«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

2030-ին Չինաստանում ավելի շատ քրիստոնյա է լինելու, քան ԱՄՆ-ում

2030-ին Չինաստանում ավելի շատ  քրիստոնյա է լինելու, քան ԱՄՆ-ում
20.06.2014 | 11:49

Վերջին ժամանակներս, երբ Արևմուտքում քրիստոնեությունն ավելի է նվազում, և ԱՄՆ-ում, Եվրոպայում հեթանոսական բարքերն ու չափանիշներն են վեր հառնում, միաժամանակ Արևելքում` մասնավորապես Չինաստանում, թեև ավանդական կրոնները դաոսիզմն ու բուդդիզմն են, քրիստոնեական հավատը ծաղկում է, չնայած չինական կոմունիստական կառավարությունն այնքան էլ հանդուրժողականություն չի ցուցաբերում:

Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ երկիր, սակայն բողոքականների թիվը այս երկրում 2025-ին կարող է դառնալ 160 միլիոն: Եթե գումարենք նաև կաթոլիկներին, ապա 2030-ին, ամենայն հավանականությամբ, քրիստոնյաների թիվը Չինաստանում կկազմի 247 միլիոն մարդ կամ ավելի: Թվով ավելի փոքր են ուղղափառ եկեղեցիների դավանորդները: The Christian Post պարբերականը նշում է, որ տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ վկայում են, որ Չինաստանը մոտ ապագայում դառնալու է ամենամեծ քրիստոնեական համայնք ունեցող պետությունը: Ըստ Operation World-ի տվյալների` այսօր Չինաստանում բնակվում է 130 միլիոն քրիստոնյա: Ըստ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի տվյալների` ներկայումս քրիստոնյաների ճշգրիտ թիվը տատանվում է 22 միլիոնից մինչև 100 միլիոն: Նրանցից 40 միլիոնը խարիզմատիկ ուղղության հետևորդներ են, որոնք հավաքվում են տներում: 14 միլիոնից ավելի քրիստոնյա որևէ հաստատությունում գրանցված չէ: 5 միլիոնը «Նոր ծնունդ» կոչվող շարժման հետևորդ է և այլն: Չինական հետազոտական կենտրոնները ներկայումս նշում են 65 միլիոն քրիստոնյա, իսկ ուղղափառ եկեղեցիների հետևորդներին` մինչև 60000 հոգի: Ամբողջ խնդիրն այն է, որ բազմաթիվ եկեղեցիներ հաշվառված չեն և հնարավոր չի լինում հստակ իմանալ քրիստոնյաների թիվը: Նրանց մի զգալի մասն ապրում է գյուղական համայնքներում և իրենց հոգևոր արարողություններն անցկացնում են տներում: Պաշտոնական վիճակագրությունը քրիստոնյաների վերաբերյալ այսօր չափվում է պաշտոնապես մկրտված հավատացյալների թվով Չինաստանում: Եվ քրիստոնյա են համարում 18 տարին լրացած անձից սկսած, ով այդ տարիքում միայն կարող է ընդգրկվել որևէ քրիստոնեական եկեղեցու համայնքի մեջ, որը գրանցված է պետության կողմից: Այդ ցուցանիշը 21 մլն է, սակայն հստակորեն ասվում է պաշտոնական հայտարարության մեջ. «Մենք գիտենք, որ շատ ավելի են»: Նրանք ընդունում են, որ շատ դժվար է իմանալ ճշգրիտ թիվը, քանի որ բազմաթիվ քրիստոնյաներ ապրում են նաև գյուղերում, որտեղ ճշգրիտ վիճակագրություն չկա, և շատ եկեղեցիներ դեռ չեն գրանցվել տեղական իշխանությունների ռեգիստրում և, հետևաբար, ճշգրիտ թվեր հասանելի չեն: Ոչ ոք չգիտի ճշգրիտ թիվը: Այդ իսկ պատճառով դժվար է հստակ ասել, թե որքան քրիստոնյա կա Չինաստանում: Շատ հավատացյալներ, ովքեր հաճախում են տնային եկեղեցիներ, հաճախ մասնակցում են նաև գրանցված եկեղեցիների արարողություններին, որովհետև ցանկանում են կառուցված եկեղեցական շենքերում երկրպագել Աստծուն: Իսկ որոշ քրիստոնյաներ, ովքեր հաճախում են գրանցված եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքներին, շաբաթվա ընթացքում մասնակցում են նաև տնային եկեղեցիներում կատարվող արարողություններին: Բայց մեծ քաղաքներում մարդիկ ավելի շատ հաճախում են եկեղեցական շինություններ և եկեղեցիներ:
Երկու այլ հետազոտություններ, մեկը կատարված «Չինաստանի գործընկեր» կազմակերպության, մյուսը` Շանհայի համալսարանի կողմից, նշում են 38-40 մլն քրիստոնյա: Ըստ որոնց` համեմատելով 1949-ի Չինաստանի 700 000 քրիստոնյաների քանակն այսօրվա 38-40 միլիոնի հետ, երևում է, թե ինչպես է քրիստոնեությունն արագորեն աճել վերջին 50 տարում: Մեկ այլ հետազոտության համաձայն` 2010 թ. Չինաստանում ապրում էր 52 միլիոն քրիստոնյա, որից 40 միլիոնը` բողոքական, իսկ 12 միլիոնը` կաթոլիկ:
Երբ Չինաստանի կոմունիստները 1949-ին եկան իշխանության, նրանք սահմանափակեցին քրիստոնյա միսիոներների գործունեությունը, բայց միաժամանակ հնարավորություն տվեցին եկեղեցիներին գործելու կառավարության վերահսկողության ներքո: 1949 թ. մոտավորապես եղել է 700000 քրիստոնյա Չինաստանում: Չինացի քրիստոնյաները արժանացան դաժան հալածանքների Մաոյի իշխանության ժամանակ` 1960-70 թվականների մշակութային հեղափոխության տարիներին: Նա կրոնը համարում էր «թույն»: Այնուամենայնիվ, քրիստոնեությունը շարունակում էր արագ աճել: 1979-ի հրամանագրով եկեղեցիներ կարող էին գործել, եթե գրանցված էին, որով հայտնվում էին վերահսկողության տակ: Առաջին եկեղեցին վերաբացվել է Մաոյի մահից հետո` 1979-ին: Այնուհետև վերաբացվել են մյուս հին եկեղեցիները և կառուցվել են բազմաթիվ նոր եկեղեցիներ: Կոմունիստական կառավարությունը ցանկանում է, որ քրիստոնյա առաջնորդները քարոզեն կոմունիստական ճանապարհով: Նրանք ուզում են, որ եկեղեցիները մարդկանց կոմունիստական ոգով քրիստոնեական կրթություն փոխանցեն: Այդուհանդերձ կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք գրանցված չեն, և նրանց հավատացյալները հավաքվում են տներում: Կառավարությունը նրանց չի վստահում, բայց ստիպված հանդուրժում է, որովհետև չի ցանկանում թշնամի հայտարարել այդ չինացի մարդկանց, որոնք չափազանց շատ են: Այժմ հաշվառված են ավելի քան 55000 եկեղեցի և հանդիպման վայրեր: Թեև այս թիվը, իհարկե, տարեցտարի աճում է: Հաշվառված չեն բազմաթիվ չգրանցված, այսպես կոչված, տնային եկեղեցիները: Կա մոտ 4000 ձեռնադրված հովիվ, մեկ երրորդը կանայք են: Բացի այդ, ավելի քան 100000 աշխարհականներ ներառված են եկեղեցական տարբեր ծառայություններում: Չգրանցված և հաշվառված եկեղեցիները ֆենոմենալ կերպով աճում են: Չինաստանում 80-ական թվականներին արդեն գործում էր 20-ից ավելի աստվածաբանական հաստատություն: Բացի այդ, շատ կան աստվածաշնչյան ուսուցման կենտրոններ, որոնք պատրաստում են հոգևոր առաջնորդների: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի 500000 մկրտություն է գրանցվում Չինաստանում: Այլ տվյալներով` ամեն տարի մինչև 1000000 անձ դառնում է քրիստոնյա: Ավետարանչություն թույլատրվում է, բայց միայն պետության կողմից հաստատված կրոնական վայրերում և մասնավոր դեպքերում: Ավետարանելու ձևերից մեկը եկեղեցին Չինաստանում իրականացնում է հարսանիքների և թաղումների ժամանակ: Յուրաքանչյուր եկեղեցի նաև հովանավորում է իր հոգևոր գործունեության լուսաբանումը: Ավետարանչության առավել կարևոր ձև են դարձել անձնական վկայության կերպը և փոփոխված կյանքը: Այլ կերպ ասած, քրիստոնեական կյանքով ապրելակերպը դարձել է արդյունավետ ավետարանչության ձև Չինաստանում: Շատ չինացի քրիստոնյաներ ներգրավված են սոցիալական ծրագրերի մեջ, ինչպիսիք են մանկապարտեզների կառուցումը, աղքատներին աջակցումը: Այս ամենը հաճախ համակարգվում է Չինաստանի քրիստոնեական խորհրդի հիմնադրած AMITY բարեկամության հիմնադրամի կողմից: Այն ունի ավելի քան 1000 ծրագիր, որոնք ներառում են համայնքային զարգացման, ջրի խնդիրների հետ կապված, բարեկեցության ծրագրեր: Հիմնադրամի գործունեությունը շատ կարևոր է եկեղեցու համար, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը հասարակության մեջ, այնպես որ մարդիկ տեսնում են ոչ միայն ավետարանի քարոզչություն, այլև կարիքավոր մարդկանց նկատմամբ խնամք և հոգատարություն: Չինաստանում սոցիալական այս ծառայությունները ցույց են տալիս, որ եկեղեցին մի կազմակերպություն է, որը ծառայում է հասարակությանը: Այսօր Չինաստանը համարվում է նաև այն երկրներից, որտեղ Սուրբ գիրքն ունի ամենամեծ տպաքանակը:
Այդուհանդերձ այս ամենին զուգահեռ քրիստոնյաների հալածանքը շարունակվում է, հատկապես ոչպաշտոնական եկեղեցիների հանդեպ: Ըստ The World Watch List-ի` Չինաստանը ներառված է քրիստոնյաներին հալածանքների ենթարկող հիսուն երկրների շարքում և զբաղեցնում է 37-րդ տեղը: Հալածանքներն իրականացվում են ավելի շատ արևելյան նահանգներում, որտեղ քրիստոնյաները քիչ են: Քանդվում են եկեղեցիներ կամ գմբեթներից հանվում են խաչերը: Ընդհատակ անցած քրիստոնյաներին, եթե հայտնաբերում են, ձերբակալում են: Անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում չգրանցված եկեղեցիների անդամների նկատմամբ: Հալածանքի են ենթարկվում ավելի շատ կաթոլիկները, որոնք իրենց հավատարմությունն են հայտնում Հռոմի պապին: Սկզբնական շրջանում Չինաստանում ավելի շատ կաթոլիկներ կային, քան բողոքականներ: Սակայն կաթոլիկների հանդեպ խտրականությունը և հալածանքները նվազեցրին նրանց տարածումը ողջ երկրով մեկ: Մյուս կողմից` կաթոլիկները բաժանվեցին երկու խմբի` Վատիկանին հավատարիմները` թվով 10 միլիոն, և մյուս խումբը, այսպես կոչված, չինացի ազգայնական կաթոլիկները, որոնց թիվը հասնում է մինչև 4 միլիոնի: Հալածանքների պատճառով շատ քրիստոնյաներ չեն բացահայտում իրենց կրոնական ինքնությունը: Պատճառներից մեկն էլ դա է, որ քրիստոնյաների ճշգրիտ թիվը Չինաստանում հայտնի չէ: Այնուամենայնիվ, շատ հետազոտական կենտրոններ վկայում են, որ ներկայումս քրիստոնեությունը մեծ չափով տարածվում է Չինաստանում և 2030-ին Չինաստանում ավելի շատ քրիստոնյա է լինելու, քան ԱՄՆ-ում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի
գիտավերլուծական կենտրոնի փորձագետ

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ