Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թուրքիան եկել է Կովկա՞ս, իսկ հեռացե՞լ էր (Haqqin)

Թուրքիան եկել է Կովկա՞ս, իսկ հեռացե՞լ էր (Haqqin)
09.12.2020 | 10:19

Նախ՝ եզրահանգումը, որ Թուրքիան հայտնվել է Հարավային Կովկասի քաղաքական ասպարեզում ուշացել է 30 տարի, եթե ոչ ավելի: Ղարաբաղի երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ընդամենը ընդգծեց Անկարայի դերը տարածաշրջանում, բայց նոր ոչինչ չբերեց: Թուրքերը միշտ ակտիվ են եղել մեր տարածաշրջանում և եթե նրանց բարեկամ-մրցակից Ռուսասստանը հիմնականում հետաքրքրվում է աշխարհաքաղաքականությամբ ու մնացյալ վերացական իրողություններով, Թուրքիան շեշտադրում է պրակտիկ իրողությունները: Ադրբեջանը միշտ է եղել Թուրքիայի դաշնակիցը և աջակցությունը Բաքվին ղարաբաղյան պատերազմում ընդամենը ընդգծեց այդ հանգամանքը: Պոլիշինելի գաղտնիք չէ, որ հայերի ու թուրքերի հարաբերությունները երբեք էլ առանձնապես ջերմ չեն եղել:

Վրաստանում թուրքերի հետաքրքրությունը հիմնականում տնտեսական է, վրացիները հազիվ թե կարող են անհրաժեշտության դեպքում ստանալ այն աջակցությունը, ինչ ստացավ Ադրբեջանը: Ու դա էլ նորություն չէ: Ադրբեջանին ու Թուրքիային բացի տնտեսական շահերից կապում են թյուրքական էթնիկ կապերը, Անկարայի ակտիվ դիրքորոշումը Ղարաբաղում ավելի շուտ բացառություն էր, քան կանոն: Թուրքիայի մյուս դաշնակիցները պատրանքներ չունեն, հասկանալով, որ եղբայրական կապերը իրենց վրա չեն տարածվում: Այդպես է եղել մինչև ղարաբաղյան տրիումֆը, այդպես և հիմա: Այնուամենայնիվ, պատերազմը Ղարաբաղում անսովոր աշխուժացրեց հակաթուրքական ուժերին ամբողջ տարածաշրջանում՝ չխոսելով Հայաստանի մասին: Առավել հաճախ կարելի է լսել, որ Անկարան վերականգնում է Օսմանյան կայսրությունը, որ ինչ-որ տեղ Թուրքիայում արդեն ստեղծվում են քարտեզներ, որոնց վրա տարածաշրջանի բոլոր երկրերը Թուրքիայի կազմում են: Թուրքաֆոբները մեջբերում են Թուրքիայի ղեկավարների իրական, հաճախ էլ մտացածին կայսերական արտահայտությունները և վախեցնում են շուրջբոլորը՝ յանիչարները գալիս են:


Այդ տրամադրություններն ուժեղ են Ռուսաստանում, որ ակնհայտ ցուցիչն է Մոսկվա-Անկարա առանձնահատուկ հարաբերությունների՝ բարեկամության, ընդհանուր շահերի, կասկածամտության և հստակ ընկալման ինքնատիպ սինթեզ, որ «եղբոր» գրպանում կարող է մեծ աղյուս լինել: Հասկանալու համար թուրքերի ու ռուսների ոխերիմ բարեկամությունը, պետք է ոչ թե քաղաքագետ լինել. այլ հոգեվերլուծաբան: Ռուս թուրքաֆոբները բնավ էլ հայամետներ չեն, այս պարագայում այրող խանդն է Թուրքիայի չափազանց հանդուգն ներթափանցման տարածաշրջան, որ Մոսկվան համարում է իր ազդեցության բացառիկ գոտին: Եվ իհարկե՝ ոչ մի տեղ չես փախչի ուղղափառ առաքելականությունից՝ Կոնստանդնուպոլիս, Երրորդ Հռոմ, Այա Սոֆիա և այլն: Եթե Ռուսաստանում հակաթուրքական հռետորաբանությունը խթանվում է բազմադարյա մրցակցությամբ, Վրաստանում փորձ է արվում խաղալ թուրքերի նկատմամբ վրացիների ավանդական նախապաշարմունքի վրա, որ գալիս է հեռավոր, ու բավականին բարդ անցյալից: «Թուրքերը գնել են ամբողջ Վրաստանը», «Շուտով Անկարան իրեն կմիացնի Աջարիան», «Բաթումին արդեն ամբողջությամբ թրքացվել է»՝ կոչնակ են զարկում և իսլամաֆոբները, և թուրքաֆոբները, որոնց գործունեության մեջ հստակ երևում է ուղղափառ եղբայրության հետքը: Կոչնակի զարկը ձանձրույթի չափ միօրինակ է և տասնամյակներով չի փոխվում: Մինչդեռ Թուրքիան 90-ականներին ձեռքի թեթև հպումով կարող էր տիրանալ Վրաստանի բոլոր ծովափերին այնպես, որ ոչ ոք չդիմադրեր, բայց անցել է 30 տարի, իսկ թուրքերը «պատրաստվում են», բայց պատրաստ չեն: Թուրք բիզնեսմեններին, որ հարյուրավոր միլիոններ են ներդրել Վրաստանի սևծովյան ափեզրի զարգացման վրա, ոչ քաղաքականությունը, ոչ Օսմանյան կայսրության վերականգնումը չի հուզում: Միակ նպատակը բացառապես փող աշխատելն է: Ուղղակի անհավատալի է, որ բիզնեսմենը ինչ-որ տեղ գումար է ներդնում ոչ թե հանուն հազարամյա կայսրության կամ կրոնական գաղափարների, այլ փող աշխատելու համար: Բայց փաստերը համառ կենդանիներ են՝ 30 տարի է անցել, երբ առաջին թուրք ձեռներեցը մտել է Վրաստան, իսկ կեռ թրերը դոլարներին հավասարակշռող յանիչարները դեռ չեն հայտնվել: Վրաստանի վրա թուրքական ազդեցության տեսակետից նոր ոչինչ ղարաբաղյան պատերազմը չբերեց՝ տարածաշրջանային գլխավոր դաշնակցի ու բիզնես գործընկերոջ տեղը նույնն է, ինչ 30 տարի էր:


Միջազգային ասպարեզում, հավանաբար հայկական լոբբիի ազդեցության տակ, Ղարաբաղի պատերազմում Թուրքիան առավել հաճախ է հիշատակվում կրոնական դիմակայության և Եվրոպայում արմատական իսլամիստների գործողությունների ենթատեքստում: Ինչ չկա՝ չկա: Հայ-ադրբեջանական պատերազմը կրոնական համարել նշանակում է ընդհանրապես տեղյակ չլինել ակունքներին ու պատկերացում չունենալ, թե ինչ է իրենից ներկայացնում ադրբեջանական ժողովուրդը: Ղարաբաղում միանգամայն բնութագրական, քրեստոմատիական պատերազմ էր տարածքների համար: Որ ճակատի մի կողմում քրիստոնյաներն էին, մյուս կողմում մուսուլմանները, մասնավոր դեպք է, որ ոչինչ չի փոխում: Նույն հաջողությամբ կարող էին լինել բուդդայականները: Ադրբեջանցիներին կրոնական էքստրեմիզմ վերագրելն ընդհանրապես խելքին մոտ չէ: Թուրքիան ևս կրոնական էքստրեմիզմի հայրենիքը չէ: Անկարան մասնակցում է Մերձավոր Արևելքի տարբեր կոնֆլիկտների, բայց միայն պետության մակարդակով: Թուրքերը տասնյակ միլիոններ են, իսկ ահաբեկիչները՝ արաբներ են, աֆղաններ, պակիստանցիներ, հյուսիսկովկասցիներ: Գուցե թուրքեր էլ կան, բայց ոչ ավելի՝ քան ֆրանսիացիներ: Թուրք-ադրբեջանական եղբայրությունը կրոնական չէ: Դասական աստվածաբանության տեսակետից թուրքերն ու ադրբեջանցիները նույնիսկ նույնադավան չեն: Սունի ԻՊ-ի համար շիաները շատ ավելի ահավոր թշնամիներ են, քան քրիստոնյաները: Իհարկե, ինչ-որ մեկի համար բոլոր չինացիները նույն դեմքն ունեն, իսկ մուսուլմանները նույնն են, բայց ռեալ կյանքում կրոնական գործոնը ամենաքիչն է ազդում թուրքերի ու ադրբեջանցիների սերտացմանը: Իսկ ընդհանրապես պետք է արձանագրել, որ կովկասյան քաղաքական ասպարեզում թուրքերի հանկարծ հայտնվելը նորություն է, մեծ չափազանցություն է: Իրականում ամեն ինչ մնացել է այնտեղ, որտեղ կար՝ ներառյալ Թուրքիան:
Թենգիզ Աբլոտիա, Haqqin (Ադրբեջան)


Հ.Գ. Քաղտեխնոլոգիաները տարբեր են, մեկն էլ այն է, երբ ներկայացնում ես 5 տոկոսի ճշմարտություն, որը հավաստի է դարձնում 95 տոկոս սուտը: Գոնե՝ հավանական: Սա այդ դեպքն է՝ միանշանակ ճիշտ է, որ սունիներն ու շիաները նույնադավան չեն, որ Արցախի պատերազմը կրոնական չէր, մնացածը 95 տոկոս սուտն է, որ Թուրքիան միշտ է եղել Կովկասում, որ թուրքերը Վրաստանում պարզապես բիզնես են արել և չեն պատրաստվում Վրաստանին զրկել իր ծովեզերքից: Միանշանակ ճիշտ է նաև ռուս-թուրքական ոխերիմ բարեկամությունը, բայց նույնքան էլ սուտ է թուրք-ադրբեջանական բարեկամությունը՝ շահերի ժամանակավոր համընկնում: Եվ միանշանակ ճիշտ է, որ մենք տարածաշրջանի միակ պետությունն ենք, որ անկախացումից հետո միայն կարճ ժամանակամիջոցներում է հնարավորություն կամ ցանկություն ունեցել պաշտպանելու իր ազգային շահը: Հետևանքները՝ երեկ ԱԺ-ում արդեն առաջարկվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, կարճ ժամանակից էլ կառաջարկվի Անկարայի հետ համաժամանակյա վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Եվ չի գտնվում մեկը, որ հարցնի՝ իսկ դա այստեղ ու հիմա բխու՞մ է Հայաստանի Հանրապետության ազգային շահից, թե՞ սպասարկում է տարածաշրջանի այլ պետությունների՝ մեզ ոչ բարեկամ ու ոչ դաշնակից, ու աշխարհաքաղաքական շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ