Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման

Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման
14.06.2013 | 00:49

Այս հոդվածը գրելու պահին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում, ասես թանձրացած լինեն սուր դիմակայության գագաթնակետում։ Նորությունների գործակալությունները հաղորդում են, որ Էրդողանը, վերադառնալով արտասահմանյան շրջագայությունից, հայտարարել է, որ մտադիր է հանդիպում ունենալ բողոքի ցույցերի առաջնորդների հետ և լսել, թե «ինչ են նրանք մտածում»։

Վարչապետը միտք չունի զիջումներ անելու չարաբաստիկ պուրակի տեղում նախատեսված շինարարության հարցում կամ էլ հավանություն տալու «ապօրինի բողոքներին»։ Բացի այդ, նա ամենևին չի պատրաստվում հրաժարվելու այն կարծիքից, որ ամբողջ երկիրը ճարակած ցույցերի մասնակիցներն ընդամենը թալանչիներ են, ծայրահեղականներ և նույնիսկ օտարերկրյա վարձկաններ։ Բայց բողոքներն էլ, ամենայն հավանականությամբ, արագ չեն ընկրկի, թեև կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է «Թաքսիմի համերաշխության ծրագիր» շարժումը, փոքր-ինչ մեղմել է պահանջները և շեշտը դրել է բնապահպանական հարցերի վրա, ինչը լիովին համահունչ է «ժողովրդական ապստամբության» սցենարին։ Ընդ որում, տարբեր փորձագետներ ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ զինվորական հեղաշրջումը երկրում քիչ է հավանական, որ Էրդողանը, այնուամենայնիվ, կպահպանի իշխանությունը, որ այդ շարժման թափն առայժմ բավարար չէ, և որ հուզումները, մեծ հաշվով, առայժմ քաղաքական չեն։ Սակայն իրադարձությունները, այդուհանդերձ, ցույց են տալիս, որ ներկայումս Թուրքիան լրջորեն պառակտված է, և դա կարող է անդրադառնալ երկրի զարգացման հեռանկարների վրա։ Այս կապակցությամբ կցանկանայի ուշադրություն հրավիրել, իմ կարծիքով, շատ կարևոր մի հարցի վրա. «Ժողովրդական խռովությունը» որքանո՞վ է վնասել վարչապետ Էրդողանի վարկանիշը աշխարհում, և դա որևէ շոշափելի հետևանք կունենա՞ նրա ու երկրի համար։
Ավելորդ չէ հիշատակել, որ համաշխարհային քաղաքականության մեջ վաղուց և, որ ամենատհաճն է, խիստ անշեղորեն, գործում է մի չգրված օրենք, որ ամերիկացիներն են սիրում կիրառել. «Սամոսան, ճիշտ է, շանորդի է, բայց մեր շանորդին է»։ ՈՒ թեև այդ քաղաքական աֆորիզմը, ըստ էության, Միացյալ Նահանգների արտքաղաքական դոկտրինի քվինտ-էսենցիան (բուն էությունը) էր անցած դարի 60-70-ականներին, և դրանից «աշխարհի ուժեղներն» այսօր հրապարակայնորեն հրաժարվում են, սակայն հիմա էլ է երրորդ աշխարհի երկրների հանդեպ այդ վերաբերմունքը հաճախ կիրառվում։ Այլ հարց է, որ այդ ապերախտ «շանորդիք» իրենք են շարունակ փորձում չլսել «տիրոջը», նոր հովանավորներ ճարել և, ի վերջո, իրենց վրա են ուղղում «Օլիմպոսի զայրույթը», ու դադարում են յուրային լինելուց` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Այսպես, առաջ այդ սխեման գործում էր բռնապետներ Դյուվալիեի, Պինոչետի, Սադամ Հուսեյնի, Սամոսայի և ուրիշ շատերի առնչությամբ, հիմա զարգանում է, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների կամ Ադրբեջանի «ցարիկների» համար։ Հնարավոր է, որ այդ «օրենքից» չկարողանա խուսափել նաև «Արևմուտքի սիրելին»` Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Բավական է այս օրերին թերթել արևմտյան մամուլը, որտեղ նրան հասցեագրված ամենապարկեշտ որակումը «մի Պուտին էլ սա է» արտահայտությունն է, համոզվելու, որ Էրդողանի համար արդեն շատ բան է փոխվել։ Փորձագետները, ասես խոսքները մեկ արած, ձայնում են. «Դիմակը պատռված է։ Մի քանի օրում Էրդողանը կորցրեց իր ամբողջ համոզչությունը Թուրքիայի սահմաններից դուրս», «Սուլթանի թեկնածուից` ստաժյոր բռնակալ», «Էրդողանը կորցրել է իր համբավը, որ ստեղծվել էր տասը տարի», «Թուրքիայում գոյություն ունի Էրդողանի վտանգավոր խնդիր» և ուրիշ շատ որակումներ` այս նույն ոգով։ Ավելին, հիմա կանոնավորապես խոսվում է «թուրքական մոդելին հրաժեշտի» մասին, որ «Օսմանյան կայսրությունը վերականգնելու սուլթանի երազանքը կարող է թաղվել Ստամբուլի պուրակում»։ Եվ հետո, որ Արևմուտքի հույսին` թուրքական «չափավոր իսլամիզմին», որը ներկայացնում է Էրդողանը, երևի արդեն անդառնալի վնաս է հասցվել։ Ընդ որում, լրագրողներն ու փորձագետները, ասես, նոր են քնից արթնացել ու միաձայն զարմանում են. պարզվում է (ի՜նչ անամոթություն)` «թուրքական բանտերում ավելի շատ լրագրողներ կան, քան իրանական բանտերում»։
Բայց չէ՞ որ դեռ վերջերս ամեն ինչ միանգամայն այլ էր։ Այսպես, բառացիորեն մի երկու տարի առաջ արևմտյան մամուլի դրոշակակիր ամերիկյան «Time» հանդեսն իր շապիկին զետեղել էր Թուրքիայի վարչապետի դիմանկարը և հրապարակել էր մի հոդված` «Էրդողանի ուղին» պերճախոս վերնագրով։ «Արաբական երկրներում նրան դիմավորում են ինչպես ռոք-աստղի, և, ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի փորձագետների կարծիքով, Էրդողանն ամենաժողովրդական առաջնորդն է Մերձավոր Արևելքում։ Էրդողանն իր երկիրը վերադարձրել է աշխարհի քարտեզի վրա, ու հիմա նրա քաղաքականությամբ շատերն են հիանում իսլամական աշխարհում»,- ասվում է հրապարակման մեջ։ Հոդվածում ընդգծվում է, որ թուրք առաջնորդն ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության մեջ միշտ ընթացել է իր սեփական ուղիով, և որ Թուրքիան օրինակ է դարձել շատ երկրների համար։ Ապա հանդեսը հարց է տալիս. «Կկարողանա՞, արդյոք, Թուրքիայի վարչապետը փրկել արաբական երկրները»։ Այնինչ, ինքը Էրդողանն էլ էր այն ժամանակ ձգտում հետևել «վերին ատյանի» հրահանգներին։ Նա արագորեն և գլխավորը` ժամանակին հրաժարվեց հին մտերիմներից` Մուբարաքից, Քադաֆիից, Ասադից, մոռացավ համատեղ «մեծ ծրագրերը» և «ընդհանուր թշնամիներին», սկսեց ակտիվորեն համագործակցել ընդդիմության հետ և, իհարկե, երախտագիտություն էր ակնկալում ոչ միայն իր արևմտյան հովանավորներից, այլև արաբներից։ Ավելորդ չէ նաև հիշեցնել ժամանակին լայնորեն տարփողված այն վարկածը, որ Վաշինգտոնը շատ բան է արել Էրդողանի ու նրա կուսակցության իշխանության գալու համար, քանի որ ենթադրում էր, թե նոր մոդելի Թուրքիան` պակաս աշխարհիկ և ավելի մտերիմ մահմեդական աշխարհին, կդառնա Մերձավոր Արևելքի արագ փոխվող տարածաշրջանում Արևմուտքի գաղափարների լավագույն տարածողը։ Սպիտակ տան ռազմավարների այդ հերթական և, ինչպես հաճախ է եղել, բավական ֆանտաստիկ գաղափարի զոհասեղանին դրված էին թե՛ հավատարիմ սպայակազմը, թե՛ քեմալականների նվաճումները, թե՛ խոսքի ազատությունը, թե՛ ազատական մտավորականությունը, թե՛, իհարկե, հայության շահերը։ Անգամ վարչապետի գժտությունն Իսրայելի հետ և երկրում նրա բորբոքած «հակահրեական տենդի» վերելքը քողարկվում էին տխրահռչակ «Մեր շանորդին է» բանաձևով։ Եվ ահա հիմա մի նոր ու բավական անսպասելի մոտեցում. «Բոլորն են հասկացել, որ Էրդողան արքան իրականում մերկ է, իսկ նրա ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման»։
Մի՞թե թուրքական քաղաքներում հեղված արյունից հետո աշխարհը հասունացել է։ Մի՞թե այս «ծառերի պատերազմը», ինչպես նաև թուրքական իշխանության սովորական և անգամ իրենց վայրագությամբ, այդուամենայնիվ, օրգանական գործողություններն աշխարհի համար ավելի նողկալի էին, քան քրդերի նկատմամբ բազմամյա և շատ ավելի արյունալի հաշվեհարդարները, էլ չենք խոսում Հայոց ցեղասպանության և այլ «էթնիկ զտումների» մասին։ Համարձակվեմ ենթադրել, որ Էրդողանը, ինչպես և նրան նախորդած բոլոր «շանորդիները», պարզապես «կապները կտրել են», իրենց երևակայում են Աստված գիտի թե ինչ, և բոլորին տեղը տեղին զզվեցրել են։ ՈՒ իր «առաքելությունն» էլ նա շատ վատ է կատարել. Երուսաղեմի հետ գժտվեց, հրեաներին վիրավորեց, իսկ արաբների հետ, մեծ հաշվով, ընդհանուր լեզու չգտավ։ Հարավային Կովկասում խաղաղարարի դերին ձգտեց, «հայկական արձանագրություններն» էլ «հեչ արեց»։ Այսքանից հետո ի՞նչ խոսք կարող է լինել ինչ-որ «օսմանյան նորացման», թուրքական դրոշի ներքո կայունության ապահովման մասին։ Ներքին հարցերից էլ, չնայած կուսակցության մշտական բարձր վարկանիշին և ընտրություններում տարած հաղթանակներին, նա, ակներևաբար, գլուխ չկարողացավ հանել։ Չի կարելի բացառել և այն, որ Էրդողանին վերապահված ժամանակը, նրա ագրեսիվ հռետորաբանությամբ, անսանձ եռանդով ու հավակնություններով հանդերձ, ուղղակի սպառվում է։ Առավել ևս, որ նախագահ Գյուլը, վարչապետի համեմատ, ամենայն ակնհայտությամբ, կարող է ավելի ընդունելի դեմք լինել։ Այնպես որ, դեռ երկար կարելի է վերլուծել և փորձել հասկանալ, թե որն է վարչապետի դժբախտության պատճառը և որտեղ է նա սայթաքում թույլ տվել։ Մի բան պարզ է. ինքնահավան, եսակենտրոն ավտոկրատ Էրդողանը որոշակի չափով ինքն է իր գլխին «սարքել»։
Սակայն, եթե նրա համբավն ու հեղինակությունը երկրում և աշխարհում կորսվել են, ու հավանաբար ընդմիշտ, ապա իշխանությունը դեռ մնում է։ Ինչպես, ի դեպ, հնարավոր են նաև որոշ գործառույթներ միջազգային ասպարեզում։ Շատ հետաքրքիր է, որ մի շարք փորձագետներ ենթադրում են, որ այժմ Էրդողանի իշխանությանը կարող է հարված հասցնել ոչ թե ժողովուրդը, կամ նույնիսկ բանակը, այլ նրա հարազատ «Արդարություն և դաշինք» կուսակցությունը, կամ միջազգային իրադրությունը։ Բայց այստեղ հարկ է նկատել, որ Էրդողանի, ինչպես նաև նրա զինակիցների կարծիքով, որոնց թիվը քիչ չէ, այն փաստը, որ թուրք ընտրողների մեծ մասը իրենց է պաշտպանում, «օրինական իրավունք» է տալիս և՛ արտասվաբեր գազ օգտագործելու, և՛ բանտ նետելու, և՛ ահաբեկելու իրենց հակառակվողներին։ Իսկ «թուլացում» թույլ տալը չի մտնում ո՛չ նրա օգտապաշտական նկրտումների, ո՛չ էլ տասնամյակներով, մեծ աշխատանքով ու բանտարկություններով կերտված «աննկուն մարտիկի» նրա կերպարի մեջ։ Այնպես որ, Էրդողանի համար այս բարդ իրավիճակից, ինչպես խորհրդային սիրված կինոնկարի հերոսը կասեր, կա միայն երկու ելք` «կամ ես նրան կտանեմ զագս» (այսինքն, շարունակել բռնությունները, թքած ունենալ հասարակական կարծիքի, Արևմուտքի աջակցության վրա, նոր բարեկամների ու հովանավորների օգնությամբ մնալ իշխանության ղեկին), «կամ նա ինձ դատախազություն կտանի»։ Ընդ որում, երկրորդ տարբերակը, թվում է, տեղի կունենա ցանկացած պարագայում, վաղ թե մի փոքր ուշ, ցանկացած` ավելի մեղմ կամ ավելի արյունոտ սցենարի դեպքում և անկախ որևէ մեկի ծրագրերից ու կամքից։ Չէ՞ որ Թուրքիայի ունեցած տեղը և հասարակության անշեղորեն աճող բևեռացումը, բնակչության ապրելակերպի ու աշխարհայացքի անհաշտ հակասությունը կարող են վերացվել ու ճնշվել միայն հսկայական ջանքերով ու մեծ զոհերի գնով։ Կամ էլ դրանք բոլորին ու ամեն ինչ ծվեն-ծվեն կանեն։ Բայց սա արդեն ապագայի բան է, թեև կարող է նաև` ոչ այնքան հեռավոր։ Իսկ առայժմ, կարծես, Էրդողանի իշխանության հետադարձ հաշվարկն արդեն սկսված է, և նույնիսկ «յուրային» շանորդի լինելը կարող է չօգնել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ