ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Գետի ջրերին արցունք մի՛ խառնիր»

«Գետի  ջրերին արցունք մի՛ խառնիր»
30.03.2018 | 09:38

Մի մարդ, սաստիկ հուզված ու ալեկոծ սրտով, ձեռքերը մե՛կ գլխին տալով, մե՛կ ծնկներին, ախուվիշ անելով գնում է: Գետը հանդարտ հոսում էր ու ափերին զարկվելով` գնում առաջ: Մարդը մոտենում է գետին, կանգնում է ափին ու հեծկլտալով պատմում է իր մեծ վշտի մասին: Իսկ գետը լուռ հոսում է:
Մարդը զայրացած ասում է.
-Ինչ անսիրտ ես, գե՛տ, ես իմ վշտերն եմ քեզ պատմում, իսկ դու ինձ չես ցավակցում ու չես մխիթարում:


Գետը հանկարծ լեզու է առնում ու ասում.
-Է՜յ, մարդածի՛ն մարդ, ցավում եմ, որ վիշտ ունես: Համբերի՛ր մի քիչ, ու Աստված մխիթարություն կտա քեզ: Դու ես ու քո վիշտը. մի մարդու վիշտը որքան էլ մեծ լինի, էդ բեռը հեշտ է տանելը: Բա ես ու՞մ պատմեմ վշտերս:
-Դու ի՞նչ վիշտ ունես, ա՛յ, գետ, քեզ ու քեզ հոսում ես մեկ հանգիստ, մեկ` վարարուն, մեկ` ծանծաղ ու մեկ` խոր ու լայնահուն: Դու ամենաերջանիկն ես աշխարհում, որ երկրեերկիր ես գնում, մարդկանց երգ ու պարն ես լսում ու տեսնում, ափերիդ գեղեցիկ բնությունն ես վայելում, ձկների ուրախ խաղով ես հրճվում: Երանի՜ քեզ:


Գետը լսում է ու ծանր հոգոց հանելով` ասում.
- Քանի՜-քանի քեզ պես մարդիկ գալիս են, կանգնում իմ ափերին ու ողբում իրենց վիշտը, քանի՜-քանի մարդ, իր վշտին չդիմանալով, իրեն գցում է գետը, ու ես չեմ կարողանում նրանց փրկել: Իմ ջրերը շատ հեռվից են գալիս, շատ երկրներով, քաղաքներով ու գյուղերով են հոսում, հիմա դու հասկանու՞մ ես, թե ես որքան մարդկային վիշտ ու ցավ եմ տեսնում: Ես հոսում եմ անհիշելի ժամանակներից, անհիշելի` մարդկանց համար: Բայց ես հիշում եմ իմ ծնվելու օրը: Ես մի փոքրիկ վտակ էի, որ հալոցքից էի առաջացել: Իմ ճանապարհին ինձ միացան վտակ դարձած մեծ ու փոքր սառնորակ և պաղպաջուն աղբյուրների առվակները: Ես ուժ առած` ոլոր-մոլոր շարժվեցի առաջ: Սկզբում գնում էի` առանց շուրջս նայելու. ջահել էի, խենթ ու արագավազ: Բայց մի օր` գարնանը, երբ վտակներս շատացել էին, ու հունս լայնացել, մտա մի գյուղացու այգին ու իմ ջրերի հետ տարա նրա միակ որդուն: Այդ օրը ես առաջին անգամ հանդիպեցի վշտի հետ: Մայրը խելակորույս վազում էր իմ կողքով ու ճչում հուսահատ: Հետո նա իրեն գցեց իմ ջրերի մեջ, երևի ուզում էր փրկել որդուն: Ես չհասկացա. շատ էի ջահել: Մայրը կռիվ էր տալիս իմ ալիքների հետ, որ որդուն հասնի, իսկ ես ավելի էի արագացնում իմ վազքը: Իմ ջրերն այդ պահին կարծես ավելացան մոր և որդու արցունքներից: Երբ հասա ծով, ծովերի արքան ինձ իր մոտ կանչեց ու ասաց.
- Քեզ Արարիչը ստեղծել է, որ մարդկանց օգտակար լինես: Տե՛ս, գետի ջրերին արցունք չխառնես. ծովն առանց այն էլ շա՜տ է աղի:


Ես հասկացա, որ գետն իր ճամփան ինքը պիտի որոշի, ոչ թե խելառ ջրերն ազատ թողնի ու չկարողանա իր հունը պահել: Եվ ես իմ ճանապարհին նայում էի շուրջս և ընտրում ճանապարհս. գնում էի արտերի ու հանդերի, այգիների ու բոստանների կողքով, որ մարդիկ իմ ջրերը, առվակներ դարձրած, տանեն-հասցնեն իրենց արտ ու հանդերին, այգիներին ու բոստաններին, ջրաղացներին ու դարբնոցներին:


Ես բարեկամացա մարդկանց հետ, մարդիկ էլ ինձ էին սիրում ու մաքուր պահում իմ ջուրը: Բայց դա շա՜տ վաղուց էր: Հետո սկսվեցին պատերազմները. ավերվում էին արտ ու այգիներ, տներ ու տաճարներ, մարդիկ սպանում էին իրար և անթաղ մարմինները գցում գետը: Լացով ու հառաչով, արյունով ու արցունքով լցվել էր հունս ափեափ, և ես հիվանդ ու ծերացած մարդու նման հազիվ էի շարժվում: Ես գնում էի այդ ծանր բեռից կքած: Ես սարսափում էի ծովերի արքայի հանդիմանությունից: Սակայն երբ ծով հասա, տեսա, որ շատ գետեր իրենց ջրեղեն մարմնի վրա նույն բեռն են բերում և լցնում ծովը, որպեսզի իրենք ազատվեն այդ ծանրությունից: Լուռ էր ու խոժոռ ծովերի արքան. նա անկարող էր կառավարելու ջրերի աշխարհը, որովհետև մարդկանց չարությունն ու դաժանությունն անցել էին աստվածայինի սահմանը: Այդ օրվանից ամեն գետ ինքն էր իր ճակատագրի ու բախտի տերը:


ՈՒ լռեց գետը. ծանր խոկումներից հազիվ լսելի էր նրա շնչառությունը:

-Դու, մարդածի՛ն մարդ, չես դիմանում միայն քո՛ վշտին, իսկ ի՞նչ անեմ ես, որ ամեն օր լսում եմ մարդկային սրտի հառաչ ու լաց, տեսնում եմ անժամանակ մահ, պատերազմ, կոտորած ու ավերում: Ձեր անխոհեմ կյանքով և՛ դուք եք դժբախտանում, և՛ այլոց եք դժբախտացնում, և՛ ինձ եք վիշտ պատճառում: Գնա՛ և պատմի՛ր մարդկանց իմ վշտերի մասին. ասա նրանց, որ ձեր վիշտն ու ցավը նաև իմ վիշտն ու ցավն են, ու ես այդ վիշտն ու ցավը, մորմոքալով, աշխարհեաշխարհ եմ տանում: Իմացե՛ք. ուրախություն տաք, ուրախություն կտանեմ աշխարհին: Ես ծովերի արքայի խորհուրդը չեմ մոռացել` «Գետի ջրերին արցունք մի՛ խառնիր»: Օգնե՛ք ինձ` խոստումս կատարելու:


ՈՒ լռեց գետը, հետո հորձանք տվեց ու թեքեց հունը:
Մարդը, մոռացած իր վիշտը, կանգնած էր գլխիկոր, ու երբ սթափվեց, գետն արդեն փոխել էր իր ճանապարհը:
ՈՒ հասկացավ մարդը, որ իր վիշտը լոկ պատասխան էր իրեն` մեկ ուրիշին վշտացնելու համար, նա էլ ուրիշին էր վիշտ պատճառել, և այդպես մարդիկ վիշտը փոխանցում էին միմյանց, և այդ վշտից տնքում էին մարդիկ, տնքում էր գետը, տնքում էր աշխարհը: Եվ ասես նորից հնչեց գետի ձայնը. «Ձեր անխոհեմ կյանքով և՛ դուք եք դժբախտանում, և՛ այլոց եք դժբախտացնում, և՛ ինձ եք վիշտ պատճառում: Իմացե՛ք, ուրախություն տաք, ուրախություն կտանեմ աշխարհին…»:


Եվ մարդը խոստացավ գետին, որ նրա ջրերին երբեք վիշտ չի խառնի: ՈՒ գնաց, որ բարի խոսք ասի այն մարդուն, ով իրեն վիշտ էր պատճառել, որպեսզի նրա վշտացած սիրտն էլ թեթևանա և էլ երբեք ոչ ոքի վիշտ ու դժբախտություն չբերի… Ինքն ամեն ինչ կանի, որ վիշտը ինքը մեռնի, և գետը ծովերի արքայի տված պատվիրանը` «Գետի ջրերին արցունք մի՛ խառնիր», պատվով կատարի:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 28043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ