Անասելիորեն ապշած եմ. «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո չծափահարեց նրան: Ի՞նչ է պատահել «ծափերի» խորհրդարանին, չլինի՝ կաշկանդված են իմքայլականները, որ հերթական «դմփ-դմփ-հուն» չձոնեցին բոլորի «պորտը տեղը դրած» երկրի առաջնորդին, որը, ի դեպ, Ազգային ժողովի ամբիոնից կառավարության անցնող տարվա աշխատանքների կատարողականներ էր, իբր, ներկայացնում: Չգիտեմ՝ քանի տարի, դար ու հազարամյակ է պետք, որ իշխանափոխություն իրականացրած «հեղափոխականները» ունայն երևույթների մասին դատարկաբանությունը մի կողմ դնեն ու գործի լծվեն, բայց մի բան հստակ է՝ քանի դեռ բոլոր ձախողումների համար Փաշինյանը մեղավորներ է փնտրում և սեփական երկրի քաղաքացիներին «քստմնելի» ու «եղկելի» անվանում, պետության տնտեսական վիճակը չի լավանալու: Վերջնականապես պետք է ազատվել ոչ միայն չեղած հեղափոխության ուրվականից, այլև, Նիկոլ Փաշինյանի բառերով ասած, համատարած գարշահոտությունից: 2018-ի ապրիլ-մայիսին եղել է այն, ինչ եղել է, ու դրանից հետո կատարվող դեպքերի, ձախողումների, վայրիվերումների միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է: Հետևաբար, հարգելի իշխանավորներ, դադարեցրեք «վհուկների որսը», վերանայեք ձեր արտահայտչամիջոցները, գավառամիտ ու փողոցային բառապաշարը կիրառեք ձեր սիրելի փաբերում միայն: Հանգիստ թողեք մեզ՝ լրագրողներիս, մի՛ պիտակավորեք, «սևերի» ու «սպիտակների» մի՛ բաժանեք, քանզի դա ձեր շահերից չի բխում: Բոլոր իշխանությունների նման դուք նույնպես պատմության գիրկն եք անցնելու, բայց 4-րդ իշխանությունը, ուզեք, թե չուզեք, ձեզնից հետո էլ է լինելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ