38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ... ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ»

«ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ... ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ»
23.10.2009 | 00:00

10 տարի է անցել: Բայց օրը գալիս, նույն մագնիսն է իջնում հայոց վրա՝ ցավի ու զարմանքի նոպա առաջացնելով. ինչպե՞ս կարող էր պատահել:
Նրանք ընդհանրացած են նույն կորստով: Ապրում են, շարունակում իրենցինների հիշատակն առանձին-առանձին։ «Այդ օ՜րը. տանն էի։ Հարսս ասաց՝ կրակոցներ են Ազգային ժողովում, որևէ մտքի տեղիք չտվեցի, մտածեցի՝ պատգամավորներ են, զինված են, վիճել են, մի քիչ տաքացել: Մի քանի րոպե անց, այնուամենայնիվ, ասացի՝ զանգեմ-տեսնեմ, ինչ է պատահել. քարտուղարուհին շատ բան չպատմեց... ու այդպես մինչև ժամը 10-ը մեզ հաջողությամբ խաբում էին, թե առանձնապես բան չի եղել:

Ես հույս ունեի, որ Կարենը ողջ կլինի, առավել ևս, որ կողքիններս ասում էին՝ Ռիմա, դու մի մտածիր, նրա վրա ձեռք բարձրացնող չի լինի: Ես էլ էի կարծում, թե այդպես է, սակայն, մյուս կողմից, մտածում էի՝ չէ, եթե եկել են Ազգային ժողով, ուրեմն՝ նրա հետևից են եկել, որովհետև եթե նպատակն այլ լիներ, այլ տեղ կգնային... Ժամը 10-ին Մոսկվայի հաղորդումներից իմացանք, որ երկուսն էլ արդեն ստույգ չկան՝ Կարենն էլ, Վազգենն էլ... Գոռգոռալով վազում ու ինձ խփում էի պատերին: Թվում էր՝ ողջ չեմ մնա...
Մնացի. մարդը, երևի, այդպիսի արարած է, որ ամեն ինչի դիմանում է: Օգնող միակ զգացումն այն էր, որ մենակ չեմ։ Էնպիսի ցավի ծով էր, մի ալեկոծում, մի տառապանք՝ ժողովրդի կողմից, որ ինձ հետ տարել ու էդ ցավի մի մասնիկն էր դարձրել, ու ես տեսա, որ ցավն ավելի մեծ է, քան իմ զգացածն է. ժողովուրդը կանգնել էր ցավի դեմ:
Տեսա էդ ցավը, ու երևի թե դա ինձ պահեց. օպերայում, թաղման ժամանակ ուշադրությունս սրել, ուզում էի այդ օրերի բոլոր մանրամասները մտապահել, երբեք չկորցնել. պետք է ամեն ինչ հիշել-պետք է ամեն ինչ հիշել՝ ասում էի ինձ և ուզում սթափությունս չկորցնել... ուսերի վրա տարան նրան, ձեռքերով էին հողը լցնում, մեկն էլ կանգնել թմբի կողքին, ասում էր՝ ես Գյումրիից եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ գյումրեցիներին, գնամ՝ ի՞նչ ասեմ... հետո հողը լցրեց քսակը, հետը տարավ...
Դժվար է վերհիշելը, շատ դժվար. անցել է 10 տարի, թվում էր, թե ցավը պետք է մեղմանար փոքր-ինչ. արտաքուստ մի քիչ բթացել է, այն էլ այն պատճառով, որ մենք ստիպված ենք ապրելու, ստիպված ենք ամենօրյա արարողություններ կատարելու, ստիպված ենք նրանց հիշատակը պահպանելու, բայց երբ այդ բոլորից մի պահ անջատվում ես, խորանում քո մեջ, ցավը նույնքան անողոքաբար հետ է շպրտվում... որովհետև այդ ցավին ավելացավ մի նոր ցավ՝ անարդար դատավարությունը: Ավելացել է խոր վիրավորանքը՝ պատժի ու հանցապարտների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի պատճառով:
Երբեք չէի պատկերացնի, որ այսպես կլինի. մտածում էինք՝ ամեն ինչ կարվի գործը բացահայտելու համար, որ կատարողներն ամենադաժան պատիժը կստանան... Բոլորովին այլ իրողություններ մեզ մատուցեցին:
Ի՞նչ կլինի՝ հարցնում եք: Գիտե՞ք՝ հիմա այս հարցին այնքան ուրիշ հարցեր են խառնվել, այնպես է բարդացել իրավիճակը թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ տարածաշրջանում, որ երբեմն մեր ցավը հետին պլան է գնում...»,- հուզախռով պատմում է տիկին ՌԻՄԱՆ՝ Կարեն Դեմիրճյանի այրին:
«Տանն էինք, որ իմացանք: Ասինք՝ մտել-մտել են, կխոսեն-կոմպրոմիսի կգնան, կվերջանա... Իսկ ժամը 11-ին իմացանք մեր գլխին եկածը...
Անցնող տարիներն այնքան ցավ բերեցին իրենց հետ, այդ ընթացքում այնքան բաներ տեսանք, այնքան մարդիկ իրենց դեմքը բացահայտեցին, որ էլ ո՛չ մի բանի, ո՛չ մի ցավի վրա չենք զարմանում. դատավարությունն ի սկզբանե ուղղորդվեց. ասվեց՝ «ուչաստկովիի» գործ է, և «ուչաստկովիի» մակարդակով էլ այն ավարտեցին:
Ցավալին այն է պարզապես, որ մեր տանը բոլորս հավատացողներ ենք. Վազգենս՝ շիտակ, պարզ, անկեղծ, հավատավոր...
ՈՒ հավատում էինք, թե դատավարությունը շիտակ է լինելու, հավատ ունեինք դատավորի, գործը վարողների նկատմամբ, մտածում էինք՝ հայ տղամարդ են, մեջները նամուսը-թասիբը կխոսի, կբացահայտեն պետության ապագան վտանգածների շղթան: Առաջին ամիսներին ելնում-գնում, դատարանի դռանը նստում էի՝ չէի կարող ներս մտնել-դրանց տեսնել, հետո հասկացա՝ որոշել են մեր մի ցավը մեկ այլով փոխարինել, դառնորեն արձանագրեցի, որ ողջ դատավարությունն ուղղորդվում էր վերևից... Հարցնում եք՝ ինչո՞ւ. ո՞ր մեկն ինչու. իշխանությունը՝ ինչու, Վազգենը՝ ինչու, դատավարությունը՝ ինչու, Արմենը՝ ինչու... հարցեր-հարցեր, որ կուտակվում են այս տարիների ընթացքում:
Բայց ասեմ, ու հավատացեք, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը. այդպես չի մնա. շրջանակն այնքան մեծ է, թելերն այնքան երկար, որ մեկը մի օր ու մի տեղ բերանից բաց կթողնի, թե՝ ով, ինչ, ինչու:
Հա, տեսնում եմ Վազգենիս երազումս. տեսնում եմ՝ տուն է գալիս, ամեն անգամվա պես՝ տուն է գալիս, սովորականի նման մտնում է ներս, բայց ոչինչ չի խոսում. լուռ է ու միշտ մտազբաղ, մի տեսակ՝ հոգսով ծանրաբեռնված. ես մտածում եմ, թե նա նեղացած է... բոլորիցս»,- պատմում է ԳՐԵՏԱ մայրիկը:
«Կարելի է կարծել, որ անցնող տարիները բավականին ժամանակ են` վերականգնվելու, ինքն իրեն վերագտնելու համար. մեզ հետ հակառակն է տեղի ունենում. ժամանակի՝ ցավը բուժելու պնդումը մեր դեպքում չի գործում. անզորության զգացումը մշտապես առկա է, որովհետև այս տարիների ընթացքում այդպես էլ մեզ համար պարզ չդարձավ՝ ո՞ւմ էր ձեռնտու, ի վերջո, այդ սպանդը, ո՞վ էր այն կազմակերպել, ինչո՞ւ չպատժվեցին բուն մեղավորները:
Եվ այսօր, փաստորեն, մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք այն օրը՝ հոկտեմբերի 27-ին: Այնուհանդերձ, մենք բոլորս էլ անցկացրել ենք մեր «հետաքննությունը». բնական է, որ այս տարիների ընթացքում մենք պետք է վերածվեինք ուրույն քննիչների ու հետախույզների, ովքեր հսկայական ինֆորմացիա ունեն, որը մշակել են՝ գտնելու մեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր արդեն այդ ամենի առնչությամբ ունենք մեր սեփական տեսակետները. պարզապես դեռ լռում ենք. ուզում եմ պարզապես հորս խոսքերը մեջբերել. պատմությունը նման է ահեղ դատաստանի, և բոլորը մի օր կանգնելու են նրա առջև` պատասխան տալու»,- ասում է ԱՍՏՂԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ Հենրիկ Աբրահամյանի դուստրը:
Իսկ ԱՐՄԻՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ (Արմենակ Արմենակյանի այրի) հարցերն ընդհանրապես պատասխաններ չունեն. «Արմենակը գրեթե չէր գնում Ազգային ժողով: Այդ օրն էլ մինչև կեսգիշեր նրա անունը չէր տրվում. մեր բարեկամը եկավ, ասաց՝ չեմ հավատում, բայց սպանվածների մեջ կարծես թե Արմենակն էլ կա... չհավատացինք. Արմենակն այդ օրը պետք է հանդիպեր ընկերոջը, գնային Սպիտակի քաղաքապետի թաղմանը: Մենք չհավատացինք լուրին ու սպասում էինք, որ Արմենակը կվերադառնա Սպիտակից... համոզված էինք, որ նրան կենդանի ենք տեսնելու, որովհետև ասում էին, որ նա դահլիճում չի եղել... պարզվեց՝ միջանցքում էր, ու այդպես էլ նա մնաց «միջանցքում»՝ բազում-բազմաթիվ հարցականներով. ու այդ կորստին դեմ հանդիման սկսվեց մեր կյանքի նոր «կոշմարը». ի՞նչ էր անում Արմենակը միջանցքում, և ո՞վ, ի վերջո, սպանեց նրան:
Դատավարությունն ավարտվել է, բայց այդ հարցերը դեռ հետապնդում են մեզ: Որպես Արմենակյանի այրի պահանջում եմ, ուզում եմ իմանալ՝ ո՞վ սպանեց իմ ամուսնուն... երազիս ամեն անգամ տեսնում եմ Արմենակին՝ անընդհատ ասում է՝ կիսատ մնաց. մատնանշում է մի գործ ու ասում՝ կիսատ մնաց...»:
ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Լեոնարդ Պետրոսյանի այրի). «Ինչպե՞ս կարող էին անցնող տարիները թեթևացնել մեր ցավը... ոչ, ոչ, միանշանակ՝ ոչ. այդ տարիներն ավելի խորացրին ու անտանելի դարձրին այն՝ այնքան շատ հարցականներ մնացին: Մարդկային նկատառումների բերած ցավի մասին էլ չեմ խոսում: Հարցնում եք՝ վիրավորվա՞ծ ենք. շա՜տ՝ շա՜տ, շա՜տ ենք վիրավորված. ո՞ր մեկն այս 8 ընտանիքից վիրավորված չէ. հարցրու՝ կտեսնես, թե ինչքան մեծ է վիրավորանքի ցավը. այդպիսին դարձրին մեր վերքը. դարձրին այնպիսին, որ մնացած ողջ կյանքի ընթացքում չենք կարենալու մաշել»:
«Հոկտեմբերի 27-ի առավոտյան (սովորաբար Յուրան էր ինձ տանում աշխատանքի) գնացինք ամենքս մեր գործին. ժամը 5-ին ես ծնողական ժողովից եկա կաբինետ,- պատմում է ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ՝ Յուրի Բախշյանի այրին,- մտա կաբինետ, բարեկամներիցս մեկը զանգահարեց, թե՝ տիկին Անահիտ, տեղյա՞կ եք՝ ի՞նչ է կատարվում Ազգային ժողովում: Ասի՝ չէ: Ասաց՝ կրակում են: Անմիջապես զանգեցի Ազգային ժողով. շատ երկար չէին պատասխանում, մեկ էլ վերցրեց Յուրայի օգնականն ու թե՝ Յուրի Գուրգենիչին բան չի եղել: Ասաց, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Երթուղայինով վերադարձա տուն, ճանապարհին հանդիպեցի մեկ այլ դպրոցի տնօրենի. շատ տարօրինակ ինձ էր նայում. ի՞նչ է եղել, Լյուբա, հարցնում եմ, ասում է՝ ոչինչ: Իջա կանգառում, շենքի բոլոր կանայք հավաքվել դրսում, ինձ էին սպասում. էդ կանանց որ տեսա, հասկացա, որ վատ, շատ վատ բան է տեղի ունեցել... արդեն ժամը 8-ն էր. մտա տուն, երեխաներս պատեպատ են խփվում՝ տես, ինչ է եղել, տես, ինչ է եղել. հեռուստացույցն էին ցույց տալիս... «Ա1+»-ն էր... էլ բան չեմ հիշում. բայց չէ՝ հիշում եմ օպերան, ուր հայտարարություն արեցի ու ասացի՝ պարոն Քոչարյան, մենք պահանջում ենք բացահայտել՝ ովքեր են կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևում, ովքեր են կազմակերպիչները, ովքեր գլխատեցին մեր երկիրը... 10 տարի է անցել, ես դեռ հարցնում եմ՝ ովքե՞ր էին... պատասխան չկա»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ