ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Սիրիան նախընտրում է եվրոպական «խնամակալությունը»

Սիրիան նախընտրում է եվրոպական  «խնամակալությունը»
18.06.2013 | 00:12

Չորս տասնամյակ է, ինչ Սիրիայում սոցիալիստական հակման պետական վարչակարգ է։ ԲԱԱՍ կառավարող կուսակցության սոցիալիզմը մի «կիսամիջոց» է, արաբական նացիոնալ-սոցիալիզմի որոշակի սխեմա` բազմաթիվ տեղային, մեծ չափով խոտոր տարրերով, նախ և առաջ իսլամի հանդեպ լոյալությամբ։

Սիրիացիների երեք սերունդ ապրել է բավական արմատական պատերնալիզմի (խնամակալության), կոշտ ոճի կառավարման պայմաններում։ Հասարակական-քաղաքական այդ տարազանությունը իրականում շատ խոցելի է, եթե ուշադրության առնենք նաև կառավարող վերնախավի շրջանում քաղաքական պայքարի փորձի բացակայությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Սիրիայում այդ վարչահամակարգին դիմակայում է առնվազն երեք հակընդդեմ մշակույթ` իսլամիզմը, հատկապես նրա կազմակերպական-գաղափարախոսական ձևը («մահմեդական եղբայրներ»), կապիտալիզմը, որը ներառում է տարբեր գաղափարամշակութային ձևեր, այդ թվում` արևելահակությունը և ավանդական հայրիշխանական հասարակական հարաբերությունները։ Այդ տարրերի մի մասը առաջադիմական բնույթի է, մյուսները` հետադիմական։ Սիրիական հասարակությունը ներառում է նաև որոշ ոչ սուննիական և հիմնականում ոչ արաբական համայնքներ, որոնց սոցիալական և մշակութային մակարդակը տարբերվում է երկրի բնակչության մեծ մասի մակարդակից։ Այդ քրիստոնեական և ալավիական համայնքները մշակութաքաղաքակրթական և քաղաքական առումով կողմնորոշված են դեպի բավական վերացական եվրոպական վարքագծի կարծրատիպ։ Սիրիայում, խնամակալության քաղաքականությանը զուգընթաց, ԲԱԱՍ կուսակցության իշխանության գալուց հետո խթանվում էր ազգային բուրժուազիայի զարգացումը, ինչը հանգեցրեց շատ հարուստ մարդկանց խմբերի առաջացմանը, որոնք հսկայական կարողություն ունեին և հավակնում էին ազդելու քաղաքականության, նույնիսկ ռազմավարական որոշումների ընդունման վրա։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից սիրիական ազգը մեծ հակում ունի արևմտյան արժեքների հանդեպ, ինչին, որքան էլ տարօրինակ լինի, նպաստում է արաբական ազգայնականությունը, որն այդ տարածաշրջանում արդիականության դրսևորման ձև է։
Բաշար Ասադը, անկասկած, շուտափույթ ազատականացման կողմնակից է և մտադիր է այդ քաղաքականությունը վարել։ Խնդիրն այն է, թե ազատականության ո՞ր մոդելը կընտրի սիրիական ղեկավարությունը։ Հնարավոր է` «չինական ուղին», այսինքն` տնտեսական ազատականացումը` քաղաքական մեղմ վարչակարգի պահպանմամբ։ Սակայն սիրիական տնտեսական նկարագիրը նկատելիորեն տարբերվում է չինականից, և տնտեսական արագ աճ ակնկալել չի լինի։ Այսինքն, Սիրիային չի հաջողվի արագորեն հաղթահարել տնտեսության նկատմամբ պետական վերահսկողության համակարգը։ Դրա հետ մեկտեղ, սակայն, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Արաբական Միացյալ Էմիրությունների և Քուվեյթի հետ կարող են հանդես գալ որպես տնտեսական ու սոցիալական բարեփոխումների իրականացման և անցումային փուլում Սիրիայի արտաքին տնտեսական շահերի պաշտպանության երաշխավորներ։
Սիրիայում ստեղծված ներկա լարված իրավիճակի տարօրինակությունն այն է, որ նախագահ Բ. Ասադը ձգտում է Արևմուտքի հետ հաստատել ավելի վստահալից, գործընկերային հարաբերություններ։ Սիրիայի քաղաքական ղեկավարությունը չի թաքցնում, որ ակնկալել է ամերիկյան ու եվրոպական խոշոր ներդրումներ, ինչպես նաև արաբական պետությունների զգալի օգնություն։ Այս կապակցությամբ, Սիրիան ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն է վարել իր դիրքերն ամրապնդելու համար։ Նկատի են առնվում հարաբերությունները Իրանի, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի, ինչպես նաև Հունաստանի և այլ պետությունների հետ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվելով ծայրաստիճան բարդ միջազգային իրավիճակում, Սիրիան ընդունեց Թուրքիայի նախաձեռնությունը իրենց փոխհարաբերությունների կարգավորման, տնտեսական և ռազմական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Դա կարևոր է երկու վաղեմի գործընկերներ Իսրայելի և Թուրքիայի միջև հայտնված Սիրիայի համար։
Սիրիայի ապակայունացման հնարավորությունն ակտիվորեն քննարկվում էր ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։ Արաբ ու ֆրանսիացի փորձագետների գնահատմամբ, Բ. Ասադը մի շարք լուրջ սխալներ է գործել ու դեռ մինչ ներկա իրադարձությունները կորցրել էր իր երբեմնի ազդեցությունը և, փաստորեն, երկրում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու հնարավորություն չուներ։ Սիրիական հատուկ ծառայությունները կարողացել են փակել ընդդիմության ֆինանսական աղբյուրներն ու առհասարակ ընդդիմության ամբողջ գործունեությունը երկրի ներսում։ Բանակը լիովին հավատարիմ է եղել Բաշար Ասադին, և դրա ապացույցները կան։ Բանակի ղեկավարությունն ու երիտասարդ սպաները Բ. Ասադի հետ էին կապում Սիրիայի ազգային շահերի պաշտպանությունն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը։ Իսլամական կազմակերպություններն արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագահին և հարկադրված են եղել ընդունելու Հաֆեզ Ասադի վաստակը արաբների ազգային շահերի պաշտպանության գործում։ Ինչ վերաբերում է «Մահմեդական եղբայրներին», պետք է ենթադրել, որ այդ հակակառավարական կազմակերպությունը սիրիական հատուկ ծառայությունների հսկողության տակ է և երկխոսում է կառավարության հետ։ Գլխավորը, ինչին պետք է հասնի Բաշար Ասադը ներքին քաղաքականության մեջ, ոչ թե սոսկ ալավիական ազգային-կրոնական փոքրամասնության, այլ ամբողջ սիրիական ժողովրդի առաջնորդ դառնալն է։ Նա ավարտել է երկրի հասարակական կյանքը բարեփոխելու իր փորձերը։ Բ. Ասադը, զգալով ԲԱԱՍ կուսակցության ավանդական վերնախավի լուրջ դիմադրությունը, ավելի չափավոր դիրք բռնեց, սակայն, այդուամենայնիվ, չհրաժարվեց սիրիական քաղաքական և տնտեսական համակարգում շատ բաներ վերանայելու փորձերից։ Կայունության ապահովման հարցը մնում է հրատապ, հատկապես Լիբանանի «մայրիի հեղափոխությունից» և Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերումից հետո։ 2008-2009 թթ. Սիրիայում, փաստորեն, հաղթահարվեցին այն դժվարությունները, որոնք կարող էին հանգեցնել երկրում իրավիճակի ապակայունությանը։ Բ. Ասադը, ներկա իրադարձություններից առաջ, ժողովրդականություն էր վայելում ինչպես երբեք և կարիք չուներ ամբոխահաճո միջոցների կամ արտաքին աջակցության։
Ընդհանուր առմամբ, Բաշար Ասադի վարչակազմի հեռանկարները գնահատվում էին որպես նախընտրելի, և, փաստորեն, հիմա Սիրիայում չկա կազմակերպված ու ազդեցիկ ընդդիմություն, որն իրապես կարողանար հավակնել իշխանության։ Կա մի շատ միամիտ կարծիք, որ եթե Ասադին հաջողվեր շոշափելի քայլեր ձեռնարկել վարչական ու հասարակական համակարգի բարեփոխման ուղղությամբ և գոնե մասամբ իրական պայքար սկսել կոռուպցիայի դեմ, ապա միանգամայն հնարավոր է, որ Սիրիայում այս իրադարձությունները տեղի չունենային։ Հաֆեզ Ասադի թաղման օրերին Սիրիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Բ. Ասադին փաստորեն առաջարկել էր Ֆրանսիայի «խնամակալությունը» և համակողմանի աջակցությունը Արևմուտքի հետ մերձենալու գործում։ Ավելի վաղ այդ նույն առաջարկություններն արվել էին Հ. Ասադին։ Տեղեկությունների համաձայն, Հ. Ասադն ընդունել էր այդ առաջարկությունները, պայմանով, որ Արևմուտքի հետ մերձեցումը չի ազդի Գոլանի բարձունքներն ազատագրելու և Իսրայելի հետ 1967 թ. սահմանը վերականգնելու Սիրիայի վճռականության վրա։ Այս պայմաններում Բաշար Ասադի անձը, անշուշտ, ավելի ընդունելի էր ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների համար, թեև Ֆրանսիային Հ. Ասադն էլ էր լիովին ձեռնտու։ Արտաքին «խնամակալությունը» շատ կարևոր պայման է սոցիալական բարեփոխումների հաջող իրագործման համար։ Իհարկե, Սիրիան ավելի նախընտրում է եվրոպական «խնամակալությունը» (ֆրանս-գերմանական), քան ամերիկյանը։ ՈՒ թեև հիմա ֆրանս-սիրիական հարաբերությունները վատանում են, սակայն հազիվ թե դա երկար տևի, և Բ. Ասադը կարող է Ֆրանսիայի ու մայրցամաքային Եվրոպայում նրա դաշնակիցների հետ գործընկերություն ակնկալել։ Բ. Ասադի կարևորագույն առավելությունն այն է, որ նա երիտասարդ է, և Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի շատ առաջնորդներ հենց այդ հանգամանքն էին շեշտում։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Խնդիրն այն է, որ Արևմուտքում շատ քչերն էին շահագրգռված Սիրիայի բարեփոխումներով։ Բարեփոխված երկիրը դժվար կլիներ վերահսկել, և գլխավորը` Իսրայելը շահագրգռված չէր Արևմտյան ընկերակցության հետ Սիրիայի մերձեցմամբ։
Շատ փորձագետների կարծիքով, հիմա միջազգային պայքար է տեղի ունենում հանուն Սիրիայի, հանուն նրա տարածաշրջանային կողմնորոշման։ Այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, Ֆրանսիան ու նրա եվրոպական գործընկերները, առաջատար արաբական պետությունները` Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Իրաքը, ինչպես նաև Իրանը։ Այդ պայքարում Ռուսաստանը, փաստորեն, կորցրել է իր դիրքերը և դեռ մինչև վերջերս, ըստ էության, այդ դիրքերի անգամ մասնակի վերականգնման հեռանկարներ չկային։ Այս կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում այն փորձագետների գնահատականները, ովքեր ուշադրությամբ ու երկար տարիներ վերլուծում են այդ տարածաշրջանի իրադարձությունները։
Դրանց հիմնական իմաստն այն է, որ բոլոր ուղղություններով մերձավորարևելյան վաղեմի հակամարտության կարգավորմանը զուգընթաց տարածաշրջանում տեղի է ունենում նահանջ արաբական և հրեական ազգայնականության դիմակայությունից։ Ռուսաստանի քաղաքական դիրքերի կորստյան պայմաններում ակտիվորեն ձևավորվում են նոր աշխարհաքաղաքական դաշնախմբեր ու հակասություններ։ Աշխարհաքաղաքական այդ դիմակայության պատճառներն են. ջրի պաշարներն ու դրանց բաշխումը, նավթն ու նավթարդյունահանող երկրների վրա ազդեցությունը, հաղորդուղիների վերահսկողությունը, կրոնամշակութային գործոնը։ Դրա հետ մեկտեղ, լիբանանյան և սիրիական վերնախավը, ինչպես նաև արաբական ձախ-ազատական մտավորականության լայն խավերը շարունակում են համակրանքով վերաբերվել Ռուսաստանին նաև Իրաքի իրադարձություններից հետո, և Լիբանանում համարում են, որ Ռուսաստանն ունի արաբական աշխարհում իր ազդեցությունը որոշ չափով վերականգնելու հեռանկարներ, իսկ այդ ազդեցության տարածողներ կարող են դառնալ Սիրիան ու Լիբանանը։ Միաժամանակ, Ռուսաստանի ազդեցության վերադարձը դիտարկվում է ոչ թե մեկուսի, այլ եվրոպական պետությունների հետ համագործակցության տեսանկյունից, որոնք կարող էին այլընտրանք լինել ԱՄՆ-ի քաղաքականության ու դիրքորոշման նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ներկայումս, նկատի ունենալով Մերձավոր Արևելքում Բ. Օբամայի վարչակազմի քաղաքականության, այդ թվում` իսրայելա-արաբական հակամարտության խնդրին վերաբերող քաղաքականության վերաիմաստավորումը, Սիրիայի վիճակն ավելի նախընտրելի է դարձել։ Ինչպես ցույց է տվել վերջին տարիների քաղաքական անցուդարձը, Թուրքիայի հետ համագործակցությունը չի կարող Սիրիայի համար դառնալ իր տարածաշրջանային կարևորագույն գործընկերոջ` Իրանի հետ համագործակցության այլընտրանք։ Բացի այդ, Սիրիային շարունակում են աջակցել առաջատար արաբական պետությունները, և եվրոպացիները, այսպես թե այնպես, չեն ձգտում նրա մեկուսացմանը։ ՈՒստի ուժեղանում են այն գործոնները, որոնք նպաստում են Թուրքիայից Սիրիայի կախումը նվազեցնելուն` նույնիսկ Իսրայելի հետ առկա չլուծված հակամարտության պայմաններում։
Ներկայումս արտաքին շահագրգիռ կողմերից և ոչ մեկը չի կարողացել իր նպատակին հասնել Սիրիայում։ Թուրքիայի քաղաքականությունը լիովին ձախողվել է, այդ թվում` նրա փորձերը` գոնե մասամբ համաձայնության գալու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Սիրիա ռազմական ներխուժում կատարելու վերաբերյալ։ ՆԱՏՕ-ն կտրականապես հայտարարել է, որ նման մտադրություն չունի, ինչը մեծապես պայմանավորված էր նրանով, որ Արևմտյան ընկերակցությունը չի ուզում ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունն ու դիրքերը Մերձավոր Արևելքում։ Տարածաշրջանում ազդեցության ուժեղացման փոխարեն Թուրքիան ստացել է իր «Վիետնամը» իր հարավային սահմանի ամբողջ երկայնքով։ Ի՞նչ սխալներ է թույլ տվել նա իր մերձավորարևելյան քաղաքականության մեջ։ Ամենայն հավանականությամբ, այդ սխալները տեղ են գտել ինչպես տարածաշրջանի պետությունների, այնպես էլ Արևմուտքի առաջատար պետությունների հետ հարաբերություններում։ Սիրիան դարձել է մի ասպարեզ, ուր թուրքական նվաճողական նկրտումները խճճվել են և ի վիճակի չեն այլ ուղղություններով ևս իրականանալու։ Հիմա Սիրիան առաջատար դեր է խաղում Արևմտյան ընկերակցության քաղաքականության իրականացման գործում, նախ և առաջ` ԱՄՆ-ի։ Այդ քաղաքականության նպատակը Թուրքիայի նվաճողամտության և միջազգային հարաբերություններում կայսերապետական կարգավիճակ ստանալու փորձերի խափանումն է։
Թեև Սիրիայի իրադարձությունները բավական շփոթություն առաջացրին Իսրայելի դիրքորոշման մեջ, սակայն, ըստ էության, վերջինս շատ գոհ է այդ «հեղափոխության» արդյունքներից, քանի որ ակնհայտ է Սիրիայի ռազմաքաղաքական խիստ թուլացումը և այդ երկրի վարչակազմի լիակատար բացառումը Արևմուտքի հնարավոր գործընկերների թվից։ Տեղեկություններ կան, որ ներկայումս Իսրայելը շփումներ ունի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի և այլ արաբական պետությունների հետ` Բ. Ասադի վարչակազմը լիովին հեռացնելու խնդրի առնչությամբ։ Արաբական պետությունների այս դավաճանական վարքագիծը պայմանավորված է խնդրի իրականացման համար անհրաժեշտ գործընկերների բացակայությամբ, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ Թուրքիան մտադրություն չունի իրագործելու այդ նախագիծը։ Թուրքիան խիստ կախման մեջ է ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից, մինդեռ Իսրայելն ավելի անկախ է և ԱՄՆ-ի կողմից լայն աջակցություն է ստանում շատ հարցերում։ Իսրայելը հասկանում է, որ եթե Սիրիայի վարչակազմը պահպանի իշխանությունը, ապա նա արաբական աշխարհում կդառնա Իսրայելին հակազդեցության կողմնորոշիչներից մեկը։ Դա անհնար է թույլ տալ, և Իսրայելը ջանում է տրամաբանական ավարտին հասցնել Սիրիայում տիրող իրադրությունը` Իրաքի նմանությամբ։ Իսրայելը վաղուց արդեն չի վախենում սուննիական ճնշումից, սակայն շարունակում է իր գլխավոր թշնամի համարել շիական աշխարհաքաղաքական «գոտին»։ Այսպիսով, տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էին առավել հեռատես քաղգործիչները` Իսրայելի և սուննիադավան արաբական պետությունների դիրքերի ու շահերի մերձեցում` ընդդեմ ավելի լուրջ ու վտանգավոր հակառակորդի` Իրանի և արաբական աշխարհում նրա գործընկերների։ Այս սյուժեն ավելի ու ավելի տեսանելի ու իրագործելի է դառնում։
Արաբների ու Իսրայելի փոխհարաբերություններում մեծ նշանակություն են ստանում թուրքական և քրդական գործոնները։ Իսրայելը չի կարող չօգտվել արաբական երկրների` թուրքական նվաճողամտությունից ունեցած երկյուղներից, ինչպես նաև քրդական անկախ պետության առաջացումից։ Նա ձգտում է մերձավորարևելյան նոր սյուժեներով շահագրգռել ազդեցիկ շատ պետությունների, այդ թվում` Ռուսաստանին, Չինաստանին ու Հնդկաստանին։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 15721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ