Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Երգեհոնահայր և երգեհոնահայ»

«Երգեհոնահայր և երգեհոնահայ»
26.04.2016 | 10:04

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, պրոֆեսոր ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին։

Ներածական խոսքով հանդես եկավ Դանիել Երաժիշտը։ Նա արտասանեց Վահագնի ծնունդը փառաբանող քերթվածը («Ընդ եղեգան փող բոց ելանէր») և զուգահեռ անցկացրեց Ստամբոլցյանի երգեհոնի փողերից ելնող բոցերի ու Երիքովի շեփորների միջև, որոնց «համազարկից» փլուզվեցին մեղքի մեջ թաղված Երիքով քաղաքի պատերը։ Ահա նման համազարկը և ազդարարեց երգեհոնային «դարաշրջանի» սկիզբը Հայաստանում։
1964 թիվն էր։ Էդվարդ Միրզոյանի ջանքերով կոմպոզիտորների տան համերգասրահում տեղադրվեց երգեհոն։ Եվ բացմանը հրավիրվեց Լենինգրադի կոնսերվատորիայի շրջանավարտ Վահագն Ստամբոլցյանը։ Եվ երգեհոնն այդ օրհնվեց Բախի, Կոմիտասի, Եկմալյանի սրբազան հնչյուններով։ Երգեհոնը հոգևոր նվագարան է։ Բանախոսը մեջբերեց դիրիժոր Ջոն Գարդիների հետևյալ ասույթը. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստվածն է»։ Երգեհոնն իր հետ բերում է քրիստոնեական արժեքները, իդեալները, որոնք խթանում են ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունը, իսկ դա ճնշվում էր աթեիստական, անհավատ իշխանությունների կողմից։ ՈՒստի կարելի է պատկերացնել Վ. Ստամբոլցյանի առաքելությունը, նրա արվեստի անհրաժեշտությունը, որն ավելի զգացվեց 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի օրերին «պայթած» իրադարձություններից հետո։ Երգեհոնահարն ավելի ակտիվ սկսեց սերմանել ազգային և համամարդկային վեհ գաղափարները։ Նա իր համերգներում ընդգրկեց Լուսինե Զաքարյանին, այնուհետև Խորեն Պալյանին, Գևորգ Հունանյանին և այլ երգիչ-երաժիշտների։ Սրան զուգահեռ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում նա հիմնադրեց երգեհոնային դասարան։ Եվ հոգևոր երաժշտությունը թևածեց Հայաստանով ու սփյուռքով մեկ։


Ժամանակակիցները բարձր էին գնահատում Ստամբոլցյանի արվեստը։ Ահավասիկ, Առնո Բաբաջանյանը, որի դաշնամուրային դասարանը Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում ավարտել էր նա. «Վահագն Ստամբոլցյանը հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիրն է։ Խոշոր երգեհոնահար, որ տարիներ շարունակ ելույթներ է ունենում մեզանում և արտասահմանում։ Մոսկվայում մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում ունկնդիրների շրջանում։ Նրա արվեստին բնորոշ են մեծակերտությունը, դասական հստակ մտածողությունը, արտիստական ստեղծագործական կամքը»։ Իսկ հետևյալը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լեոնիդ Ռոյզմանի գնահատականն է. «Վ. Ստամբոլցյանը Խորհրդային Միության առաջատար երգեհոնահարներից է, լուրջ արվեստագետ, խոր երաժիշտ, փայլուն կերպով է ներկայացնում լենինգրադյան երգեհոնային դպրոցը։ Նրա ելույթները թողնում են անմոռանալի տպավորություն»։


1987 թ. Ստամբոլցյանն ընտրվել է Համամիութենական «Երաժշտական ընկերության» երգեհոնային հանձնաժողովի նախագահության անդամ։ Նա մասնակցում էր, գլխավորում էր միջազգային մրցույթների ժյուրին, կազմակերպում փառատոներ։ Ստամբոլցյանի նախաձեռնությամբ Հայաստանում տեղադրվեցին մի շարք երգեհոններ՝ Կապանում, Չարենցավանում և այլուր։ Սա նպաստեց մշակութային կյանքի աշխուժացմանը. հյուրախաղերի եկան խորհրդային և արտասահմանցի հայտնի երգեհոնահարներ Ջեյմս Դալտոնը, Յոախիմ Գրուբիխը, Գարրի Գրոդբերգը, Լյուբով Շիշխանովան, Դյուրուֆլեն և այլք։
Ստամբոլցյանի արվեստը ոգևորել, խթանել է հայ կոմպոզիտորներին՝ երգեհոնի համար գործեր ստեղծելու։ Այսպես կյանքի կոչվեցին Տիգրան Մանսուրյանի, Սերգեյ Աղաջանյանի, Երվանդ Երկանյանի, Աշոտ Զոհրաբյանի և այլոց երկերը։ Բացի այդ, կոմպոզիտորները սկսեցին մշակել, բազմաձայնել, երգեհոնի համար փոխադրել հայ միջնադարյան հոգևոր երգերը՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Ներսես Շնորհալու շարականները, Գրիգոր Նարեկացու տաղերը և այլն, որոնց մի զգալի մասն ամփոփված է Ստամբոլցյանի և Դանիել Երաժշտի հրապարակած «Երգեհոնային գրքույկ» ժողովածուում։


Այսօր Վահագն Ստամբոլցյանը մեզ հետ չէ, բայց կան և գործում են նրա սաները, որոնք պայծառ են պահում իրենց ուսուցչի հիշատակը և պատգամները։ Դրա վկայությունն էր հոբելյանական համերգը, որտեղ ելույթ ունեցան մի քանի սերունդների երգեհոնահարներ։
Հարություն Թագվորյանը նվագեց Բախի խորալային պրելյուդը («Քրիստոսը մահվան ճիրաններում»), Գրիգոր Պահլավունու «Ո՜վ զարմանալի» տաղը։ Տիգրան Բունիաթյանը ներկայացրեց Բուքստեհուդեի սոլ մինոր «Պրելյուդ և ֆուգա»-ն։
Մխիթար Այրիվանեցու (13-րդ դ.) «Սիրտ իմ սասանի» գանձը երգեց Արմինե Մաթևոսյանը՝ Աննա Բակունցի նվագակցությամբ։ Վերջինս կատարեց նաև Բախի դո-մաժոր «Պրելյուդ և ֆուգա»-ն։ Վ. Ստամբոլցյանի հիշատակին նվիրված՝ Երվանդ Երկանյանի «Աղոթք» երկը նվագեց Թերեզա Ոսկանյանը։ Վերջինս կատարեց նաև Բախի «Ամենախնամ Տեր» պրելյուդը։
Երգեհոնահարուհին նվագակցեց նաև սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանին, որը նվագեց Բախի «Արիոզոն»։ Աննա Առուստամյանը կատարեց Բախի մի-մինոր պրելյուդը։ Համերգը եզրափակեց Կարինե Հովհաննիսյանը, կատարելով Բախի դո-մինոր «Ֆանտազիա և ֆուգա»-ն։ Ընթացքում ցուցադրվեց նաև Ստամբոլցյանին նվիրված՝ «Արարման խորհուրդ» ֆիլմը։


Կուզենայի մեր այս անդրադարձն ավարտել Դանիել Երաժշտի հետևյալ խոսքով, որով նա դիմել է ունկնդիրներին. «Ընդունված է որևէ գիտության, արվեստի հիմնադիրներին անվանել «հայր», օրինակ, «քերթողահայր», «պատմահայր»։ Հաշվի առնելով այն, որ Վ. Ստամբոլցյանը մեզանում հիմնադրել է երգեհոնային արվեստը, ազգայնացրել այդ նվագարանը, նկատի ունենալով նաև վարպետի հայրենասիրությունը, առաջարկում եմ նրա կոչումներին ու տիտղոսներին ավելացնել ևս երկուսը և այսուհետ Ստամբոլցյանին կոչել «ԵՐԳԵՀՈՆԱՀԱՅՐ» և «ԵՐԳԵՀՈՆԱՀԱՅ»։ ՈՒնկնդիրները բուռն ծափերով իրենց համաձայնությունը տվեցին և, կարելի է ասել, վավերացրին այդ պատվանունները։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ