Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԱՄՆ-ի ազդեցության բացակայությունը՝ իբրև աշխարհաքաղաքական գործոն

ԱՄՆ-ի ազդեցության բացակայությունը՝ իբրև աշխարհաքաղաքական գործոն
28.11.2008 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
Երբ գաղութատեր տերությունները հեռանում էին իրենց ավանդական ազդեցության գոտիներից, այդտեղ, որպես կանոն, ծնունդ էին առնում ճգնաժամեր, լուրջ քաղաքական և ռազմական հակամարտություններ, որոնք շարունակվում են տասնամյակներ։ Բրիտանական տիրակալության դադարեցումն այդ իրողության դասական դրսևորումն է։ Ընդ որում, ակնհայտ է, որ նման իրավիճակում հակամարտությունները ծնվում են ոչ միայն լոկալ հակասություններից, այլև այն պատճառով, որ գոյանում է վակուում, երբ գոյություն չունի շահերի հավասարակշռություն ապահովող ուժ։
Այս դատողությունը, անշուշտ, նոր չէ, սակայն այս կամ այն չափով ակտուալ է Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքական ներկայությունը դիտարկելու պարագայում։ Հարցադրումը, թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի հիմնավորվել և դիմանալ այդ տարածաշրջաններում, առաջին անգամ առաջացավ Հայաստանում, և դա պատահական չէ։ ԱՄՆ-ը բավական արագ և աճող հետևողականությամբ որոշիչ դիրքեր զբաղեցրեց Հարավային Կովկասում ու հարևան տարածաշրջաններում և այժմ արդեն առաջատար դեր ունի այս տարածաշրջանների ապագայի քաղաքական ծրագրավորման, աշխարհատնտեսական յուրացման ու անվտանգության համակարգերի ձևավորման հարցում։ ԱՄՆ-ը Եվրասիայի ներքին տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասը, իր քաղաքականությունն իրագործել է Մեծ Բրիտանիայի հետ սերտ դաշինքի շրջանակներում, սակայն միաժամանակ հաճախ է անտեսել Լոնդոնի կարծիքը։ Երկու օվկիանոսյան տերություններն էլ կարողացել են ստեղծել բավական կարևոր, միջտարածաշրջանային նշանակություն ունեցող էներգետիկ-տրանսպորտային համակարգ, որը մեր տարածաշրջանում հավակնություն ունի գերակշռության։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ ճանապարհին առաջացող դժվարություններն ու պրոբլեմները միայն ավելի են ակտիվացնում ամերիկացիներին, և նրանք համառորեն առաջ են գնում դեպի ցանկալի նպատակը, այն է` գործնական վերահսկողության հաստատում և գերակշիռ ազդեցության ձեռքբերում այս տարածաշրջանի վրա։
Ամերիկացիների գործողությունները տարածաշրջանում դրսևորվում են մի շարք հետևողական ակցիաների ձևով, ինչը վկայում է, որ գոյություն ունի մանրամասն ծրագիր։ Ինչպես և նախորդ պատմական ժամանակաշրջաններում, «դասական» օվկիանոսյան տերությունների համար շատ դժվար է ուղղակի գործողություններ իրականացնել ոչ միայն մայրցամաքային տարածության խորքում, այլև նույնիսկ ծովեզրից երկու հարյուր կիլոմետր խոր ընկած հատվածներում։ Պարադոքս է, բայց փաստ, որ ԱՄՆ-ը չունի բավականաչափ ցամաքային զորքեր՝ մայրցամաքի ներսում մեկից ավելի քիչ թե շատ հաջողված և նշանակալի օպերացիաներ իրականացնելու համար։ Այդ պատճառով ԱՄՆ-ի համար շատ կարևոր են սերտ և պարտավորեցնող հարաբերությունները ինչպես խոշոր, այնպես էլ ոչ մեծ պետությունների հետ այն տարածաշրջաններում, որոնք գտնվում են նրա առաջնահերթ շահերի շրջանակում։ Դա վերաբերում է և՛ ծովափնյա, և՛ մայրցամաքի խորքում գտնվող տարածաշրջաններին։
ԱՄՆ-ը բախվել է բազմաթիվ պրոբլեմների ՈՒկրաինայում, սևծովյան ավազանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Առաջացել են բազմաթիվ խնդիրներ արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու առումով, և դրանք վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլև ամենից առաջ ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջատար եվրոպական գործընկերների հետ փոխհարաբերություններին։ Բացարձակ սնանկ դուրս եկավ ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանային դաշինքը՝ դառնալով ծաղրի առարկա, քանի որ ի սկզբանե այդ նախագիծն իր մեջ պարունակում էր էական հակասություններ։ Արևելաեվրոպական և եվրասիական այն պետությունները, որոնք ընդգրկվեցին ՎՈՒԱՄ-ի մեջ, ընդունակ չէին իրագործելու ինտեգրացիայի ինքնուրույն կուրս և համախմբվելու որևէ կարևոր խնդրի շուրջ։ Այդքանով հանդերձ, ԱՄՆ-ին հաջողվեց կարճ ժամանակում ձևավորել նոր հարաբերություններ, նոր ինստիտուցիոնալ և քաղաքական ստիլիստիկայի առումով միասնական կոնֆիգուրացիա արևելաեվրոպական, Հարավային Կովկասի և կենտրոնասիական տարածաշրջաններում։ Այս տարածաշրջանների պետություններում ներդրվել է պետական այնպիսի կառուցվածք և կառավարման համակարգ, որը, թեկուզ և շատ կողմերով ձևականորեն, բայց, այնուհանդերձ, նախագծված է ամերիկյան իրավական և տնտեսական համակարգերի նմանությամբ։ ՈՒստի հիշյալ պետությունների քաղաքական ու տնտեսական էլիտաները լիովին ինտեգրացված են այնպիսի գաղափարաքաղաքական դաշտում, որը կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքները, թեկուզ և, իհարկե, շատ կողմերով ունի արհեստական և ոչ լիարժեք բնույթ։ Այս տարածաշրջաններում ձևավորվում է նոր աշխարհ, որը հանգիստ կենսագործում է աստիճանաբար մեռնող հին աշխարհի հետ։
Սակայն գլխավորը, որ ընդգծում է ամերիկյան ներկայությունն այդ տարածաշրջաններում, տարածաշրջանային անվտանգության տարրերն են, որոնք ԱՄՆ-ի ջանքերով ավելի ու ավելի են միավորվում միասնական համակարգի մեջ։ Անվտանգության համակարգ` լիովին կողմնորոշված դեպի ԱՄՆ-ը, դեռ ձևավորված չէ։ Կասկած չկա նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ և չի էլ պատրաստվում ստեղծելու բացառապես դեպի Վաշինգտոն կողմնորոշված այդպիսի համակարգ։ Նման խնդիր երբեք չի դրվել, ինչպես որ երբեք ցանկություն չի եղել պատասխանատվություն ստանձնելու այդ տարածաշրջանների հաջող տնտեսական զարգացման համար։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ գոյություն ունենա որոշակի հակադրություն, ինչը հնարավորություն կտա այդ տարածաշրջաններում պետությունների վերահսկելի գոյության` հնարավոր և նույնիսկ հրատապ հակամարտություններով հանդերձ։ Տարածաշրջանային այսպիսի քաղաքականության տրամաբանական սխեման, սակայն, իրագործելի է միայն մեծ վնասներով ու կորուստներով։ ԱՄՆ-ի քաղաքականությունն անցած ժամանակահատվածում ցույց տվեց, որ այս տարածաշրջաններում գործընթացների բացարձակ համարժեք կառավարումը միայն բարի ցանկություն է։ Տարածաշրջաններում, ուր առկա են նաև այնպիսի պետությունների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Իրանը, ներառյալ եվրոպացիների որոշակի հավակնությունները, հնարավոր չէ հաստատել կանխատեսելի և արդյունավետ կառավարում։ Ամերիկացիների որոշ ծրագրերն ու առաջադրած խնդիրները շուռ են գալիս հենց իրենց դեմ՝ վերածվելով մեծ պրոբլեմների։ Տարածաշրջանային պրոբլեմները խորանում են նաև այն պատճառով, որ անցած 16 տարիների ընթացքում ԱՄՆ-ում իշխանության են եկել իրենց քաղաքական նպատակներով ու գաղափարախոսական առումով միմյանցից շատ կողմերով բևեռացված ուժեր` Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերը։ Չնայած այս երկու էլիտաների թվացյալ միասնությանը, նրանց քաղաքականության գաղափարախոսական բովանդակությունն ավելի մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, քան դա պատկերացնում են։ Այդ տարբերությունների նշանակությունն այդպես էլ իր արտահայտությունը չգտավ Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի քաղաքական գրականության հեղինակների աշխատություններում, ինչը բացատրվում է հին պատկերացումներով, որոնք առաջ են քաշել ռուսական ակադեմիական գիտական շրջանակները, որոնք ռուսական վերլուծական հանրության հետ համատեղ այդպես էլ չկարողացան առաջ քաշել ոչ մի հետաքրքիր և բովանդակային կանխատեսում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ։
ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքը հիշյալ տարածաշրջաններում այն է, որ եթե որոշ ենթադրյալ հեռանկարում Միացյալ Նահանգները դուրս մղվի այս տարածաշրջաններից, հազիվ թե որևէ մեկը կարողանա առաջարկել իրադարձությունների զարգացման այլ սցենար։ Ռուսաստանը կարևոր, բայց ոչ գերակշիռ դերակատարություն ունի վերոհիշյալ տարածաշրջաններում անվտանգության ապահովման առումով, եթե նկատի ունենանք, որ անվտանգության համակարգը ենթադրում է հակամարտությունների և լարվածության ստեղծման նախաձեռնություններ։ Առանց ԱՄՆ-ի ներկայության արդեն անհնար է պատկերացնել անվտանգության ապահովումն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում։ Ընդ որում, Ռուսաստանի հետ թեկուզ մոտավոր փոխըմբռնման հասնելու հույսերը, որ առկա էին Բիլ Քլինթոնի կառավարման շրջանում, անշուշտ, ԱՄՆ-ի համաձայնեցված գերակշռությամբ, այլևս չկան։ Ամերիկացիներն առաջարկեցին «համաձայնեցված հակադրության» քաղաքականություն, ռուսներն այն մերժեցին և դրանով իսկ Եվրասիան դատապարտեցին նոր «սառը պատերազմի», ուր արդեն անհամեմատ մեծ դեր են ունենալու Չինաստանն ու տարածաշրջանային տերությունները, եվրոպացիների հավակնություններն ու ՆԱՏՕ-ի հնարավոր քայքայումը։ Այս տարածաշրջաններից ԱՄՆ-ի ենթադրյալ բացակայության դեպքում իրավիճակը կվերածվի քաղաքական աղետի և կհանգեցնի տարածաշրջանների պետությունների անկախության և պետականության կորստին` ներառյալ առավել խոշոր պետությունները։ Միաժամանակ ԱՄՆ-ն իր ազդեցության հաստատման հետ մեկտեղ առաջարկում է լարվածության և հակադրության որոշակի մակարդակ, ինչն էլ պայմանավորում է ընտրության անհրաժեշտությունը կամ, ավելի շուտ, դրա բացակայությունը։ Այդ իմաստով ազատության աստիճանը բավական մեծ է, որպեսզի այս տարածաշրջանների պետությունները զգան քիչ թե շատ անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը։ Դրանով հանդերձ, անհրաժեշտ է գիտակցել, որ ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների անկախ պետականության և անվտանգության ապահովման գործում նշանակալի է ոչ միայն ռուսական էքսպանսիայի և ագրեսիայի վտանգը նկատի ունենալով, այլ նաև ելնելով այն հավակնություններից ու սպառնալիքներից, որոնք բխում են Չինաստանից, Թուրքիայից ու Իրանից։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների պետությունների անհամաչափ զարգացումը, նրանց տարբեր հնարավորությունները ռեսուրսների և մարդկային ներուժի առումով, պայմանավորելու են և ներքին վտանգների աճն այդ երկրներում։
Միաժամանակ ամերիկյան դիրքերի թուլացումը կամ նրա ազդեցության ենթադրյալ չեզոքացումը Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում աշխարհաքաղաքական աղետ է նշանակում նույն ԱՄՆ-ի համար։ Պետք է նկատի ունենալ, որ կենտրոնական և արևելաեվրոպական միացյալ տարածաշրջանում ձևավորվող պետությունների միավորումը և այդ ուղղությամբ ձեռնարկվող բազմաբնույթ ջանքերը նշանակություն ունեն ոչ միայն արևելաեվրոպական սցենարի շրջանակներում։ Մանավանդ որ այդպիսի սցենար, որպես ինքնուրույն նախագիծ, գոյություն չունի։ ԱՄՆ-ի քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում սերտ կապված է և նույնիսկ հանդիսանում է տրանսատլանտյան հարաբերությունների, ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականության մասը։ Այն ձեռք է բերում մեծ նշանակություն ոչ այնքան Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրան շրջափակելու տեսանկյունից, որքան Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ամենից առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության վրա ազդելու առումով։ Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության թուլացումը կնշանակի նրա համար գերտերության կարգավիճակի կորուստ, և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի արևելաեվրոպական ու եվրասիական քաղաքականությունը բոլորովին էլ լոկալ կամ «հումքային» բնույթ չունի, այլ պայմանավորված է համաշխարհային տիրապետության համար մղվող պայքարով։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Եվրոպայի պետությունները, որ վաղուց ինտեգրացված են եվրոպական քաղաքակրթության մեջ, ԱՄՆ-ի համար հատուկ արժեք են ներկայացնում իբրև «պատրաստի փորձադաշտեր» կամ «հրապարակներ» Եվրասիայում իր ազդեցության պահպանման համար։ Մանավանդ որ մայրցամաքի այլ պետություններ պատկանում են իսլամական կամ կոնֆուցիական-բուդդայական քաղաքակրթությանը։ Բացառությամբ որոշ «իսլամական օազիսների», ի դեմս ՈՒզբեկստանի, ներքին Եվրասիայի ողջ տարածքը արևմտականացված մշակույթի մի մասն է, և դա կարևոր ու այլընտրանք չունեցող ռեսուրս է ԱՄՆ-ի համար։
Քաղաքական գրականության հեղինակները ոչ միայն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում, այլև բուն Արևմուտքում գրեթե զուգահեռներ չեն անցկացնում հիշյալ տարածաշրջանների իրադարձությունների ու գործընթացների և Մերձավոր Արևելքի միջև։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում զարգանում են շատ կողմերով համանման իրադարձություններ, որոնք ոչ միայն ազդեցություն ունեն Եվրասիայի վրա, այլև ձևավորում են ԱՄՆ-ի քաղաքականության մոդելը եվրասիական տարածությունում։ Օրինակ, Ջորջ Բուշի վարչակազմի դիրքորոշումը մերձավորարևելյան, այսինքն՝ արաբա-իսրայելական կարգավորման վերաբերյալ, բացարձակ համապատասխանում է այն քաղաքականությանը, որն ԱՄՆ-ը վարում է Հարավային Կովկասի հակամարտությունների հետ կապված և ձևակերպվում հետևյալ դիրքորոշմամբ, թե կողմերը պայմանավորվում են միմյանց հետ, իսկ ԱՄՆ-ը աջակցում է նրանց։ Ներկայումս Իրաքում ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ, երբ երկրի՝ առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը, արաբական աշխարհն առհասարակ, ընդունում են, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում այդ պետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Անկասելի պատերազմ կսկսվի սուննի և շիա մահմեդականների միջև, կփլուզվեն քիչ թե շատ ինքնուրույն քրդական պետության ստեղծման բոլոր հույսերը։ Թուրքիան կոչնչացնի քրդական պետություն ստեղծելու բոլոր հիմքերը, Իրանը կներքաշվի սուննի-շիա պատերազմի մեջ, որը կարող է հանգեցնել ավելի լայն արաբա-իրանական պատերազմի, բացառված չէ նաև Սիրիայի ռազմական միջամտությունը։
Ի՞նչ տեղի կունենա Կենտրոնական և Հարավային Ասիայում, եթե ՆԱՏՕ-ն, իսկ գործնականում նույն ԱՄՆ-ը, դուրս բերի զորքերն Աֆղանստանից։ Միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահմանները կսկսվեն անկառավարելի գործընթացներ, և կրկին կառաջանա հավասարակշռող ուժի անհրաժեշտություն, որի դերը կարող է ստանձնել միայն ԱՄՆ-ը։ Ստեղծվել է բավական երկարաժամկետ մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, դառնալով իր իսկ քաղաքականության պատանդը, միաժամանակ վերածվելու է թեկուզ շատ հարաբերական անվտանգության միակ երաշխավորի։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը փորձում է փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շեշտադրումները Մերձավոր Արևելքից դեպի այն տարածաշրջանները, որտեղ իրական վտանգներ կան ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։ Այսինքն՝ Աֆղանստան ու Պակիստան, որոնք, կարծես, փոխարինելու են գալիս «հոգնած» Մերձավոր Արևելքին՝ իբրև արմատականության, անկառավարելիության և քաոսի գոտիներ։
Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում, հավանաբար, թերագնահատել են, թե ԽՍՀՄ-ի փլուզումը ինչպիսի հարված էր ռուս ժողովրդի համար։ Հետխորհրդային իրավիճակը, ԽՍՀՄ-ի՝ հարաբերական առումով անարյուն փլուզումը, ԱՊՀ-ի ստեղծումը, հետագայում թեկուզ թույլ, բայց կանոնավոր հարաբերությունները նախկին միութենական հանրապետությունների միջև ռուսներին հույսեր էին ներշնչում իրենց կայսրության արագ վերականգնման հնարավորության մասին։ Այդ հանգամանքը որոշակիորեն հարթում էր ռուսների մեջ կայսրության կորստի հետ կապված թշնամական ընկալումների առաջացումը։ Սակայն 2008 թ. օգոստոսյան իրադարձություններից հետո ռուսները կրկին փորձեցին ռևանշի հասնել։ Ընդ որում, ոչ թե ռևանշի արևմտյան հանրության, այլ նախկին միության մաս կազմող նոր պետությունների նկատմամբ։ Այդ նախագիծը, ինչպես միշտ, անիրագործելի դուրս եկավ ու պայթեց ամբողջ աշխարհի աչքի առջև։ Կշարունակի Ռուսաստանը կորցրած դիրքերը վերականգնելու փորձերը, թե կհամակերպվի աշխարհում իր կարգավիճակի հետ՝ սահմանափակվելով աշխարհաքաղաքական կարևոր կետերի ձեռքբերումով, «ջիբրալթարների» յուրօրինակ ցանցի ստեղծումով իր սահմանների երկայնքով, ցույց կտա ժամանակը։ Այսպես թե այնպես, օգոստոսին տեղի ունեցածն արագացնելու է Արևելյան Եվրոպայի և, առհասարակ, Եվրասիայի պետությունների հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի հետ։ Հատկապես ԱՄՆ-ի և ոչ թե արևմտյան հանրության, Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի։ Ճիշտ է, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում անհամեմատելի է Մերձավոր Արևելքի հետ։ Սակայն եթե այս տարածաշրջաններում առկա ռազմավարական հետաքրքրությունների տրցակից դուրս հանվի ամերիկյան խաղաքարտը, այդ պետություններին սպասում է ամենաթողությունն ու պետականության կորուստն առնվազն առաջիկա տասնամյակի ընթացքում։ Հետևապես, հիմնական հարցն այդ պետությունների ու ԱՄՆ-ի հարաբերությունների ձևաչափն է, թե ինչ ռիթմով ու հետևողականությամբ է այն զարգանալու։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ