ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայաստանը` պատմաաստղագիտական ժառանգությամբ հարուստ երկիր

Հայաստանը` պատմաաստղագիտական  ժառանգությամբ հարուստ երկիր
18.01.2013 | 13:48

2012-ը աստղագետների համար հարուստ էր իրադարձություններով, մի շարք նոր գիտական նվաճումներով:
Անցկացված միջոցառումներից կարևորագույններն էին Բյուրականյան 4-րդ միջազգային ամառային դպրոցը և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով պատմաաստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանը Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչն էր. այդ տարեդարձն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձերի ցանկում, ստեղծվեց Շիրակացուն նվիրված համացանցային կայքէջ, անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնք կշարունակվեն նաև այս տարի:
ՀԱԸ-ի համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, գիտական լրագրության խմբի հիմնադիր ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, անդրադառնալով «Աստղագիտության ոլորտում 2012-ին ունեցած ձեռքբերումներից ո՞րը կառանձնացնեիք» մեր հարցին, պատասխանեց, որ Շիրակացուն նվիրված միջոցառումների շարքը ժամանակակից աստղագիտության նվաճում չէ, բայց այս տարվա համար հենց դա կառանձնացնի, որովհետև ավելի մեծ ուշադրություն դարձվեց մեր պատմաաստղագիտական ժառանգությանը: «Հայաստանը, լինելով պատմաաստղագիտական ժառանգությամբ այդքան հարուստ երկիր, կարծես, աչքաթող էր արել այդ ամենը: Ընդհանուր, համակարգված ուսումնասիրություններ գրեթե չկային: Իսկ միջազգային կազմակերպությունները շատ մեծ ուշադրություն են դարձնում դրան»,- ասաց նա, նշելով, որ հնարավոր է Հայաստանը ճանաչելի դարձնել պատմաաստղագիտությամբ:
Խոսելով 2013-ի ծրագրերի մասին, աստղագետը տեղեկացրեց, որ այս տարի կնշվի Բենիամին Մարգարյանի 100-ամյակը: Հայաստան կայցելեն շուրջ 200 աստղագետներ` գալակտիկայի թեմայով գիտաժողովին մասնակցելու համար: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի և Հայաստանի 18 աստղագետներ: Հրավիրված զեկուցողներից 42-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:
2012-ին լրացավ գիտական լրագրողների խմբի 2 տարին: Հետաքրքրվեցինք` գո՞հ է խմբի հիմնադիրը լրագրողների աշխատանքից:
«Այո, ես անձամբ գոհ եմ: Ճիշտ չէր այն կարծիքը, որ լրագրողները չկամությամբ են գրում գիտական թեմաներով: Բավական էր մի քայլ ընդառաջել, նյութեր տրամադրել, գիտական մեկնաբանությունները ձևակերպել, որպեսզի տասնապատկվեին գիտական հրապարակումները»,- ասաց Արեգ Միքայելյանը:
Գաղտնիք չէ, որ մարդկանց հետաքրքրում են հիմնականում աշխարհի կործանման, աստղագուշակության թեմաները: Ո՞րն է աստղագետների դերն այս առումով: Զրուցակցիս խոսքով` աստղագետները, բացի բուն աստղագիտական թեմաներից, առնչվում են հարակից մի շարք բնագավառների հետ, որոնք վերաբերում են աշխարհի կործանմանը, աստղագուշակությանը, այլմոլորակայիններին, տիեզերագնացությանը: «Այդ ամենի շնորհիվ աստղագիտությունն ավելի մեծ մասսայականություն ունի, քան որևէ այլ գիտություն, և, կարծում եմ, աստղագետները չպետք է հեռու մնան այս թեմաներից,- ասաց նա:- Իրենց կարծիքը շատ կարևոր է: Աստղագուշակները շառլատաններ են հիմնականում: Աստղագետը գիտելիքներ է հաղորդում, մարդիկ ավելի ճիշտ կարող են կողմնորոշվել` ինչն է ճիշտ, ինչը` սխալ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ