Պարետի ցուցումը խախտած ուսուցչից տասնապատիկ վտանգավոր է մորթելու պատրաստ փոխտնօրենը
09.06.2020 | 00:49
Վարչապետի ասած՝ չգիտեմ, թե «կորոնավիրուսն ում շունն է», բայց որ այն մարդկանց միմյանցից հեռացնում ու անջրպետում է, ապացուցման կարիք չունի: Ցավոք, ոչ միայն միմյանցից, այլև մարդուն հենց իրենից ու հավատքից է հեռացնում: Այս օրերին բոլոր տեսակի ուրախությունների չեղարկումը խիստ ծանր եմ տանում, առավել քան ազդվում եմ դեպքերից, երբ մարդ չի կարողանում մասնակցել հարազատի հուղարկավորությանը: Դա, երևի, ցմահ բանտարկությունից էլ վատ պատիժ է, որ ցավեցնելու է ամբողջ կյանքի ընթացքում: Բայց եթե կա օրենք ու որոշում, ուրեմն պետք է հետևել դրան՝ անկախ հանգամանքից, թե, օրինակ, աշակերտն ինչքան է փափագել Վերջին զանգը, ծնողն էլ՝ զավակի հարսանեկան արարողությունը: Հանրակրթական դպրոցի ուսուցիչներից մեկը, որ հանդգնել էր աշակերտների հետ հրաժեշտի բացօթյա ցերեկույթի մասնակցել, հեռացվել է աշխատանքից: ՈՒսուցչի վարքագիծը, իհարկե, արդարացնել չենք պատրաստվում: Բացատրությունը, թե երեխաներն ինքնաբուխ հավաք են կազմակերպել, հիմնավոր չէ: Եթե անգամ ինքնաբուխ են հավաքվել, ուսուցիչն իրավունք ունի չեղարկելու նման ինքնագործունեությունը, իսկ եթե այդպես չի վարվել, կա՛մ չի ցանկացել ընկնել աշակերտների աչքից, կա՛մ չի հարգում պարետի որոշումը: Դատողը, սակայն, ո՛չ մենք ենք, ո՛չ էլ ֆեյսբուքյան հանրությունը. գործատուի ու աշխատակցի հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսդրությամբ: Ցավալին ոչ միայն այն է, որ ոտնահարվել է Աշխատանքային օրենսգիրքը, այլև այն, որ, ի տարբերություն պարետի ցուցումը չկատարած ուսուցչի, անպատիժ են մնում ապտակելու մասին տեսություն մշակած ու Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողներին մորթելու պատրաստ «մանկավարժները»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ