Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տարբերակների տարբերակները և կենսական անխուսափելիությունը

Տարբերակների տարբերակները և  կենսական անխուսափելիությունը
02.11.2012 | 13:32

Աշնանավերջի սկզբին փորձենք ամփոփել քաղաքական դաշտի պատկերը` 2013-ի նախագահական ընտրությունների շրջագծում:

Հպանցիկ արձանագրում միայն. ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը և հանգիստ խղճով կարող է պաուզա վերցնել ու սպասել, թե ովքեր են լինելու մյուս թեկնածուները: ԲՀԿ-ն տեսակետներ բարձրաձայնում է միայն առանձին կուսակցականների մակարդակով (Վարդան Օսկանյան` եթե ոչ Գագիկ Ծառուկյանը, կամ ես, Նաիրա Զոհրաբյան` միայն ու միայն Գագիկ Ծառուկյանը), ՀԱԿ-ը քննարկում է, և, ինչպես ԲՀԿ-ն անհատների մակարդակով, ներկայացնում իր տեսակետները (Լյուդմիլա Սարգսյան` միայն ու միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, և այլք): ՕԵԿ-ը վաղուց է իր տեսակետը հայտնել և կոալիցիոն հուշագրի մաս կազմելով` նաև վերահաստատել է, որ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը: ՀՅԴ-ն կարող է ընտրություններին չմասնակցել, թեև չի բացառվում, որ ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածու: Իր վերջնական վճիռը ՀՅԴ-ն կկայացնի դեկտեմբերին հրավիրվող Գերագույն ժողովում: «Ժառանգությունը», ի դեմս կուսակցության փոխնախագահի, միակ արժանի թեկնածու տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատ դեմոկրատները» չի բացառում սեփական թեկնածուի առաջադրումը: Բոլոր դեպքերում հետուառաջի ժամանակ կա մինչև 2012-ի դեկտեմբերի 25-ը` թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի ընտրությունից 55 օր առաջ: Իսկ նախագահական ընտրությունները, ըստ Սահմանադրության, կանցկացվեն գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ` փետրվարի 18-ին (Հովհաննես Թումանյանի բախտն այս անգամ բերեց. փետրվարի 19-ին` նրա ծննդյան օրը, երկիրը զբաղված չի լինի միայն քաղաքականությամբ, թեպետ ո՞վ գիտի): Այլ կուսակցություններ ևս որոշակի թեկնածուի անուն չեն բարձրաձայնել:
Այս համապատկերում գլխավոր հարցը շարունակում է մնալ նույնը` ԲՀԿ-ի դիրքորոշումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հավանականությունը, բայց այդ հավանականությունը Նոյի ագռավի պես ճախրեց ու դեռ չի վերադարձել տապան:
Իսկ որքանո՞վ է կենսական ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ի կողմնորոշումը:
Տարբերակ 1. ԲՀԿ-ն վերադառնում է փետրվարյան հուշագրին ու հաստատում, որ պաշտպանում է գործող նախագահի թեկնածությունը: Որքա՞ն է դա պետք Սերժ Սարգսյանին: Նախագահական ընտրություններն այն իրադարձությունն են, որ ազդեցություն են ունենում ընտրված նախագահի գործունեության ողջ ժամկետում (երբեմն նաև` ավելի)։ Այսինքն` Սերժ Սարգսյանի համար կարևոր է ոչ միայն ընտրվելը, այլև ինչպես ընտրվելը, լեգիտիմության ի՞նչ մակարդակով ու ի՞նչ պաշարով: Իսկ այդ հարցերի պատասխանները սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ու գրանցման փուլից: Անմրցակից ընտրություններում լեգիտիմ նախագահ դառնալը մեծ դժվարություն չի ներկայացնում: 1996 թվականից սկսած` Հայաստանի նախագահական ընտրություններում միշտ եղել են ընդդիմադիր թեկնածուներ, և այդ առումով լեգիտիմության խնդիր չի եղել:
Տարբերակ 2. ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցում է սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Եթե իհարկե, հաջողվի նրանից կերտել ընդդիմադիր թեկնածուի կերպար, ինչը գործնականում անհնար է, իբրև Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար, նա կարող է մրցակցություն կազմել, գոնե լուրջ մրցակցության իրական պատրանք ստեղծել:

Թեպետ շատ մեծ հարց է, թե ինչ պետք է ասի ու ինչ չպետք է ասի նախագահի ընդդիմադիր թեկնածու Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական քարոզարշավում, որ հնչի ոչ միայն անկեղծ, այլև բումերանգի էֆեկտ չունենա: Նախագահական ընտրություններն ավարտվում են, իսկ կյանքը շարունակվում է: Չես գտնում, բայց կորցնելիք ունես:
Տարբերակ 3. ԲՀԿ-ն չի պաշտպանում գործող նախագահի թեկնածությունը, չի առաջադրում սեփական թեկնածու (ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Վարդան Օսկանյանի կամ այլոց), և այդ պարագայում ԲՀԿ-ի ընտրազանգվածը դեպի ՀՀԿ կարող է գնալ և չգնալ հավասարապես: Սա, թերևս, ՀՀԿ-ի համար ամենաանցանկալի տարբերակն է, որովհետև ԲՀԿ-ի ընտրազանգվածը կարող է գնալ դեպի ընդդիմություն, եթե, իհարկե, լինի ընդդիմադիր թեկնածու:
Այս կտրվածքով իր վերջին խոսքը կարող է ասել ՀԱԿ-ը: Ընդհանրապես իր վճիռը կայացնող Լևոն Տեր-Պետրոսյանը հարկադրված կլինի այս հարցի պատասխանը տալ երկու հարթության մեջ` անձնական քաղաքական ճակատագրի և ՀԱԿ-ի քաղաքական կենսագրության: Եթե առաջին դեպքում առաջին նախագահն առանձնապես մեծ կորուստներ չի կրելու` նա եղել է և մնում է Հայաստանի առաջին նախագահը. ով էլ հետագայում ընտրվի այդ պաշտոնում, նույնիսկ եթե ինքը չընտրվի կամ վերընտրվի, կոնգրեսի խնդիրը շատ ավելի բարդ է ու ավելի ողբերգական: Ինչպես Հանրապետության հրապարակում կանգնեցվող տարեմուտի տոնական եղևնին` ՀԱԿ-ը հավաքված է մեկ առանցքի շուրջը և այդ առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նրա առաջադրումը մինչև փետրվար և ավելի ալիքի վրա է պահելու, արժևորված ու պահանջարկված է դարձնելու կոնգրեսը: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վերստին չի առաջադրվում նախագահի թեկնածու, ակնհայտ է, որ առանց պաշտոնական հրաժեշտի` նա հեռանում է մեծ քաղաքականությունից:
Տարբերակ 1. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է նախագահական ընտրությունների թեկնածու: Նախագահական նրա հավակնությունները չեն կարող գործող նախագահի համար ճակատագրական լինել, համենայն դեպս, 2007 թվականը չէ (և խորհրդարանական ընտրությունների 7 տոկոսը գրեթե խարան է ՀԱԿ-ի համար, այլ ոչ թե հաջողություն), այնուամենայնիվ, իբրև ընդդիմադիր թեկնածու` առաջին նախագահը դեռ ի զորու է լեգիտիմացնելու նախագահական ընտրությունները և հեռանալուց առաջ հայտարարելու` ես չէի մեղավորը, մեղավորը դուք էիք, որ ժողովրդավարականը, ազատը, արդարը, թափանցիկը հասկանում եք իբրև ընտրական նպաստ մի քանի հազարի տեսքով: Նա կհեռանա իրավական պարտությամբ, բայց բարոյական հաղթանակի բերքահավաքով: Իսկ որ հետընտրական զարգացումներում Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնապես վտանգավոր չէ, արդեն գիտեն բոլորը: Համենայն դեպս, նրանք, ովքեր ծանոթ են նրա քաղաքագիտական վերլուծություններին: Բացի այդ, նա բացահայտորեն չի լինելու ընդդիմության միասնական թեկնածու` «Ժառանգությունը» բնավ հակված չէ ՀԱԿ-ի հետ ալյանսի և ունի Րաֆֆի Հովհաննիսյանի պայծառ կերպարը: Հավելեք ՀՅԴ-ի առայժմ անհայտ որոշումը:
Տարբերակ 2. Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրում իր թեկնածությունը, և ՀԱԿ-ն ունենում է այլ թեկնածու: Այս ելակետը հաջողությամբ կարող է դառնալ ՀԱԿ-ի վերջակետը: Եթե առողջական խնդիրների պատճառով Ստեփան Դեմիրճյանը, փաստորեն, հեռացել է քաղաքականությունից, ՀԱԿ-ում մնում են միայն ամբիցիաներից կազմված գործիչներ, ում առաջադրումը գրեթե ինքնաբերաբար կազմալուծում է ՀԱԿ-ը` նույն այդ ամբիցիաների անհաշտելիության օրենքով: Խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրացուցակի ոդիսականը դեռ մոռացության չի մատնվել: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հետ էլ հնարավոր է համաձայնության եզրեր գտնել, բայց դա արդեն այն հարթությունն է, որի վրա նրանք դադարում են ընդդիմադիր լինելուց:
Տարբերակ 3. ՀԱԿ-ը պաշտպանում է ԲՀԿ-ի թեկնածուին և դա արդեն սեփական դիմազրկման վերջնագիրն է, որովհետև քաղաքականության մեջ դեռ ինչ-որ տեղ վերլուծությունները կարող են արժեք ունենալ, իսկ ժողովրդի հետ փոխհարաբերություններում ամեն ինչ պիտի հստակ ու հիմնավորված լինի: ՀԱԿ-ին բացահայտորեն հակացուցված է ԲՀԿ-ժողովուրդ փոխհարաբերության միջնորդի կարգավիճակը` նրանք լավ էլ իրար հասկանում են սեփական սկզբունքներով ու հիմունքներով ու օտարի կարիք չունեն:
Այս նախագահական ընտրությունների ամենակարևոր հարցը մնում է տնտեսական լծակների հասանելիության հարցը, ավելի ստույգ` վերաբաշխման հնարավորության հարցը: Քաղաքական զիգզագներից զատ, ապագա նախագահի առաջ ողջ անխուսափելիությամբ ծառանալու է երկիրը պահելու անհրաժեշտությունը: Եվս հինգ տարիները` անցած ու անցնող հնգամյակի տրամաբանությամբ ու ընթացքով, ուղղակի աղետալի կլինեն ոչ միայն տնտեսության, ժողովրդագրության, այլև ինքնաբերաբար ազգային անվտանգության ապահովման տեսակետից: Նյութական բարիքների վերաբաշխման անհրաժեշտությունն արդեն ոչ թե անձնական համա-հակակրանքների հիմք է ունենալու, ոչ թե գործելու է իբրև քաղաքական անհնազանդության պատժիչ խարազան, այլ երկրի ինքնապահպանության կենսական անհրաժեշտություն: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ինչպես առաջին հինգ տարին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի և ընկերության տնտեսական լծակները թողեց անձեռնմխելի, այնպես էլ առաջիկա հնգամյակում այդպես կլինի, թող բարի լինեն մատնանշել, թե մի խումբ «անձեռնմխելիների» շնորհիվ տնտեսության կրած վնասներն ու պետական գանձարանի կորուստները ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու:
Սեփականության պահպանման թելադրանքով քաղաքականության մեջ մշտապես մնալու և հնարավորինս բացահայտ կամ ստվերային իշխանական դիրքեր ապահովելու մշտական խնդիր ունի Ռոբերտ Քոչարյանը: Նրան շատ ավելի հետաքրքրում է տնտեսական, քան քաղաքական իշխանությունը, բայց որովհետև այս երկու իշխանությունները շաղկապված են (Հայաստանում հատկապես), նա փորձել ու փորձելու է երկուսն էլ պահպանել: Բայց տնտեսության կառուցվածքի փոփոխության խնդիրը չի կարող անվերջ հետաձգվել: Երկրին լայն բացված աչքերով նայելու նախընտրական քաղաքականությունը իր տրամաբանական ավարտին պիտի հանգի, այլապես ոլորտ առ ոլորտ աղաղակող բացահայտումներին (քանի՞ անգամ է իր քաղաքական կարիերայում տարբեր պաշտոններ վարած Սերժ Սարգսյանը օգտագործել այն բառապաշարը, ինչ դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ) չհետևած քայլերի պարագայում հետընտրական ժամանակաշրջանում իսպառ փոշիանալու է քաղաքական կապիտալը: Եվ, ուրեմն, ընտրվելու պարագայում Սերժ Սարգսյանի հաջորդ հնգամյակը տրամագծորեն պիտի տարբերվի նախորդ հնգամյակից: Աշխարհն է սրընթաց փոխվում, տարածաշրջանը, Հայաստանը, վաղուց արդեն գոյատևման ռազմամարտավարությունից զարգացման ռազմամարտավարության անցնելու խնդիր ունեցող երկիրը չի կարող տևական ժամանակով խրվել անլուրջ ու անպտուղ քննարկումների մեջ, թե քաղաքական ուժերի որ դասավորության պարագան իրեն ինչ է խոստանում կամ սպառնում: Երկիրն ընտրություններով ոչ սկսվում, ոչ ավարտվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նորից հետաձգեց այցը Հայաստան: Եվ դա հրաշալի է. առաջինը նշանակում է` ձեր խնդիրները դուք լուծեք, երկրորդ` հույսներդ ինձ վրա չդնեք, երրորդ` ես կգամ, երբ պետք կլինի ինձ: ՈՒրեմն տարբերակների տարբերակների և կենսական անխուսափելիության ընտրությունը դեռ մեր ձեռքում է: Եվ, վերջապես, ընտրությունը միշտ անկանխատեսելի է, ամեն ինչ կարելի է հաշվարկել, բայց եթե Աստծուն ուզուն ես վրադ ծիծաղեցնել, պատմիր քո հաշվարկների մասին:

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ