ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԱՐՎԵՍՏԸ ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

«ԱՐՎԵՍՏԸ ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ   ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՏ   ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐԵՐ Է   ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
27.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որն օրերս է վերադարձել Ստամբուլից, որտեղ, իբրև ժյուրիի անդամ, մասնակցել է Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հերթական աշխատաժողովին: Հիմնականում այդ թեմային է անդրադառնում մեր զրույցը:

«ԱՐՎԵՍՏԸ ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

-Պարո՛ն Խաչատրյան, երբվանի՞ց է գործում ՀԹԿՊ-ն:

-Չորս տարի առաջ, երբ մեր երկրի նախագահը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», կինեմատոգրաֆիստները մեծ ոգևորությամբ սկսեցին մտածել հայ-թուրքական համատեղ ծրագրերի մասին: Եթե անում ես միջազգային կինոփառատոն, իրավունք չունես մերժելու որևէ երկրի ներկայացրած հայտը: Արվեստագետները, արվեստի փոխանակման միջոցով, բացում են այլընտրանքային ուղիներ: Արվեստը չպարտադրված դիվանագիտության շատ ավելի կարևոր տարրեր է պարունակում, քան բուն դիվանագիտությունը: Այս մտայնության արդյունքում ստեղծվեց ՀԹԿՊ-ն, որը հետաքրքրություն առաջացրեց բոլորիս մեջ: Բոլորս ենք տառապում ցեղասպանության խնդրով` յուրաքանչյուրս մեր հիշողությամբ, մեր ապրումով, մեր վերաբերմունքով: Համատեղ ծրագրեր ստեղծելու գաղափարը և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի արվեստագետների համար միանգամից ընկալելի եղավ: Այս ծրագրերի շուրջ համախմբված են մեզ համար բարեկամ մտավորական թուրքեր, ովքեր քաղաքական ընդդիմադիրներ են Թուրքիայում, և նրանք մտադիր են խոսել ցեղասպանության մասին` արվեստի լեզվով: Սա հայկական դիվանագիտության համար շատ կարևոր բան է: Եղեռնի 100-ամյակի տարելիցին մենք նախատեսում ենք անել ծրագիր և ցույց տալ, թե ինչպիսի ֆիլմեր են նկարել այդ թեմայով հայ, թուրք, քուրդ ռեժիսորները` հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում: Ներկայացվող ֆիլմերի 90 տոկոսը եղեռնի մասին է. եղեռնի սարսափի, հետևանքների, դրանից տուժած, ազգությունն ու հիշողությունը կորցրած, այսօր իրենց ինքնությունը վերագտնող մարդկանց մասին: Դա շատ կարևոր ճանապարհ է թուրքական հասարակությանն իրազեկելու պատմական ճշմարտությունը: Այնտեղ կան մարդիկ, որոնք ընդունում ու ցանկանում են իմանալ այդ ճշմարտությունը, կան և այնպիսիք, ովքեր պայքարում են դրա դեմ, ժխտում: Ոմանք ենթարկվում են վերևի պարտադրանքներին:

-Այսինքն` իրենց երկրի իշխանությունների՞:

-Ոչ միայն իշխանությունների: Թուրքիայում կան նաև մտավորականներ, ովքեր դեմ են մեզ հետ համագործակցող իրենց հայրենակիցներին: Բայց մեր շուրջը հավաքված են շատ լուրջ արվեստագետներ, գիտնականներ, պրոֆեսորներ, ովքեր կողմ են և այսօր անհանգստացած են ցեղասպանության ճանաչման հարցով: Եվ դրա ճանապարհներից մեկն էլ այս ծրագիրն է, որով մեզնից ոչ պակաս ոգևորված են այդ մարդիկ: Միշտ էլ մեր ծրագրերում եղեռնի թեման եղել է առաջնային, բայց այդքան ընդգծված չի եղել, ինչպես հիմա: Մենք ունենք տաղանդավոր երիտասարդ ռեժիսորներ, ովքեր կարծես խուսափում էին թուրքերի մոտ բացեիբաց ցեղասպանության թեմայով խոսելուց: Դիմում էին «զարտուղի» ճանապարհների` սիրային պատմություններ, ճամփորդական մոտիվներ և այլն: Բայց թուրք ռեժիսորներից և ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իր ելույթում բազմիցս գործածեց «գենոցիդ» բառը: Արդեն սովորական է դարձել նրանց համար այդ բառը: Դա նրանց կողմից ընդունելի իրողություն է, և մեծ է այն ճանաչելու ցանկությունը:

-Միշտ է ասվում, որ այնքան կարևոր չէ այդ ճշմարտության ընդունումը Օբամայի, Սարկոզիի կամ արևմտյան այլ լիդերի կողմից, որքան հենց Թուրքիայի, թուրքերի կողմից: Հիմա մենք այդ ճանապարհի՞ն ենք:

-Այս ճանապարհը, այս կինոքաղաքականությունը լուրջ մարդկանց համար մի դաշտ են ստեղծում, որն անխուսափելիորեն ընդլայնվելու է: Այդ մարդկանց խոսքը տարածվելու է իրենց ուսանողների, երիտասարդ ռեժիսորների, գործընկերների շրջանում:

-ՀԹԿՊ-ի ժյուրին հայկական և թուրքական 5-ական նախագծերից նախընտրեց Դևրիմ Ակկայայի ու Ջոզեֆինա Մարգարյանի ներկայացրած «Գյավուրի թոռները… Իմ ազգությամբ հայ պապիկը»` շնորհելով 10000 դոլար մրցանակը: Ի՞նչ նախագիծ է այն:

-Այդ ծրագիրը շատ տպավորիչ էր: Ռեժիսորը ներկայանում է որպես թուրք, իր ընտանիքում բոլորը թուրք են համարվում: Նրա մոտ ի հայտ է գալիս ինչ-որ անհասկանալի հիվանդություն, որը ոչ մի կերպ չի բուժվում: Բժիշկը եզրակացնում է, որ իրենց տանն ինչ-որ գաղտնիք կա, չբացահայտված ինչ-որ առեղծված, որը դարձել է տկարության պատճառ: Երիտասարդը գնում-հասնում է իր նախապապի գյուղը` Աքչադաղ, խորանում սեփական արմատների որոնման մեջ, ու պարզվում է, որ իր նախնիները եղել են հայեր, բայց թաքցրել են իրենց ինքնությունը: Հիմա ամբողջ այդ գյուղը ոտքի է կանգնել` պարզելու համար իր արմատները: Մարդիկ ուզում են հասկանալ, թե ովքեր են իրենք` հա՞յ են, քո՞ւրդ, հո՞ւյն… Այս բաները մի քանի տարի առաջ չէին ասվում, իսկ հիմա շատերն են բարձրաձայնում իրենց ոչ թուրքական ծագման մասին: Ֆիլմի պրոդյուսերը` Ջոզեֆինան, Աթենքից է: Նա իրենց տանը պատմում է, որ մի թուրք ռեժիսորի հետ ֆիլմ է նկարում, ներկայացնում է սցենարը, և ի՞նչ է պարզվում. Մարկոս ազգանունը կրող և Թուրքիայից Հունաստան գաղթած իր ծնողները խոստովանում են, որ իրենք ևս ազգությամբ հայ են, թեև միշտ թաքցրել են այդ ճշմարտությունը: Այս ծրագրին հիացմունքով վերաբերվեցին թե՛ թուրք, թե՛ հայ կինեմատոգրաֆիստները: Հաջողված այլ ծրագրեր էլ կային, ու եթե հնարավոր լիներ, կարելի էր ոչ թե մեկ, այլ 7-8 ծրագիր հովանավորել: Ինքնին հասկանալի է, որ մենք պիտի խոսենք ցեղասպանության մասին, բայց մեր խոսելն այնքան ազդեցիկ չէ, որքան թուրքերինը: Այդ պատճառով էլ ես իսկապես ոգևորված եմ հայ-թուրքական այս համատեղ նախաձեռնությամբ և այն փաստով, որ թուրքերն են սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին:

-Այս տարի պլատֆորմի աջակիցը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամն է: Առհասարակ, ինչպե՞ս են հայթայթվում նյութական միջոցները:

-Այս ծրագրում ընդգրկված են միջազգային բավականին ազդեցիկ կառույցներ: Հովանավորում են ծրագիրը և՛ Ստամբուլի միջազգային կինոփառատոնը, և՛ «Անատոլու կուլտուրը»: Վերջինս խորությամբ զբաղվում է հայկական հարցով, Հայոց ցեղասպանության մանրամասներով, հավատափոխ հայերով, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների խնդիրներով: Սրանք շատ լուրջ մարդիկ են, իրենց գործի գիտակներն են և հայերի, Հայաստանի համար չափազանց կարևոր բարեկամներ են:

-ՀԹԿՊ-ի նախաձեռնությունը, ի վերջո, հայկական կողմի՞ց է եղել, թե՞ թուրքական:

-Երբ մենք «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրում էինք թուրքական ֆիլմեր, թուրքերն էլ իրենց մոտ էին փորձում ցուցադրել հայկական ֆիլմեր: Խոսակցություն ծավալվեց այդ թեմայով: Թվում էր, թե իսկապես թուրքերը հասունացել են այնքան, որ պիտի ստորագրեն փաստաթղթերը, բացեն ճանապարհները, որովհետև փակ սահմանները դժբախտության, անիմաստ թշնամության պատճառ են: Ինքնըստինքյան այդ ծրագիրն ստացվեց: Նմանատիպ ծրագրեր շատ կան: Բայց դրանք այնքան տեղայնացված չեն, որքան մեր ցավը, մեր ազգային դժբախտությունը: Եվ սա է ամենակարևոր նյութը, որը պիտի դառնա թուրքերի հետ խոսակցության, քննարկման առարկա:

-Հայկական կողմի ներկայացրած կինոնախագծերը Ձեզ գոհացնո՞ւմ էին` իբրև պրոֆեսիոնալի:

-Շատ դեպքերում լավ ծրագրեր, սցենարներ են լինում, բայց անիմաստ է դրանք հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում ներկայացնելը: Այս դեպքում առաջնահերթությունը տրվում է թեմային, դրա քաղաքական հնչողությանը, թեկուզ և բավականաչափ բարձր չլինի ֆիլմի գեղարվեստական որակը: Մեր թուրք գործընկերները, բավականին դժվարությամբ դիմանալով իրենց հակառակորդների ճնշումներին, Ադանայի ջարդերի մասին են ֆիլմ նկարում, անդրադառնում են Թուրքիայի տարածքում հայկական արվեստի` ճարտարապետության, թատրոնի, նկարչության դրսևորումներին: Մենք պիտի շնորհակալ լինենք այդ մարդկանց` թեկուզ ոչ մեծարվեստ կինո ստեղծելու պարագայում: Դա թե՛ մեզ է պետք, թե՛ իրենց: Շատ չեմ ուզում ծավալվել: Ես հրապարակային արվեստախոսությունից հեռու եմ, որովհետև դա վնասում է իսկական արվեստին, ինչպես հրապարակային քաղաքականությունն է խանգարում լուրջ հարաբերություններ ստեղծելուն:

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ Է ՊԵՏՔ»

-Հերթական անգամ տապալվեց ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձը Հայաստանում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ինձ էլ են հարցրել, թե արդյոք «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրո՞ւմ ենք ադրբեջանական ֆիլմեր: Չենք ցուցադրում: Ադրբեջանցիները, հատկապես` մոսկվաբնակները, փորձում են մեզ առաջարկել իրենց ֆիլմերը և սպասում, որ պիտի մերժվեն, բայց մերժելը մշակութային քաղաքականություն չէ: Եթե մենք կռվող, սահման պահող լինեինք, պիտի սատկացնեինք այն մարդուն, ով կփորձեր խախտել սահմանը: Բայց մշակութային սահմաններն այլ տեղում են: Դրանք պետք է ավելի լավ պաշտպանվեն, քան երկրի ֆիզիկական սահմանները: Մշակութային սահմանները բացելու կամ պաշտպանելու համար լուրջ պրոֆեսիոնալիզմ է պետք: Պետք է իմանալ, թե որն է ճիշտ մթնոլորտը, տեղը և ժամանակը: Պետք է հասկանալ` դա կառաջացնի մարդկանց զայրո՞ւյթը, թե՞ ոգևորությունը: Ամեն ընտրությունից առաջ, ամեն Ապրիլի 24-ից առաջ, Մարաղայի, Սումգայիթի կամ Շուշիի ջարդերի տարելիցից առաջ մարդկանց զգացողությունները սրվում են: Այս բաները պետք է հաշվի առնել ցանկացած ֆիլմերի փառատոն անելու դեպքում: «Ոսկե ծիրանը» տարիներ առաջ ցուցադրել է Ադրբեջանի մասին մի ֆիլմ` չեխերի և ադրբեջանցիների համատեղ արտադրության: Դա պատմում էր ադրբեջանական նավթի, դրա շուրջ կատարվող ավազակության, կոռուպցիայի, թշվառության, այդ թշվառության վրա կուտակված մեծ հարստության մասին: Այսինքն` այնպիսի՜ շերտեր էին բացված այդ ֆիլմում, այնպիսի՜ հարստության ու դժբախտության մասին էր պատմվում: Ներկայացվում էր, թե ինչպիսի նպատակների է ծառայում նավթը, ինչպես և որտեղից են գալիս փողերը, ուր են գնում, ինչպես է զենք ձեռք բերվում, ինչպես են «գնվում» միջազգային տարբեր կարծիքներ: Չցուցադրե՞նք այսպիսի ֆիլմը: Եթե երբևէ ադրբեջանցիները ֆիլմ նկարեն Սումգայիթի կոտորածների մասին, դա մեզ մոտ անպայման պիտի ցուցադրվի: Սա մշակութային սահմաններ պաշտպանողի, մշակութային քաղաքականությամբ զբաղվողի տեսակետ է: Բայց կան քաղաքական գործիչներ, որոնք զբաղվում են նաև կինոյով: Ես դրանից բան չեմ հասկանում: Քաղաքականություն, մարդու իրավունքներ, դիվանագիտություն, օրենք… այս ամենն իմ մասնագիտությունը չէ: Ամեն ոլորտում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները:

-Ձեզնից իմացա, որ Ադրբեջանում, ի հեճուկս Հայաստանում իրենց փառատոնը տապալողների, անում են հայկական ֆիլմերի փառատոն: Հերթական դիվանագիտական դիվիդե՞նդն են ուզում շահել:

-ՈՒզում են գովազդային մի ակցիա անել, ինչպես միշտ են անում: Նրանց ատելությունը մեր հանդեպ հասել է շատ բարձր ցուցանիշների, հատկապես երիտասարդության շրջանում: Թեկուզ նրանց մեջ լայնախոհ մարդիկ էլ կան, ովքեր բաց աչքերով ու բաց ճակատներով են ապրում և հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել: ՈՒզենք-չուզենք մենք կողք կողքի ենք ապրում, ոչ մեկս ուրիշ տեղ չունի գնալու: ՈՒրեմն պիտի ընդհանուր հայտարարի գալու մի ճանապարհ գտնենք: Սրա մասին շատ է խոսվել, իմաստ չեմ տեսնում կրկնելու հայտնի ճշմարտությունները: Մենք Գերմանիայում հայկական ֆիլմեր ենք ներկայացնում` «Հայկական կինոն, եղեռնը և գերմանացիների դերը եղեռնի հարցում» խորագրի ներքո: Այսինքն` հայկական կինոն ծառայեցնում ենք հայանպաստ մի գործի: Սա իմ ասպարեզն է, ես կարող եմ այստեղ գործել: Բայց երբ քաղաքականության մեջ են օգտագործում կինոն, դա այլ ճանապարհ է, իմ ոլորտը չէ:

-Մասնագետ լինեք, թե ոչ, չեք կարող չտեսնել այն մեծ «կինոն», որ խաղում են մեր քաղաքական գործիչները` «Նախընտրական քարոզարշավ» ընդհանուր խորագրի ներքո: Իբրև կինոգործչի` Ձեզ բավարարո՞ւմ է այդ «կինոկտավը»:

-Իբրև արվեստագետ` ես այդպես չէի բեմադրի քարոզարշավը: Բայց երբեք չեմ սիրում խոսել մի բանի մասին, որ իմը չէ, իմ մասնագիտությունը չէ: Ես մեր կյանքի մասին խոսում եմ իմ ֆիլմերով: Դրանցում ամեն ինչ կա: «Կոնդը», «Սպիտակ քաղաքը», «Վերադարձ Ավետյաց երկիր» և հատկապես «Վավերագրողը» ֆիլմերը ճշմարտությունն են ներկայացնում, իմ կարծիքով, արվեստով: Ես հրապարակախոս չեմ, մունետիկ չեմ, որ մեր իրականության մասին այլ կերպ խոսեմ: Իմ գործը մոնտաժային սեղանի առջև է: Ես այդտեղ առավել մեծ օգուտ եմ բերում հայ մարդուն: ՈՒ ինձ քննադատողներից էլ չեմ նեղանում: Անթերի մարդիկ չկան, ես ևս կատարյալ չեմ: Փառատոն անելը հեշտ գործ չէ, սխալներ էլ կլինեն: Դա հանքափորի աշխատանքին է նման: Մեկ դառնում ես տիեզերագնաց, բարձրանում մինչև աստղերը, մեկ էլ իջնում երկրի ընդերքը: ՈՒ այդ ամենը պահանջում է մեծ հոգեկան, մտավոր, ֆիզիկական ուժ: Ես այս ոլորտի մասին միայն կարող եմ ըստ էության խոսել: Քաղաքականությունն իմը չէ:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ