«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչու՞ և ու՞ր են արտագաղթում Ադրբեջանից

Ինչու՞ և ու՞ր են արտագաղթում Ադրբեջանից
21.10.2017 | 13:44

Մեկ միլիոն մարդ այսօր ապրում է Ադրբեջանից դուրս, 760 հազարը` Ռուսաստանում, 5000 ադրբեջանցիներ ռուսական անձնագրեր են ստացել այս տարվա առաջին կեսին։ Գործազրկությունը, կայունության ու անվտանգության բացակայությունը ստիպում են հեռանալ հայրենիքից։ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական միգրացիայից, փորձագետները հեգնանքով են նայում այդ թվերին ու նախազգուշացնում են որակյալ մասնագետների կորստի մասին:


Migration Policy Institute-ի տվյալներով` այսօր 1 միլիոն 147000 ադրբեջանցի ապրում է այլ երկրներում։ 767 000-ը ապրում են Ռուսաստանում, 82 000-ը` ՈՒկրաինայում, 48 000-ը` Ղազախստանում, 20 000-ը` ԱՄՆ-ում ու ՈՒզբեկստանում, 19000-ը` Գերմանիայում, 17000-ը` Թուրքիայում։ Միայն այս տարվա առաջին կեսին, ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով, 5000 ադրբեջանցի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով` վերջին տասնամյակում Ադրբեջանից Ռուսաստան եկածների թիվը ամեն տարի գերազանցում է Ռուսաստանից Ադրբեջան եկածների թվին նվազագույնը 10 000-ով: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է բնակչության մշտական աճի և դրական միգրացիայի մասին։ Ադրբեջանի վիճակագրական պետական ծառայության տվյալներով` 2016-ին արտասահմանում մշտական բնակության համար երկրից հեռացել է 1700 մարդ, իսկ նույն նպատակով եկել է 3200-ը: Դրական հաշվեկշիռն անփոփոխ պահպանվում է 2008-ից։ Սակայն մասնագետները հեգնանքով են վերաբերվում պաշտոնական վիճակագրությանը: Տնտեսագետ Թողրուլ Մաշալիի կարծիքով` վիճպետկոմի դրական միգրացիոն տվյալները հազիվ թե արտացոլում են իրականությունը։ «Վիճպետկոմին վաղուց հարցեր կային միգրացիայի դրական հաշվարկի վերաբերյալ,-ասում է տնտեսագետը:- 1990-ականներին նրանք արձանագրեցին միգրացիայի անհավանական ցածր մակարդակ»։ Նրա խոսքով` խնդիրը մեթոդոլոգիական է։ «Եթե մարդը մեկնում է երկարատև ուսման, նրանք չեն արձանագրում մեկնումը, նաև միգրանտներ չեն համարում նրանց, ովքեր վաղուց ապրում են Ռուսաստանում և ժամանակ առ ժամանակ վերադառնում են»` ասում է Մաշալին։ «Խոսքը միայն նրանց մասին է, ովքեր մեկնումի պատճառը պաշտոնապես արձանագրել են իբրև արտագաղթ, այդ պատճառով է մեր վիճակագրությունն այդքան տարօրինակ տարբերվում ռուսական ցուցանիշներից»` բացատրում է տնտեսագետը։


«Դա հետխորհրդային և ոչ միայն ադրբեջանական լայն տարածում գտած երևույթ է, երբ վիճակագրությունը ծառայում է քաղաքական նպատակներին»` ասում է սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը: Նրա խոսքով` պաշտոնապես ցածր արտագաղթը տնտեսական հաջողությունների հաստատումն է։ «Պաշտոնական քննարկումներում ոչ ոք թվերով չի խաղում, պաշտոնական տվյալները հասանելի են տարեկան մի քանի հարյուր մարդու միայն,- ասում է սոցիոլոգը։- Կոնկրետ տվյալների փոխարեն պաշտոնական ելույթներում հնչում են պարծենկոտ նոտաներ նախադեպը չունեցող աճի մասին, բայց ապրելով երկրում` դու տեսնում ես, թե քո շրջապատից ինչքան մարդ է հեռացել»։ Նրա խոսքով` վիճպետկոմի տվյալները նաև հաշվի չեն առնում սեզոնային միգրացիան` նրանց, որ կես տարով մեկնում են Ռուսաստան ու վերադառնում են: Անտեսվում են նաև նրանք, որ երկու, երեք քաղաքացիություն ունեն։ Միգրացիայի թեմայի քաղաքականացվածության մասին է գրում և միգրացիոն գործընթացներն ուսումնասիրած Արիֆ Յունուսը «Վիճակագրական տվյալներ Ադրբեջանից արտագաղթի մասին» հոդվածում, որ գրվել է Consortium for Applied Research on International Migration (CARIM) կազմակերպության համար։ «Միգրացիայի ուսումնասիրությունը` ինչպես ներգաղթի, այնպես էլ արտագաղթի, տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրներով, ամբողջական չէ։ Միգրանտների հաշվարկի թեման արդեն քաղաքականացված է ժամանակակից Ադրբեջանում և լրջորեն ազդում է հաշվարկների վրա»` կարծում է նա։ «1992-93-ին ես գլխավորում էի նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական բաժինը և մեզ ամեն եռամսյակը մեկ Վիճպետկոմը ծառայողական տեղեկագրեր էր ներկայացնում,- պատմում է Արիֆ Յունուսը։- Երբ ավելի ուշ բացվեցին Վիճպետկոմի և միգրացիոն ծառայության կայքերը, ես տեսա, որ 90-ականների հին տվյալները սրբագրված են»։ Յունուսը հաստատում է, որ ճիշտ նույնությամբ հավաստի չեն մարդահամարի տվյալներն Ադրբեջանում։ «Մեր պետությունը փորձում է ապացուցել, որ երկրում ամեն ինչ լավ է,- ասում է նա։- Բայց եթե լավ է, ինչու՞ են մարդիկ հեռանում»։


Աշխատանք` Թոմրիդն աշխատում է Ռուսաստանում արդեն 7 տարի, բնակարան է վարձում Մոսկվայի մերձակայքում: Բաքվում նա նավթագործ էր։ Երբ պայմանագիրը չերկարացրին, նա չկարողացավ լավ վճարվող աշխատանք գտնել և տեղափոխվեց:
«Ես չգիտեմ` ինչ կանեի Բաքվում,- ասում է Թոմրիդը։- Ժամանակ առ ժամանակ գնում եմ Բաքու, և իմ բոլոր ծանոթները կամ իրոք հիանալի աշխատանք ունեն կամ անգործ նստած են տանը: Ես վստահ չեմ, որ անգործ չէի մնա»։
Անվտանգություն` հոգեբան Ռուստամը Գերմանիա է մեկնել այս տարվա սեպտեմբերին և ասում է, որ մեկնումի գլխավոր պատճառն անվտանգությունն էր։ «Առաջին անգամ հեռանալու միտքը ծագեց 2 տարի առաջ` Բինաղադի տխրահռչակ հրդեհի ժամանակ, երբ երեխաներ զոհվեցին: Այն ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ իմ ընտանիքը պաշտպանված չէ»։ Ռուստամը ծանոթներից իմացավ, որ Գերմանիայում բժիշկների կարիք կա ու բժշկի համար դժվար չէ այնտեղ մեկնել ու սկսեց զրոյից գերմաներեն սովորել: «Ես վստահ չէի Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը, իմ երեխաների բարեկեցությանը ու թոշակառուի իմ կյանքին»` ասում է նա:


Կյանքի ընդհանուր որակ` Ռուստամն ապրում է Մյունխենից ոչ հեռու Բադ Շուսենռիդ փոքր քաղաքում։ «Ի տարբերություն Ադրբեջանի` այստեղ ծայրամասի զգացողություն չկա, լավ ինֆրակառույցներ են` կայարան կա, 3-4 մեծ խանութ, փոստ` ես կարող եմ ամեն ինչ գտնել` առանց քաղաքից դուրս գալու»` ասում է նա: Գները քաղաքում ավելի բարձր են, քան Բաքվում, բայց աշխատավարձն էլ բարձր է։ Մի քանի ամսից, երբ վերապատրաստումն ավարտի` Ռուստամը կանցնի լրիվ աշխատավարձի և կկարողանա տեղափոխել կնոջն ու երկու դուստրերին: Նա հույս ունի, որ դա կլինի մինչև նոր տարի, որ ավագ դուստրը կարողանա դպրոց գնալ արդեն այստեղ։ «Նա այստեղ կսովորի գերմաներեն ու կգնա երեխաների ու մեծերի համար ինտեգրման դասընթացների, որտեղ սովորեցնում են հարկերը վճարել ու աղբը առանձնացնել»` ասում է Ռուստամը:
Հեռանկարի բացակայություն. «Ես Բաքվում վատ չէի ապրում, շատ ընկերներ ունեի, հիանալի, բարձր վճարվող ու հետաքրքիր աշխատանք,-պատմում է Վարշավայում ապրող մանկավարժ Լյուդմիլան։- Բայց ես գիտեի, որ բարեկեցության պղպջակը երկրի շուրջ, որ այսքան տարի փչում են, պայթելու է ու ամեն ինչ վատանալու է»։
Կոռուպցիա. «Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չէր տալիս առաջ գնալ,- ասում է նա:- Դեռ խորհրդային տարիներին մեր ընտանիքում ոչ մի կուսակցական չկար, պապս նավաստի էր ու կապիտան չդարձավ, տատս լաբորանտ էր, հայրս` ինժեներ։ Ինչպես նրանք, ես չէի տեղավորվում համակարգում ու կաշառք չէի վերցնում»։


Այդին Միրզազադեն` խորհրդարանի պատգամավոր ու «Նոր Ադրբեջան» կուսակցության բարձրաստիճան անդամ, ասում է, որ Ադրբեջանի վճակագրության տվյալները լիովին օբյեկտիվ են։ «Այդ տվյալները չեն կարող քաղաքականացված կամ աղավաղված լինել, այլապես գոնե մեկ միջազգային կազմակերպություն այդ մասին կհայտարարեր,- վստահ է պատգամավորը:- Միգրացիա Ադրբեջանում իսկապես կա, բայց միայն այն պատճառով, որ ամբողջ աշխարհն է շարժման մեջ ու ցանկացած ադրբեջանցի ինքն է որոշում` որտեղ է իրեն հարմար ապրել»։ Նա պնդում է, որ գոյություն ունի մեծ արտագաղթ դեպի Ադրբեջան. «Խոսքը միայն զարգացող երկրների մասին չէ: Այստեղ գալիս են հարևան պետություններից ու Ամերիկայի երկրներից»։ Նրա խոսքով` միգրացիայի վրա ազդող դժվարություններ կան, որոնց հետ պետությունը հաջողությամբ պայքարում է. «Ադրբեջանի որոշ շրջաններում կա զբաղվածության խնդիր կամ երբեմն ծառայությունները այլ երկրներից նվազ որակյալ են»։ «Բայց հաշվի առնելով, որ մենք երիտասարդ երկիր ենք և Հայաստանի հետ պատերազմական վիճակում, զարանալի չէ, որ դժվարություններ են ծագում, որը, իհարկե, ոչ մեկից պատասխանատվությունը չի հանում,- հիշեցնում է նա։- Սակայն եթե դիտարկենք դինամիկան, Ադրբեջանը դառնում է առավել հաջողակ ու բարեկեցիկ երկիր ներգաղթի համար»։


Ադրբեջանցիները երկրից հեռանում են ոչ միայն աշխատանքի որոնումներում։ Մասնագետները նշում են, որ վերջին տարիներին փոխվել է արտագաղթի կառուցվածքը: «Փոխվել են տրենդները,- ասում է Արիֆ Յունուսը։- Եթե առաջ Ռուսաստան էին մեկնում հիմնականում միջին տարիքի մարդիկ գյուղական բնակավայրերից, այսօր մեծացել է Եվրոպա մեկնողների թիվը` ընդ որում` ավելի ցածր տարիքի և որակավորված կադրերն են հեռանում»։ Նրա խոսքով` այսօր հեռանում են նրանք, որ լավ կրթություն են ստացել ու չեն կարողանում արժանավայել աշխատանք գտնել Ադրբեջանում։ «Երկիրը լքողներից շատերը նախկին ուսանողներն են, որ մնում են Եվրոպայում աշխատելու,- ասում է Սերգեյ Ռումյանցևը։- Բաքվից հեռանում են տեխնիկական ու կիրառական մասնագիտությունների տերերը, որ մեծ պահանջարկ ունեն` ինժեներներ, ծրագրավորողներ, IT մասնագետներ, բժիշկներ»։ «Այո, ուղեղների արտահոսք կա և դա տեսանելի է անզեն աչքով,- վստահ է տնտեսագետ Թողրուլ Մարշալին։- Իմ շրջապատից հեռանում են 20-25 տարեկանները, որ չեն կարողանում աշխատանք գտնել, նաև նրանք, որ թողնում են լավ աշխատանքը` պարզապես այլ կյանք ընտրելով»:
Մահերամ ԶԵՅՆԱԼՈՎ, ВВС


Հ.Գ. Բարեկեցության պղպջակը, անվտանգությունը, հեռանկարի բացակայությունը, գործազրկությունը, երիտասարդների նոր պահանջները` ծանոթ պատկերներ են, չէ՞: Ռուսաստանն ու Եվրոպան ողողող ադրբեջանցիները հազիվ թե առաջիկայում համալրեն ներգաղթյալների ցուցակները, իսկ դա մեզ համար լրացուցիչ վտանգ է ստեղծում նույն Ռուսաստանում ու եվրոպական երկրներում` նախ ազգային անհանդուրժողականությունը, որ ադրբեջանցիներին ներշնչել է իշխանությունը, երկրորդ` ձևավորվում է կայուն ադրբեջանական սփյուռք` իր կառույցներով: Իսկ նկատեցի՞ք, որ ամենաքիչը ադրբեջանցիները հեռանում են «եղբայր Թուրքիա»` ընդամենը 17000։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ