38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԹՎՈՒՄ ԵՆ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԹՎՈՒՄ ԵՆ»
24.05.2011 | 00:00

Օրերս Ծաղկաձորում ՀԳՄ-ի նախաձեռնությամբ անցկացվեց երիտասարդ գրողների խորհրդաժողով, որին մասնակցեցին նաև Վրաստանից ժամանած երիտասարդ գրողներ: Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Ծաղկած բառեր» խորագրով երկլեզու բանաստեղծական ժողովածու: Արդի վրացական պոեզիայի լավագույն ստեղծագործությունները թարգմանել են Էդուարդ Հարենցը, Ռուզան Ոսկանյանը, Տաթև Խուրշուդյանը: Ծրագրի շրջանակներում թարգմանվելու են հայ ժամանակակից բանաստեղծների գործերը, իսկ հաջորդ տարի երկլեզու անթոլոգիա է հրատարակվելու Վրաստանում:
Գաղտնիք չէ, որ հայ-վրացական հարաբերություններում մի շարք կնճռոտ հարցեր կան։ Որքանո՞վ է մշակութային երկխոսությունը զերծ դրանցից: «Դա ավելի շուտ գրական երկխոսության փորձ էր, որն ավելի մեծ զարգացումներ կունենա, որովհետև հիմքը շատ լավ է դրվել,- ասաց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:- Որքան էլ փորձում են գրականությունը քաղաքականացնել, այնուամենայնիվ, այն ավելի բարձր երևույթ է: Պատմությունը ցույց է տվել, որ երբեմն նույնիսկ քաղաքական հակասությունները գրականության միջոցով հարթվում են: Հուսով եմ` այս դեպքում էլ այդպես կլինի»: Արքմենիկ Նիկողոսյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակում մտադիր են կովկասյան անթոլոգիա հրատարակել, աչքի առաջ ունենալով լատինաամերիկյան երկրների փորձը: «Իհարկե, նրանք, ի տարբերություն անդրկովկասյան երկրների, միալեզու են ստեղծագործում, բայց դա խոչընդոտ չի լինի, որ աշխարհին ներկայանանք միասնական ճակատով»,- ասաց նա:
Ժամանակն ի՞նչ դրսևորումներ է ունենում հայ և վրացական պոեզիայում, նո՞ւյնն են մտահոգություները, միտումները:
«Եթե վրացական պոեզիայում ժամանակը կարողանում է նայել ինքն իրեն հայելու մեջ ու ճանաչել, ապա հայ պոեզիայում նույն այդ ժամանակը ոչ միայն տեսնում ու ճանաչում է ինքն իրեն, այլև կարող է ձեռքը երկարել և ուղղել իր սեփական պատկերը դիմացի ծուռ հայելու մեջ,- ասում է բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հարենցը:- Աշխարհներն այլ են այնքանով, որքանով նման են, քանզի, ի վերջո, երկուսն էլ «պոեզիա» կոչվող նյութից են։ Այս իմաստով էլ` մտահոգությունները, միտումներն ու որոնումներն ավելի շատ հարազատ են իրար, քան նույնը: Առավել` աշխարհընկալումներն ու լեզվամտածողություններն են, որ տարբեր են»: Համամի՞տ է երիտասարդ բանաստեղծը, որ արդի պոեզիան, ի տարբերություն արձակի, չունի այսօր անուններ, որ հավասարի իրավունքով կարող են տեղ գտնել արդեն կայացած միջին և ավագ սերնդի բանաստեղծների անունների կողքին: «Իսկ որևէ միջին կամ ավագ սերունդ իր «արդի» եղած ժամանակ ունեցե՞լ է այդպիսի անուններ` իրենց ավագ սերնդի կողքին»,- եղավ պատասխանը:
Նշենք, որ վրաց երիտասարդ գրողները լավ թարգմանության համար հատուկ շնորհակալություն են հայտնել Էդուարդ Հարենցին:
Երիտասարդ բանաստեղծը թարգմանություններ է անում ֆրանսերենից, արաբերենից: Նրա բանաստեղծությունները նույնպես թարգմանվել են արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, ալբաներեն, կաստիլերեն, ասորերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ