Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով

Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով
22.02.2024 | 13:33

Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-20-ին, Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։ Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք` պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։

Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ իդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։

Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում` ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն, իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր։ Սա է մեր պետական մտածողության որակը։

Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ

Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։

Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։

Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։

Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ