ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իրերն ու մարդկանց անվանենք իրենց անուններով

Իրերն ու մարդկանց անվանենք իրենց անուններով
11.09.2012 | 03:50

Աշնան հետ քաղաքական կյանքը սլացիկ մտավ նախագահական ընտրությունների շրջափուլ, ավելի ճիշտ` գործընթացի ավարտական փուլ:

Թեպետ նախագահական ընտրություններն այս տարի չեն, բայց 2013-ի փետրվարն ամեն քայլում ու ամեն կիսաքայլում կա: Գործնականում նախագահական ընտրությունների արդյունքը 2013-ի փետրվարին միայն իրավական ձևակերպում է ստանալու, և ինչ հիմա կատարվում է նախագահական ընտրությունների շրջագծում, ընդամենը ֆինանսական-տնտեսական դիրքերի ամրապնդման գործընթաց է: Սա` երկրի ներսում: Երկրից դուրս, աշխարհաքաղաքական կտրվածքով, Հայաստանը հայտնվել է չբարձրաձայնվող ու չդադարող մրցակցության նոր փուլում. եթե առաջ մրցակցությունը հնարավորություն էր տալիս հավասարակշռություն պահպանելու կողմերի միջև ու նպաստավոր դիրքեր ստանալ, այժմ ընտրության խնդիր է ծագում: Իմա` փոխլրացումը ո՛չ մեր ընտրությամբ, և ո՛չ մեր վարած ու չվարած քաղաքականության պատճառով աստիճանաբար վերածվում է փոխբացառման: Այս կետում մեր պետականության համար ամենավտանգավորը դրսից թելադրվող որոշումներով սեփական քայլեր կատարելու պատրանքին տրվելն է: ՈՒ այդ պատրանքը հասարակությանը համադարման ներկայացնելը:
Այդ պատրանքի դաժան դեմքը ցույց է տալիս ՀԱԿ-ի ներկան: Քաղաքական ասպարեզ գալով իբրև ռեալ փոփոխությունների հույսի ու հենարանի խորհրդանիշ` Լևոն Տեր-Պետրոսյանը բախվեց իրեն շատ ծանոթ, համարյա նույն իրավիճակին, որում հրաժարական էր տվել` իբրև նախագահ նա Հայաստանին պետք չէր աշխարհաքաղաքական գնահատականով. Հայաստանի համար ուրիշ ճանապարհ էր գծվում, Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ճանապարհին ոչ միայն չէր ընկալվում իբրև անկախ պետականության հիմնադիր նախագահ, այլև նոր պայմաններում չէր բավարարում իր քաղաքական ու մարդկային կերպարով: Մեկ տասնամյակ անց նա վերադարձավ` ոչ մի հույս չունենալով, պարզապես հավատալով, որ աշխարհը փոխվել է: Աշխարհը, իրավ, փոխվել էր, բայց նույնն էին մնացել շահերը: Անցյալի դառը ու ճակատագրական փորձից ելնելով նա, ի ծնե պրագմատիկ, համարյա առանց ընտրության` ընտրեց պրագմատիզմը: Բայց մինչ այդ ու դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր կյանքի ճակատագրական նույն սխալը` նա չվստահեց ժողովրդին, նա խաղը ժողովրդի վրա չդրեց, նա չհավատաց, որ ժողովուրդն իր երկրում կարող է իրավական ճանապարհով հաջողության հասնել: Նա հավատաց քաղաքագիտական հաշվարկներին ու տարաշխարհիկ պատրանքներին: Նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի իրադարձություններից հետո շատ քչերն իրավունք ունեն նրան մեղադրելու այս ընտրության համար, այն քչերը, որ կարող էին իրադարձությունների զարգացման այլ սցենար ոչ միայն առաջարկել, այլև իրականացնել: Բայց, որքան էլ պարադոքսալ է, նրան մեղադրելու իրավունք ու հնարավորություն ստացան բոլորը` իր նահանջի, իր պրագմատիզմի, երկրից դուրս երկրի հարցերի լուծումները որոնելու և ժողովրդին մենակ թողնելու մեջ: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հրաժարականն էր, որ ավելի վտանգավոր ու ավերիչ եղավ հետևանքների մեջ: Ոչ իր մեղքով: 1998 թվականի և 2008 թվականի Հայաստանը շատ տարբեր երկրներ էին: 1998-ին աշխարհն էլ այլ էր:

2008-ին թե՛ ներսում, թե՛ դրսում իրադարձությունները զարգանում էին ավելի բաց, ցինիկ ու անհետահայաց: Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը պահպանելու և ցանկացածի պես նախագահելու համար արել էր գլխավորը` վաճառքի էր հանել ու օտարել ոչ միայն պետական սեփականությունը, ազգային հարստությունը, այլև Հայաստանի ռազմավարական ու մարտավարական միակ անվրեպ զենքը` բնակչությունը: Իր տեսակետից գերշահեկան քայլ. քաղաքական առումով դատարկվում էր ընդդիմադիր հրապարակը, որովհետև աշխատանք գտնելու նպատակով երկրից հեռանում էր բնակչության տարիքով ամենակենսունակ ու ամենամարտունակ մասը, տնտեսական առումով` հեռացողների հաշվին ապրում էին մնացողները: Համարյա անհնարինն ակնհայտի տարբերակ` գայլերը կուշտ ու ոչխարները ողջ էին: Նրա համար գերանակնկալ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ Հայաստանում հավաքել իշխանության համար ճգնաժամային վիճակ ստեղծող հրապարակ: Բայց անակնկալներն այդ կետում էլ վերջացան` նրանցից յուրաքանչյուրը գնաց իր սովոր ճանապարհով. գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրեց քաղաքագիտությունը, «վոյին» Ռոբերտ Քոչարյանն ընտրեց բռնությունը: Մարտի 1-ին պարտվեց ժողովուրդը. փոփոխությունների իր հեռանկարը ժողովուրդը խորտակված գտավ մի քանի ժամում: Բայց չկոտրվեց: Մնացածը բարեհաջող ավարտեց ՀԱԿ-ը: Այսօր ընդդիմադիր ու բողոքական այդ ճգնաժամային զանգվածը, որ կարող էր առաջնորդ ունենալու դեպքում իրավիճակ փոխել` հակառակ բռնությունների, այլևս չկա: Ոչ այն պատճառով, որ սկսել է լավ ապրել, բողոքելու հիմքեր չունի ու ընդդիմանալու` իմաստ: Բոլորովին: Լևոն Տեր-Պետրոսյանը փորձով գիտի, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվում: Նա ուներ երկու ճանապարհ` պայքար, պայքար մինչև վերջ ժողովրդի հետ, որը չընտրեց, որովհետև միայն ընտրություններն է համարում իշխանափոխության հնարավորություն, և պայքար, պայքար իշխանության համար, որն ընտրեց, որովհետև այլ տարբերակ չտեսավ` բացի նրանց հավատալուց, ովքեր ամենաքիչը նպատակ ունեին իր խնդիրները լուծելու: Նրա ընտրության խոսուն գնահատականը խորհրդարանական ընտրություններն էին: 7 տոկոսով, հաշվի առնելով անգամ, որ արդյունքը կեղծված է (համենայն դեպս 70 տոկոսը չի դարձել 7 տոկոս), նախագահական հավակնություններ չեն ունենում: Եվ ՀԱԿ-ի յուրաքանչյուր անդամ խորհրդարանից ներս ու դուրս ազատ է իրեն նախագահի թեկնածու համարելու, հարկավ, բացարձակ փոքրամասնություն կազմելու հեռանկարով, նույնիսկ, եթե, խորհրդարանում ներխմբակցային տարակարծությունների հետևանքով, հանուն ժողովրդի բարեկեցության հրաժարվում է ծառայողական ավտոմեքենայից: Իսկ գուցե արժեր հրաժարվել մանդատից` մինչ այդ շրջանառության մեջ դնելով օրինագիծ, որով առաջարկվում է պատգամավորների թիվը կեսով կրճատել` չէ՞ որ արտագաղթի հետևանքով պակասել է բնակչության թիվը: Ի՜նչ հավելում կլիներ բյուջեին:
Հայաստանում այսօր կա իշխանություն, և կա իշխանության այլընտրանք, որ ամենաանհեթեթ հորինվածքն է հայկական քաղաքական իրականության մեջ: «Այլընտրանք» հասկացությունը, իհարկե, շատ է տարողունակ ու անգամ ունակ է պարփակելու ներհակ իրողություններ, բայց որ ի՞նչ: Գունափոխված սպիտակը սպիտակի այլընտրանքը չէ, ուրիշ գույն է: Իսկ ԲՀԿ-ն համառորեն հավատում է, որ ինքն ուրիշ գույնի սպիտակ է: Եվ ուզում է հավատացնել: Ի դեպ, սպիտակի փոխարեն կարող եք ցանկացած գույն ընդունել, ոչինչ չի փոխվի: Բայց ի՞նչ է բերում ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզ: Բառեր, բառեր, բառե՞ր: Իրենից առաջ էլ ասվել են այդ բառերը` ավելի տպավորիչ, ավելի ազդեցիկ ու ավելի հայերեն: Ո՞րն է Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի առանձնահատկությունը, որ շահեկանորեն տարբերում է նրան մյուս կուսակցություններից: Որը նրան երկրորդ է դարձրել: Մյուս կուսակցությունների սխալնե՞րը, մասնավորապես ՀԱԿ-ի, որ չկարողանալով ՀՀԿ-ի հետ երկխոսել, որոշեց ԲՀԿ-ի ռեսուրսները օգտագործել` փոխարենը տալով իր ժողովրդականության փառապսակը: ՀՀԿ-ի՞, որ նույնպես տրվում է բառերի գայթակղությանը, իսկ գործերը ոչ միայն բառերի համարժեքը չեն, այլև ժխտումն են շատ հաճախ: Փո՞ղը, որ հայրենիք չունի, որ երբեք շատ չի լինում, և ուրեմն միայն ԲՀԿ-ի թալիսմանը լինել չի կարող: Գաղափարնե՞րը, որ ազգային կամ համազգային արժեքներ են հաստատում: Կախվածությունը երկրորդ ու երրորդ նախագահներից միաժամանա՞կ: Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական շահերի փաստաբանի անհասկանալի դե՞րը, թե՞ ինքնապահպանման անկասելի բնազդը, որ բնական է ու տրամաբանական կյանքում, բայց ոչ` քաղաքականության մեջ, որտեղ ցանկացած գնով գոյություն պաշտպանելն ինքնասպանություն է: Չէ, իհարկե, տպավորիչ է հայտարարել իշխանության այլընտրանք լինելու մասին, բայց դառնալն ավելի տպավորիչ կլիներ: Փոխարենը սկանդալից սկանդալ սավառնող քաղաքական ասպարեզի թիվ մեկ քննարկման թեմա է դառնում Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը ֆրանսիական ամսագրին: Բայց ոչ հարցազրույցի բովանդակությունը, այլ` ում հասցեին ի՞նչ է ասել, անունո՞վ, թե՞ մականունով է հիշել: ՈՒմ ինչքան փող է տվել, տվե՞լ է, թե՞ չի տվել: Եվ շատ ավելի խայտառակ պատասխաններ են հնչում` հավաստելով, որ քաղաքականությունը Հայաստանում անթույլատրելի հաճախ է սահմանակցում «գյադայականությանը», հասկացություն, որի բովանդակությունը չի ընկալվում նույնքան, որքան գյադաները երբեք չեն զգում իրենց գյադայությունը: Սա չէ՞ հայ հասարակության գերակշիռ մասի որակն ու մակարդակը: Սա չէ՞ քննարկումների առանցքը` ով ում ինչ տվեց, ստացա՞վ, թե՞ չստացավ ակնկալիքը: Այսքանից հետո հարևաններից, թե եվրոպաներից պահանջում ենք, որ մեզ լո՞ւրջ ընկալեն, հարգանքո՞վ վերաբերվեն, քաղաքակրթության մեր անցյալը հարգե՞ն, ներկայից ակնածե՞ն, ապագան էլ դարձնեն դրախտի նախադո՞ւռ: Ազգային ու պետական լրջագույն խնդիրներին վերաբերվում ենք իբրև հերթական սկանդալի, որ այսօր պայթեց, վաղը մոռացվեց, որ վերաբերում է բոլորին, բայց ոչ երբեք` մե՛զ: Ավելին, հենց ազգային-պետական լրջագույն խնդիրների լուծումները սկանդալների մակարդակում ենք տեսնում, ավելիի արժանիքներ չունե՞նք, թե՞ մեր ազգային առանձնահատկությունը քաղաքականության ասպարեզում մուտիլովկա, մուտիլովկա, մուտիլովկան է մինչև վերջ: Ինչո՞ւ ենք մոռանում, որ չավարտված պատերազմի երկրում զգոնության կորուստը կորուստների սկիզբն է: Օդը ճոճել ամպագոռգոռ ու լալահառաչ, ահեղամռունչ գիտեին դեռ հռոմեացիները (հաստատ` նրանցից էլ հարյուրամյակներ առաջ), բայց նրանց թիկունքում հզոր կայսրությունն էր, որ նրանց ամեն բառին կշիռ էր հաղորդում, նաև` պատասխանատվություն: ՈՒ եթե առաջ մեր ուժը մեր «բառադիությունն» էր, «գյադայությո՞ւնն» է հիմա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Հրաշալի է: Վերջին տուրում հայերը խաղում էին հունգարացիների հետ, իսկ պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանի հավաքականը հայտարարեր, թե հարաբերությունները կասեցնում է Հունգարիայի հավաքականի հետ, ու հրաժարվեր խաղալուց: Ավելին, ընդհանրապես Ստամբուլ չմեկներ, որովհետև, գիտեք` որ երկրի քաղաք է Ստամբուլը, ո՛չ Թուրին է, ո՛չ Դրեզդեն: Թե՞ մեր շախմատիստները հայրենասեր չեն ու պատվախնդրություն չունեն: Կամ էլ` Ստամբուլում նրանց հաղթանակն իրավակարգ չէ:

Դիտվել է՝ 5813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ