ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Առաջնայինը գործող իշխանության հրաժարականի պահանջը պետք է լինի

Առաջնայինը գործող իշխանության հրաժարականի պահանջը պետք է լինի
08.05.2024 | 14:35

Շարժումը հասնում է Երևան: Բնականաբար, այն նպատակ ունի հնարավորինս մեծ թվով մարդկանց համախմբել Հանրապետության հրապարակում: Իշխանության նախաձեռնած միակողմանի զիջումներով սահմանազատման գործընթացը դադարեցնելու պահանջը տեղ հասցնելու համար անհրաժեշտ է ապահովել երկու պայման՝ պահանջատեր ժողովրդով լեցուն հրապարակ և այլընտրանք: Եթե պահանջը վերաբերում է միայն այդ գործընթացի դադարեցմանն ու այլ, ընդունելի պլանով իրականացմանը, ապա դա մարդկանց չի համախմբի, որովհետև խնդիրները միայն սահմանին չեն: Դրանք ամենուր են՝ պետության ու հասարակության համար կենսական բոլոր ոլորտներում: Այսինքն, փոփոխությունների պահանջ կա ամենուր: Իսկ այդպիսի օրակարգ ներկայացնել այս իշխանություններին՝ հույսով, որ նրանք ականջալուր կլինեն և կթողնեն իրենց պլանները, միամտություն էլ չէ:

Ակնհայտ է, որ Շարժումը, հատկապես հրապարակ մտնելուց հետո, այլևս ձերբազատվում է սահմանային գործընթացների նեղ օրակարգից: Այն պետք է ձևակերպի և հանրությանը ներկայացնի քաղաքական օրակարգ և, կրկնում եմ, այդպիսի օրակարգի հասցեատերն այս իշխանությունները լինել չեն կարող: Այսինքն, առաջին պահանջը գործող իշխանության հրաժարականի պահանջը պետք է լինի:

Քաղաքական օրակարգի մյուս հարցը, բնականաբար, վերաբերում է այլընտրանքին: Ինչպիսի՞ պատկերացումներ կան երկրի գոյութենական խնդիրների լուծման վերաբերյալ: Իհարկե, գոյութենական են ոչ միայն անվտանգային հարցերը՝ երկրի սահմանների անձեռնմխելիությունն ու պետականության պահպանումը: Այսօր նման սանդղակով են չափվում արդեն բոլոր կենսական ոլորտները՝ պետական կառավարում, արտաքին հարաբերություններ, տնտեսություն, արժեքային համակարգ:

Հաջորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը նոր իշխանության կազմավորման խնդիրն է: Ովքե՞ր պետք է հավակնեն դրան և ովքեր հեռու մնան դրանից: Բնականաբար, հարցի այսպիսի ձևակերպումն ունի շատ հիմնավոր պատճառներ: Դրանց անտեսումը կարող է մեծ վնաս հասցնել Շարժման հեղինակությանը, հնարավորություններին:

Ուրեմն՝ ովքե՞ր պետք է հեռու մնան դրանից: Այսպես կոչված՝ «նախկինները»: Բոլոր նրանք, ովքեր անկախությունից ի վեր երբևէ եղել են իշխանություն կամ մաս են կազմել այդ իշխանության: Անկախ այն բանից, թե այս Շարժմանն աջակցելու նպատակով նրանք ինչպիսի կազմակերպական միջոցներ ու հնարավորություններ կներդնեն:

Նրանք, երկար տասնամյակներ կառավարելով մեր երկիրը, ոչ միայն հիմնովին ավերել են այն բոլոր առումներով, այլև մսխել են Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքները՝ սկսած հաշտության թղթի ստորագրման պահից: Այդքան տարի կառավարելով՝ նրանցից ոչ մեկը երկրի զարգացման ծրագիր չի ունեցել: Նրանք բազմաթիվ անգամ փորձեցին և չկարողացան ռևանշի հասնել նույնիսկ Երկրորդ արցախյան պատերազմից հետո՝ պարտված իշխանության նկատմամբ: Ինչու՞: Որովհետև նրանք չգիտեին և մինչ այժմ էլ չգիտեն, թե այնուհետև ինչ պետք է լինի: Նրանք՝ բոլորն առանց բացառության, գտնվել են արտաքին կառավարման տակ՝ շատ դեպքերում ծառայելով մի քանի տերերի: Իրենց անելիքը նրանց հանձնարարել են դրսից, և այդ ամենի արդյունքում մենք դարձել ենք այսքան անճարակ: Անկախ այն բանից՝ նրանք գիտակցու՞մ են իրենց հասցրած վնասի չափը, թե ոչ, անժխտելի է, որ իրենք են ծնել այս դևերին:

Նրանք, չդիմանալով նորից իշխանությունը տնօրինելու գայթակղությանը, 2021թ. արտահերթ ընտրություններում իրենց մասնակցությամբ փակեցին նոր ուժերի ճանապարհը՝ քարտ-բլանշ տալով գործողին: Այսօր էլ Շարժման վերաբերյալ նախկին իշխանությունների առանձին ներկայացուցիչների մեկնաբանություններում սպրդում են նրանց հավակնությունները:

Պետք է հուսալ, որ այս անգամ նրանք խոհեմություն կցուցաբերեն և, անկախ Շարժման մեջ իրենց ներգրավվածությունից, հեռու կմնան իշխանական հավակնություններից: Հակառակ դեպքում, այդ պահանջը նրանց ուղղակի պետք է ներկայացվի:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը: Ո՛չ նախկինները: Տպավորություն կա, որ նրանք մեկը մյուսին են նայում, սպասում առաջին քայլին կամ պարզապես մտածում, որ իրենք չեն այն ուժը, որը պետք է առաջնորդություն ստանձնի: Այդպիսի ուժեր կան, նրանք կարող են անգամ կոալիցիոն պատասխանատվություն և կոալիցիոն առաջնահերթություն ստանձնել: Նրանք պարտավոր են դա անել: Ձևավորել Օրակարգ, ներկայացնել հանրությանը՝ հենց հանրահավաքի ֆորմատով:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ