Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պառակտված հասարակություն, զարմանահրաշ երկիր

Պառակտված հասարակություն, զարմանահրաշ երկիր
15.02.2023 | 07:34

ՈՒնիկալ ազգ ենք՝ունիկալ լեզվամտածողությամբ, աշխարհայացքով, հոգեկերտվածքով, արժեհամակարգով, պատկերացումներով:
Ինչեր ասես, որ չտեսանք այս օրերին:
Ինչեր ասես, որ չլսեցինք այս օրերին:
Ինչեր ասես, որ չասացինք մեկս մյուսին, անիծեցինք ու օրհնեցինք, փնովեցինք ու քաջալերինք:


Էյֆորիայի ու ցայտնոտի մեջ հայտնվեցինք, միֆերի ու լեգենդների հավատացինք, հոգոց հանեցինք, լուտանք թափեցինք, հոխորտացինք, հայհոյեցինք, անարգանքի սյունին գամեցինք, հերոսացրինք ու անպատվեցինք...
Իսկ պատճառները՝ ինչքան ասես:
Լավրովյան «բացահայտումը»՝ մի կողմից, քաղաքական ուժերի գզվռտոցն ու փոխադարձ մեղադրանքները՝ մյուս կողմից:
Հայ մտավորականների՝ Արցախի նախագահին ուղղված «ինքնասպանության» կոչ-հորդորն ու Լինչի դատաստանը՝ մի կողմից, վերջինիս անդրդվելի պահվածքն ու աթոռին կառչած մնալը՝ մյուս կողմից:


«Առաջին տիկնոջ» խոհափիլիսոփայական զեղումներով, չարենցյան մելամաղձոտ ու լալահառաչ տվայտանքը հեռավոր Իսլանդիաներում, «Նաիրյան երկրի» սրտաճմլիկ կարոտախտը Ֆրանկֆուրտի ու Ռեյկյավիկի օդանավակայաններում, պետության հաշվին օրը մի երկիր տնով-տեղով «վոյաժներն» էլ՝ իրենց հերթին:
15 ողջակիզված զինվորների առեղծվածային պատմությունն ու իշխանությունների առեղծվածային նշանակումներն էլ՝ վրադիր::
Երբ զարմանում էինք «Քյարամյանի ֆենոմենով», «Կոստանյանի էպոնիմով», իսկ այսօր, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակումով:
Որ գլխավոր դատախազը տեղյակ չէ, որ ի պաշտոնե վարչապետի ենթական չէ, և որևիցե բան նրան զեկուցելու ենթակա չէ:
Երբ տեսնում ես Երևանի փողոցներում ծառայություն իրականացնող պարեկների գերժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովվածությունը, բայց և ականատեսն ես դառնում Երևանի կենտրոնը «Սան Անդրեասի» վերածող ամենագնացով մի խելագարի զսպելու վերջիններիս անկարողությունը:


Միևնույն ժամանակ տեսնում ես ոստիկանության ու ներքին զորքերի հանդեպ գերհոգածությունն ու անուշադրության մատնված հայկական բանակը, չկահավորված նոր բնագծերն ու ոչ պատշաճ վիճակում գտնվող առաջնագիծը:
Տպավորություն է, որ մեզ ներսում կոտորում են, իսկ սահմանում անվտանգ է, որ մեր հարևանները խաղաղասեր Շվեյցարիան ու մշակութասեր Իտալիան են:
Երկու ամիս շարունակ սովի մատնված, բլոկադայի մեջ մաքառող ու էքզիստենցիալ վտանգի առաջ կանգնած 120.000 արցախցիների վիճակն էլ՝ իր հերթին:


«3 միլիոնին հանուն 120 հազարի չզոհելու», «մասը զոհել հանուն ամբողջի» իշխանականների խայտառակ միտքն ու քարոզն է, որոնք վարակի նման թևածում են քաղաքական երկնակամարում:
Արհեստածին ջրբաժան ստեղծելն է, նույն ժողովրդին երկու հատվածների տարանջատելու, «Հայաստանի 3 միլիոնը հայ են, իսկ Արցախի 120 հազարը՝ բնակիչ» վտանգավոր նարատիվն է:
Որպեսզի արցախահայն իր կորուստների մեջ մեղադրի երևանցուն, իսկ վերջինս էլ Հայաստանի ծանր դրությունը պայմանավորի Արցախի «բեռով»։
Ողջունելին այն է, որ քաղաքական «ֆինտուֆլյուշկեքից», ամենօրյա ինտրիգներից ու հետկուլիսային պայմանավորվածություններից անդին,
ըստ օրերս անցկացված սոցհարցման, Հայաստանի բնակչության 97.4 տոկոսը համոզված է՝ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ և, առհասարակ, չի կարող Ադրբեջանի մաս կազմել:
Սա է Հայաստանի, ի դեմս հայ ժողովրդի, իրական դիրքորոշումը, այլ ոչ թե «120 հազարին թողնենք թուրքի «ողորմածությանը», 3 միլիոնին, իբր, փրկենք հերձվածողական մտքերի» բարձրաձայնումը։


Արցախի հումանիտար աղետի ֆոնին Թուրքիայի երկրաշարժն է:
Այնտեղ մեր կողմից մարդասիրական օգնության ու փրկարարների տրամադրման ճիշտ ու սխալն է:
Մի կողմից օգնության հասնելն է, մարդ փրկելն է, բարոյական ու ֆիզիկական աջակցություն ցուցաբերելն է, քաղաքակիրթ և հումանիստ երևալն է, բարեհաճության արժանանալն է, այդկերպ նաև թուրքի աչքին լավը դառնալն է, դիվանագիտական քայլն է, համերաշխության գնալն է, որը կարող է գնահատվել, որը կարող է օգուտ բերել, որ նման քայլը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների հետագա ջերմացմանը, մանավանդ որ, Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը իր հերթին, Էրդողանի կինն իր հերթին խորին շնորհակալություն են հայտնել հայ ժողովրդին՝ Թուրքիայի համար այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության և օգնության համար:
Ավելին՝ որ մեր բարությունն ու առատաձեռնությունը մարդկության ուժի վառ օրինակ են և ցույց են տալիս, որ նույնիսկ դժվարությունների դեպքում մենք կարող ենք համախմբվել՝ օգնելու միմյանց:


Որ միշտ կհիշեն Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ մեղմելու համար թուրք ժողովրդի տառապանքները։
Մյուս կողմից էլ խնդիրն այն է, որ Թուրքիան ո՛չ գնահատելու է մեր դիվանագիտական ժեստը, ո՛չ մեղմելու կամ վերացնելու է թշնամական վերաբերմունքը, ո՛չ դադարելու է Ադրբեջանին զինել ու աջակցել Արցախի շրջափակմանը, ո՛չ էլ գնահատելու է մեր գթասրտությունն ու մեծահոգությունը:


Որ ի՞նչ՝ մարդասիրության դեմոնստրացիա և հումանիտար օգնության տրամադրում մի պետությանը, որը 44 օր կոտորում էր հայ զինվորին։
Մի պետության, ում ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետը Ադրբեջանից անձամբ էր կառավարում այդ ողջ վայրագությունը։
Որ իրենք մեզ վրա՝ յաթաղան ու բայրաքթար, մենք իրենց՝ օգնություն ու մարդասիրություն...
Որ սննդով ու պարենով թուրքին ապահովենք, դեղորայք մատակարարենք, իսկ արցախահայերը նույն այս օրերին սովի ու ցրտի մատնվեն:
Որ Արցախ մեկ կիլոգրամ բրինձ չեն կարող ուղարկել, բայց Թուրքիա 100 տոննա հումանիտար բեռ կարող են ուղարկել:
Որ չենք մոռացել, թե ինչե՜ր էին գրել 88-ի երկրաշարժից հետո Հայաստան ուղարկած օգնության վագոնների վրա,
բայց և, հանուն արդարության, չենք մոռացել, թե ինչպես Թուրքիան բացեց սահմանը՝ Արևմուտքի օգնությունը Հայաստան գալու համար:
Ինչևէ:
Շարունակ հարցեր, հարցեր ու պատասխաններ, որոնք պառակտում են մեզ, թշնամացնում կամ դարձնում ամորֆ ու իներտ, ստիպում մտորել, հետևություններ անել:
Սակայն փաստ է, որ մեծագույն չարագործություններն ու արհավիրքները ծնվում են անտարբերությունից ու «շառը քաշած», (моя хата с краю), «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» սկզբունքով ապրելուց։


Այսօրվա մեր իրականությունն էլ դրա վառ ապացույցն է։
Խոհեմություն բոլորիս՝ այս դժվարին պահերին:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 11271

Մեկնաբանություններ