«Որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ» (Հռոմ. 3; 23-24):
«Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2; 4):
Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում կյանքը և իրենց կյանքը ապրում են ըստ այդ ընկալման:
Կամենում եմ՝ անում եմ (ուզում եմ, ցանկանում եմ, փափագում եմ- կամքը շփոթվում է քմահաճույքի հետ): Այդպիսի մարդիկ փնտրում են հպատակներ, որպեսզի թելադրեն իրենց ցանկությունը և բավարարեն իրենց քմահաճույքները (որովհետև կամքը, ի տարբերություն քմահաճույքի, օբյեկտիվորեն հիմնավորված մղում է): Նրանք իրենց քմահաճույքներն իրագործում են ուրիշների հաշվին: Նրանք, ըստ էության, թույլ, անկամ մարդիկ են: Նրանք միայն կամենում են, իսկ կարողացողները անում են: Շատերն այդպես են պատկերացնում Աստծուն:
Կարող եմ՝ անում եմ (ունակ եմ, ի վիճակի եմ, ի զորու եմ): Այդպիսի մարդիկ կարող են թե՛ օգտակար լինել, թե՛ վնասակար՝ կախված իրենց համոզմունքներից: Նրանք պատրաստակամ են վճարի դիմաց կամ թե ինքնաբուխ նվիրումով իրենց գիտելիքն ու կարողությունները տրամադրելու որևէ մեկին կամ որևէ ոլորտի, ինչպես՝ գենետիկները, տեխնոլոգները, ինժեներները, բժիշկները և այլն: Շատերը այդպես են պատկերացնում Աստծուն:
Կարելի է՝ անում եմ (թույլատրելի է, հնարավոր է, հավանական է): Այդպիսի մարդիկ զգուշավոր են և չեն ուզում վնասել, սխալվել, միշտ սպասում են թույլտվության, նրանք կարող են վնասել կամ վնասվել, եթե սխալ տեղից են թույլտվություն ակնկալում և ստանում: Աստծո մասին այսպիսի պատկերացումներ էլ կան:
Պետք է՝ անում եմ (հարկավոր է, անհրաժեշտ է, հրամայական է, ճշմարիտ է): Այսպիսի մարդիկ ինքնամոռաց են, անտեսում են իրենց ցանկությունը, օգուտը և անգամ վախերն ու տկարությունները, թույլատրելի լինելու կամ չլինելու հանգամանքը բխում է ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքից, այլ պահի հրամայականից, և գործում են անհրաժեշտաբար: Նրանք քննում են ամեն բան, որպեսզի հեռու մնան չարից և բարին ամուր բռնեն: Անհրաժեշտը միշտ էլ բարի է: Միայն այդպիսի մարդիկ են նետվում կրակի մեջ ուրիշի կյանքը փրկելու համար:
Եթե խոսենք Աստծո մասին, ապա պետք է ասենք, որ Աստված կամենում է այն, ինչ կարող է, ինչն անհրաժեշտ է և ճշմարիտ: Աստված բացարձակ բարիք է, անկարոտ կատարելություն:
Նա չի պարտադրում Իր կամքը, ինչպես կարծում են ոմանք: Նրա կամքը կատարյալ է և մեր բարօրության հիմքն ու առհավատչյան է:
Աստծո փառքը անօտարելի է և անտրոհելի: Եթե մարդն արհամարհում է Աստծո անանց և ճշմարիտ փառքը և մարդկանցից է ձգտում փառավորվել վաղանցուկ և պատրանքային փառքով, նա անմասն է մնում Աստծո փառքից, իսկ Աստծո փառքը, այդուհանդերձ, ոչնչով չի պակասում, չի զեղծվում, չի վարկաբեկվում: Տուժում է միայն մարդը, որ խուսափում է Աստծո փառքից, որովհեև այդ փառքը զոհողություն է, ոչ թե մեծարանք, նվիրում է, ոչ թե՝ պահանջատիրություն: Այդ փառքը խաչի ճանապարհի փարոսն է: Օ՜, մորթվելու օրվա համար պարարտացող մեղկասեր կյանքով ապրող մարդ, որ հեռու ես փախչում այդ փառքից օձից խայթվածի պես: Բայց այդ փառքը նաև քեզ համար է:
Եթե մարդը լիներ սոսկ կենսաբանական էակ, նա լրիվ այլ կերպարանք կունենար, բայց նա ստեղծվել է Աստծո պատկերով: Նա ստեղծվել է առանձնահատուկ նպատակի համար: Մի՞թե հրաշք չէ Աստծո պատկերով ստեղծված լինելը, Աստծուց մաս ունենալը: Մարդու արարումը տիեզերքի ամենակարևոր իրադարձությունն էր, մարդու նորոգումը՝ մարդու Որդու անցած տնօրինական ուղին՝ Խաչի ճանապարհը, մարդկության պատմության ամենաբեկումնային ընթացքն էր՝ վերադարձ Հոր մոտ:
Երեցկին՝ Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս