագին գոյացության, որը սպառնում է քայքայումով և կործանումով։ Եվ ահա աշխարհի այդ վեհ արարչագործ պտույտի մեջ փոքր հյուլեն ունի իր կոչումը` նա պետք է ստույգ ըմբռնի իր բնությունը և իր վերաբերմունքն ամբողջի նկատմամբ, հաստատի իր ներքին ազատությունն ու գոյությունը և հոժարակամ ներգրավվի տիեզերքի ընդհանուր կապի, նրա աշխատանքային կարգ ու կանոնի մեջ։ Եթե դա հաջողվի նրան, ապա իր կյանքը կդասավորվի ճիշտ ու երջանիկ` նա կզարգանա ու կծաղկի, և իր ծաղկումով կծառայի տիեզերքի մեծ գործին։ Իսկ եթե դա չհաջողվի նրան, ապա վերջինս չի գտնի ո՛չ իր ծառայությունը, ո՛չ էլ իր կարգը. նա կհայտնվի մեկուսի և անհիմն, միայնակ և չկարգավորված վիճակում ու կմիանա աշխարհի փոշուն։ Միայնակ և գործազուրկ փոշեհատիկն աննպատակ կպտտվի կյանքում` այս ու այն կողմ ճախրելով, ինչպես մերժված, միջավայրից վտարյալ անձ, պարապ-սարապ, թեթևամիտ, աշխարհի անապաստան մանուկ։ Նրա կյանքը զուրկ է իմաստից և նպատակից, քանզի նա չունի իրեն սնող հող և օրգանական համապատկանելություն, նրան մնում է միայն անգործ թափառել, չարչարվել ու ըմբոստանալ։ Աշխարհից պոկված էակը չի միանում տիեզերքի վսեմ երգչախմբին, և նրա ձայնը չի կատարում իր ինքնուրույն և ճիշտ մեղեդին։ Նա ուրիշների հետ չի կրում համաշխարհային գոյության բեռը, և հենց այդ պատճառով էլ նրա համար անհատական բեռը դառնում է անտանելի։ Հաշտեցման, տիեզերական միացման ու եղբայրության երջանկությունը նրան տրված չէ։ Նրա ճակատագիրն ուրիշ է` ապաստանից հավերժ զուրկ, հավիտենական տրտունջ, հավիտենական բողոք, մինչև նա կգտնի իր կոչումը, իր օրգանական տեղը, իր ծառայությունը, հենց դրանում է երջանկությունը, քանզի լույս աշխարհում չկա երջանկություն առանց ծառայելու, և չկա հանգիստ մենության մեջ։ Տիեզերական հյուլեն, որը գտել է իրեն աշխարհում, արդեն «պատահականության» զոհ չէ, ոչ էլ քաոսի զավակ. նա գտնում է իր անհատական ազատությունը տիեզերական անհրաժեշտությանը ծառայելու մեջ ու մտնում է տիեզերական երգչախմբի մեջ, որը օվսաննա է երգում։ Ճիշտ է, աշխարհում կա «իմաստություն», որն օգտվում է փոշուց, որպես պասիվ գործիքից, որպես կույր և միաժամանակ տառապող միջոց` թող որ պոկված ու դժբախտ, բայց և ամբողջին օգտակար, թող որ չհամաձայնվող և ըմբոստ, բայց հարկադրված ենթարկվելու, այնպես որ, քաոսը ևս ինչ-որ ձևով գաղտնի ծառայում է տիեզերքին։ Բայց այդ անխիղճ «իմաստությունը» չի տալիս պոկված հյուլեին ո՛չ բավարարություն, ո՛չ հանգիստ, թողնելով նրան կուրորեն տառապելու և անիծելու իր ճակատագիրը։ Տիեզերքի թշվառ զավակը, ամեն տեղից հեռացրած ու հանված, տարածության մեջ թափառող, չի կարող մխիթարվել այն գաղափարով, որ և՛ փոշին, և՛ ցեխը, և՛ մանրէները, և՛ չարագործները խաղում են ինչ-որ անորոշ դեր տիեզերքի համընդհանուր խնայողության մեջ. այդ գաղափարը չի տալիս նրան ո՛չ փրկություն, ո՛չ էլ երջանկություն։ Տիեզերքի բոլոր չկարգավորված հյուլեները գոյացնում են տիեզերքի մի ընդհանուր, մեծ խնդիր, ահավոր աղետ և սպառնացող վտանգ։ Վաղ թե ուշ նրանք սկսում են միավորվել և ապստամբում են` կամ տիեզերական տարածությունում, կամ անապատում, որտեղ տիրում է սամումը, կամ օրգանիզմի հիվանդոտ «նորագոյացության» մեջ, կամ էլ սոցիալական հեղափոխությունների կամ քաղաքացիական պատերազմի ձևով։
Այդպիսին է տիեզերքի մեծ «կազմակերպական» խնդիրը` փոշին պետք է ընդունվի և ներգրավվի տիեզերքի և հասարակության կենդանի կարգի մեջ, նա պահանջում է մեզանից փրկվել և բժշկվել` երջանկանալ ազատ ծառայելու միջոցով։ Դա ոչ «պահի» կամ էլ «ժամի» խնդիր է, դա ոչ պատահական հիվանդություն է, որ բուժվում է ինչ-որ մի ընդհանուր դեղատոմսով։ Ո՛չ, դա մշտական, հավերժական առաջադրանք է, որը պահանջում է անդադար ջանքեր, նորանոր իմաստուն և միաժամանակ զգուշավոր միջոցներ։ Քանզի տիեզերքի վեհ պտույտի և ձևավորման ընթացքում միշտ կլինեն կրկին ու կրկին առանձնացող և չկարգավորված հյուլեներ, որոնք դուրս են նետված, չհամակերպված, «գլուխը կորցրած» և անընդունակ են միանալու ամբողջական աշխատանքին։ ՈՒ միշտ կլինի այն հնարավորությունը, որ այդպիսի թափառական հյուլեները, բողոքող և անողոք, կխմբվեն ու կսկսեն երգել չարության ու մերժվածի մռայլ հիմնը, բողոքելով իրենց չբավարարող Արարչի դեմ, սպառնալով տիեզերքին նախանձով և ատելությամբ, բերելով ուրիշ մարդկանց վրեժ, հավասարեցում և ստրկացում։ Սակայն «փոշու» վիթխարի խնդիրն ունի մի այլ կողմ և մի ուրիշ նշանակություն ևս։ Քանզի մարդու ներքին կյանքում կա իր սեփական փոշիացումը և իր առանձնահատուկ փոշին։ Օրեցօր մենք բոլորովին չենք նկատում, թե ինչպես է մեր հոգին ծածկում չնչին, առօրյա մանրուքների փոշին, և ինչպես է հոգին սկսում դրանից մանրանալ, փոշիանալ և այլասերվել։ Յուրաքանչյուր մարդկային հոգի կոչված է դառնալու ինչ-որ մի համաչափ միասնություն, որն ապրում է և գործում միասնական հոգևոր կենտրոնից։ Մարդը պետք է ունենա հոգեպես հաստատված, արմատավորված բնավորություն։ Նա պետք է նման լինի քաղաքին` միասնական, ամուր միջնաբերդով, որտեղ հանգչում են իր պաշտելի սրբությունները։ Կամ էլ պետք է նման լինի արվեստի գեղարվեստական ստեղծագործության, որի մեջ ամեն ինչ հիմնավորված է միասնական, գլխավոր գաղափարով։ Այդ պատճառով նա չպետք է թույլ տա, որ կյանքը ծածկի իրեն փոշով, ինքն իրեն մանրուքներով փոշիացնի։ Ահա թե ինչու է մեզ պետք միշտ տարբերել հոգևոր-էականը ոչ կարևորից, գլխավորը` ոչ գլխավորից, առաջնորդողը` դատարկ բանից, սրբազանն ու նշանակալիցը` չնչինից ու աննպատակից, ու, բացի դրանից, նաև նրա համար, որ ամբողջ ժամանակ գործադրի կյանքի ռիթմիկ շեշտը կարևորի և սրբազանի վրա։ Այստեղ բանը ոչ թե մանրուքներից փախուստն է, կամ էլ մեծամտությունը, ոչ բծախնդրությունը կամ էլ կեղծ բարեպաշտությունը, այլ հոգևոր ճաշակի և իրերի ճանաչումն է։ Հարկավոր է մշտապես կապել մեր կենսական բովանդակությունները մեր հոգևոր կենտրոնի հետ, չափելով դրանք իր լույսով և իր բովանդակությամբ այնպես, որ նրանք լուսավորվեն իր միջից և բացահայտեն իրենց իսկական կենսական նշանակությունը, այն, ինչը կդիմանա այդ կենտրոնական կրակի լույսին և կարդարանա, դա բարիք է` ենթակա ընտրության և նախապատվության, իսկ իրեն չարդարացրած մնացած ամեն ինչը կմերկացվի ու կանջատվի։
Հենց դա էլ հոգևոր փոշուց մաքրվելու պրոցեսն է։ Ոչ ամեն ինչ է պիտանի հոգևոր օրգանիզմին իր ներքին կառուցման համար, այն, ինչը չի կարող ծառայել իրեն, թող զատվի ու չապրի մեր ներքին տարածքում։ Ապրել նշանակում է տարբերել, գնահատել և ընտրել. ով չսովորի դա, նա կծածկվի կյանքի փոշով։ Ապրել նշանակում է արմատավորվել գլխավորի մեջ, կազմակերպել սեփական բնավորությունը և սեփական աշխարհայացքը։ Ով ընդունակ չէ դրան, կտարրալուծվի ու կփոշիանա, կկորցնի ինքն իրեն։ Մեր գոյության բոլոր չնչին մանրուքները` բոլոր այդ դժբախտությունները, կյանքի ստոր և դատարկ «պարագաները», որոնք ցանկանում են «կշիռ» ու «նշանակություն» ունենալ, իսկ իրականում զուրկ են որևէ բարձրագույն էականությունից, բոլոր այդ աննպատակ, անտեր կենսական բովանդակությունները, որոնք թափվում են մեզ վրա անվերջանալի հեղեղի պես, բոլոր այդ ճղճիմությունները, որոնք հավակնում են մեր ժամանակին և ուշադրությանը, որոնք բարկացնում են մեզ, գրգռում և հիասթափեցնում, զվարճացնում, հոգնեցնում և սպառում, այդ ամենը փոշի է, կյանքի չարաբաստիկ ու չնչին փոշի։ ՈՒ եթե մենք չկարողանանք ազատվել նրանից ու շարունակենք ապրել դրանով, տալով դրան մեր էության բոցը, եթե մենք չդաստիարակենք մեր մեջ ավելի բարձր ճաշակ ու չհակադրենք դրան ոգու ավելի զորեղ և ազնիվ խորությունը, ապա գռեհկությունը կլափի մեզ, մեր կենսունակ արարքները կկորցնեն բարձրագույն իմաստը, կդառնան անիմաստ և անպատասխանատու, մեր կյանքի մակարդակը կդառնա ցածր, մեր սերը կդառնա քմահաճ, անմաքուր և անստեղծագործ, մեր արարքները` պատահական, ոչ ճիշտ, խարդախ, և մեր ոգին շնչահեղձ կլինի գոյության փոշու մեջ։ Այդ ժամանակ մեր կյանքը կլինի հիրավի «զուր շնորհ, շնորհ պատահական» (Պուշկին), նա կկորցնի իր իմաստը և իր սրբազան չափումը։ Դրան հասած մարդը թափառում է ասես մառախուղի մեջ ու տեսնում է, Պլատոնի խոսքերով, գոյության միայն սին ստվերները։ Փոշով ծածկված, նա ինքն էլ փոշի է բարձրացնում` փոշու ամբողջ ամպեր, ու հենց դրա համար, եպիսկոպոս Բերկլիի խոսքերով, իր բարձրացրած փոշու պատճառով նա չի տեսնում արևը։ Իսկ երբ նրան համակում են կրքերը, ապա այդ կրքերի խոնավությունը, խառնվելով իր չնչին կյանքի փոշու հետ, դառնում է կպչուն ցեխ, որով և նա հաճույք է վայելում` Հերակլիտի խոսքերով։ Մեր կյանքի ճանապարհին թաքնված, մեր շուրջը պառկած է այդ նենգ փոշին, և ավելի լավ կլինի, որ մենք չանհանգստացնենք նրան։ Աննկատ լցվում է նա մեր հոգու ներսը և նստում ամեն ինչի վրա, որ նրա մեջ թաքնված է, ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է ունենալ այդ հոգևոր տարածքները մաքրելու ունակություն, և նա, ով արհամարհում է այդ արվեստը, փորձում է մի անգամ էլ իր սեփական փոշու մեջ։ Քանզի փոշուց մարդու մեջ այլասերվում է ամեն ինչ` և՛ մտածողությունը, պայմանականորեն «կոմբինացիաներ կատարելը» հարաբերական, վերացական հասկացություններով (տրամաբանական փոշի), և անհիմն, անառարկայական երևակայությունը, որը խաղում է պատկերներով (գեղագիտական փոշի), և կամքը, որը պոկվել է իր սրբազան արմատներից` ցինիկ, իշխանասեր և դաժան, որը մարդկությունն ընկալում է որպես անդեմ, քաղաքական փոշի, և սառն ու մահացած սիրտը, որը մոռացել է սիրել և որը դանդաղ ծածկվում է գոյության բարոյապես անտարբեր փոշով։ Իսկ եթե սիրտը խլացել է, ապա մարդը կիսով չափ մեռած է, և նա չի կարողանում հաղթահարել կյանքի փոշին։ Եվ ժամանակակից համաշխարհային ճգնաժամը խլացած սրտի և ըմբոստացած փոշու ճգնաժամն է։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ