Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Այդ անկառավարելի ու բազմաշերտ «նարնջագույն» հասարակությունը

Այդ անկառավարելի ու բազմաշերտ «նարնջագույն» հասարակությունը
20.07.2012 | 03:29

ՈՒկրաինական քաղաքականության դաշտում ամերիկյան լոբբիստական ֆիրմաների նպատակները պարզելու խնդիրը բախվում է ԱՄՆ-ում և ՈՒկրաինայում բազմաթիվ հրապարակումների, խնդրո առարկայի շուրջ բավական լայն հրապարակային բանավեճին: Խնդիրն այդ խորհրդատվական և լոբբիստական ֆիրմաների գործունեության քննարկումը չէ, քանի որ ինքնըստինքյան այդ կարգի աշխատանքը քաջ հայտնի ու հասկանալի է տեխնոլոգիաների առումով, այլ ՈՒկրաինայում ԱՄՆ-ի նպատակների ու խնդիրների վերլուծությունն ու դրանց վարկածների առաջադրումը:
Ավելորդ կլիներ Վիկտոր Յանուկովիչի խորհրդատվական սպասարկման ամփոփում կատարել, ինչը լայնորեն ներկայացված է ուկրաինական և ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում, ուստի բավարարվենք միայն համառոտ շարադրանքով: Երկար տարիներ Վ. Յանուկովիչը մեթոդաբար տարփողվել է, նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարբեր քաղգործիչների և քաղաշխատողների հետ: Կարևոր են եղել նաև ուկրաինական պատվիրակությունների անդամների, նախարարների հանդիպումներն իրենց գործընկերների հետ: Շատ կարևոր նշանակություն են ունեցել Վ. Յանուկովիչի այցերը Բրյուսել, որոնք առանցքային իրադարձություն եղան ՈՒկրաինայի արտաքին քաղաքականության մեջ: Այդ այցերը Վ. Յանուկովիչին ձևավորեցին որպես նոր քաղաքական գործիչ ՈՒկրաինայի համար, որն աչքի է ընկնում իրատեսությամբ ու ճկունությամբ, ընդունակ է մի շարք կարևոր խնդիրներ լուծելու ՈՒկրաինայի և Արևմտյան ընկերակցության համագործակցության ասպարեզում: ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղգործիչները միանգամայն որոշակիորեն պատկերել են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության իրագործելի հեռանկարները, համագործակցություն են առաջարկել, բայց չեն արագացրել իրադարձությունները: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը խիստ անհանգստացած են ՈՒկրաինայում իրադարձությունների զարգացմամբ` կապված Ռուսաստանի հետ լարվածության սրման հետ, բայց միաժամանակ շատ կուզեին օգտվել ՈՒկրաինայի աշխարհառազմավարական և այլ առավելություններից` Ռուսաստանին զսպելու համար: Այսպես թե այնպես, Վ. Յանուկովիչը, իհարկե, կարողացել է հաղթահարել Արևմուտքի խորթությունը, ըստ էության, հասնել օրինակարգ դիրքի ընկալման: Կասկած չկա, որ դրա համար անհրաժեշտ է եղել քաղաքական փորձառու տեխնոլոգների պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանքը:
Լրատվամիջոցների համաձայն` Վ. Յանուկովիչն օգտվում է ամերիկյան մի շարք նշանավոր քաղաքական խորհրդականների ծառայություններից, որոնցից է Փոլ Մանաֆորտը: Նա աշխատել է ամերիկյան մի քանի հանրապետական նախագահների հետ և, իհարկե, ոչ միայն անմիջականորեն կապված է հանրապետական վերնախավի հետ, այլև այդ կուսակցության առաջատար գործիչներից է և մասնակցում է քաղաքական հարցերի վերաբերյալ առանցքային որոշումների ընդունմանը: Վ. Յանուկովիչն ու «Տարածաշրջանների կուսակցությունը» օգտվում են նաև հանրապետական կուսակցության մեկ այլ գործչի` Մոսկվայի միջազգային հանրապետական ինստիտուտի գրասենյակի նախկին տնօրեն Ֆիլիպ Գրիֆինի ծառայությունից, որն ընդարձակ կապեր ու ազդեցություն ունի Վաշինգտոնի աջ քաղգործիչների շրջանում:
Կարելի է ասել, որ նույն փորձագետները հաջողությամբ աշխատում են ուկրաինական տարբեր, մրցակից քաղգործիչների օգտին: Այդ հանգամանքը, ինչը, հնարավոր է, դիտավորությամբ է քննարկվում լրատվամիջոցներում, անուղղակի կերպով վկայում է, որ խորհրդատվական տարբեր ընկերություններ աշխատում են որոշակիորեն համաձայնեցված կարգով և հետապնդում են միևնույն նպատակներն ու խնդիրները:
ԱՄՆ-ի քաղաքական խորհրդատվության ոլորտում քաջ հայտնի է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում զբաղված այդ ֆիրմաները մշտապես օգտվում են ԱՄՆ-ի առաջատար հետազոտական ու վերլուծական հաստատությունների խորհրդատվական ծառայություններից: Ավելին, արտաքին քաղաքականության ոլորտի այդ գործունեությունը, փաստորեն, անհնար է պատկերացնել առանց հետազոտական լուրջ հիմնարկների խորհրդատվության, որոնց եկամուտները մեծ մասամբ գոյանում են խորհրդատվական և լոբբիստական ֆիրմաներին այդ կարգի խորհուրդների տրամադրման միջոցով: Հաճախ և՛ աջ, և՛ ազատական վերլուծական հիմնարկների տրամադրած ծառայությունները խաչվում են: Բայց, այնուամենայնիվ, ցանկացած ազդեցիկ ու հեղինակավոր ինստիտուտ կամ կենտրոն աշխատում է վարել իր քաղաքականությունը: Այդ հիմնարկների ղեկավարները, որպես կանոն, ազդեցիկ քաղգործիչներ կամ վերլուծաբաններ են, զբաղվում են արտասահմանցի քաղգործիչների ու պետությունների լոբբինգով: Դրանցում սովորաբար, կանոնավոր վարձատրությամբ, աշխատում են ԿՀՎ-ի գործուղված ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նախագծերի մշակմանը և արդյունքների արմատավորմանը: Հաճախ այդ ներկայացուցիչները դառնում են ծրագրերի կամ հատուկ լաբորատորիաների ղեկավարներ, կամ աշխատանքի են անցնում արտասահմանյան պատվերների վրա աշխատող խորհրդատվական ֆիրմաներում: Այս կապակցությամբ հատկանշական է Վաշինգտոնի «Արևմտյան քաղաքական կենտրոնի» օրինակը, որի գործառույթներից են այն մշակումներն ու լոբբինգը, որոնք կնպաստեն Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Գտնվելով ԱՄՆ-ում ապրող հույն միլիոնատերերի խնամակալության ներքո, այդ կենտրոնը սերտորեն համագործակցում էր ԿՀՎ-ի հետ և իր հաստիքացուցակում ԿՀՎ-ի շատ սպաների էր պահում: Այդ կազմակերպությունում ԿՀՎ-ի ներկայացուցիչներից մեկը` գնդապետ Ջոն Նորթոնը, զբաղվում է մասնավոր ընկերությունում Թուրքիայի շահերի լոբբինգով և միաժամանակ համագործակցում Վ. Վիլսոնի կենտրոնի հետ: Լոբբիստական և խորհրդատվական ֆիրմաների հետ շփման փորձը հնարավորություն է ընձեռում ճիշտ հասկանալու ԱՄՆ-ում նման ֆիրմաների գործունեության առանձնահատկությունը:
Իշխանության և կառավարող վարչախմբերի շրջափոխության հետ կապված գործընթացներն ՈՒկրաինայում, որ ընդունված է «նարնջագույն» անվանել, և հաջորդող իրադարձությունները միշտ էլ կասկածներ ու զգուշավորություն են առաջ բերել ԱՄՆ-ում: Ամերիկյան վարչակազմի գործիչների կարծիքներն ու գնահատականներն Արևելյան Եվրոպայի գծով մասնագետները երբեք չեն ընկալել որպես ծանրակշիռ ու որակյալ: Խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ի այն փորձագետների շրջանակը, որը զբաղվում է ՈՒկրաինայի խնդրով, խիստ նեղ է և ներառում է, մեծ մասամբ, սովետագետների, որն առաջնորդվում է քաղաքական անցած-գնացած ժամանակներին բնորոշ ավանդական շտամպով:
Չնայած ՈՒկրաինայի թեմայով նախագծողների խմբում փորձառու վերլուծաբանների ու դիվանագետների առկայությանը, նրանք համարժեքորեն չեն պատկերացրել ՈՒկրաինայի իրավիճակի ամբողջ բարդությունն ու բազմազանությունը: Իրավիճակն ու հեռանկարներն անհիմն կերպով պարզեցվել են, իսկ հասարակական լայն տրամադրությունների ու քաղաքական ռազմավարությունների դերը չի հասկացվել: Ավանդաբար, ՈՒկրաինայի քաղաքական վերնախավը Վաշինգտոնում ներկայացվել է իբրև պարզամիտ, ինքնուրույն ռազմավարական մտածողությունից զուրկ: Հարկ է նշել, որ ՈՒկրաինայի իրավիճակի պարզեցումը բնորոշ է եղել նաև ռուսական քաղտեխնոլոգներին ու վերլուծաբաններին: Ընդհանուր առմամբ, ուկրաինական հասարակությունը ցույց է տվել իր մեծ անկառավարելիությունը և բազմաշերտությունը` տարբեր նպատակների ու նախապատվությունների հարցում: Շուտով ընդունվեց, որ ուկրաինական հասարակությունը կենտրոնախույս նկրտումներ ունի, ինչը վկայում է ոչ թե նրա հասունության և սկզբունքայնության, այլ միանգամայն հակառակը` ՈՒկրաինայի բազմաբևեռության մասին, որտեղ դեռևս միասնական ազգ չի ձևավորվել: Դրա հետ մեկտեղ, այս ընդհանուր բնութագրերն ամենևին չեն արտացոլում ամերիկյան քաղգործիչների ու վերլուծաբանների դիրքորոշումները, որոնք շարունակում են փորձել ՈՒկրաինան ներառել Եվրատլանտյան դաշինքի մեջ և ստեղծել նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կառուցվածքներ, որոնք հնարավորություն կընձեռեն ՈՒկրաինան ներքաշելու որոշակի ծրագրերի մեջ:
Կարևոր է ուշադրություն դարձնել ՈՒկրաինայի առնչությամբ նախագիծ իրականացնելու լուրջ փորձերի վրա, որ նպատակադրվել էր նախորդ հանրապետական վարչակազմը: Ջ. Բուշի վարչակազմում վերստին, որոշ դադարից հետո, տեղ գրավեց ՈՒկրաինայի առաջատար մասնագետ, ուկրաինացի նացիոնալիստի դուստր Պոլա Դոբրյանսկին, բայց արդեն ոչ թե որպես վերլուծաբան և նախագծող, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ: Տողերիս հեղինակը քանիցս առիթ է ունեցել զրուցելու Պոլա Դոբրյանսկու հետ Արևելյան Եվրոպային, Հարավային Կովկասին, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի քաղաքականությանը նվիրված հարցերի շուրջ: Նա արմատական հայացքներով չի առանձնանում, փայլուն գիտի նյութը և ընդունակ է ինքնատիպ հետևություններ անելու ոչ միայն անսովոր, այլև շատ ստանդարտ իրավիճակներում: ՈՒշագրավ է այն, որ Պոլա Դոբրյանսկին, անկասկած, համակված էր սովետագիտական հարձակումների ավանդական սխեմաներով, բայց ձգտում էր չսևեռվել դրանց վրա: Ներկայումս, իհարկե, նա որոշ ազդեցություն է գործում ամերիկյան քաղաքականության ուկրաինական ուղղության վրա, և նախագծման ու նախաձեռնությունների ամբողջ «բուրգը» բարձրանում է նրա ուսերին:
Հարկ է նշել, որ, չնայած որոշակի լայն լիազորություններին, այնուամենայնիվ, Պոլա Դոբրյանսկին կատարում էր ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական, այլ վերլուծական խնդիրներ ու նախագծեր Արևելյան Եվրոպայի վերաբերյալ: Նա ՈՒկրաինայի առնչությամբ արմատական որոշումներ չի կայացնում. դրանք կենտրոնացված են ԱՄՆ-ի պետքարտուղարի` Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի գծով տեղակալի աշխատակազմում: Ժամանակին պետդեպում նրա նշանակումը առաջ բերեց նշանավոր սովետագետների տարակուսանքը, որոնք երկար տարիներ զբաղվել էին խորհրդային տարածության հարցերով: Նրանք կարծում էին, որ Դոբրյանսկին չի կարողանա արդյունավետ նախագծման համար աշխատակազմ հավաքել, այդ թվում` ՈՒկրաինայի վերաբերյալ։ Երևի խոսքը ոչ այնքան պրոֆեսիոնալիզմի կամ վարչակազմում նախագծեր առաջ տանելու ընդունակության մասին է, որքան վերլուծաբանների ու նախագծողների տարբեր խմբերի շահերի: Համենայն դեպս, նրա ղեկավարած խումբը չկարողացավ լուծել հիմնական խնդիրներն ու ավարտել անորոշության շրջանն ՈՒկրաինան Արևմուտքին կապելու գործընթացներում: Կարծիք կա, որ նրան չի հաջողվել համակարգել ԱՄՆ-ի երեք առաջատար պետական կառույցների ջանքերը քաղաքականության ուկրաինական ուղղության իրականացման գործում, այսինքն` պետդեպի, ԿՀՎ-ի և Պենտագոնի ջանքերը: Հնարավոր է, որ այդպես է, սակայն ԱՄՆ-ի քաղաքական պրակտիկայում այդ երեք կառույցների գործունեության պատշաճ համակարգման բացակայությունը շատ սովորական բան է: Կա ուկրաինական ուղղությամբ Պոլա Դոբրյանսկու գործունեության անարդյունավետության այլ, ավելի ճիշտ վարկած: Համարվում է, որ նա կիրառել է մարդու իրավունքների հայտնի սխեմայի հնարքներ և սոցիալ-քաղաքական ու կոշտ ազատական սկզբունքներ է գործադրել, որոնք խանգարել են վարելու ավելի ճկուն քաղաքականություն: Մասնավորապես, նա չի կարծում, թե Վ. Յանուկովիչը կարող էր ԱՄՆ-ի ու Արևմուտքի գործընկերը լինել` ուժերի որոշակի դասավորության պայմաններում: Դա տարօրինակ էր թվում շատ դիտորդների, քանի որ առհասարակ Դոբրյանսկին այնքան էլ հակված չէր հետևելու արտաքին գործընկերների ընտրության այդ չափանիշներին և իրադարձությունների, գործընթացների ու քաղգործիչների գնահատման գործում հետևում էր հանրապետական կուսակցության քաղաքական ոճին: Օրինակ, Դանիել Ֆրիդը, որն իրեն համարում է առաջատար ռազմավար Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի գծով, ՈՒկրաինայի հեղափոխական իրադարձությունների հենց սկզբից հնարավոր էր համարում տարբեր դասավորություններ, այդ թվում` համագործակցություն արևելաուկրաինական քաղգործիչների հետ: Նրա կարծիքով, «գլխավորը Լ. Կուչմայի ժամանակների բյուրոկրատիայից ազատվելն է ու նոր սերնդի քաղգործիչների համար ասպարեզ մաքրելը», ինչը, նրա կարծիքով, թույլ կտար օգտվել իրատեսների հավակնություններից ու նախապատվություններից, անկախ գաղափարախոսական կողմնորոշումից: Մինչդեռ վարչակազմում որևէ լուրջ բանավեճ չկար ՈՒկրաինայի իրադարձությունների առթիվ: Երևի նկատի էր առնվում, որ այդ գործը նախատեսված է հեռանկարի համար, ինչը չէր տեղավորվում Ջ. Բուշի նախագահության երկրորդ ժամկետի մեջ: Ենթադրվում էր ապահովել առնվազն ուժերի հավասարակշռություն, տևական քաղաքական ճգնաժամ, ինչը մեծ խնդիրներ կառաջացներ ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության քաղաքականության մեջ: Ներկայումս, եթե խոսելու լինենք ՈՒկրաինայում ԱՄՆ-ի ձախողումների մասին, ապա պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ռուս-ուկրաինական հարաբերությունների վրա, որոնք դեռևս չեն կարգավորվել, բայց անցել են սուր ճգնաժամի շրջանը, այլ ՈՒկրաինայի առնչությամբ Եվրամիության և Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա: Այդ հարաբերություններն այնքան էլ բարվոք չեն, բայց առճակատման չեն տարել: Համենայն դեպս, ՈՒկրաինան կարևոր առիթ, առավել ևս, պատճառ ու գործոն չի դարձել եվրա-ռուսական հարաբերությունների վատացման համար: Օբամայի վարչակազմը նախընտրել է փորձել պայմանավորվածության գալ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հարցերի շուրջ, և դրանով իսկ որոշ չափով թուլացրել է ուշադրությունն Արևելյան Եվրոպայում: Օբամայի վարչակազմում հասկանում են, որ Յանուկովիչը չափազանց ամուր է կապված հանրապետականներին և շատ բանով է պարտական նրանց, ինչը դժվարացնում է սերտ գործընկերությունը նրա հետ: Օբամայի վարչակազմն այդպես էլ ՈՒկրաինայի վերաբերյալ շատ թե քիչ մանրամասն առաջադրանք չի մշակել, նախընտրելով զբաղվել Վ. Յանուկովիչի ներքին քաղաքականության անիմաստ քննադատությամբ: Դա չի կարող չնյարդայնացնել Կիևին, որտեղ պատրաստ են սեփական լուման ներդնելու ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի գործում: Հազիվ թե ուկրաինական փողերը մեծ դեր խաղան ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում, բայց այն, որ հենց հանրապետականներն են Վաշինգտոնում ընդունելի դարձել «Տարածաշրջանների կուսակցության» քաղաքականության համար, կասկած չկա: Ամերիկացիները հիմա Յու. Տիմոշենկոյի պաշտպանության գործունեություն են ծավալել, որը, բացի ժամանակի անիմաստ վատնումից, այլ բանի չի կարող հանգեցնել:
Աջ կուսակցություններին պատկանող եվրոպացի նոր ղեկավարները համաձայնեցրել են իրենց ընդհանուր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, ինչն արմատական փոփոխություններ առաջ չի բերել: Ոչ մի նշան չկա, թե ամերիկյան քաղգործիչները գոհ չեն ՈՒկրաինայում տիրող իրադրությունից, չնայած բաց թողնված շատ հնարավորություններին, քաղաքական վերլուծության և նախագծման գործում թույլ տված սխալներին, ոչ ճիշտ հետևություններին, որ արվել են «հեղափոխության» և «հեղափոխական» գործընթացների արանքում: ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ ՈՒկրաինայում բանավիճային և իրապես քննարկվող է դարձել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը ինտեգրման սխեման, ինչն անհնարին չի դարձել քաղաքական խմբավորումներից և ոչ մեկի համար: Տեղի է ունենում տարզատում ոչ միայն ըստ տարածաշրջանների ու խոշոր կուսակցությունների պատկանելության, այլև տարածաշրջանների ու կուսակցությունների միջև:
Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև նկատվել են նաև բազմաթիվ քողարկված հակասություններ, որոնք արդեն ձեռք են բերել ոչ թե հուզական, այլ առարկայական բնույթ: ՈՒկրաինայի քաղաքական կուսակցություններն ու առաջնորդները դարձել են ավելի հասուն, կուտակել են հսկայական քաղաքական փորձ, նշմարվում են նոր խմբեր ու շահեր: ՈՒկրաինան փոխվել է, հասարակությունն ավելի բարդ է դարձել, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի և, առհասարակ, Արևմուտքի դիրքերի ուժեղացման: Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ, չնայած բավական լայն բանավեճին, որ Վաշինգտոնում ծավալվել է ՈՒկրաինայի թեմայի շուրջ, այդ խնդիրը Կոնգրեսում չի քննարկվել պատշաճ մակարդակով:
Ավարտելով թեման, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը չի կարող չվերանայել իր քաղաքականությունը, նախ և առաջ, մարտավարությունն ՈՒկրաինայի նկատմամբ: Միակողմանի նախապատվություններն այդ երկրում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման գործում արմատական փոփոխությունների չեն հանգեցրել: Այդ փորձերից հետո ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել ՈՒկրաինայի քաղաքական տարբեր ուժերի հետ հարաբերությունների զարգացման ծրագրերի մշակմանն ու իրացմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ