Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հանգիստ սպասիր, մինչև գետում հայտնվի ոսոխիդ դին»

«Հանգիստ սպասիր, մինչև  գետում հայտնվի ոսոխիդ դին»
26.04.2013 | 00:35

Մինչ նախկին խորհրդային տարածությունում թափ է առնում ազդեցության համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ծավալված պայքարը, մինչ նոր պետությունների ղեկավարները ձգտում են գոնե անկորուստ դուրս գալ այդ պայմաններից, իսկ այդ երկրների հասարակությունն ավելի ու ավելի է բևեռանում «ուր գնալ» սկզբունքով, Չինաստանը հանգիստ, առանց ավելորդ աղմուկի ու կարգախոսների, նրանց վարկեր ու ներդրումներ է տրամադրում։ Փողը, ինչպես հայտնի է, հոտ չունի, Չինաստանի արտարժույթի հսկայական պահուստները, որոնք ներկայումս 3,2 տրիլիոն դոլարից ավելի են, և որոնք նա, հուրախություն բոլորի, ձգտում է «գործի մեջ դնել», գայթակղում են։ Առավել ևս, որ Պեկինը դոնորի դերում առանձին պահանջներ, կարծես, չի ներկայացնում և ուժ էլ չի ցուցադրում։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում չինական ներդրումների ծավալը 2012 թ. կազմել է 12,6 մլրդ դոլար, տարվա ընթացքում ավելանալով 20 տոկոսով։ Ընդ որում, ներդրումային և վարկային «կարկանդակի» մի մեծ կտոր բաժին է ընկել նախկին խորհրդային երկրներին։ Բելառուսը, որի ղեկավար Ալ. Լուկաշենկոն հայտարարել է, թե ուզում է դառնալ «Չինաստանի հենակետային երկիրը Եվրոպայում», արդեն իսկ օգտվում է Պեկինի առատաձեռնությունից, վերջերս ստանալով ավելի քան 1,6 մլրդ դոլար վարկ։ Ապագայում Մինսկի հետ համատեղ նախագծերի իրացման համար Չինաստանի բացած վարկային գծերի ընդհանուր ծավալը կազմում է 16 մլրդ դոլար։ Հետ չի մնում նաև Կիևը, որը Մինսկի նման հավակնում է ՉԺՀ-ի համար «հատուկ պետության» կարգավիճակի։ Վերջերս մի հաղորդագրություն երևաց այն մասին, թե Պեկինը մտադիր է գյուղատնտեսության արդիականացման համար ՈՒկրաինային տրամադրել մինչև 3 մլրդ դոլար վարկ` 15 տարի ժամկետով, տարեկան 6 % տոկոսադրույքով, և այդ գումարից 1,5 մլրդը հինգ տարի ժամկետով կտրամադրվի մոտ ժամանակներս։ Մոլդովային ևս Չինաստանն «արքայական» վարկ է տրամադրել` 1 մլրդ դոլար, ցածր տոկոսադրույքով։ Տպավորիչ է նաև Պեկինի բացած 10 մլրդ դոլարի վարկային գիծը, որը նախատեսված է Կովկասի տարածաշրջանում չինական բիզնեսին աջակցելու համար։ Չին ներդրողները վաղեմի և ամուր դիրքեր ունեն Կենտրոնական Ասիայում։ Ներկայումս ներդրումների ծավալն այստեղ կազմում է մոտ 20 մլրդ դոլար, և շատ հատկանշական է, որ ՇՀԿ վերջին գագաթնաժողովում հայտարարվեց, թե Չինաստանը մտադիր է 10 մլրդ դոլար վարկ էլ տրամադրել «տնտեսական համագործակցության նախագծերի իրականացմանն օժանդակելու համար»։ Չնայած հավակնություններին ու կարգավիճակի պահանջներին, Մոսկվան ևս չի խորշում չինական փողերից։ Ավելին, ինչպես վերջերս հայտարարեց առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, Մոսկվան այլևս դեմ չէ, որ չին ներդրողները մուտք գործեն ռուսաստանյան տնտեսության «սրբություն սրբոց»` հանքային հանածոների արդյունահանման ոլորտ։ Նրա գնահատմամբ, երկրների ներդրումային համագործակցության մակարդակն այժմ չի համապատասխանում առկա հնարավորությանը և այն հարկավոր է բարձրացնել, ընդ որում` ոչ միայն էներգետիկայի ոլորտում։
Պետք է նկատել, որ չինացիները ոչ մի բան «հենց այնպես» չեն անում։ Նախ, նրանք, որպես միջոցների ներդրման պայման, անվերապահորեն առաջադրում են իրենց լայն մասնակցությունը նախագծերի իրականացմանը և չինական տեխնոլոգիաների, սարքավորումների, երբեմն էլ աշխատուժի պարտադիր օգտագործումը։ Երկրորդ, ներդրումները կատարվում են իրենց մոդելով, որն արդեն կիրառվում է Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի երկրներում և կոչված է անշեղորեն ու արմատապես փոխելու ինչպես տվյալ տարածաշրջանի նկարագիրը, արագացնելով նրա արդիականացումը, այնպես էլ այն դարձնելու իր զարգացման հիմք ու եվրասիական մայրցամաքով փոխադրումների միջանցք։ Այստեղից էլ խնդրի գլխավոր կետերը. փողերն առաջին հերթին ուղղվում են այդ երկրների հավաքման արտադրություններ (այդ երկրների ներքին շուկաների համար), ինչպես նաև, արդեն Չինաստանի սեփական սպառման համար` գյուղատնտեսական հումքային և էներգետիկ հատված։ Այսպես, վարկի տրամադրման համար ՈՒկրաինան պարտավորվում է չինացիներին 15 տարի շարունակ տարեկան 4-6 մլն տոննա հացահատիկ մատակարարել բորսային գներով։ Ընդ որում, Չինաստանն իրավունք ունի վերավաճառելու այդ հացահատիկը։ Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական Ասիայի վառելիքաէներգետիկ համալիրում Չինաստանն արդեն վաղուց ամուր դիրքեր ունի։ Ղազախստանում, օրինակ, չինական ընկերությունները վերահսկում են այդ հատվածի մոտ մեկ երրորդը, իսկ ՉԺՀ-ի խոշորագույն տնտեսական նախագիծը` Թուրքմենստան-ՈՒզբեկստան-Ղազախստան-Չինաստան գազամուղը, որի առաջին հերթը գործարկվել է 2009 թ., տարածաշրջանի էներգետիկ կապերը կվերակողմնորոշի Հյուսիսից Արևելք։ Վերջին ժամանակներս շատ հեռանկարային են համարվում նաև ատոմային էներգետիկայում կատարվող ներդրումները, որտեղ Չինաստանը ոչ միայն մեծ փորձ ունի, այլև տիրապետում է առաջատար տեխնոլոգիաների։ Կարևորվում են նաև հիդրոէներգետիկայում կատարվող ներդրումները։ Ակնառու օրինակ կարող են ծառայել, մասնավորապես, Զերավշանի և Նուրաբադի ՀԷԿ-երը, Տաջիկստանի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Վիտեբսկի (Բելառուս) ՀԷԿ-ը։ Նույնը վերաբերում է նաև ՋԷԿ-երին (ԱՊՀ երկրներում դրանց կառուցման գործում Չինաստանը մենաշնորհատեր է դարձել)։ Բացի այդ, երկրների համար «գլոբալ ներդրումային փաթեթի» բազմազանեցման գործում առանձնահատուկ կետ է մնում «Մետաքսի նոր ճանապարհի» երթուղով Չինաստանից Եվրոպա «առևտրական զարկերակի» առանցքային օղակի ստեղծման հարցը։ Դժվար է գերագնահատել «պեկինյան երազանքի»` Չինաստան-Կենտրոնական Ասիա-Իրան-Գերմանիա ճեպընթաց երկաթուղու կառուցման ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակությունը։ Եվ վերջապես, ՉԺՀ-ի մասնագետների և շինանյութերի ներգրավմամբ նախատեսվող շինարարության մասին։ Մենք առիթ ունեցել ենք գրելու Մինսկի մոտ «Չայնա-թաունի» և զարգացման առանձնահատուկ կարգավիճակով արդյունաբերական համալիրի շինարարության, ինչպես նաև Ղազախստանի ու ՉԺՀ-ի սահմանագլխին «Հորգոս» կենտրոնի` արդյունաբերական, առևտրական, զբոսաշրջային խոշոր քաղաքի կառուցման մասին, որը փռվելու է սահմանի երկու կողմերում (ղազախական մասը կզբաղեցնի 185 հա հող, իսկ չինական մասը` 343 հա), որի բացումը նախատեսվում է 2018-ին։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ չինական «Hualing Group» ընկերությունը ծրագրում է Թբիլիսիի ծայրամասում կառուցել զբոսաշրջային ու բնակելի նշանակությամբ մի համալիր, որը կզբաղեցնի 5 հա տարածություն և կարժենա 150 մլն դոլար։
Ընդ որում, հարկ է նկատել, որ Չինաստանը գրեթե իդեալական ներդրող է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի, սկզբունքորեն չի միջամտում իր գործընկերների ներքին քաղաքականությանը, նրանց ոչ մի գաղափարախոսական ու քաղաքական պահանջ չի առաջադրում և, բացի այդ, ֆինանսների ավելցուկ ունի, ինչը հազվադեպ բան է հիմա։ Ընդսմին, որոշ փորձագետներ պնդում են, որ դա «ոչ թե ընդլայնված առևտրական առաքելություն» է, այլ ներկայություն` հեռանկարով, և որ այն հազիվ թե անվերջ զուտ տնտեսական բնույթ կրի։ Եվ այստեղ օրինաչափ հարցեր են ծագում` «Կարո՞ղ են, արդյոք, Չինաստանի այդպիսի խոշոր ծախսերը ապագայում այդ երկրի աշխարհաքաղաքական դերի համար հրապարակ ստեղծել», և «Չինաստանի այդ դերն անխուսափելի միջազգային հետևանքներ կունենա՞ արդյոք»։
Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, «Ազգային ռազմավարության խնդիրները» հանդեսի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը կարծում է, որ Չինաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցն է դարձել նախկին խորհրդային տարածությունում, Պեկինը Ռուսաստանը չի համարում ուժեղ տերություն և հարկ չի համարում նրա հետ համաձայնեցնել իր արտքաղաքական կուրսը նախկին խորհրդային տարածությունում։ Թեև հանուն արդարության հարկավոր է, այնուամենայնիվ, նկատել, որ առայժմ, Ռուսաստանի նյարդայնությունը նվազագույնի հասցնելու նպատակով, Չինաստանը շարունակ ընդգծում է նրա առաջատար դիրքը ԱՊՀ-ում և ձեռնպահ է մնում սեփական հաջողությունները տարփողելու հարցում։ Այդուամենայնիվ, արդյունքում Ռուսաստանը շոշափելի կորուստներ է ունենում և` ոչ միայն վարկանիշային։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա կարող է ավելի հանգիստ վերաբերվել չինական ազդեցության ընդլայնման հեռանկարներին։ Հարկ է հաշվի առնել, որ նախկին ԽՍՀՄ երկրների վրա Վաշինգտոնի ազդեցությունն այժմ կրում է քաղաքական, երբեմն ռազմական, բայց հիմնականում ո՛չ տնտեսական բնույթ։ Կենտրոնական Ասիայում, օրինակ, ԱՄՆ-ը, ըստ էության, ցույց է տվել, որ չի ձգտում իր հնարավորություններն օգտագործել բնական հանածոների տեղական հանքերի ուղղակի «զավթման» նպատակով և առավել շահավետ մրցույթները հեշտորեն զիջել է Չինաստանին։ Փաստորեն, ԱՄՆ-ը պատրաստ է ինքը վճարելու տարածաշրջանում ռազմական բազաների տնօրինման համար` ֆինանսական աջակցություն ցուցաբերելով կենտրոնասիական պետություններին։ Այնպես որ, տարածաշրջանում համարում են, որ մոտեցումների տարբերությունը կարող է հիմք դառնալ Կենտրոնական Ասիայի նկատմամբ ազդեցության «բաժանման» հարցում ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի միջև որոշակի փոխզիջման։ Բացի այդ, առայժմ Չինաստանն ԱՄՆ-ին բազմիցս հավաստիացրել է, որ իր աշխարհաքաղաքական հավակնությունները սահմանափակ են, և նույնիսկ մերժել է Սպիտակ տան նախաձեռնությունը «Մեծ երկյակի»` ՉԺՀ-ԱՄՆ ոչ պաշտոնական գլոբալ առանցքի ստեղծման վերաբերյալ, որն աշխարհում կայունության պահպանման պարտավորություն կստանձներ։
Ինչևէ, աշխարհում, իհարկե, բոլորը ծանոթ են չին իմաստունների հին խորհրդին. «Հանգիստ սպասիր, մինչև գետում հայտնվի ոսոխիդ դին», հետևաբար, հասկանում են, որ նախկին խորհրդային երկրներում աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարը Պեկինի համար սոսկ ժամանակավորապես է հետաձգվել։ Եվ որքան մեծանան Կենտրոնական կայսրության (չինացիները հենց այսպես են բազմանշանակ անվանում իրենց երկիրը) տնտեսական հնարավորությունները, այնքան կմեծանան նրա քաղաքական դերն ու ավելի բացահայտ գործելու բնական ցանկությունը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ