ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ
03.11.2009 | 00:00

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի

Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը,
ակա՛նջ դիր խնդրանքներիս
և արտասուքս լռության
մի՛ մատնիր։
Պանդուխտ եմ ես քո առաջ,
օտարական և անցորդ
ինչպես իմ բոլոր նախնիները։
Սաղմոս 38,13
Մեր մեծամասնությունը մուտք է գործում գիշերային անդորր` մի կողմ դնելով օրվա ծանրությունը, մտահոգությունը, հոգնությունը, տագնապները, լարվածությունը։ Մենք այդ ամենը կդնենք մի կողմ գիշերվա շեմին և կընկնենք նիրհի մեջ։ Այդ նիրհի մեջ մենք անպաշտպան ենք. այդ գիշերային ժամերի ընթացքում միայն Տերը կարող է ծածկել մեզ Իր թևով։ Նա՛ կարող է պաշտպանել մեր սրտերն այն բանից, ինչը կարող է վեր բարձրանալ մեր դեռ չմաքրված, չլուսավորված, չսրբացած խորքերից։ Նաև կարող է պարսպել մեր մտքերը, մեր երազները, փրկել մեր մարմինները։ Մենք մուտք կգործենք գիշերվա անդորրություն, բայց, նախ և առաջ, հիշե՛նք նրանց, ովքեր մտնում են տագնապներով լի գիշեր։ Հիվանդանոցում կամ հիվանդասենյակում կան մարդիկ, ովքեր չեն քնի, որովհետև ցավ են զգում, որովհետև սարսափում են, որովհետև տագնապի մեջ են սիրելիների համար, որոնցից ոմանք տանում են նրա հետ հիվանդության բեռը, իսկ ուրիշները կորբանան նրա մահից հետո։ Կան մարդիկ բանտի մենության մեջ, նրանց մեջ կան երիտասարդներ ու ինչ-որ տեղ, պատերից այն կողմ կան աղջիկներ, որոնց նրանք սիրում են, կան նրանց երեխաները, նրանց ընկերները, կա ազատություն, կար հույս, իսկ հիմա ոչինչ չմնաց։ Կան և այնպիսի բանտեր, որտեղ գիշերները սարսափելի են, որտեղ հիմա կսկսվեն հարցաքննությունները` որոնք ձգվում են երկար ժամեր, ինչ-որ մեկին կծեծեն, մյուսին կենթարկեն տանջանքների։ Նրանք կվերադառնան իրենց խցերը ուժասպառված և կմտնեն հաջորդ օր, որտեղ սփոփանք չի լինի, այլ միմիայն վախ գալիք գիշերվա դժոխքից։ Հիմա նրանց ծածկում է գիշերը, սարսափը պատում է նրանց մարմինը, նրանց հոգին։ Բացի դրանից, բոլոր քաղաքներում կա աղմկոտ գիշերը, գինետների գիշեր, մոլեխաղերի գիշեր, հարբեցողների գիշեր, գիշեր, երբ պատանիները և աղջիկները կկորցնեն իրենց անմեղությունը, գիշեր, երբ ամուսինները, մոռանալով սիրո մասին, համակված միմիայն ցանկասիրությամբ, կլինեն կոպիտ իրար հետ։ Կան մարդիկ, ովքեր կկորցնեն պատիվը, և որոնց համար ամոթ կլինի արթնանալ առավոտյան։ Կան և նրանք, ովքեր օգուտ են քաղում այդ ամենից` ովքեր հարբեցողություն են վարժեցնում, ովքեր գայթակղեցնում են, ովքեր թունավորում են թմրադեղերով, նրանք, ովքեր ծիծաղում են դիվային ծիծաղով, չհասկանալով, որ որոշվում է իրենց ահավոր ճակատագիրը։ Նրանց թող պահպանի Տերը, իսկ սրանց թող Աստված ներում շնորհի։ Եվ կան այս գիշերվա մեջ նրանք, ովքեր կկանգնեն Աստծո առաջ` մայրը որդու գլխավերևում, կինը մեռնող ամուսնու կողքին, կան նրանք բոլորը, ովքեր կնվիրեն գիշերն աղոթքին։
Այս գիշերվա ընթացքում չի քնի բժիշկը, և տածուհին կպայքարի քնի դեմ։ Կա մի ամբողջ աշխարհ կյանքի և տառապանքի, և հույսի, և մահվան, և ուրախության և Աստծո ներկայության, այդ ամենը կա այս գիշերվա մեջ։ Մինչև հանգստին տրվելը շնորհակալություն հայտնենք Աստծուն այն ամենի համար, ինչը նա ուղարկում է մեզ, ու խնդրենք, որ, քանի դեռ մենք, մոռանալով ամեն ինչ, կքնենք, նա հիշի տանջվող մարմիններն ինչպես հիվանդի, այնպես էլ պոռնիկի, մանկան և ծերունու, կալանավորի, ում հարցաքննում են, և նրա, ով նրան ենթարկում է հարցաքննման, նրան, ով օգտվում է ուրիշի թուլությունից, և նրան, ով կոտրվել է իր թուլության պատճառով, և նրան, ով կանգնած է Աստծո առաջ իր բոցավառ պայքարում աշխարհի կյանքի և մահվան միջև։ Թող հիշի Նա բոլորին Իր Արքայությունում, և թող գան խաղաղությունը և ներումը, և ողորմածությունը։ Թող սարսափն իսկ ավարտ չլինի, այլ նոր սկիզբ։ Թող Նա, Ով դավաճանության առաջ ճաշակեց սարսափը Գեթսեմանի գիշերվա մեջ, հիշի բոլոր նրանց, ում համար այս գիշերը չի լինելու անդորրի և հանգստի գիշեր։ Թող հիշի նա և մեզ` խոցվածներիս և անպաշտպաններիս, մենք անձնատուր ենք լինում Նրան հավատով, հույսով և ուրախանալով, որ մենք մեր ուժերի չափով սիրում ենք Նրան և սիրված ենք Իր կողմից մինչև իսկ Խաչը և Հարությունը։
Ամեն։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4601

Մեկնաբանություններ