Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Էլիտար քաղաքական խաղեր` եվրոպական «մեծ տանդեմում»

Էլիտար քաղաքական խաղեր`  եվրոպական «մեծ տանդեմում»
26.04.2013 | 00:58

ՆԱՏՕ-ի հեռանկարների վերաբերյալ հրապարակային և ոչ հրապարակային բանավեճում առաջացել է երկու հանգամանքով պայմանավորված մի շատ տարօրինակ իրավիճակ։ Նախ, Ֆրանսիան, որը երկար ժամանակ ամերիկյան անդրատլանտյան քաղաքականության հանդեպ ընդդիմություն էր, Ն. Սարկոզիի շուրթերով հայտարարեց, որ ինքը ՆԱՏՕ-ում ավելի կարևոր դերի է հավակնում, ավելին, ջանում է արագ տեմպերով եվրոպականացնել դաշնախումբը` Գերմանիայի հետևողական աջակցությամբ։ Չնայած Ֆ. Օլանդի «նոր քաղաքականությանը», Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը քիչ բանով է տարբերվում հին ժամանակներից։ Եվրոպական զինված ուժեր ստեղծելու Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ պետությունների փորձերը, փաստորեն, ապարդյուն էին, և եվրոպացիներն սկսեցին ՆԱՏՕ-ն ավելի ակտիվորեն «փրկել» վերջնական փլուզումից, հասկանալով, որ ավելի լավ է լինել դաշնախմբի` անվտանգության գլոբալ համակարգի, առաջատար դիրքում, քան ստեղծել նոր, շատ եվրոպացիների համար անհասկանալի և հենց ՆԱՏՕ-ի որոշումներից կախված զինված ուժեր։ Երկրորդ, ՆԱՏՕ-ի գլխավոր եվրոպական մայրցամաքային անդամները, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ սկսել են համաձայնել ՆԱՏՕ-ի կազմի, առաքելության և գործառույթների ընդլայնման անթույլատրելիության մասին Ռուսաստանի կարծիքին։ Այդ իրավիճակը օբյեկտիվորեն ու նպատակասլաց կերպով հանգեցնում է այն բանի ձևավորմանը, ինչը ոչ հրապարակային քաղաքականության մեջ կոչվում է դավադրություն։ Թեև Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են Ռուսաստանին մատնացույց անել նրա իրավական և քաղաքական համակարգի արատները, ու թեև նրանց միջև կան շատ հակասություններ, Եվրոպայի այդ երեք առաջատար պետությունները, անշուշտ, ընդհանուր շահեր ունեն ՆԱՏՕ-ի ընդլայնման և գործառնության հարցում։
Հետաքրքիր է Վաշինգտոնի «Ժառանգություն» հիմնադրամի առաջատար հետազոտող Ջոն Հալսմանի կարծիքը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիան ու Գերմանիան, չլինելով ՆԱՏՕ-ի չափազանց շատ ընդլայնման կողմնակից, որոշ իրադարձություններից, մասնավորապես, եվրոպական սահմանադրության ընդունման հարցի ձախողումից հետո, սկսեցին խոսել այլ դիրքերից, չդիմանալով այդ գործընթացին։ Այդ հանգամանքը թույլ է տալիս պնդել, որ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև Եվրոպայի մանր երկրները, կցանկանային, որ ՆԱՏՕ-ի կազմի և դաշնախմբի պատասխանատվության գոտու ընդլայնումը հանգեցներ նրա թուլացմանն ու խարխլմանը։ Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպայում ստեղծում է ՆԱՏՕ-ի «կրկնակ», հիանալի հասկանալով, որ Արևմտյան Եվրոպան չի պաշտպանի ԱՄՆ-ի քաղաքականությունը, քանի որ այդ պարագայում ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան ու Գերմանիան կհայտնվեն մեկուսացման մեջ։ Սա շատ վտանգավոր ռազմավարություն է և հղի է դաշնախումբը լիովին փլուզելու վտանգով։
Սրան համակարծիք է ֆրանսիացի քաղաքագետ Ջերալդ Չալյանը, որը համարում է, որ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի ընդլայնման գլխավոր նպատակը Եվրոպայի պառակտումն է, որպեսզի վերջինս չկարողանա միաբանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Մեկ այլ փորձագետի` «Ժառանգություն» հիմնադրամում Արևելյան Եվրոպայի խնդիրներով զբաղվող Արիել Քոենի կարծիքով, ՈՒկրաինայի ու Վրաստանի ընդունումը ՆԱՏՕ կարող է ձգձգվել և հանգեցնել կոշտ առճակատման։ «Նոր Ամերիկա» հիմնադրամի ¥Վաշինգտոն¤ փորձագետները չեն բացառում ՈՒկրաինայի պառակտումը, սակայն, նրանց կարծիքով, Վաշինգտոնում քչերն են հասկանում այդ սպառնալիքի առարկայական լինելը։ Ամերիկացիները վտանգավոր խաղ են սկսել և հերթական անգամ չեն հաշվարկել բոլոր հետևանքները։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի փորձագետները շփոթության մեջ են, չհասկանալով, թե ստեղծված իրավիճակում ՈՒկրաինայի առնչությամբ ինչ որոշումներ ու նախագծեր պիտի ընդունել։ Որոշ փորձագետներ էլ ընդունում են, որ ԱՄՆ-ն առաջարկություններ չունի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կամ չընդլայնման վերաբերյալ։
Նիքսոնի անվան կենտրոնի ¥Վաշինգտոն¤ տնօրեն Դմիտրի Սայմսի, ինչպես նաև այդ կենտրոնի Եվրասիայի ծրագրի ղեկավար Փոլ Սանդերսի կարծիքով, ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, որպես ՈՒկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարի գլխավոր ջատագով, արդեն ավարտել է գործընկերների հետ այդ հարցի քննարկման մի շարք կարևոր փուլեր և ապահովել դաշնախմբի, ըստ էության, բոլոր անդամների կողմից այդ որոշման պաշտպանությունը։ Նրանց կարծիքով, Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան, սկզբունքորեն համաձայնելով այդ որոշմանը, այդուամենայնիվ, նախընտրում են պահպանել հատուկ կարծիքը և հարց են առաջադրում, թե ՈՒկրաինան ու Վրաստանը որքան են համապատասխանում ՆԱՏՕ-ի պահանջներին։ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ դիրքորոշումը կապված է ոչ այնքան Ռուսաստանի հանդեպ իրենց ունեցած հետաքրքրությունների, որքան Եվրոպայի արևելքում նոր անդամների հաշվին ՆԱՏՕ-ն վերածնելու ԱՄՆ-ի ձգտմանը հակառակվելու փորձերի հետ։ Նիքսոնի անվան կենտրոնի փորձագետներն ավելի իրատեսորեն են պատկերացնում այն խնդիրները, որոնց հետ կապված է ՆԱՏՕ-ի ընդլայնման դոկտրինը։ Դա առնչվում է նաև հարակից շատ հարցերի, այդ թվում` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, ընդ որում` ոչ միայն ազգային-քաղաքական, այլև սոցիալ-քաղաքական, որոնք դրսևորվել են ԱՊՀ մի շարք երկրներում տեղի ունեցած հեղափոխություններում։ Ամերիկյան առաջատար վերլուծական հիմնարկություններում ավելի քան լրջորեն են ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի առնչությամբ ՈՒկրաինայում բարձրացած բողոքի ալիքը։ Միայն այնպիսի թրծված սովետագետներ, ինչպիսիք են Վլադիմիր Սոկորը կամ Գլեն Հովարդը, հասկանալով ՈՒկրաինայում ու Վրաստանում տիրող իրավիճակի լրջությունը, այնուամենայնիվ, անտեսում են այդ տրամադրությունները և լուրջ խոչընդոտներ չեն տեսնում ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության ճանապարհին։
Այսպիսով, Ռուսաստանին սպառնում է աշխարհաքաղաքական մեկուսացման լուրջ վտանգ` կապված ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ու Վրաստանի անդամակցության հեռանկարի հետ։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այդ առթիվ արդեն որոշակի լուծում ունեն։ Որոշ դժվարություններ կան, բայց լուծումը կունենա բացառապես քաղաքական հիմք։ Տվյալ իրավիճակում Ռուսաստանի համար այդ աշխարհաքաղաքական աղետը կանխելու երկու լուրջ եղանակ է մնում. տևական պետական ճգնաժամ սարքել, ինչը կարող է հանգեցնել ՈՒկրաինայի պետական-տարածքային պառակտմանը կամ ուկրաինա-ռուսական երկիշխան պետության վերականգնմանը, լուրջ պայմանավորվածության գալ Ֆրանսիայի ու Գերմանիայի, հնարավոր է նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ որոշ այլ երկրների հետ` Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ջանքերը շրջափակելու վերաբերյալ։ Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքականության դեպի աջ նկատելի տեղաշարժը է՛լ ավելի բարդացրեց Եվրոպական ընկերակցությանն ու ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ինտեգրման խնդիրը։ Իհարկե, Ռուսաստանի և եվրոպական երկու առաջատար պետությունների` Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված շփումներ կան, ընդ որում, Ռուսաստանը ձգտում է քարոզչության ոլորտում պնդել, որ եվրոպացիների դիրքորոշումը պայմանավորված է նրա հանդեպ իրենց ունեցած պարտավորություններով։ Սակայն Գերմանիան ու Ֆրանսիան, շարունակելով ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ երկխոսություններում շեշտը դնել Ռուսաստանի կողմից արվող մարտահրավերների վրա, ձգտում են Ռուսաստանին ցույց տալ, որ իր հետ հարաբերությունները ամենակարևորը չեն ՆԱՏՕ-ի ընդլայնման առթիվ իրենց դիրքորոշման ձևավորման գործում։ Բայց դրանք դժվար համատեղելի դիվանագիտական վարժանքներ են։ Վ. Պուտինին թույլ տվեցին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հաճույք ստանալ իր անսպասելի հաղթարշավից, բայց Մոսկվայում լավ հասկացան եվրոպացիների այդ դիրքորոշման էությունը։ Ինչ-որ չափով Ռուսաստանը եվրոպական ասպարեզում հայտնվեց ավելի կարևոր խաղի մեջ, քան ՆԱՏՕ-ի ընդլայնման երկխոսությունում իր ունեցած դիրքն է ենթադրում։ Փաստորեն, Ռուսաստանը հրավիրվել էր էլիտար քաղաքական խաղերի, որոնք ընթանում են ԱՄՆ-ի ու եվրոպական «մեծ տանդեմի»` Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև, ընդ որում, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ այդ երկու տերությունների և Ռուսաստանի փոխհարաբերություններն արդեն այն չէին, ինչ ոչ հեռու անցյալում, իսկ ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերությունները նոր առաջընթաց են ապրում։ Վրաստանն իր, ըստ երևույթին, արտաքին ուժերի կողմից հրահրված գործողություններով արևմտյան տերություններին պարտադրեց միանգամայն սպասելի որոշումներ` ավելի քան անորոշ ժամանակով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցի հետաձգման առնչությամբ։
Այդ խնդիրներից զատ, հետաքրքրություն է ներկայացնում նաև Ռուսաստանի սևծովյան նավատորմի, ինչպես նաև ռազմածովային բազաների ու ծովային ավիացիայի ուժեղացման հարցը, այսինքն` Սև ծովում Ռուսաստանի զորեղ ռազմածովային զորախմբավորման ստեղծումը։ Արևելյան Եվրոպայում և ՈՒկրաինայի խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի հետապնդած նպատակներից հատկանշական է Սև ծովի ավազանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նոր հնարավորությունների հաստատումը։ Առանց այդ խնդրի լուծման ԱՄՆ-ի բոլոր ծրագրերն ու ջանքերը զուր կլինեն։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման պատճառով Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Սև ծովի նշանակությունը շատ մեծացավ, քանի որ, այսպես կոչված «Եվրասիական միջանցքը» իրոք բավական նեղ անցում դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնք համագործակցելու ձգտում են ցուցաբերում։ Ըստ էության, ԱՄՆ-ի համար Սև ծովը շատ ավելի կարևոր է, քան ՈՒկրաինան, բայց առանց ՈՒկրաինայի էլ այդ ավազանում գերիշխող դիրքեր ձեռք բերելն անհնար է։ Թուրքիան երկյուղում է, որ Սև ծովում ՈՒկրաինայի, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի նշանակության մեծացումը կհանգեցնի տարածաշրջանում իր դերի նվազմանը։ Իսկ ռուս-թուրքական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար Ռուսաստանը կարող էր օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ը Թուրքիային չաջակցեց Կենտրոնական Ասիայում գերիշխանություն հաստատելու գործում։ Ռուսաստանն էլ հիմա հնարավորություն չունի ամբողջ Կենտրոնական Ասիան իրենով անելու։ Ո՛չ համապատասխան ռեսուրսներ կան, ո՛չ էլ հստակորեն ձևակերպված նպատակներ ու խնդիրներ։ Բայց Ռուսաստանը կարող էր մեծ խոչընդոտներ հարուցել ԱՄՆ-ի կենտրոնասիական ծրագրերի իրականացման ճանապարհին, և այդ բանն անել Թուրքիայի օգնությամբ ու մասնակցությամբ։ Այսինքն, տարածաշրջանում Թուրքիայի ներկայության մեծացումը հակակշիռ կլիներ ԱՄՆ-ի քաղաքականությանը, իսկ Թուրքիային աջակցելու մեծ հնարավորություններ ունեցող Ռուսաստանը կդառնար ռազմավարական գործընկեր մի երկրի Կենտրոնական Ասիայում, որի ազդեցության դեմ ինքը հանդես էր գալիս։ Այսպիսով, ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար թշնամական դոկտրիններից մեկը` պանթյուրքիզմը, կարող էր դառնալ նրա քաղաքականության գործիք։ Սև ծովում ԱՄՆ-ի խնդիրների առնչությամբ միանգամայն նոր իրավիճակ առաջացավ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Վրաստանը առանց դժվարության «սևծովյան նախագծի» մեջ ներառելու հույսերն ի դերև ելան։
ՈՒկրաինայում նոր ճգնաժամ ու նոր լարվածություն է սպասվում հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ, իսկ Արևմուտքը նախընտրում է ակտիվ մասնակցություն չունենալ այդ երկրի ներքաղաքական գործերին։ ԱՄՆ-ի առջև խնդիր է ծառացել ՈՒկրաինան զերծ պահել չեզոք պետություն դառնալու հեռանկարից, ինչը կհանգեցնի Ռուսաստանի հետ նրա ավելի սերտ համագործակցությանը։ Եվ հետո։ Շվեյցարական կամ սկանդինավյան տիպի չեզոքությունը վաղուց պատմության գիրկն է անցել, քանի որ իրական կամ երևակայական չեզոքությունն ամենևին էլ անվտանգ գոյության երաշխիք չէ։ Դա կարող է նշանակել միայն պետության «լուսանցքային» գոյատևում աշխարհի մի ինչ-որ անկյունում։ Եվրոպական մշակույթ ունեցող, Եվրոպայի և Եվրասիայի սահմանակցույթում գտնվող երկիրը չի կարող անմասն լինել համաշխարհային խնդիրներից։ Եվ այն էլ իր բազմամիլիոն բնակչությամբ, որը պաշտպանության և անվտանգության խոշոր խնդիրների լուծման կարիք ունի։ Ոչ ոք նման հեռանկարը լուրջ չի ընդունում։ Խնդիրն այն է, թե կարո՞ղ է արդյոք, ՈՒկրաինան, չլինելով ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ, ընթանալ բազմավեկտոր քաղաքականության հունով։
Ապագայում ՈՒկրաինան կձգտի ՆԱՏՕ, ինչը, անկասկած, լուրջ, հնարավոր է և աղետալի, հետևանք կունենա նրա ամբողջականության համար։ Ռուսաստանն ընդունակ չէ ՈՒկրաինան զերծ պահելու ո՛չ Արևմուտքին ինտեգրվելուց, ո՛չ պառակտվելուց, և ՈՒկրաինայի ճակատագրում Ռուսաստանի վճռորոշ դերի մասին դատողությունները միայն սրում են լարվածությունը, որը մեծ մասամբ անիմաստ հուզական գնահատականների ածանցյալ է։ Փարիզի, Բեռլինի և Մոսկվայի քաղգործիչները լավ են հասկանում, որ Եվրոպայի մայրցամաքային «եռյակ առանցքի» կայացման գործում շատ բան կախված է եվրոպական քաղաքականության մեջ ՈՒկրաինայի և Հարավային Կովկասի ներգրավումից և այդ գոտուց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գոնե մասնակի դուրսմղումից։
Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի դիրքորոշմանն ու գործողություններին Ն. Սարկոզիի միջամտությունը և Ա. Մերկելի կողմից դրանց փաստացի պաշտպանությունը հանգեցրին ոչ միայն համաշխարհային քաղաքականության մեջ Ֆրանսիայի ու Գերմանիայի դերի նկատելի ուժեղացմանը, այլև ՆԱՏՕ-ի հեռանկարների վերանայմանը։ Առաջ` մինչև Կովկասում տեղի ունեցած այդ իրադարձությունները, ոչ միայն Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, այլև Եվրոպայի մյուս պետությունների ղեկավարները կտրականապես մերժում էին Վրաստանի հնարավոր մուտքը ՆԱՏՕ։ Կովկասյան իրադարձությունները սոսկ ամրապնդեցին Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքերը և նրանց հնարավորություն տվեցին համաձայնելու Ռուսաստանի ղեկավարության հետ` ՆԱՏՕ-ի ընդլայնման առնչությամբ։ Ներկա իրավիճակում, երբ այդ տարածաշրջանի դերը նկատելիորեն թուլացել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, Վրաստանի կարգավիճակը` որպես տարանցման-սպասարկման երկրի, է՛լ ավելի համոզիչ է դարձել։ Հարկ է նշել, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանի դիրքերը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով թուլացել են, Ֆրանսիան ու Գերմանիան լրացուցիչ և ավելի նպաստավոր հնարավորություններ են ստացել Ռուսաստանն իրենց ծրագրերի մեջ ներգրավելու համար։ Դրանք առնչվում են Եվրոպայի անվտանգությանը, երբ ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ կախման մեջ ընկնի Փարիզի ու Բեռլինի որոշումներից, և Ռուսաստանն այդ խաղում ավելի «եվրոպականացած» խաղացող պիտի դառնա։ Ֆ. Օլանդի քաղաքականությունն աչքի է ընկնում նպատակների որոշ հեղհեղուկությամբ ու անորոշությամբ, բայց Ֆրանսիայի ռազմավարության առումով և Գերմանիայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում երկրի քաղաքականությունը նույնն է և հազիվ թե փոփոխվի նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ